Վարդերը բուրում են
Զգացումներիս զովն է
Որ դիպչում է ինձ
Բուրում է:
Ցանկություններիս ալիքն է
Որ բախվում է ինձ
Բուրում է:
Չէ որ լվանում էին
Ժամանող ճամփորդի ոտքերը
Եվ օծում էին գլուխը յուղով,
Որպես լվաց ու օծեց Հիսուսին,
Որ հոգնահանի, հանգստանա
Եվ բուրի…
Հանգստությունը բուրում է խաղաղությամբ,
Որ կյանքի օրհնաբեր վաստակն է,
Շողշողում է մանուկների աչքերում:
Լավ օրվա ավարտին
Մայրամուտը ջնարակվում է
Շառագույնով.
Իջնում է անեզր ծիրանին
Որպես արքայական վայելք
Եվ ջնջում է
Երկնի ու երկրի բաժանարար գիծը,
Սիրապատում է հորիզոնը
Անկարելի տենչերի երջանկությամբ,
Որ կյանքի անսահման բուրաստանն է:
Բուրում է:
Կյանքի բուրաստանի վարդերը
Բուրում են:
Մոտեցիր փայանքով
Եվ պարգևիր քաղցրությունդ,
Որ բավարարությունս լցվի քո բույրով:
Գլենդել, Կալիֆորնիա, 2009-07-10
Որպեսզի համբուրեմ
Տրտմություններիս ստվերները ամբոխվում են
Աշնանային հեռացող երամների դանդաղությամբ.
Տերևաթափը լցվում է սիրտս
Մրմուռների խաշամով,
Եվ ես մղկտում եմ մատաղացու գառան նման,
Որին վերջին պտղունց աղն են ուտեցնում:
Ծարավությունս պապակում է շուրթերս,
Միրաժների հաճախականությունը
Մթագնում է նայվածքս.
Անցյալի ափսոսանքներս ահագնանում են
Տագնապով ու անդոհանքով…
Ո՞ւր ես,
Փնտրումներիս ավարտ,
Որ երփներանգ նարոտով վարդես ճակատս…
Մոտեցիր շուրթերիս համբույրին…
Գլենդել, Կալիֆորնիա, 2009-07-10
1 անգամ հղվել է՝