Փունե Նեդայի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

«Ժամանակի ոտնահետքը» շարքից

Քանի կարմիր խնձորներ

Հեռավոր ակնարկներ,
Հեռավոր ակնարկներ:
Աչքերիդ լապտերի անորոշ հայացքը,
Ո՞ր կողմն է ակնարկում ճանապարհի:
Վախենում եմ խավարից,
Եւ Քղանցքիս վրա
Բողբոջներն եմ հաշվում խնձորենու:
Մինչ այգաբացը վրահաս աշնան
Քանի՞ կարմիր խնձոր
Իմ ճյուղերից,
Կընկնեն վար:

Իղձի վախճանը

Մոմը գիտե,
Թե ի՞նչ բան է վախճանն իղձի
Եւ տագնապը
Ձեռքից գնացող պահերի
Եւ բարձր ճիչը վերջին բոցի…
Իսկ հետո,
Խնդրանքն է մեռնում
Եւ վառվում են ջահերը՝
Ենթադրյալ լույսի համար,
Սակայն
Լռության պոետների գիշերը
Չեն լուսավորելու…

Խոսքի ստվերը

Ինչո՞ւ չես լսում ինձ.
Արևը կգնա
Եւ ստվերները խոսքիս
Կձուլվեն գիշերվա մեջ,
Իսկ հետո
Ի՞նչ վստահությամբ
Իմ մնացորդները պիտի հավաքես՝
Տետրակների խավարից:

Պատկեր

Գլուխս բարձրացնում եմ սուրճի գավաթից,
Փլվում է պատուհանը
հայացքիս մեջ,
Սակայն աստղերը
Կառչել են իրենց երկնքին:
Ես
Մնացել եմ աթոռին ջարդված:

Փախուստ

Ծովի թախծից
Ափը հասա քո հայացքի…
Փախչում եմ հիմա՝
Քո աչքերից
դեպի ծովը թախծության…

Միայն մայրս

Չգիտեմ ի՞նչ օր է այսօր:
Մայրս ասում է շաբաթ,
Բայց չեմ հավատում.
Հարց եմ տալիս անցորդներին,
-Կիրակի,- պատասխանում են,
Դարձյալ չեմ հավատում.
Հանդիպում եմ սիրեկանիս,
Նրան եմ հարցնում,
-Կիրակի,-պատասխանում է,
Հավատում են ես նրան:
Ուրեմն, ես կորցրել եմ մի ամբողջ օր,
Ասես քնով եմ անցել:
Միա’յն մայրս,
Մայրս չուզեց խելագարվեմ…:

Ո՞ւր է լուսամուտը

Ո՞ւր է լուսամուտը,
Ո՞ւր է ծառը,
Ո՞ւր են բոցերը մատներիդ:
Փակ են խորշերը սրտատան
Եւ ծանրութիւնն իմ ապշանքի
Հասակն է կոտրում տարածության:
Դառը ժպիտս
Այլևս այն ճեղքն է միայն,
Որ բացվում է
Շրթունքներին քո պարծանքի:
Ո՞ւր է լուսամուտը,
Ո՞ւր է ծառը…

«Մի բուռ ծածուկ մոխիր» շարքից

Սկիզբ…

Դանակը վերցրի,
Լուսնի չափով կտրեցի երկինքը,
Որ գիշերվա դռնակից
Վայր ընկնի անքուն աչքերիս վրա:
Առավոտյան
Դանակը վերցրի,
Աչքերիս երկնքից
Կտրեցի երկու լուսնային պատկեր
Եվ թաքցրեցի
Մութ շշի մեջ իմ մենության…:
Դանակը վերցրի,
Կտրեցի երկու թևերը թռչունի,
Որ չլինի դյուրահավատ:
Ինչո՞ւ ես զարմանում՝
Չուզեցը բախվի նա վաղվա պատին:
Դանակը վերցրի,
Ցուցամատս կտեցի,
Որ այլևս
Նշան չբռնի աղավնուն՝
Չտապալվի իղձը հողին:
Դանակը վերցրի,
Կիսեցի խնձորը,
Իսկ հետո դրի պատրանքի դիմաց.
Գուցե վերցնի բաժինն իր սիրուց:
Դանակը վերցրի,
Եվ ուղու լայնքով կտրեցի սերը,
Որ իր մեկնելու ոտքերը կապի:
Դանակը վերցրի,
Փորագրեցի սրտի պատկերը՝ կրծքիս.
Գուցե զգա ինչ-որ բան:
Դանակը վերցրի,
Շրթունքներիցս
Ժպիտն հատեցի,
Որ անտեղի
չսայթաքի սիրո վրա:
Դանակը վերցրի,
Հոգուս իղձը կտրեցի
Եվ թաղեցի գերեզմանոցում հայացքի:
Դանակը վերցրի,
Զգացմունքիս մաշկին քաշեցի,
Ու դուրս հորդաց արյունն աշխարհի:
Դանակը վերցրի,
Փորը պատռեցի՝
հայելու մեջ կանգնածի,
Սակայն, «Ես» ընկա գետին:
Դանակը վերցրի,
Որ խոցեմ պատը,
Աղաղակեց.
-Ինձ հերի’ք է հոգս ու ցավը
«տարածություն լինելու»:
Դանակը վերցրի,
Փորագրեցի անունս ծառին,
Հաջորդ տարի,
Ծառի հիշատակն ինձ համար
Պիտի դառնա
գծեր նողկանքի:
Դանակը վերցրի,
Ձյան վրա գրեցի՝
«Վախենում եմ այս դանակահարողից».
Արևը
լվաց իմ վախը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.