Սիրանույշ Օհանյան | ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Նշանակություն չունի, թե ով առաջին անգամ ինձ սպառնաց Ահեղ դատաստանի հեռանկարից էլ ավելի սարսափելի այդ խոսքերով. «Օկի՛, լա՛վ իմացիր, աշխարհում ոչինչ թաքուն չի մնում»։ Կարևոր չեմ համարում նաև այն սրտակեղեք հայացքը, որով ամեն անգամ տանջում էին ինձ այս անցավոր կյանքի երկրային դատավորներս, երբ հայտնաբերվում էր հերթական թաքստոցս։ Ժամանակը սովորեցրեց խոնարհությամբ կրել ամեն անգամվա բացահայտվելու անարգանքը, սակայն չկարողացավ հնազանդեցնել ինձ՝ հավերժական չհամակերպվողիս։ Ես շարունակում էի թաքցնել ձեռքս ընկածը։ Այժմ էլ մտքերս եմ թաքցնում, սակայն դա ընդամենը իմ ամենակուլ կրքի մի դրսևորումն է։ Ինձ թվում է, որ մտքերը թաքցնելը ավելի մեծ մեղք է և ավելի արժանի Ահեղ դատավորի ուշադրությանը։ Սակայն ինձ հետապնդողներն այդ կարծիքին չեն։

Առաջին թաքստոցիս բացահայտման անարգանքը շատ վաղուց եմ ճաշակել։ Այն ժամանակ դեռևս պղծված չէի մեծահասակների որոշ արատներով. սա իմ կարծիքն է։ Պարզապես անսահմանորեն խղճացի պատժված շանը, որը համարձակվել էր իր հաչոցով վախեցնել քրմերից մեկին։ Համայնքի և ընտանիքի մեծերի անմիջական մասնակցությամբ Չալիկին զրկեցին չկապված և կուշտ լինելու կենդանական, պարզունակ ուրախությունից։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես է շնային անհատակ տխրությամբ լցված աչքերով հետևում բակի անցուդարձին։ Շրջակայքի շներն ապրում էին ամենամյա սպասված և կենսանորոգ տոնակատարությամբ, իսկ Չալիկը ցերեկները ոռնում էր, գիշերներն՝ անհույս կլանչում։ Վեցերորդ օրը, առիթից օգտվելով, որ երեկոյան աղոթքի ժամանակ բոլորը փակել են աչքերը, համարձակվեցի ապուրիս մսակտորը տեղավորել գոգնոցիս գրպանում։ Քնելուց առաջ անպայմանորեն զուգարան գնալու պատրվակով կարողացա  ընթրիքիս մի մասով երջանկացնել դժբախտ անասունին, իսկ կեղտոտված գրպանս կասկածների տեղի տվեց մի քանի օր հետո՝ մաքրության և լվացքի անխուսափելի պարտադրանքի ժամանակ։ Չալիկն արդեն քավել էի իր մեղքը, երևի, որովհետև նրան թույլատրված էր ուտելու և փողոցի ծառերի տակ միզելու նախկին ազատությունը։ Մտածելով, որ նրան և ինձ վտանգ չի սպառնում՝ խոստովանեցի հանցանքս։ Չցանկացա ստել։

Պատիժը սպասվածից խիստ էր։ Հանգամանորեն հարցուփորձ անելով և համոզվելով, որ տեղյակ եմ «Ոչինչ թաքուն չի մնա» անժխտելի հավատամքին, ինձ երեք օրով կապեցին Չալիկի շղթայից՝ նրա հետ միասին։ Ավելի քան պերճախոս մի քարոզից հետո հասկացա, որ իսկապես, ոչինչ թաքուն չի մնում, եթե ստիպված եմ տարրական պետքերս հոգալ շան ու մարդկանց առջև։ Առաջին օրը մի կերպ  դիմացա՝ չցանկանալով մարդաշատ բակում մերկացնել մարմնիս ստորին հատվածները։ Երբ, վերջապես, կեսգիշերին թեթևացած շունչ քաշելով իջեցրի շալվարս, Չալիկն արթնացավ ու սկսեց հետաքրքրությամբ ինձ հետևել։ Զզվեցի ինձանից և նրանից։ Երկրորդ օրը, շան նման գլուխս ձեռքերիս դրած մտածելով, հասկացա, որ այս աշխարհում ոչ ոքի վիճակված չէ գաղտնի հոգալ իր բնական կարիքները. կա մի անտեսանելի աչք, որը տեսնում է նույնիսկ պատերի միջով։ Դա ինձ հանգստացրեց, և պատժիս երկու օրերը համեմատաբար թեթևությամբ անցկացի։ Ի զարմանս ինձ՝ իմ հանգստությունը ավելի քան դատապարտելի թվաց դիտորդներս, որոնք համարեցին, որ ամբարտավան եմ։ Մինչդեռ ես ընդամենը ընկալել էի դասը։

Երկրորդ օրինախախտությունս թյուրընկալման հետևանք էր։ Այն օրերին ինձ օրուգիշեր հետաքրքրում էր միշտ դեպի երկինք աճող ծառերի գաղտնիքը։ Գիտենալով, որ ոչինչ նոր ու արգելված չկա իմ արարքներում, նախաճաշի խնձորի կորիզները խնամքով հավաքեցի։ Երեկոյան զբոսանքի ժամանակ, խուսափելով հսկիչներիս և հասակակիցներիս մշտական ընկերակցությունից, առանձնացա և եղունգներով փորփրեցի ծառուղու անկյուններից մեկի նոր ջրված հողը։ Խնձորի կորիզները հատիկ-հատիկ, խնամքով և գուրգուրանքով շարեցի ափաչափ փոսում և շոյելով՝ ծածկեցի։ Այնքան կլանված ու ինքնամոռաց էի աշխատում, որ չզգացի գլխավերևումս հնչած հարցի սպառնալիքը. «Նորի՞ց դու ինչ-որ բան ես թաքցնում, Օկի՛»։ Սիրում եմ անունս, սակայն ատում եմ այն հանդիմանանքով ինձ շպրտողներին։ Շփոթված կանգնեցի՝ ամաչելով ցեխոտված ծնկներիս նայել, և փորձեցի բացատրել, որ ծառ եմ տնկում։ Բառերը խեղդվեցին կոկորդումս, իսկ ինձ քիչ մնաց խեղդեր ավագ վերահսկիչը։ Նրա համոզմամբ՝ իմ մեջ բույն էր դրել չարի գաղտնասեր հոգին։ Այս անգամ դատվեցի օրենքի ամբողջ խստությամբ։ Հրապարակված դատավճռում ասվում էր, որ պարտավոր եմ երբեք ոչինչ չթաքցնել որևէ մեկից՝ ով կցանկանա նայել իմ զգեստի տակ կամ զննել խցանման սենյակիս ողջ պարունակությունը։ Ոչինչ չէր ասվում թաքուն մտքերի մասին։ Մտածեցի, որ գոնե կարող եմ գաղտնի երազել երբևէ ինչ-որ տեղ ինչ-որ բան պահելու երիցս արգելված հաճույքի մասին։

Ես ցնցված էի։ Տարիներ էին անցել, թեև դեռ ոչ հասուն, սակայն բավականին մեծ էի համարում ինքս ինձ։ Մոռացել էի, թե ինչի համար եմ պատժված եղել. ժամանակի ընթացքում եկել էի այն եզրակացության, որ չի կարելի օգնել պատժվածներին։ Մոռացել էի, որ չի կարելի թաքցնել։

Տարիներ անցան։ Մեծացա։ Տաղտուկ կյանքս, ասես, նախանշված էր օրերս սպանելու համար։ Հեռացա ծննդավայրիցս, հաստատվեցի է՛լ ավելի անհրապույր մի համայնքում, ուր արգելված էր գաղտնիքներ ունենալը։ Եթե որևէ մեկը մտադրվում էր, օրինակ (օրինակներն անթիվ են), զգեստափոխվել կամ ընկերոջը զանգահարել, նա այս մասին պետք է հայտներ գոնե երկու հոգու։ Ծայրահեղ դեպում, վկաների բացակայութունը անցանկալի համարվելով, հրահանգվում էր երկու անգամ բարձրաձայն կրկնել անելիքը։  Դա արվում էր այն համոզմունքով, որ Ահեղ դատավորը կլսի։ Բայց ինչո՞ւ էր անհրաժեշտ երկու անգամ կրկնելը՝ չգիտեմ։  Ահեղի համար դժվար չէր միանգամից լսելը, կարծում եմ։ Կարծիքս երբևէ չեմ արտահայտել։ Օրենքում չէր պարտադրվում հայտարարել մտածածը, իսկ ինձ երբեմն սփոփում էի ավելի վատից խուսափած լինելու իրողությամբ։

Նոր բնակավայր տեղափոխվելուց առաջ հրավեր ստացա գլխավոր վերահսկիչից։ Տհաճորեն զարմացած և փշաքաղված անցյալի դառն հիշողություններից՝ նախանշված ժամին նրան ներկայացա հին ծառուղու ոլորանում՝ ինչպես որ պատվիրել էր։ «Սպասում ենք Ահեղ դատաստանին» և «Թող քո սպասումը կյանքի պես երկար չլինի» ողջույնների փոխանակությունից հետո մատնացույց արեց հինավուրց ծառերի միջև իր տեսակի մեջ միակը լինելու գիտակցությամբ բուսած խնձորենու բարալիկ ոստը՝ ասելով. «Քանի տարի է՝ հանդուրժում ենք այս ապօրինածին ծառի գոյությունը։ Արմատախիլ չենք արել, որպեսզի հասակ առնի և քեզ ապացուցի, որ ոչինչ թաքուն չի մնում։ Տե՛ս և իմացի՛ր, որ քո բոլոր թաքուն արարքներն իրենց պտուղն են տալու։ Եթե սա մեր վերջին հանդիպում է, կհանդիպենք Ահեղ դատաստանին»։

Ակամա կրկնելով հրաժեշտի ողջույնը՝ խոնարհվեցի նրա թիկունքի կողմը և հեռացա։ Ապրել էի ուզում, սակայն երազեցի գերեզմանային մենություն և անդորր։ Չհամարձակվեցի հավատալ, որ գոնե հողի տակ թաքնված ենք լինում մինչև Ահեղ դատաստանը։ Կյանքը, մահն ու անդրաշխարհային կյանքը հավասարապես անտանելի և ցուցադրված թվացին ինձ։ Մեղք չունենալով հանդերձ՝ կրկնակի մեղավորի դառը համբավ էի վայելում, պարզասիրտ և մաքրակենցաղ լինելով՝ հայտնի էի որպես թաքնասեր ու գաղտնակենցաղ։ Մի խոսքով, բոլոր մահացու մեղքերը կրում էի իմ ապականված հոգում (չգիտեմ, թե ինչու են ասում «բոլոր», երբ ընդամենը մի մեղք գոյություն ունի այս անցողիկ աշխարհում)։

Հետո համբավս տարածվեց ողջ երկրում։ Մի քանի աննշան ու հիմար առիթներով գործած արարքներս (ավելի անմեղ մտադրությամբ, քան շանը կերակրելն ու ծառ տնկելն է) ճակատիս դաջեցին անուղղելի հերձվածողի կնիքը։ Փոխանակ հեռու մնալու ինձանից՝ մարդիկ դեպի ինձ էին նետվում ճակատիս դրոշմը տեսնելուն պես։ Բոլորին մտահոգում էր ինձ մենակ չթողնելու անհանգստությունը։  Երազեցի բանտային խաղաղ ու միայնակ կյանքի մասին և սկսեցի մեղանչել բոլոր հնարավոր առիթներով՝ բանտ ընկնելու երազանքով վառված։ Հիմար եմ, հիմար. խորամանկությունս բացահայտելով՝ հասարակական դատավարություն կազմակերպեցին և վճռեցին ինձ երբեք մենակ չթողնել։ Ստվերից ավելի անբաժանելի մի քանի վերահսկիչներ կցեցին ինձ, որոնք Ահեղ դատաստանից զուրկ մնալու սպառնալիքով առաջնորդված՝ երբեք մենակ չեն թողնում ինձ։ Բազում տառապանքներից ու ինքնասպանության ապարդյուն փորձերից հետո գտել եմ հնարը՝ ողջ օրը թաքնված մտքերով եմ ապրում։ Դրանք ոչ ոք չի տեսնում, ոչ ոք չի կարող տեսնել։ Հսկիչներս, անշուշտ, նկատեցին ինձ հետ կատարված փոփոխությունն ու զեկուցեցին բոլորին, սակայն ինձ ինչ։ Չեն կարող ինձ ստիպել չմտածել, որովհետև չեն կարող կռահել, թե որ պահերին եմ թաքուն մտածում։ Երևի դեռ կարելի է ապրել այս երկրում, քանի դեռ մտքերը չեն գրվում օդում՝ ի տես ամենքին։ Այնուամենայնիվ, կյանքն այնքան էլ անտանելի չէ, և միշտ էլ հնարավոր է ելք գտնել։ Հիմա ես ոչինչ չեմ անում թաքուն, ես միայն մտածում եմ թաքուն։ Երազում եմ աշխարհի ամենամարդաշատ անկյուններից մեկում ամենագաղտնի ձևով մի որևէ իր, մի կորիզ կամ, ավելի լավ է, անկորիզ պտուղ պահելու մասին։ Հիմա ես երջանիկ եմ և բավարարված, ես, որ չեմ կարող գլուխս քորել կամ քնել՝ առանց մեկից ավելի վկաների ներկայության։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.