ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Լիդա Նալբանդյան

Սիրում եմ սիրել
Ամբողջ օրվա ընթացքում այդ սենյակում մութ էր լինում, միայն առավոտյան վախվորած արևի թելիկները ներս էին թափանցում պատուհանից և գրկում չաշխատող ժամացույցը: Այնուհետ առհասարակ երկնչում էի բաց անել տան պատուհանները: Մյուս սենյակում հսկա պատուհանը վարագուրված էր և ես ստիպված էի լինում օրերով լույս չտեսնել: Իսկ երրորդ սենյակում, որն ավելի շատ նման էր մի խցի, ոչ թե ես չէի թողնում, որ լույս թափանցի, այլ ընդհակառակը, շատ էլ փափագեի չէի կարողանա լույս քամել դիմացի հաստ ու խոնավ պատերից: Հյուրերին էլ կատակով բացատրում էի, թե մեր պատուհանից հիանալի տեսարան է բացվում դեպի Մասիս լեռը, այն ինչ հիացած հյուրերը տեսնում էին ո՛չ թե Մասիս լեռ, այլ մի փոշոտ պատ, որն ինչքան էլ երազեր թեկուզ բլրիկ չէր դառնա: Նայում էի վերև և երևակայությանս զոռ տալով փորձում դարձնել ժանգոտած տանիքը երկինք, իսկ դեռ դիմադրող սպիտակ ներկի կետերն աստղեր: Դա ինձ անհրաժեշտ էր լոկ նրա համար, որպեսզի երեկոները ծածուկ շնորհակալություն հայտնեմ Նրան և առհասարակ, երբ տեսնում եմ երկինքը, ինձ թվում է, որ տիեզերքի ողջ անսահմանությունը բաց է ինձ համար և կլանում է իր սիրով և՛ ինձ, և՛ քեզ: Պատուհաններ, որոնք միշտ պատնեշ կլինեն արտաքին աշխարհի և այն ամենի միջև ինչն այս տան մեջ դարձել է իմը: Իմ հույզերն ու մտքերը, խելառ խոսքերն ու ներում հայցող զայրացած աչքերը: Իսկ եթե միանգամի՞ց գա արտաքին աշխարհից սպասված այն անցորդն, ակամա կանգնի պատուհանիս առջև… Առաջին անգամ երբ մտա ի վերս նշված սենյակներով տուն, ճիշտն ասած ինձ վրա ոչ մի ազդեցություն չթողեցին տան բացասական կողմերը: Եվ գիտե՞ս ինչու, քանզի կարոտել էի իմ տանը: Բայց ինչևէ լույսը քիչ է, ես արդեն սկսել եմ կարոտել ոչ միայն նրան, այլև բանական էակներին` մարդկանց:

Իմ ընկերների հետ միասին եմ պայքարում
Երևի տեսած կլինեք տաշտակ հիշեցնող քարե կառույցների, որոնց մեջ լցվում է շա՜տ հող և այնուհետ տնկվում են բազմաթիվ բույսեր: Այ այդպիսի մի քարե տաշտակ էլ դարձավ իմ միակ ընկերը, բայց ի՞նչ եմ ասում, օ՜, ոչ միայն նա, այլև նրա միջի կանաչ խոտի ծածկույթը, փշոտ վարդը և արդեն թոշնած մանուշակագույն ծաղիկները, որոնց անունը մինչև օրս չգիտեմ: Թանթառնիկը ինձ հիմա լսում է և երևի թե մի քիչ կնեղանա, եթե նրան էլ չնշեմ իմ ընկերների ցուցակում: Երբ տանջված ես լինում այն ամենից, ինչ կյանք հասկացությունը այնքան շռայլորեն բաշխել է քեզ, սկսում ես խոսել նրանց հետ, բայց երբ արդեն ընկերանում ես, հավատացե՛ք, իրո՛ք, չես զանազանում նրանց մարդկանցից: Ահա կրկին փչեց այս հովը, որը ճոճում է վարդի թերթերը, երբեմն էլ պոկում, հոտոտում և կրկին դեն նետում, կարծես ասելով` «Վերցրու՛, նվիրում եմ»: Կանաչ այդ ծածկույթը, որին ընկերացել է քամին, միակ գեղեցիկ էակն է այս ողջ փողոցում: Ավտոմեքենաների ծխից և աղմուկից հոգնած` նրանք կախել են իրենց տերևներն ու գլխիկները, բայց ամեն օր տեսնելով իմ արցունքներն ու պայքարը հանուն ամենի նրանք էլ են քաջալերվում և շարունակում թնդալ ասֆալտի անկանոն դղրդյունների ներքո: Ահա կրկին բացեցի պատուհանը: Քամին շոյեց երեսս, հիվանդ կոկորդս, որը ջերմության կարիք է զգում: Ես նստեցի սառը հատակին, հայացքս հառեցի երկնքին և սկսեցի իմ ամենօրյա պայքարը: Ձեռքերս բարձրացան և մի աներևույթ գնդակ առան իրենց մեջ` իմ մոլորակը: Ինչքան եմ ես սիրում իմ կյանքը: Ա՛յո, մի զարմացիր ես սիրում եմ իմ կյանքը, բայց քոնն էլ եմ սիրում: Կրկին ինչ-որ բան խանգարում է իմ և ներաշխարհիս լուռ և վճռորոշ խոսակցությանը: Անցո՞րդ, հեռացի՛ր, խնդրում եմ և տար քեզ հետ քեզ նվիրված անուրջներս, որոնք չեն իրականանալու: Ահա կրկին ես սկսեցի պայքարել: Հոնքերս բարձրացան: Գիրկս վերցրեցի իմ փոքրիկ և անուշիկ Լիդային և բացեցի դուռը դեպի իմ ապագա: Մենք ուրախ ենք, քանզի միասին ենք քայլելու այս կանաչ արահետով, ես և դու: Մենք միասին ենք կերտելու այս կյանքը և հաղթելու ենք ժամանակի վախը: Ես հավատում եմ:

Իսկ եթե միանգամի՞ց գա արտաքին աշխարհից սպասված այն անցորդն, ակամա կանգնի պատուհանիս առջև՞…
Կրկին դու եկա՞ր, այսքան ուշացա՞ծ: Գիտեմ, ես խոստացել էի քեզ այլևս ներս չթողնել: Փակել էի հոգիս, սիրտս ամուր կողպեքով, դրա վրա էլ մի մեծ շղթա էի կապել, բայց այդ լուծը ճնշում և տանջում էր ինձ, ես զգում էի, որ սա այն չէ, ինչով ես կարող եմ գտնել լույսը: Եվ կրկին բացեցի դռները: Մտամոլոր կանգնել ես: Վախենում ես, թե չեմ կարող դիմակայել և կառավարել սիրո մեջ հույզերս, սարսափում ես, թե կարող եմ ընկճվել և վերջապես ճզմվել: Մի՛ վարանիր, ես քո մեջ եմ գտնում փրկությունը: Իսկ քո զգացմունքն արդյոք ճշմարի՞տ է, թե կրկին իմ երևակայության արտացոլանքը: Ախր դու ինձ լավ չգիտես: Չգիտես, որ եթե անգամ անփոխադարձ սիրեմ, ապա միևնույն է քեզ ու միայն քեզ նվիրելով իմ սիրտը` չեմ պահանջի էլ ոչինչ, մինչև քո սիրելի աչքերում չկարդամ այն, ինչ սկսած այս պահից տենչում եմ լսել: Հրճվում եմ, խենթանում, օդում քեզ գծագրում և … Եթե անգամ այս աշխարհում երբեք երկուսիս շուրթերը միմյանց չասեն սիրո խենթ խոսքեր, ապա միևնույն է, ես համոզված եմ, որ դու հիշելու ես ինձ և հիշելու ես լուսավոր ժպիտով: Ես էլ եմ հիմա ժպտում, քանզի դու խաթարեցիր իմ լուռ, բայց վճռոշոր խոսակցությունը ներաշխարհիս հետ, բայց լսի՛ր վերջին անգամ ես պարզապես սիրում եմ այս զգացմունքը: Ես սիրում եմ սիրել:

Վերջաբան
Աչքերս բացում եմ և երանության րոպեին հոգուս խորքում զգում եմ մի թաքնված վայելք: Ես կրկին շնորհակալ եմ, որ ապրում եմ: Հավատա՛, ես կանգնած եմ և ոչ մի քամի չի հավասարեցնի ինձ գետնին, ինչպես իմ խեղճ ընկերներին: Ես կանգնած եմ և դեռ բացելու եմ իմ պատուհանը, երբ արտաքին աշխարհի այն անցորդն ակամա բացի դուռս և կանչի ինձ դուրս իմ մենությունից:

2 comments

    • LOLITA Soxomonyan on 19 Փետրվարի, 2010 at 9:58 ե.
    • Reply

    barev dedz.

    • Anonymous on 29 Ապրիլի, 2010 at 11:18 ե.
    • Reply

    sirel, aysinqn aprel, u erb et nayes khishes apracd ropener@ miayn!!!!!!!!!

Թողնել պատասխան Anonymous-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.