«

»

Մար 01 2009

Տպել Գրառում

Վարդգես Օվյան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՎԵԼ

Աշխատանքային օրվա վերջում, երբ ապահովագրական ընկերության աշխատակից Մայքլ Վիլյամսը՝ երեսունն անց, միջահասակ մի տղամարդ, դուրս եկավ շենքից, փողոցում նրան մոտեցավ ծանոթ դեմքով մի երիտասարդ և, թեթև շփոթված, ասաց.
– Ես ուզում եմ խոսել ձեզ հետ:
– Այսօ՞ր, թե…
– Ձեզ երկար չեմ զբաղեցնի: Եթե դեմ չեք, մտնենք մոտակա սրճարան:
Մայքլ Վիլյամսը նայեց թևի ժամացույցին և գլխով արեց.
– Դեմ չեմ:
Նրանք հատեցին փողոցը և մտան առաջին իսկ հանդիպած սրճարանը: Երիտասարդը ինչ-որ բան պատվիրեց մատուցողին, բայց զգացվում էր, որ նա թեթեւ նյարդայնանում է սպասվելիք խոսակցությունից:
– Խնդրում եմ անկեղծ լինենք, ինչպես տղամարդը՝ տղամարդու հետ,- երբ տեղ զբաղեցրին սեղաններից մեկի շուրջ, ասաց երիտասարդը:
– Լսում եմ ձեզ,- հանգիստ պատասխանեց Մայքլ Վիլյամսը:
Երիտասարդը ծխախոտ վառեց: Ակնհայտորեն նա փորձում էր թաքցնել հուզմունքը:
– Չեմ ուզում ավելորդ տեղը խլել ձեր ժամանակը: Առանց ձևականությունների, միանգամից սկսենք,- նա մի պահ լռեց, մտածելով իր հետագա ասելիքը:
– Ես լսում եմ ձեզ:
– Ձեր և իմ կնոջ միջև նախկինում ինչ-որ բան եղե՞լ է,- վերջապես երիտասարդն ասաց վերջին մի տարում իր համար ամենածանր նախադասությունը:
– Ահա թե ինչ,- Մայքլ Վիլյամսը ժպտաց: – Բայց այդ մասին դուք կարող էիք տեղեկանալ ձեր կնոջից: Թե՞ արդեն չեք վստահում նրան:
– Ես վստահում եմ նրան,- երիտասարդը նույնպես փորձեց ժպտալ,- բայց կան բաներ… Ես ուզում եմ այդ մասին իմանալ ձեզնից:
– Ավելի քան մի տարի առաջ նա աշխատում էր մեր ընկերությունում: Մենք, կարծում եմ, հարգում էինք իրար:
– Ես դա գիտեմ:
– Այդ դեպքում ես ոչինչ չեմ կարող ավելացնել ձեր իմացածին: Ուրեմն, էլ ի՞նչ եք ուզում իմանալ:
– Ես ուզում եմ մենք անկեղծ լինենք,- երիտասարդը շփոթվել էր, բայց փորձեց ամեն ինչ նորից սկսել:
– Իսկ դուք չե՞ք կարծում, որ ձեր ընտանեկան խաղաղությունը կախվածության մեջ եք դնում մեկից, ում գրեթե չեք ճանաչում: Ձեզ չի՞ թվում, որ ես, պարզապես իմ հաճույքի համար, կարող եմ ստել. ասել՝ այո, եթե ոչինչ չի եղել, կամ ասել՝ ոչ, եթե եղել է…
– Խնդրում եմ ասեք ճշմարտությունը,- երիտասարդի դեմքը թեթև շառագունել էր:
– Ճշմարտությունը շատ ծանր բան է:
– Ուրեմն՝ ինչ-որ բան եղե՞լ է…
– Խոսքս ընդհանրապես ճշմարտության մասին է: Ես չասացի, թե եղել է, կամ չի եղել: Իսկ ի՞նչ է, դուք բաժանվե՞լ եք ձեր կնոջից:
– Դեռևս այդպիսի մտադրություն չունեմ…
– Դե, ուրեմն, ձեր մտահոգության պատճառների մասին հարցրեք ձեր կնոջը: Իսկապես ես չեմ հասկանում ձեզ:
Երիտասարդը երկրորդ ծխախոտը վառեց և անհանգիստ նայեց շուրջը: Մոտերքում սեղաններն ազատ էին, բացառությամբ հարևան սեղանի, որի մոտ, թիկունքով դեպի իրենց, հիսունն անց, ամրակազմ մի տղամարդ էր նստած: Նա գրեթե չէր շարժվում, ասես կոստյում հագած սովորական մի պահարան լիներ: Երբեմն թեթև շարժում էր միայն աջ ձեռքը՝ երբ հաստլիկ մատների արանքում սեղմած սիգարը կամ բաժակը դանդաղորեն տանում էր դեպի բերանը:
– Խնդրում եմ ազնվորեն ասեք. ձեր և իմ կնոջ միջև ինչ-որ բան եղե՞լ է,- երիտասարդը փորձում էր հանգիստ երևալ:
– Այդ դեպքում, եկեք պարզենք, թե ինչ ասել է՝ «ինչ-որ բան»: Դուք ուզում եք իմանալ՝ ես պառկե՞լ եմ ձեր կնոջ հետ, թե՞ ոչ: Ձեզ ճի՞շտ հասկացա:
– Խնդրում եմ իմ կնոջ մասին այդ տոնով… Դուք գռեհկացնում եք իմ հարցը,- երիտասարդը կարմրել էր:
– Դե, ուրեմն, դուք ինքներդ բացատրեք, թե ինչ ասել է՝ «ինչ-որ բանը»:
– Ասենք, դուք սիրո՞ւմ էիք նրան… կամ նման մի բան:
– Կամ՝ ի՞նքն էր սիրում ինձ… Դա ես չգիտեմ: Ինչ մնում է իմ սիրելուն, ես կարող եմ սիրել, օրինակ, Մերիլին Մոնրոին կամ Շերոն Սթոունին, Մարգարետ Թետչերին կամ Հռոմի պապին: Բայց դա միայն ի՛մ անձնական գործն է և ի՛մ իրավունքը: Դրանից նրանց կյանքում և աշխարհում ոչինչ չի փոխվում:
– Լավ, հարցն այլ կերպ ձևակերպենք՝ դուք եղե՞լ եք իմ կնոջ հետ,- երիտասարդի մատների միջև սեղմված ծխախոտը ակներևորեն դողում էր:
– Այդ հարցի պատասխանը, նորից եմ կրկնում, դուք կարող էիք ստանալ առանց ձեր տնից դուրս գալու՝ պարզապես հարցնելով ձեր կնոջը:
– Նա ասել է, որ դուք սիրում էիք իրեն…
Մայքլ Վիլյամսը ծիծաղեց.
– Հետաքրքիր է: Լավ, հետո՞: Ես սիրում եմ նաև տարվա այն եղանակը, երբ ողջ բնությունը կանաչ է հագնում, սիրում եմ նաև արևածագը և թռչունների ուրախ ճռվողյունը, սիրում եմ մարդկանց և դաշտային ցողաթաթախ ու չկոխկրտված ծաղիկներ, սիրում եմ դիմացի մայթով անցնող շիկահեր այն փոքրիկին, մի խոսքով, սիրում եմ այն ամենը, ինչ գեղեցիկ է և չի վաճառվում: Իսկ եթե ձեզ ասեմ, որ ձեր կնոջը երբեք չեմ սիրել, դուք նրան կհամարեք խաբեբա՞…
– Ես նրան հավատում եմ:
– Դե, էլ ի՞նչ եք ուզում իմանալ,- Մայքլ Վիլյամսը սկսեց քրքջալ,- գրողը տանի, եթե ես նրան սիրեի, նա այսօր ոչ թե ձեր, այլ իմ կինը կլիներ:
– Նա մերժել է ձեզ,- երիտասարդը հոգու խորքում ուզում էր հավատալ, որ դա այդպես էլ եղել է:
– Ահա թե ինչ: Դե, էլ ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. ավելի քան մի տարի առաջ մերժվածիս մխիթարելո՞ւ, թե՞ ուզում եք լույս սփռել իմ կենսագրության մութ էջերի վրա… Եվ հետո՝ ինչո՞ւ եք ձեզ այդպես նվաստացնում, իմ խոստովանահա՞յրն եք, ի՞նչ է… Շարունակեք հավատալ ու սիրել ձեր կնոջը…
– Ներեցեք,- երիտասարդը ոտքի կանգնեց,- սուրճի և բրենդիի համար ես վճարել եմ: Ցտեսություն:
Նա դուրս եկավ և մի քանի վայրկյան հետո անհետացավ ամբոխի մեջ:
Հարևան սեղանի մոտ նստած ամրակազմ տղամարդը բարձրացավ նստած տեղից, սեղանից վերցրեց իր բաժակն ու շիշը և, սիգարը ատամների արանքում սեղմած, ասաց.
– Թույլ կտա՞ք ձեզ մոտ նստել,- և հրավերի չսպասելով, հանգիստ տեղավորվեց Մայքլ Վիլյամսի դիմաց:
– Ինձ անվանում են Ջեք Բարթոն: Ի միջի այլոց, այսօր երեկոյան երևի անձրև է գալու…
– Անձրև՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ այսօր ձյուն չի գալու… Իսկ ինձ անվանում են Մայքլ Վիլյամս կամ, պարզապես՝ Մայք:
– Ես հաճախ եմ լինում այս սրճարանում,- ամրակազմ տղամարդը հոգնած նայեց անորոշ ինչ-որ կետի:- Ամեն ինչ ունեմ՝ փող, տուն, ավտոմեքենա, կին, երեխաներ, ամառանոց, ձիեր և սիրուհիներ… Բայց ձանձրանում եմ: Երբ բոլորից հոգնում եմ, գալիս եմ այստեղ, միայնակ նստում, ինչ-որ հեղուկներ լցնում իմ մեջ՝ մինչև ավելի եմ հոգնում ու ձանձրանում…
– Ձեզ համար բրենդի լցնե՞մ:
– Չի խանգարի, շնորհակալություն… Հետո գնում եմ տուն, շորերով մեկնվում մահճակալին և քնում մինչև հաջորդ կեսօր…
– Վատ զբաղմունք չէ,- Մայքլ Վիլյամսը ժպտաց:
– Չէ, մի՛ ծիծաղեք, իսկապես ես հիմար չեմ, իսկ մի ժամանակ, կարծում եմ, նույնիսկ ազնիվ եմ եղել… Ես լսում էի ձեր զրույցը: Սկզբում հենց այնպես, երբ մոտերքում, ասենք, ռադիո է միացված, ձեր խոսքերը պարզապես հասնում էին ինձ: Ցանկացա վեր կենալ և ձեզնից հեռու, մի ուրիշ տեղ նստել, բայց ծուլացա… Նա ձեր սիրուհի՞ն էր…
– Ես չէի ուզում դա խոստովանել նրա ամուսնուն,- Մայքլ Վիլյամսը մի պահ լռեց:- Այն ժամանակ սա դեռ ծանոթ չէր աղջկան… Մի տարուց ավելի է ես նրան չեմ տեսել: Նա արդեն իր ընտանիքն ունի…
– Ես էլ նույնը կանեի, չնայած այդ աղջիկը երևի արժանի չէ նման մեծահոգության… Բայց դուք ճիշտ եք, այսօր հաստատ ձյուն չի գալու:
– Թերևս անձրև էլ չի գալու:
– Ես էլ եմ այդպես կարծում:
– Դեռ երբեք այսպիսի զգացողություն չեմ ունեցել: Ինչ-որ մեկին խղճում եմ, բայց դեռևս չգիտեմ, թե ում:
– Ինձ հետ էլ է նման բան պատահել. ուզում էի ինչ-որ մեկին սպանել, բայց դեռևս չգիտեի, թե ում: Գիտեմ, որ մի օր այդ հարցը դարձյալ ծառանալու է իմ առջև, և ես վերջնականապես պիտի լուծեմ այն,- ամրակազմ տղամարդը բարձրացրեց բաժակը:- Ձեր կենացը, Մայք: Կարող է՝ մենք էլի հանդիպենք, կարող է՝ այլևս չհանդիպենք իրար, բայց դա կարևոր չէ: Վերջին երկու-երեք տարում դուք միակ մարդն եք, ում հետ բոլորից հոգնած ծերուկ Ջեքը բաժակ է զարկում:
– Շնորհակալություն, Ջեք: Ձեր կենացը:

ԱՅԴ ՕՐԸ…

Ընկերս դարձյալ այդ աղջկա հետ էր: Ինչ ծանոթացել էր նրան, շատ էր փոխվել: Մինչ այդ ես կարծում էի, թե երբ սիրում են մեկին, ավելի ուրախ, ավելի երջանիկ են դառնում և սավառնում են վերևներում: Ընկերս ոչ ուրախ էր, ոչ տխուր, բայց մի տեսակ այնպիսին էր դարձել, ինչպիսին երբեք չէր եղել:
Աղջիկը, ճիշտ է, գեղեցկուհի չէր, բայց բավականին հմայիչ էր: Ես ուզում էի հարցնել այդ աղջկա մասին, բայց չգիտեի, թե ինչ հարցնեմ, իսկ ինքը դեռ ոչինչ չէր ուզում ասել: Հանդիպում էին ոչ շատ հաճախ, բայց հանդիպում էին:
Վերջապես մի անգամ հարցրի աղջկա մասին:
– Է՜հ,- ասաց նա,- մի օր քեզ կասեմ:
Անցան օրեր, ամիսներ: Նրանք շարունակում էին հանդիպել: Երբեմն նա զանգում էր ընկերոջս, և նրանք ժամադրվում էին: Սակայն լինում էին օրեր, երբ ընկերս, չգիտես ինչու, չէր ուզում տեսնել նրան և պատճառաբանում էր, թե կարևոր գործեր ունի, չնայած ոչ մի կարևոր գործ չէր ունենում:
Մի օր ընկերս զանգեց և ասաց, որ ուզում է անպայման տեսնել ինձ: Տանը հյուրեր կային, և ես նրան ասացի, որ լավ կլինի վաղը հանդիպենք: Մյուս օրը չկարողացա նրան գտնել: Հետո, երբ գործուղումից վերադարձա, նրա մատին նշանի մատանի կար:
Անցավ մի ամիս: Ես մտածում էի, որ այդ օրը նրա ամենաուրախ օրը պիտի լիներ: Նվագախումբը պար պարի հետևից էր թնդացնում, թամադան հարսանքատնով մեկ քաղցր կենացներ էր շաղ տալիս, ամենքն ուրախ էին, բայց ընկերս այնպես էր նստել հարսնացուի կողքին, կարծես ամենևին իր հարսանիքը չէր, ասես փողոցով անցնելիս, իրեն բռնել էին ու նստեցրել այդ աղջկա կողքին:
Գրողը տանի, բայց ախր նրա հետ ինչ-որ բան է կատարվում, մտածեցի ես: Հետո, երբ հյուրերի թիվը զգալիորեն նվազել էր, և նոր կենացներ ասելու համար թամադան ծուլանում էր տեղից բարձրանալ, ընկերս մոտեցավ ինձ և, մի կողմ քաշելով, ասաց.
– Այն օրը, հիշո՞ւմ ես, մի ամիս առաջ, որ զանգեցի, անպայման ուզում էի քեզ տեսնել…
– Ինչ-որ բան է պատահե՞լ…
– Քեզ շատ կարևոր բան պիտի ասեի:
– Հիմա ասա՛:
– Հիմա ուշ է,- նա տխուր ժպտաց,- արդեն ուշ է…
– Այնուամենայնիվ, ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել:
– Երբ նրա հետ եմ լինում, ասես հարբած լինեմ: Երբ հեռանում եմ և մենակ եմ լինում, սթափվում եմ ու հասկանում, որ նա ինձնից շատ է հեռու և օտար…
– Հետո՞…
– Ես քեզ ուզում էի ասել, որ ինչ էլ լինի, թեկուզ քեզ կոպտեմ ու վիրավորեմ, երբեք չթողնես նրա հետ ամուսնանամ…
Մնացի ապշած:
– Կատակո՞ւմ ես,- հարցրի, բայց նա չլսեց, ձեռքը թափ տվեց և գնաց զբաղեցնելու իր տեղը հարսնացուի կողքին:

ԿԱՆԳԱՌՈՒՄ

Օրն արդեն մթնել էր: Ավտոբուսի կանգառում 20-22 տարեկան երկու տղաներ ինչ-որ մեկի մասին զվարճալի պատմություններ են հիշում և բարձրաձայն ծիծաղում: Նրանցից քիչ հեռու մոխրագույն բաճկոնով մոտ 30 տարեկան մի երիտասարդ էր կանգնած ու երբեմն նայում էր ձեռքի ժամացույցին:
Քիչ հետո կանգառում հայտնվեց չորրորդը՝ գեղեցիկ աչքերով, փոքր-ինչ սապատավոր քթով երիտասարդ մի աղջիկ:
– Հապա մի նրա քթին նայիր,- ընկերոջ կողքը բոթելով, բարձրաձայն ասաց տղաներից մեկը:
Երկրորդը աշխույժ քրքջաց ու դիմեց աղջկան.
– Քույրիկ, քիթդ պրակատով ինձ չես տա՞…
Աղջիկն ամոթից կարմրել էր և, թվում է, ուր որ է լաց կլինի: Ասես միանգամից աշխարհը նրա համար դարձավ օտար և դաժան: Մի պահ նա մտածեց ոտքով շարունակել ճանապարհը, բայց միայնակ ճանապարհ գնալու մտքից ավելի վախեցավ և շարունակեց կանգնած մնալ, որովհետև անսպասելիորեն իր մեջ կորցրել էր վստահությունը կիսաամայի այդ փողոցի և ողջ աշխարհի հանդեպ:
Նրանից քիչ հեռու կանգնած բաճկոնով երիտասարդի մեջ էլ ինչ-որ բան կատարվեց: Սկզբում չէր ուզում հավատալ ականջներին, բայց տղաների նոր քրքիջը նրան վերադարձրեց կիսամութ քաղաքի այն հատվածը, որ կոչվում է կանգառ և ուր իրենից բացի ավտոբուսի են սպասում երկու երիտասարդ ու մի աղջիկ, և երիտասարդները լկտիորեն ծաղրում են աղջկան:
– Ինձ թվում է, որ դուք պիտի ներողություն խնդրեք այդ աղջկանից,- մոտենալով տղաներին, կամաց ասաց երիտասարդը:
– Իսկապե՞ս,- իր կողքին զգալով ընկերոջ ներկայությունը, ինքնավստահ ու ինքնագոհ տեսքով հարցրեց «պրակատով» քիթ խնդրող տղան:
– Չգիտեմ,- բաճկոնի գրպաններում պինդ սեղմելով բռունցքները, հանգիստ շարունակեց երիտասարդը,- ես հիմա ոչինչ չեմ անելու, բայց եթե դուք ներողություն չխնդրեք, երդվում եմ, վաղը, մյուս օրը կամ մի շաբաթ հետո, ինչ էլ լինի, որտեղ էլ լինեք, ես փնտրելու և գտնելու եմ ձեզ…
Այնուհետև ավտոբուսում և տանը աղջիկը հիշում էր, թե ինչպես տղաները ներողություն խնդրեցին, հետո ավտոբուս բարձրացավ միայն ինքը, և ոչ վաղը կամ մի շաբաթ հետո, ոչ մի տարի հետո ինքը երբեք չի իմանալու, թե ով էր կիսամութի մեջ կանգնած այն երիտասարդը, որի դեմքն այդպես էլ չտեսավ և այլևս չի կարողանալու շնորհակալություն հայտնել…
Աշնանային սովորական այդ օրը աղջիկը մտածում էր, որ ինքը այդ օրը ինչ-որ բան է կորցրել, միաժամանակ, ինչ-որ բան գտել, բայց դեռ չգիտեր, թե ինչ է կորցրել ու ինչ գտել և, ընդհանրապես, որն է ավելի մեծ՝ կորցրա՞ծը, թե՞ գտածը:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>