Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում։ Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում-գտնում մեկմեկու։ Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակաբար մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունն ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի։ Շիկացած օդը ձգտում էր դեպի երկինք. բարձրից նայողն անախորժ տոթ էր զգում։ Շուտով նայելն էլ արդեն անտանելի դարձավ։ Բարձրից նայողը փակեց աչքերն ու սլացավ վեր։ Չտեսավ, թե ինչպես հաղթականորեն ծփացող համընդգրկուն խարույկից լոկ մի բուռ մոխիր մնաց՝ անհուսորեն ցրված անսահման աստեղային տարածության հորիզոններում։
Մոլորակ-անապատ էր։ Ո՛չ ջուր, ո՛չ կանաչ ծածկույթ. լոկ չոր ավազ ու զազրելի զեռուններ։ Եվ մոլորակ-անապատն ապրում էր իր անկրկնելի կյանքով։
Կարմիր ավազի թագավորության վրա իշխում էր հրակարմիր արեգակը։ Շռայլորեն թափում էր իր կիզիչ շողերը, իսկ շնչահեղձ մոլորակը թավալգլոր, հուսահատ ընթանում էր անխոտորելի ուղիով՝ խեղդվելով իր արևի շնորհած շռայլությունից։ Ավազի տակ, ավազի վրա, ավազի մեջ վխտում էին ավազագույն զեռունները, բազմանում և կեր գնում միմյանց։ Մոլորակ-անապատն ապրում էր իր անապատային կյանքով։
Որտեղի՞ց հայտնվեց առաջին կայծը՝ ավազի ոգին այդպես էլ չհասկացավ։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց. ակնթարթն անսահմանորեն երկար էր պահն ընդգրկելու համար։ Կայծը զորացավ, մեծացավ. թվում էր, թե սնվում է ինքն իրենից՝ ընդարձակվելով սպառվելու փոխարեն։ Շուտով զվարթ խարույկ էր բոցկլտում՝ թեթևամտորեն սպառնալով կլանել ավազն ու իր բնակիչներին։ Անապատի անտարբեր մարմինը կրճտոցով թոթափեց նախաստեղծ թմբիրն ու գործի անցավ։ Ավազի հսկայական թմբերը մեղուների խիտ պարսերի պես հարձակվում էին ինքնավստահ խարույկի ոչ-անապատային ջերմության վրա, հուսահատ պայքար մղում՝ կամենալով հանգցնել հրե կյանքն ու թաղել սորուն ավազի տակ։ Խարույկը դիմադրում էր մոլեգնաբար, ագահորեն լափում փոշեհատիկ-ավազներն ու… տեղի տալիս։ Շուտով բոցերը վերածվեցին ավազե հատիկներով հագեցած ծանր զանգվածների ու գահավեժ թափվեցին ներքև։ Մարող խարույկը՝ ծնված հանկարծահայտ կայծից, կամաց-կամաց թաղվում էր անապատային ավազի ամենակուլ շերտի տակ։ Արդեն ոչինչ չէր հիշեցնում քիչ առաջվա պայքարը՝ համառ, հագեցած անապատին ու կրակին բնորոշ դիվական ձայներով։ Անապատի անվրդով կյանքի խաղաղությունը կեղծ վստահությամբ կրկին փռեց իր անշարժ թևերը։ Սակայն ավազը գիտեր, գիտե՛ր, որ իր գրկում անթեղված մոխիրը երբևէ ահասաստ կրակ է եղել։
Անկանխատեսելի առաջին կայծին ժամանակներ անց հաջորդեց երկրորդը։ Անապատն իրարով անցավ. կայծը հիշեցնում էր իր նախորդին՝ հրաշեկ, սպառնալիորեն զվարթ ու անդադար զորացող։ Քնած ավազը զայրույթով ծառս եղավ, հարձակվեց հանդուգն անճանաչելիի վրա։ Պայքարը կրկնվեց նոր ուժով, ունեցավ հին վախճանը՝ սորուն ավազի շերտի տակ անհույս թաղված ևս մի անթեղված մոխրակույտ։
Անապատի անողորմ արևն անփոփոխ շռայլում էր իր կիզիչ շողերը, իսկ անապատի ավազի ոգին ապրում էր սպառնալիքներից խաթարված կյանքով։ Երբեմն-երբեմն մոլորակ-անապատի զանազան հատվածներում անըմբռնելի ձևով կայծ էր բռնկվում, վերածվում ամենակուլ հրդեհի, այրում-հալեցնում բյուր-բյուրավոր ավազահատիկներ։ Ավազի ոգին մոլեգնորեն կռվում էր անիծյալ ոսոխի դեմ, զոհում իր լավագույն ավազահատիկները հանուն հրդեհի վախճանի և վերջիվերջո թաղում սեփական տիրույթի մի հատվածը ավազի հուսալի շերտի տակ։ Մոլորակ-անապատն անարգել ընթանում էր իր տիեզերական ուղիով, և նրա՝ համատարած ավազով ծածկված հոգում արագորեն բազմանում էին կայծերի գերեզմանները։ Անապատի ոգին խճճվել էր մարած խարույկներից հյուսված ցանցում և զգում էր անազատության կաշկանդող բռունցքը։
Ապա եկան անցյալի նման երջանիկ անհոգության օրեր։ Կայծերը մեռել էին, հրդեհները՝ թաղվել, և ոչինչ չէր անհանգստացնում անապատի նախաստեղծ անդորրը։ Մոլորակ-անապատն ապրում էր երանելի ջերմության տաքուկ գրկում՝ հանձնված հրակարմիր արևի գգվանքներին։ Շիկացած օդում հանդարտ կանգնած էր սպասումի սպառնալի ստվերը, սակայն անապատի հնամենի ոգին չէր զգում այդ։ Նա զգույշ քայլում էր կրակների գերեզմանների վրայով և քմծիծաղով խորհում իր անպարտելիության մասին։ Մոլորակ-անապատի սպիտակ երկինքը մտահոգ ծածկվում էր սևագորշ ամպերով։ Սպասումը համբերությամբ հսկում էր՝ պատրաստ իրականություն դառնալու։
Եկավ երկար սպասված պահը։ Ավազի մեռցնող ծածկույթի տակ անթեղված մոխիրներն անհանգիստ շարժվեցին, ապա դուրս պոռթկացին հզոր ժայթքումով՝ դեպի երկինք շպրտելով խեղդիչ ավազի հսկայական զանգվածներ։ Անապատ-մոլորակի սպիացած այրվածքները կրակով պայծառացած՝ մոլեգնորեն ճարճատեցին։ Ավազի տակ պահված քնած ձեռքերի երակները լցվեցին կենարար հրով ու կուրորեն խարխափելով՝ սկսեցին փնտրել-որոնել մեկմեկու։ Որտեղ գտնում էին իրար՝ միանում էին, այրող բռունցք դառնում և փորձում շուրջպարի շղթայի մեջ առնել անապատի ոգուն։ Անապատի ոգին զայրագին պայքարում էր իր ազատության և անձեռնամխելիության համար։
Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում։ Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում-գտնում մեկմեկու։ Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակ մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունն ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի՝ հրդեհելով անապատ մոլորակի հրե վերքերով ծածկված մարմինը։ Անապատ-մոլորակի ընդերքի նախաստեղծ հուրը զգաց դրսում բռնկված կրակի կանչող ջերմությունն ու եռացող ավազի հսկայական զանգվածներով նետվեց դեպի դուրս։ Անապատ-մոլորակի դրսի և ներսի տարանջատ խարույկները ամուր գրկախառնվեցին՝ անսպառ ջերմության նոր ալիքներով ողողելով շուրջը։ Շիկացած օդը ձգտում էր դեպի երկինք. բարձրից նայողն անախորժ տոթ զգաց։ Շուտով նայելն անտանելի դարձավ։ Բարձրից նայողը փակեց աչքերն ու սլացավ վեր։ Չտեսավ, թե ինչպես հաղթականորեն ծփացող համընդգրկուն խարույկից լոկ մի բուռ մոխիր մնաց՝ անհուսորեն ցրված անսահման աստեղային տարածության հորիզոններում։
Վերջին մեկնաբանություններ