Նվարդ Օհանջանյան | ՉԱՉԱՆԱԿԸ

— Ալո՛, Կարեն Վահանիչ, ողջո՛ւյն, սիրելիս: Ինչպե՞ս ես, երեկվա խրախճանքից հետո ինչպե՞ս է տրամադրությունդ: Ընդմիջմանը տուն գալո՞ւ ես, ի՞նչ պատրաստեմ. քո՞, թե՞ իմ սիրած կերակուրը…

— Մի րոպե, սպասեք, ես ոչ թե Կարեն Վահանիչը, այլ՝ Կարեն Հարություն…
— Է՜հ, թո՛ղ կատակներդ: Գիտեմ, չես սիրում, երբ քեզ անուն-հայրանունով եմ դիմում: Ինչ կա որ, քո սեփական կինն եմ. ինչ ուզենամ՝ կարող եմ ասել: Լսի՛ր, ոնց որ երեկվա քեֆից հետո ձայնդ խզվել է: Լավ, տուն գաս՝ ձայնդ կմշակենք, միայն թե ասա՝ ընդմիջմանը տուն գալո՞ւ ես:
— Սպասիր, ո՞վ է խոսում: Դուք իմ ո՞րերորդ կինն եք:
— Էհ, Կարենչիկ, այնպես է ստացվում, որ դու մի քանի կին ունես: Լսի՛ր, ա՛յ տնաշեն, ախր, ձայնդ կարգին փոխվել է: Ես միշտ ասել եմ, չէ՞, երկու բաժակ՝ ոչ ավել, ոչ պակաս: Քիչ առաջ մայրդ զանգեց, անհանգստանում էր: Դե՝ մայր է, ինչպես բոլոր մայրերը. քո կարոտից հալումաշ է լինում՝ կարծես քեզ ոչ թե երկու օր, այլ՝ երկու տարի չի տեսել: Կարծում ես՝ ես այդպե՞ս չեմ: Որ մի օր Անուշիկին չեմ տեսնում, խենթանում եմ: Մոր սիրտը նուրբ է, զգայուն:
— Ախր, իմ մայրիկը վաղուց է մահացել:
— Մահացե՞լ… Չէ, այդպես մի՛ ասա: Անցած օրը քո և մորդ զրույցին ես էլ էի ներկա. իզուր բորբոքվեցիր: Նրան չպիտի վիրավորեիր: Տարիքով կին է՝ հիվանդ է, նյարդերը թուլացել են: Չէ, այդքան դաժան մի՛ եղիր: Մի առանձին բան չկար: Պարզապես երկուսով իրար չեք հասկացել՝ այդքան մի բան: Ցանկացած ընտանիքում էլ վեճեր լինում են: Երկուսդ էլ ճիշտ էիք: Նա իր ճշմարտությունն ունի, դու՝ քո: Այնպես որ…
— Սպասիր, ընկերուհի, ախր, դու ոնց որ սխալ ես…
— Ընկերուհի՛: Հա, քո կյանքի ընկերուհին եմ. այստեղ արտասովոր ոչինչ չկա: Բայց չեմ սիրում, երբ տեղի-անտեղի ինձ ընկերուհի ես անվանում: Ընկերդ՝ Սամվելն էլ է քեզ նման. սեփական կնոջն ընկերուհի է ասում: Հա, չմոռանամ ասել, կիրակի օրը Սամվելը մեզ հրավիրում է իրենց տուն՝ ճաշելու: Չեմ հասկանում՝ խաշը ցերեկո՞վ են ուտում, թե՞ առավոտյան:
— Սպասիր, ախր, ընկերս՝ Սամվելը, երեք տարի է՝ Ռուսաստանում է:
— Է՛հ, Կարեն, քեզ հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում: Ա՛յ տնաշեն, հինգ ամիս է՝ ինչ Սամվելը Ռուսաստանից տեղափոխվել է Ստեփանակերտ: Եվ ճիշտ էլ արել է. ախր, ռուսաստաններում ի՞նչ կա, որ մեր տղաները գնում ու ետ չեն դառնում: Մեկնում են խոպան, համոզվում, որ այնտեղ կյանքը բանի պետք չէ, հետո նորից հայրենիք վերադառնում: Հա, չմոռանամ ասել՝ Սամվելի կինը երեխա պիտի ունենա: Դե, քանի որ Սամվելի ընտանիքի գաղտնիքը բացեցի, մերն էլ պիտի բանամ: Շուտով արագիլը մեր փոքրիկ դստրիկի համար մի գեղեցիկ եղբայր կբերի…
— Սպասիր, բան չհասկացա…
— Դե, ինչ անեմ, տան երես ես տեսնո՞ւմ, որ լուրը տանը հայտնեմ: Գիշեր-ցերեկ խելքդ տվել ես դրսի աշխատանքին: Ազնիվ խոսք, չեմ խաբում, մեր ընտանիքում ծնվելու է երկրորդ երեխան, այնպես որ՝ պատրաստվիր…
— Ինչպե՞ս թե… Հիսուն տարեկանում ո՞ր կինն է երեխա ունենում, որ դու ունենաս: Մի րոպե, եկ պարզենք:
— Խնդրում եմ ինձ չվիրավորես: Ձերոնք էլ քեզ նման խոսքները մեկ արած՝ պնդում են, թե իմ տարիքից անհամեմատ մեծ եմ երևում: Իմ երեսունը անցած տարի լրացավ, բայց այ՝ եղբայդ Սուրիկի հարսանիքին քեզ նման վիրավորեց ինձ՝ ասելով, թե, իբր, այնպիսի կոստյում եմ հագել, ասես հիսուն տարեկան լինեմ: Դուք բոլորդ էլ այդպես եք՝ տեղի-անտեղի վիրավորում եք ինձ: Տասը տարվա հարս եմ, ի՞նչ վատ բան եմ արել ձեզ: Մեր տասնամյա ամուսնական կյանքում գոնե մեկ անգամ դավաճանե՞լ եմ քեզ: Չէ, այսպես շարունակել չի կարելի: Անուշիկին պիտի վերցնեմ՝ հորանցս տուն գնամ: Շատ անշնորհակալ մարդ ես, շա՜տ: Այն օրն էլ ի՞նչ ասացիր ինձ՝ քանի գնում՝ ոսկորներդ են մնում, խրտվիլակ ես դառել: Չէ, այս ձևով շարունակել չի լինի:
— Սպասիր, իմ կինը բավականին չաղլիկ է:
— Էի, իսկ հիմա չեմ և այն էլ՝ ձեր պատճառով՝ քո, մորդ, եղբորդ, հարազատներիդ: Վե՛րջ, գնալու եմ ամառանոց՝ հորս մոտ:
— Ախր, ի՞նչ ամառանոց, ի՞նչ հայր… Իմ աներոջ հոգին վաղուց է սավառնում երկնքում: Մի րոպե համբերեք և թույլ տվեք արտահայտվեմ: Դուք, հարգելի տիկին, սխալ եք զանգահարել: Ես ձեր ամուսինը չեմ:
— Ինչպես թե, դու արդեն հրաժարվո՞ւմ ես ինձանից:
— Լսո՞ւմ եք, ընկերուհի, դուք սխալ եք զանգահարել: Իմ անունը Կարեն է, բայց ձեր ամուսինը չեմ:
— Ինչպե՞ս թե, հասկացի՞ր, ախր, ուղիղ մեկ ժամ է՝ զրուցում եմ քեզ հետ, և դու, իմանալով, որ սխալ եմ զանգահարել, սառնասրտորեն լսո՞ւմ էիր իմ ընտանիքի գաղտնիքները:
— Բայց դուք թողեցի՞ք, որ ես խոսեմ:
— Անամո՛թ: Ես քեզ կպատժեմ: Ի՞նչ է ստացվում: Ես իմ հիանալի ամուսնուն դատապարտում էի ինչ-որ անծանոթի մո՞տ:
— Ես մեղք չունեմ, տիկին: Մենք պարզապես քվիտ ենք, որտեղ ձեր մասին պատմեք, այնտեղ էլ իմը կասեք: Մնաք բարով, չա-չա-նա՛կ…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի