«

»

Նոյ 12 2008

Տպել Գրառում

Շաքէ Ամիրեան – Պետրոսեան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Լոբոտներ*

Առաւօտ. դեղնագոյն հաբ, ջուր, զուգարան, սուրճ:
Վազ տուր աշխատանքի, գրիր, ջնջիր, սրբագրիր:
Արանքներում նորից սուրճ, զուգարան, յորանջ, ստից պատրւակ, ու փախուստ դէպի դատարկ տուն, համակարգիչ, միտք բթացնող խաղեր:
Յետոյ՞: Ի՞նչ յետոյ. խոհանոց, ընթրիք, պնակների չխչխկոց, որը կեանքի պատրանք է ստեղծում: Էլի՞ սուրճ. չէ, քունդ չի տանի ու էս կեանք կոչւածը կձգւի մինչև լուսաբաց… Չարժի: Ցաւազրկող հաբը սուրճից աւելի ներգործող է:
Ինչքա՞ն կարելի է կարդալ. երեք, չորս գրադարանի չա՞փ: Հա, երեք, չորս գրադարանի չափ՝ հօրս, մեծ քրոջս, քրոջս ամուսնու, քրոջս տղայի, ամուսնուս, իմ… Չորսից էլ շատ…
Հա: Ամուսին: Առաւօտ շուտ գնում է, արդէն յիսուներեք տարի, առանց ծուլանալու: Վազում է ցնցուղի տակ, խնամքով հագնվում, ամենաջերմ կերպով համբուրում քնած կնոջը… Երեկոյեան ուշ ժամին սպառւած, բայց ժպիտը դէմքին ներս է մտնում՝ դռան շէմին նորից համբուրում կնոջը, անմիջապէս նստում համակարգչի առջև, խաղում միտք բթացնող խաղեր, նստում հեռուստատեսի առջև և ասում, որ մի օր կէսօրից յետոյ պիտի բարձրանայ կտուր ու սարքի անտենան: Յետոյ՝ ընթրիք, թէյ, վարձով վերցրած սի-դիով կինօնկար, առօրեայ խօսակցութիւն, թէ՝ ով հեռախօսեց, ում կինը մեռաւ, Օբաման կը ընտրւի՞, թէ՞ Մաք Քեյնը… Յետոյ ասում է. «Լսել ե՞ս, Օբամայի տատիկն է մահացել» ու գնում է առանց «բարի գիշեր» ասելու: Երբ ատամներս մաքրում եմ, հագնում գիշերանոցս, հաբս կուլ տալիս՝ նա արդէն մուշ-մուշ քնած է: Վերմակը քաշում եմ ուսերին, որ չմրսի, պաչում եմ ու պառկում քնելու:
Յետոյ առաւօտ: Վազ տուր աշխատանքի, և այլն: Յետոյ զանգիր երեխաներին, հարցրու՝ փող ունե՞ն, թէ՞ ոչ: Յետոյ դոլար գտիր, ուղևոր գտիր, ուղարկիր և յաջորդ օրը նորից զանգիր. «Ստացել է՞ք», «Հա, մամա ջան, մերսի»… Մերսի:
——————-
*Աղջիկս մինչև վեց տարեկան՝ չէր կարողանում «Ռ» արասանել:

Քուրի՛կ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի…

Դուռը բացւեց եւ նա յայտնւեց մի տեղ, ուր ոչինչ չէր յիշեցնում նրան։ Ամէն ինչ անծանօթ էր, փողոցը, շէնքերը, երկինքն ու նոյնիսկ ծառերը։ Սա հէնց այն չնաշխարհիկն է, որի մասին կարդում ենք , մտածեց նա։ Չնաշխարհի՞կ, Չին աշխարհի՞ց. Այն, ինչ անծանօթ, նոր ու արտասովոր էր, կոչում էին` չնաշխարհիկ։ Բայց, ոչ, սպասիր. սա այն արտասովորն ու անծանօթը չէ, որը ձգում էր իրեն, որը ձգել էր միշտ։ Սա ուրիշ էր։ Անսովորն ու հեռաւորը իր երազն էր, յայտնաբերելու, տեսնելու, զգալու, շօշափելու իր վաղեմի ու բուռն կիրքը: Ձեռքով, աչքով, բջիջներով նորի ու անծանօթի հետ շփւելու, հաղորդւելու պահանջը նրա կեանքի մեծագոյն հաճոյքն էր ու իմաստը այդ կեանքի։ Սակայն սա այն չէր։
Զգաց՝ օդը ինչպէս է կպչում մաշկին, աչքերին, դէմքին ու այդ հպումը թարմ օդի պարգեւած հաճոյքը չհաղորդեց նրան։ Այդ սառնութիւնը մտաւ իր էութեան ողջ ծակուծուկը, լցրեց միջբջիջային տարածութիւնները, մտաւ բջիջների միջուկի մէջ, թափանցեց երակների մէջ ու արեան հոսքի հետ տարածւեց ու տարրալուծւեց էութեան մէջ։ Զզւելի ու կպչուն էր, անզգայութեան դեղի պէս՝ վիրահատութիւնից առաջ։ Շուռ եկաւ ու տեսաւ նրան։ Ստւերն էր, իր ստւերը, քանի որ ոչ ոք չկար, ոչ մի շնչող արարած, ոչ ոք՝ իրենից ու իր ստւերից բացի։ Սարսռաց։
Մտածեց, երազ եմ տեսնում, ոչ, ինքը նստած է համակարգչի առաջ ու գրում է, ինքը արթուն է ու կենդանի, ինքը սեւ բլուզ է հագել, հեռուստացոյցը այնտեղ ինչ որ կինօ է սփռում, ամուսինը բազկաթոռին նստած, լուրջ ու լուռ հետեւում է էկրանին։ Լսում է համակարգչի հարդվերի գււոցը։ Չի մեռել, կենդանի է, ոչ էլ քնած է. միաժամանակ լսում է խօսնակի ձայնը, փոփոխւող ալիքներից լսւող տարբեր հաղորդումներից պատառիկներ։ Սակայն զգում է օդի այդ զզւելի հպումը։ Բաց աչքերով տեսնում է այդ անծանօթ աշխարհը։ Ամեն ինչ գեղեցիկ է՝ նոր շէնքեր, հների մնացորդ, առուները, առնետները, թփերը։ Կախարդական ինչ-որ հնարանքով ամեն ինչ թւում է անշարժ, համր ու վախեցնող։ Սա պիտի որ այն քաղաքը լինի, ուր ինքն ապրել է՝ աւելի քան երեսունհինգ տարի։ Երեսունհինգ տարի, իր կեանքի լաւագոյն մասը, այստեղ էր որ սէր գտաւ, ծնեց երեխաներին, աշխատեց ու ապրեց… ապրե՞ց։ Իսկ միւս կեանքը, գետից այն կողմ, որը թւում էր թէ իրենն է, իրը, հարազատ, հինաւուրց, հորենական երկիրը։ Դա էլ է՞ր պատրանք, ինչպէս այս մէկը։ Ոչ, երկուսն էլ իրական էին։ Իսկ սա, այս ստւերը եւ այս անծանօթ տեղանքը, սրանք ինչ են. իրական թէ՞… վախեցաւ նոյնիսկ մտածել։ Վախ, հա, վախ չէ, սարսափ կամ զարհուրանքը աւելի սազական էր իր այս պահի զգացողութեանը։ Զգաց թէ ինչպէս է կորցնում գիտակցութիւնը, եւ փորձեց վերադառնալ իրական կեանք. ահա լսում է խօսնակի ձայնը, յետոյ երաժշտութիւն, յետոյ ինչ որ ճղճղան ձայն, դերասանը խեղկատակի դերում է, յետոյ արքայի ձայնը, տիրական ու պաթետիկ։ Ստւերը, ի՞նչ եղաւ ստւերը, թիկունքին է, կողքին, առջեւում, ո՞ւր. ամեն տեղ, ինքն էլ, ստւերն էլ միասին են ու անջատ, հոլի պէս իրար շուրջ են պտտւում։ Մէկը միւսի ստւերն է. Պարզ չէ ինքն է ստւերը թէ ստւերն է ինքը։ Եւ կարեւոր չի ո՞վ է ինքն ու ո՞վ է ստւերը։ Պարզից էլ պարզ է, որ երկփեղկւել է, կիսւել, երկու,չէ, երեք, չորս … Ահա յայտնւում են նաեւ միւսները. Ինքն ու միւսները, բոլորն էլ ինքն է ու իր ստւերը. իր մէջ միաժամանակ բոլորն են՝ եօթը, եղբայրներից մէկը բացակայում է, հայրն էլ է իր մէջ, մայրն էլ։ Չէր պատկերացնում, թէ ինչպէս միաժամանակ կարող են յայտնւել իր մէջ. Առանձին- առանձին հանդիպել էր նրանց իր մէջ, նրանք իրեն էին նայում իր աչքերով, մազերի գոյնն ու սանրւածքը, ժպիտը կամշուրթերի ուրւագիծը, սիգարետը մատների մէջ պահելու ժեստը. նման դէպքերում, ժպտում է ծանօթ ու սիրելի արտացոլանքին հայելում ու մտածում ժառանգականութեան հրաշքի մասին։ Իսկ հիմա. հիմա հրաշքը չկայ: Սա հաստատ անէծք է, սա հաստատ խենթանալու սկիզբն է, սա, սա… ու կանգ առայ։
Գնաց խոհանոց, բանջարեղէնը լւաց հիւանդագին բծախնդրութեամբ։ Վախենում էր միքրոբներից։ էլ ինչից է վախենում։ Երեխայ ժամանակ մթից ու անյայտ մութում թագնւած անծանօթ արարածներից, յետոյ յաղթահարեց այդ վախը: Թւաց, թէ գողերին ու աւազակներին , մարդասպաններին ու բռնաբարողներին կարող է խօսքով համոզել, որ իրեն չվնասեն։ Վախը թօթափեց, դարձաւ անխոցելի։ Բայց, ոչ, շատ խոցելի էր. սէրը, գրականութիւնը, ցաւը նրան ցաւեցնում էին, բայց դա վախ չէր, դա ցաւ էր, որի հետ հաշտւեց երկար մաքառումներից յետոյ, դարձեալ անխոցելի էր։ Նրա մահից յետոյ, ուրիշների մահն անգամ երեխայական էր թւում։ Մահը տեսաւ, երբ պապը կաթը չխմած քնել էր առյաւետ, խաղաղ ու առանց ջղաձգումների, գեղեցիկ ու անթերի։ Մահը գրքերում ուղեկցում էր նրան, կեանքում ժամանակ առ ժամանակ յայտնւում, սեղմում կոկորդն ու ստիպում լացել, անօգնական ու անմխիթար, սակայն մահն էլ դարձաւ ընտանի ու յաճախակի հիւր։ Յաճախակին ու հիւրն էլ սարսափելի չեն, սպասւած են ու… սիրելի…
Գուցէ՞ զանգեմ բժշկին, կամ պատմեմ ամուսնուս…
Չէ, յետոյ կստիպի գնալ բժշկի մօտ ու փորձել հասկանալ թէ ինչ է պատահում իր հետ։ Ոչինչ էլ չի պատահում։ Յիշեց գրականութիւնից ծանօթ բոլոր կերպարանափոխումները, գժանոցների նապոլէոններին ու յիսուսներին ու մտածեց, չէ սա այդ դէպքը չի։ Այդ դէպքում՝ ի՞նչ է: Ոչինչ: Չի կարող ոչինչ լինել, չի կարող ու վերջ…
էլ չեմ մտածում այդ մասին։ Փորձում եմ երեխայական հետաքրքրասիրութեամբ ուսումնասիրել այս նոր տեղանքը։ Փորձել գտնել ինչ որ ծանօթ բան, որ յիշեցնի մի այլ ծանօթ բան, որ զուգահեռներ անցկացնի, որ նորի հետ հանդիպման բերկրանքը նորից զգայ։Բայց, ոչ մի բերկրանք: Սառնութիւնը ուղնուծուծն է մտել ու թոյլ չի տալիս ոչ կարգին զգալ, ոչ կարգին մտածել: Մի տեսակ կենդանական բնազդ գործում է բոլոր միւս զգացողութիւնների փոխարեն: Ամենազօրաւոր բնազդը վախն է: Վախը, որին յաղթել էր։Հիմա վերադարձել է՝ տիրական ու անվերադարձ։ Նայում է ու դարձեալ նրանք են՝ ինքն ու ստւերները, որոնք մարմին են առնում ու դառնում հարազատ ու սիրելի դեմքեր։Սիրելի ու հեռաւոր, սիրելի ու անծանօթ։ Ինքն էլ այդ սիրելի ու անծանօթներից մէկն է։ Նրանք տարբեր են ու նման, նրանք նոյնն են ու տարբեր, այնքան որ համարեայ անճանաչելի են։Ինքն իրեն իսկ չի ճանաչում։ Ո՞վ է ինքը կամ ի՞նչպիսին: Դու կարող ես քեզ տեսնել միայն ուրիշների աչքով, ուրիշների կարծիքի հիման վրայ։ Նա լաւն է, բարի, ստախօս, մեծամիտ, ծոյլ, անհետեւողական, թափթփւած, սառը, անհաղորդ, ջերմ ու մարդամօտ։ Ո՞րն ես դու։ Ոչ մէկը։ Ոչ ոք։ Դու այն ես՝ ինչ կաս։ Եղել ես։Եղե՞լ ես, եղել է, չի եղել, ոնց որ հեքիաթներում։ Քանի՞ կեանք ես ապրել դու։ Սա քանիերրո՞րդն է, չես յիշում, չես էլ յիշելու յաջորդը, ինչպէս չես յիշում նախորդները: Վախը կողքին է, մէջն է, իր հետ շնչում է, սրտի թակոցները ասում են, որ դու վախենում ես։ Վախենում ես շարունակել, վախենում ես ընդհատել, մտածել, փախչել, վերջ տալ այս ամենին: Այս ամենին, որ կարծես թէ՝ կեանքն է, կեանքի բնական ընթացքը, ծնւել, աճել, հասունանալ, ամուսնանալ, ծնել, քնել, արթնանալ, կարդալ, գնալ, գալ, ուտել, շնչել, մտածել, մտածել որ կաս, որ ապրում ես… ու կախարդական շրջանակը քեզ իր մէջ է առնում ու տանում դէպի պատրանքների աշխարհը միայն։ Եւ միթէ՞ պատրանք չէ այս կեանքը, այս աշխարհը, տիեզերքը, գալակտիկաները, սեւ խոռոչները… Սեւ խոռոչները քո մէջ են, դու սեւ խոռոչ ես՝ անլոյս ու անթափանց, որ կուլ է տալիս ամեն ինչ, ու չի արտաթքում ոչինչ ու ինքն իր մէջ կուլ է գնում, կուլ է գնում, կուլ է գնում…
Սթափւել է պէտք, տեղանքը ուսումնասիրել է պէտք, պէտք է գտնես մի մարդ, որն ասի թէ ո՞ւր ես ընկել, ո՞ր երկիրն է սա, ո՞ր քաղաքը, սրանք ովքե՞ր են, որոնք քիչ առաջ ծանօթ ու հարազատ դէմքեր էին, ու հիմա ընդամենը ստւերներ են, ստւերներ, մոխրագոյն, բայց միթէ ստւերը գոյն ունի, քո ստւերը ի՞նչ գոյն ունի։Վերջ տուր։Փորձիր գտնել մէկին, ասել, որ վախենում ես, որ անծանօթ ես, որ մի ծանօթ ես փնտրում, մի ծանօթ վայր, դեմք, հասցէ։ Ձայն, խօսք, հասկանալի լեզու, լոգոս, եւ ի սկզբանէ Բանն էր։ Բան։ Խօսքը. խօսի՚ր, եւ դու կվերադառնաս քեզապատկան տարածք, քեզապատկան կեանք, քեզապատկան… այ քեզ բառ։ Իսկ ինչո՞ւ նախապէս չէր մտածել, չէ որ հաւատում էր խօսքի զօրութեանը, բանաւոր խօսքի զօրութեանը, այն որ կարող է նիւթականանալ, դառնալ գործողութիւն։ Անէութիւնից մտնել լինելիութեան տիրոյթներ։Ինչ անհեթեթ է հնչում հիմա խօսքը, իր խօսքը։ Իսկ միթէ՞ ինքնիրեն խօսելը խենթութիւն չէ, միթէ՞ խենթանալու, ցնորւելու սկիզբը անկապ խօսքը չէ, յետոյ արդէն հագագային անհոդաբախշ կափկափումները…
Աստւած իմ, ո՞ւր եմ ընկել, ինչո՞ւ ոչ մի նշան չես տալիս գտնելու ուղիս, որպէսզի վերադառնամ իմ ապահով ու տաք տունը։ Ապահով ու տաք տուն, նախամարդու նախնական բնազդ՝ տուն, տանիք, ընտանիք։
էկրանին ինչ որ կինէ է խօսում։ Հրաշք այդ կոճակը սեղմել են, բայց նա կարծում է թէ ձայնը լսելի է աշխարհին: Բազկաթոռը դատարկ է: Համակարգչի հարդվերը գււում է: Մոնիթորին ինչ որ անծանօթ տառատեսակներով բառեր են գրւում: Աթոռին մարդ չկայ։
Նոյեմբեր, 7, 2008

Share Button

3 կարծիք

  1. Mine

    I loved both. The second one is more you.

  2. Maroush Yeramian

    Մեր ժամանակակից գրականութեան մէջ սկսած են յայտնուիլ կին գրողներ, որոնք բարդոյդ չունին իրենց կնոչական առօրեան, իրենց «մանր» հարցերը թուղթին յանձնելու, որովհետեւ կ՛ապրին այդ առօրեային եւ մանրուքներուն տակ թաքնուած տագնապն ու տուայտանքը: Այս կիները իրենց գրիչով կը բանան ներաշխարհ մը, որ հարուստ է զգացական, միաժամանակ մտածողական տարրերով: Ա՛յս ձեւով է միայն, որ կին մը կրնայ իր հաւասարակշռութիւնը պահել օրերուն հետ՝ հաւասարումի բերելով իր ապրումներն ու մտածուդները:
    Ձեր երկու գրութիւնները փոքրիկ պատուհան մը կը բանան կնոջական ներաշխարհին վրայ. Ահա թէ ինչո՛ւ կը հաւնիմ զանոնք:

  3. shakeh

    Thank you for coments.
    shakeh

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>