Նանոր Պետրոսյան | ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՂԹ ՄԻ ՄԵԾ ՃԱՄՓԱ Է

***

Ոնց են դեմքերը մոռացվում
Նախկինում ամենօրյա տեսարանները օտարանում
Ծանոթ անունները փոշիով պատվում
Մի պուճուր կարոտին կարոտ մնացած մարդիկ
Մեր գլխում միայն ախ են անում
Պարտադրված լռությունը նրանց
Մենք` այս օրով ապրող, չենք էլ նկատում
Ու միայն ժամանակ առ ժամանակ
Փոքրիկ դրվագից
Նրանց վերհիշում
Ու մեղավորության քծնի ժպիտով
Կլոր աչքերը հառում ենք գետնին

Հունիս.09

***

Երբ ձեռքերը դարձան այսքան մեծ
Բանվորը խեղճ մինչև այսօր քշում է իր սայլակը ծեր
Անձրևը գալիս է անընդհատ
Ուտելիքը ծամվում է
Բերանում ժանգոտած
բարիկադներով կանգնեցրած բառերի հետ համընթաց
Ընկերը դարձավ դավաճան
Ու լիքը սովետից մնացած արձան
Փոխարինված արտաբերանքները
Ականջի արահետներով դառնում են մտերմիկ
Նախկին մեղեդիները իրենց հերթին են սպասում
Աղջամուղջ, աղջամուղջ, աղջամուղջ
Հարդագողի արահետը կոսմետիկայի շղարշով է ծածկվում
Խենթուխելառ սերերը փորի մեջ են փտում
Բազմագույն դրոշներ ճակատներին պարզած
Ծածանվում են վարտիկները օդում
Փակցվում են կոստյումավորների հետույքներին
Երբ ոտքերը դարձան այսքան մեծ
Հասարակությունը գրագետ
Քոչվոր դասակարգը անկարևոր
Իսկ մնացած բոլորը մարմնամարզորդ
Քանդված քաղաքներ մեկը մեկից անկարևոր
Ու սահմանների վրա հունանյաններ պայթող
Ռեվոլյուցիա, ռեՖոլյուցիա, ռեՔոլյուցիա
Այսի՞նքն, այսի՞նքն, այսի՞նքն
Գնացքներ, գնացքներ, գնացքներ
Կանգառում ականջները փակ
Ձայնից ահարկու
Դղրդյունից երկրաշարժի անզգոն
Ճաքերը եղունգների կողքի
Անգրագիտությունը սահմանափակում է բոլորին
Ի ցույց դրված աչքերը երբ դարձան այսքան մեծ
Ծառերը արյունով են ծածկված ամեն գարնան գալստյան հետ
Կապույտ,կանաչ, կարմիր ու սև
Տաբատներ, մաշկեր, ծաղիկներ, դեմքեր
Իննից մինչև յոթ աշխատանք
Ապակու մեջ վանդակված մի եսիմ ինչ
Մաքուր օդ
Կենդանինիներ
Դու մեռնելու ես
Մենք մեռնելու ենք
Հիտլերը մեռավ
Գրագիտությունը սահմանափակում է բոլորին
Երբ կրծքերը դարձան այսքան մեծ
Աշխատավորը ձեռքերը մեջքին
Երիտասարդի շրթունքը պատված կաթով
Վարագույրը բաժանող դուրսը ներսից
Երաժշտությունը նույն բանը անընդհատ ասող
Ու քաղցր սուրճը թափվող գետնին
Շիրա,շիրա,շիրա
Դատարկած ալկոհոլային շշեր անկողնու կողքին
Օրորվելով տուն են հասնում մթին
Մուրճերի ձայնը
Մանգաղն ու սուրը
Առյուծներ դրոշմված ամենուր
Փափագներ խցկված մտքերում
Դժգոհություններ այսօրից
Մեռավ վաղվա երազը
Ծնվեց վաղը չէ մյուս օրվա հերոսը
Գովազդները վազում են իմ կողքից
Գովազդները ստիպում են ես վազեմ իմ կողքով

Հունիս.2009

***

Լողացող ամպեր հեռու հեռու
Լեռներ խորդուբորդ մոտիկ ու հեռու
Տնակներ փոքրիկ
Կանաչներ մշուշված սպիտակի մեջ
Սա իմ հայրենիքն է
Վերևից կանչում
Կանչում ինձ իր մոտ
Երկնքից այնքան քնքուշ է թվում
Ծածկված սպիտակ քուլաներով փափկիկ
Գետերով այնքան սիրուն է թվում
Ձգված ոլորուն
Մարդկային դեմքեր դաջված լանջերին
Մարդկային կյանքեր կառչած քարերից
Ահա ամպը ձգվեց վերևում
Ահա ես հայտնվեցի ներքևում
Մոտիկ
Տոտիկ
Ես
Քո
Կողքին

Հունիս.09

***

Երկար օրեր մեկը մեկի հետև
Սերեր չհանդիպած կամ չստացված
Հանդիպած պահեր բայց չմտերմացած
Այս ամենը հիմա կա
Այս ամենը եկավ անցավ
Այս ամենը վաղվան մնաց
Տեսածները չմարսած
Եկածների դեմքերը դեռ չտեսած
Իրար կողքի մոտ չկանգնած
Անցավ
Գնաց
Մենակ
Մնաց

Մայիս.09

***
Ինձնից մինչև թուղթ մի մեծ ճամփա է
Ինձնից մինչև թուղթ մի մեծ անդունդ է
Դավաճանությամբ լի թանաքաջուր կամ մատնահետք է
Բնավորությունս է երկերեսանի
Հոգուս ամբարը սպառող թերթ է
Կաղապարով ծածկած մի նոր fileիկ է
Ազնվությամբ տոգորված հոգուս ճիչն է
Ձեզ դուր գալու մի պարապ փորձ է

Մայիս.09

***

Տարբեր գույներ գծերով երիզված
Ամբողջական մի կտավ օվկիանոսներով իրարից անջատված
Միջում սև կետիկներ իրար կողք ցրված
Երազներով միմիայն բլանդված
Նուրբ, արանքից կաթկթացող անձրևի կաթիլներով
Նուրբ ու արանքից ներս թափանցող արևի շողերով
Պատսպարված կարկտած մշուներով
Սև կետիկները ընտրություններ են կատարում
Բաժանվում
Միանում
Ստեղծում
Ու սպանում
Տարբեր գույներ գծերով երզիված
Բազմազանությամբ…խառնիճաղանջ
Սև կետիկներով զարդարված
Խեղճ են նրանք
Մեղք են նրանք
Ընտրությունները շատ են, շատ
Սխալվելը միշտ էլ կա
Իրենք են իրենց ամենամոտ ընկերը
(Եթե կա ըտենց բան)
Մենակ են նրանք մենակ
Ու բլանդապատ կտորով պատված
Շարժման մեջ են նրանք անընդհատ
Տարբեր գույներ գծերով երիզված
Կապույտով իրարից հեռացած
Սև կետիկներով նախշազարդված
Իրականում միագույն երկար,լայն սավան
Սև կետիկների ձեռքով ներկված
Սև կետիկների արյուարբու երևակայության պատրանք
Վանդակապատված կենդանու երազի նմանակ
Ներկվող
Ներկվելիք
Անհեթեթ մի շարժ
Ինքն իր շուրջը պտտվող անընդհատ մի ընթացք

Մայիս.09

***

Մի ձեռք
Մի ոտք
Մի գլուխ
Ֆանտոմը փոքր քաղաքում
Փողոցները երկար բարակ
Փողոցները փոշոտ պարապ
Ֆանտոմը խեղճ
Բռնել է գլուխը մեծ
Քայլում է նա գլխահակ
Թափվող մտքերն է բռնում օդից անընդհատ
Մի քայլ
Մի պտույտ
Մի ընթացք
Ֆանտոմը փոքր քաղաքում
Օրերը դանդաղ երկար
Օրերը նման պարապ
Ֆանտոմը խեղճ
Նստել է անկյունում նեղ
Աչքերով նա թախծոտ
Մարդկանց անցուդարձին է հետևում վազող
Մի ծառ
Մի շուն
Մի աղջիկ
Ֆանտոմը փոքր քաղաքում
Զրույցները անընդհատ դատարկ
Զրույցները մենակ անպատասխան
Ֆանտոմը խեղճ
Ժպտում է հեզ
Հասկացված չլինելով հանդերձ
Չի ժխտում նա մարդկանց եղծ
Շրջում է նա քաղաքով
Ֆանտոմը մեր
Մեղք է նա շատ,մեղք
Իր նմաններին է փնտրում
Տեղավորվել է ուզում
Հարմարվել է ուզում
Նրանց նման լինել է ուզում
Ֆանտոմ չլինել է ուզում

ՀԳ
Երևի մի օր նրա արձանը կկանգնեցվի Աբովյան փողոցի վրա…ու երևի անընդհատ կտեղափոխեն՝ բազմաժանր շինարարություններից դրդվածbr>
Մայիս.09