Ժակ Ռուբո | ԾՆՆԴՈՑ, ՎԵՐՋԻՆ ԳԼՈՒԽ

Jacques Roubaud- 1932

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

1. Այսպես ստեղծվեց երկինքն ու երկիրը, և դրանց ողջ պարունակությունը: 2. Եվ յոթերորդ օրն ավարտեց Աստված իր գործը, որ արել էր ու հանգստացավ յոթներորդ օրն իր ամբողջ գործից, որ արել էր, 3. և օրհնեց Աստված յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր գործերից, որ ստեղծել էր ու արել: 4. Արդ, եղավ այնպես, որ մարդիկ սկսեցին բազմանալ աշխարհի մեջ ու ծնեցին դուստրերի, 5. որոնց միջից, այս աշխարհի մեծերը տեսնելով, որ գեղեցիկ էին` կին առան նրանց, ում ընտրեցին: 6. Եվ Աստված տեսավ, որ մարդկանց վատությունը աճում էր ու բազմանում, և որ օրեց-օր նրանք իրենց սրտում լոկ չարություն էին որոճում ու նյութում: 7. Աստված տեսավ, որ դա վատ էր, 8. ու զղջաց, որ ստեղծել էր մարդուն աշխարհում իր պատկերով, որ արու և էգ էր ստեղծել նրան, 9. որ օրհնել էր նրան, որ աճեր ու բազմանար և լցներ երկիրը, որ իրեն ենթարկեր այն, ու տիրեր ջրում` ձկների, և օդում` թռչունների վրա: 10. Ահա, -ասաց Աստված.- Ես նրանց տվեցի ողջ երկրի վրա տարածված տեսանելի բոլոր բույսերի սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը, և ահա թե ինչ արեցին նրանք :
11. Եվ դրանից ցավեց իր սիրտը:12. Եվ Աստված այնպիսի ջրհեղեղ առաջացրեց, որ ջուրը բարձրացավ երկրի վրա ու այնքան բարձրացավ, որ մարդը վերացավ երկրի վրայից:13. Եվ Աստված տեսավ , որ դա բարի էր:14. Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ` առաջին օրը վերջին օրերից:15. Աստված ասաց.-Թող ջուրը ծածկի երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռներն ու ծածկի դրանք տասնհինգ կանգուն ավելի վեր: 16. Թող ջուրը խեղդի բոլոր կենդանի հոգիներին, լողացող կենդանիներին ու թռչուններիրն, որ ճախրում են երկրի վրա` օդային տարածության մեջ: 17. Եվ Աստված խեղդեց բոլոր խոշոր ձկներին և բոլոր կենդանի հոգիներին, որ ջուրը ծնունդ էր տվել ամեն մեկին` ըստ իր բնության, և բոլոր թռչուններին, որ թևեր ունեն, ամեն մեկին` ըստ իր բնության:18. Աստված անիծեց նրանց ու խեղդեց ջրում: 19. Եվ Աստված տեսավ, որ դա բարի էր: 20. Եվ երեկո եղավ և առավոտ` երկրորդ օրը վերջիններից: 21. Աստված ասաց.- Թող չլինի այլևս ոչ մի լույս երկնքի տարածության մեջ` ցերեկը գիշերից բաժանելու համար: Թող այլևս չլինեն նշաններ, եղանակներ կամ օրեր: 22. Թող այլևս լույս չլինի երկնքի տարածության մեջ` երկիրը լուսավորելու համար: Այդպես էլ եղավ: 23. Եվ Աստված վերացրեց երկու մեծ լուսատուները, ավելի մեծը` ցերեկը կառավարելու համար, ավելի փոքրը` գիշերը կառավարելու համար, ու նաև` աստղերը: 24. Աստված դրանք ջնջեց երկնքից, որպեսզի ոչ մի բան այլևս չբաժանի լույսը խավարից: 25. Եվ տեսավ Աստված, որ դա բարի էր: 26. Եվ երեկո եղավ և առավոտ` երրորդ օրը վերջիններից: 27. Աստված ասաց.- Թող քամի փչի երկրի վրա` ջուրը դադարեցնելու համար 28. Թող խցանվեն անդունդի աղբյուրներն ու փակվեն երկնքի ջրարգելակները, և թող դադարի երկնքի անձրևը: 29. Եվ ջուրն իջավ, ու տեսանելի եղան լեռների գագաթները՝ 30. Ու երբ ջուրը հոսեց երկրի վրայից ու երկիրը բեռնափաթվեց ջրից, ցամաքը նորից երևաց: 31. Այդպես քանդվեց ու քերվեց երկրի երեսից այն ամենն, ինչ կար այնտեղ, թե՛ մարդիկ, թե՛ գազաններն ու օձերը, թե՛ երկնքի թռչունները: 32. Եվ տեսավ Աստված, որ դա բարի էր: 33. Եվ երեկո եղավ, և առավոտ` չորրոդ օրը վերջիններից: 34. Աստված ասաց.- Թող այլևս ոչ մի տարածություն չլինի ջրերի միջև` բաժանելու համար ջրերն իրարից: 35. Ջնջեց Աստված տարածությունը, որը բաժանում էր տարածության տակի ջուրը տարածության վրայի ջրից: 36. Ջնջեց Աստված տարածության անունը, որ երկինքն էր: 37. Եվ տեսավ Աստված, որ դա բարի էր: 38. Եվ երեկո եղավ և առավոտ` նախավերջին օրը: 39 Աստված ասաց.- Այլևս ոչ մի լույս: Եվ լույսը վերացավ: 40. Աստված տեսավ, որ խավարը բարի էր: 41. Աստծո հոգին սավառնում էր ջրերի վրայով: Երկիրը ոչինչ էր ու ծանր: Խավար` անդունդի վերևում: 42. Աստված ոչնչացրեց իր ստեղծած երկինքն ու երկիրը: 43. Եվ երեկո եղավ և առավոտ` վերջին օրը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.