Հրանտ Ալեքսանյան | ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԿԱՆՈՆ ԲԻԲԼԻԱ

Նոյը եկավ, հետո` աստվածներ բազում,
խայտաթեւ հրեշտակներ թռան-եկան,
բոլորը ափ ի բերան զարմացան ու հիացան լիաթոք
եւ հագեցած սրտով մեռան Հայաստանում:
(Պարզամիտ էին, անչափ լավատես):
Եւ սատանան եկավ շքախմբով-
զայրացավ ու մոլեգնեց մի քիչ, դղրդաց անհասցե,
բայց քանի որ երկիրը աչքին դրախտ թվաց,
կամեցավ ընդմիշտ ապրել Հայաստանում
եւ չմեռնել բնավ…
Սատանայի հետ հակամարտելը
վերին շնորհ եղավ հայոց համար:

Բռնակալները շեշտակի բազմանում են
ժողովրդավարության բաց հարթակներին:-
Նրանք տառապում են ուղեղի սիֆիլիսով ու շնչարգելությամբ,
սակավապետ են, գերզգայուն:
Նրանց ձեռքերը միշտ քոր են գալիս հանիրավի,
օրեն է` մնչալով փռվել անծայրորեն
եւ վեր բարձրանալ չռված աչքերով…
Ամեն առավոտ շքամուտքերից
դուրս են գալիս նոր բռնակալիկներ`կոկիկ հագնված:-
Ազատությունը քմծիծաղում է նրանց վրա,
բայց եւ աննկատ կծում շրթունքը,-
մեկ էլ տեսար` նրանք քացու տակ առան
խոնարհ Երկիրը, որ հիշաչար չէ ամենեւին:-
Բռնակալները սիրում են
Ազատությանը փակել հասարակաց տան մեջ,
հետո համաժողովներին ու հանրահավաքներին
պերճ շարադրել նրա անբասիր կենսագրությունը
խելոք ամբոխի ու դասագրքերի համար:
ԽՈՍՏԱՑԻՐ`
կսիրես Երկրի ծաղիկները
եւ նրանց կկոչես քո երազների մականուններով:
… ժամանակի կայծակ-որոտներից չես վախենա,
անծպտուն կանցնես հուսալքության սողուն թունելներով:
… զինակիցներիդ հաճությամբ կօրհնես
եւ նրանց վերհուշով խորունկ կպատվես բյուր կիրակիներ:
Խոստացիր` փամփուշտներդ խնամքով կպահես ամենասեւ օրվան,
դուռդ միշտ կբացես նժդեհների ու քշվածների առաջ:
… չես խաթարելու հմայված հայացքդ
եւ սիրեցյալներիդ երթը կտոնես ամեն դիտակետից:
… անպայման կվերադառնաս բոլոր արշավներից-
ինչ մահ էլ հետապնդի քեզ, ինչ հրեշտակներ էլ սիրտդ գերեն:
Խոստացիր` Տունը կլիանա զարմի երջանկուրյամբ
եւ աշխարհի հրաշալիքները կզվարթանան նաեւ քո ձեռքերից:
… ծնածդ փակելու է կյանքի ճեղքվածքները,
նռնակ չի դարձնի ավյունդ ահաբեկիչ ոչ մի ցանց ու կլան:
… Պապը քեզ չի շփոթի վարձու զինվորի տեղ
եւ ոչ մի ծով չի փափագի քեզ իբրեւ ջրահեղձի…
Դեռ ծանրամած օրերի շքերթներ կձգվեն խառնամոլոր,
մենության քամին անդուլ կգալարվի քո հոգետան շուրջ,
խռովություններ կհրահրեն ծպտյալ բանագնացները,
կլռեն քրմերը, ժայռերը կաղաղակեն,-
խոստացիր` մի պայծառ աղվորի սիրո տեր կանես
եւ զույգ սրտի վրա կհիմնեք սրբատաշ
մի գեղամանուկ երկիր-կայսրություն:

Ցավում է հոգին ազատ տարածության —
մարդը իր վախի վանդակաճաղերով
մասնահատում է ծավալումը նրա
եւ կասկածի մեջ խեղում ամեն հորիզոն.-
մինչդեռ իրար են ձգվում երդվյալ բեւեռները —
մայրցամաքի օրը — օվկիանոսի օրը,
լեռան անուրջը — անդունդի անուրջը,
դինոզավրի սիրտը — մրջյունի սիրտը,
տիեզերքի երգը — վանդակախցի երգը,
մեռյալի մրմունջը — նորածնի մրմունջը,
քարի ընդվզումը — ավազի ցասումը,
Քո ցնծությունը — Տիրոջ հիացումը…
ԱՍԱՑՈՒՄ
Քո ազատության եւ քո հավերժության համար
պատգամախոս են լեռներդ հեռատես.-
նրանց ներշնչմամբ` անդրդվելի եղան զավակներդ
ժամանակի շանթ ու մեթաստազների դեմ:
Հանուն քեզ միջնորդում են չվահյուր երամները,
քաղաքակրթությունների գերպատվիրակները, ասուպ ու դից,
ամեն ակնթարթը մի նոր մարտահրավեր է,-
բայց հնչում է Խոսքը անապակ հուզմունքով սիրահարի`
որպես տարաշխարհիկ ոգում-աղոթք.
,,Երկրիս խաղաղ օրը բուրյան ցորեն հաց է
Ազատության ու հավերժության համար,,:

Գողունի նայում ու դողում է Ապագան —
կյանքի փրփուրն է լոկ
(արձանագրողի թեթեւ ձեռամբ)
տեղափոխվում գիրք ու պարբերականներ,
առատորեն հեղվում բաց ու գերգաղտնի
զեկուցագրերի ու կայքէջերի մեջ,
փառակալում այնտեղ իբրեւ հոգեկեղեւ:-
Եւ ծպտվում է սրատես ապագան
անտես-անմատույց քարայրներում,
երբ կամենում էր քեզ իր գիրկը առնել
Հոգու անպարագիծ սեր ու ջերմությամբ:

ԱՅՑԱԳԻՐ ԱՌ ԱՆՀՈՒՇ ԲԵՐԴ
Ըմբռնել Երկնքի ակնարկները եւ հույժ կասկածները Երկրի:
Ընդունել ծովերի շառաչը ահարկու
եւ լեռնաշղթաների գորովը կապտաճերմակ:
Տեսնել առանձնասենյակի հավատամտությունը
եւ հորիզոնների արցունքները պայծառ:
Հպվել հողի լուսնահար երազներին, նրանց խենթությանը
եւ կեսօրների բոցավառ հայելուն հպվել:
Սերտել մայր քաղաքի փիլիսոփայությունը
եւ սաղմոսները մրսկան սահմանների:-
Գրել անունները սիրո ու մահվան
եւ նոր` հեռանալ դեպի Անհուշ բերդ:

Ինչ պահվտած է պահի ետեւում,
տեսածրվում է մանրամասնորեն`իբրեւ
քո հոգու գաղտնի թղթապանակի անստորագիր էջ:
Բայց եւ անաղմուկ ձայնուղերձի պես
Նա թրթռում է թիթեռի փափուկ թեւերի ներքո,
չլսված միֆ է ու բնավարկած,
փոխարկելի է անապակ կրքով,-
երբ աչքը թարթի չարաճճիորեն, հեզ նայադները
քո ապագայի դեմքը կլվան
Ազատան գետի պաղ մաքրությամբ:
ՉԻ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԹԱԽԻԾՍ ՈՉ ՄԻ ԵՐԿՆՔՈՒՄ
Երկար անցում` մորմոքի սրտակուր թունելով,
վերջում ծիծաղ կա եւ լուսարձակ,
որ ավելորդ են արդեն:-
Հեռացող տարին թողլքված կին է ոխերիմ,
որ ուզում է վրիժառել քեզ … խոհեմաբար:-
Եւ մինչ կծնվեն նորելուկ բառերը ապաշխարանքի,
հուշի պայթյուններ կթնդան ամենուր,
նոր մուտանտներ ու համաճարակներ կսփռվեն անկանգ,
եւ դու մի այլ հոգու համար շոյանք չես գտնի,
եւ կասես խաղաղված իշխանի հեզությամբ.
,,Չի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում,,:

Վերջին իմեկը՝ հաշտության հրեշտակից.
«Առճակատում — Երկրի ու երկնքի միջեւ,
առճակատում — մեռյալների ու ողջերի միջեւ,
առճակատում — դարի ու ակնթարթի միջեւ,
առճակատում — տերության ու համայնքի միջեւ,
առճակատում — նախագահների ու միջնորդների միջեւ…
Ամենուր խլացնում է շաչյունը առճակատման,
բայց շրջում եմ դարձյալ քաոսում ձեր
իմ հավերժափայլ հույս ու մաղթանքներով.-
կսսկվի նզովքի ու մեղանչման քամին,
հողը կարտաշնչի լուսեղ բան ու հոգի,,:

Թողնել պատասխան

Your email address will not be published.