«

»

Փետ 01 2010

Տպել Գրառում

Վարդգես Օվյան | ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Նոր տարվա հեքիաթ

Ամանորին քիչ ժամանակ էր մնացել: Ձմեռ պապը մի անգամ եւս մանրազնին պրպտեց Մոսկվայում լույս տեսած «Աշխարհի քարտեզը», բայց դարձյալ չկարողացավ գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քրտինքի կաթիլները սառած կախվել էին բեղ-մորուքից, արդեն հույսը լիովին կտրած, կանգնել էր Վրաստանի Սադախլո բնակավայրի մոտ, երբ կարմրած քթով մեկը հանկարծ տնկվեց առաջն ու հարցրեց.
– Ապեր, էդ ի՞նչ ես կորցրել:
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- խեղճ-խեղճ պատասխանեց Ձմեռ պապը:
– Վա՜յ, ցավդ տանեմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ասե՞ղ է, որ կորցնես: Մի կլորիկ գումար տուր, ավիացիոննի բենզինով աշխատող այս ավտոյովս ձեռաց թռցնեմ Ղարաբաղ:
– Բայց ինչո՞ւ այդ երկիրը քարտեզի վրա չկա,- զարմացած հարցրեց Ձմեռ պապը:
– Նայած ում քարտեզի վրա: Տեսնես ովքեր են կազմել էդ տիտռիկ քարտեզդ… Մեր քարտեզում, օրինակ, շատ լավ էլ կա…
– Բայց այդ ի՞նչ երկիր է, որ մեկի կազմած քարտեզում կա, մյուսում՝ չկա:
– Էդ նրանից է, ախպերս, որ Ղարաբաղը կամ Արցախը, այսպես կոչված, չճանաչված երկիր է… Մի խումբ շանորդիներ չեն ուզում տեսնել, ճանաչել այդ երկիրը…
Մինչ ճանապարհին ապարանցի Գարուշը Ձմեռ պապի համար «քաղպարապմունք» էր անցկացնում, վերից ու վարից պարզաբանում «Ղարաբաղյան հարցը», արդեն մոտեցել էին Ստեփանակերտի մատույցներին: Այդ պահին վերջապես տեղ հասավ նաեւ Ձմեռ պապի անձնական թռչող կառքը, որի անիվը մինչ այդ Հարավային Օսեթիայի մոտերքում փայթել էր ականից:
Ապարանցի Գարուշը ստացավ հասանելիք կլոր գումարը, հետն էլ երկու լիտր մաքուր թթօղի եւ հրաժեշտ տվեց Ձմեռ պապին: Վերջինս չափ գցեց ճեպընթաց կառքն ու մի քանի վայրկյանում հասավ Ստեփանակերտի նախադռանը, որտեղ պետավտոտեսչության անցակետում նրան կանգնեցրեց մի ոստիկան:
– Էդ ի՞նչ արագությամբ ես սուրում, հապա մի պրավադ ցույց տուր:
– Ստեփանակերտ եմ գնում, Ամանորի նվերներ պիտի բաժանեմ ժողովրդին,- ասաց Ձմեռ պապը:
– Ամանոր-մամանոր չգիտեմ, արագ քշելու համար պիտի տուգանեմ: Մի հազարանոց ցնծա…
– Բարեկամս, ուշանում եմ: Ամանորի այս նվերը վերցրու եւ բաց թող ինձ…
– Ամանորն ո՞վ է, չեմ ճանաչում:
– Սա էլ ձեզ հազար դրամը…
– Չէ՜, քիչ է, շատ թունդ էիր քշում, պրավադ պիտի ծակեմ,- ձեռ չէր քաշում ոստիկանը:
«Այս երկրում, ինչպես երեւում է, դրամաշորթներ են ապրում»,- ոստիկանից մի կերպ գլուխն ազատելով, մտածեց Ձմեռ պապը, եւ երբ հասել էր քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր բազմաթիվ մարդիկ էին հավաքվել շլացուցիչ լուսավորված տոնածառի շուրջ, մոտերքում նկատեց մի ծառի տակ նստած, հենակներով մի աղքատի:
– Բարեկամս, շնորհավոր Նոր տարի: Այս նվերը ձեզ, սա էլ մի քիչ փող է…
– Չէ, շնորհակալություն, Ձմեռ պապ, հենց այնպես ոչինչ չեմ կարող վերցնել,- ասաց հենակներով մարդը,- օրվա հացը ես վաստակում եմ մարդկանց կշռելու համար: Թույլ տվեք ձեզ կշռեմ:
Մարդուն չվիրավորելու համար, Ձմեռ պապը կշռվեց ու մտածեց. «Այս ի՜նչ ազնիվ մարդիկ են ապրում այս երկրում»:
Հետո նա իր մոտ եղած բազմաթիվ նվերներից մի քանի մեծ կապ թաքուն դրեց հրապարակի մեջտեղում գտնվող տոնածառի տակ ու շարունակեց ճանապարհը:
Շենքերից մեկում բնակարանի դուռը բացեց ծխախոտը ատամների արանքում սեղմած, փորն առաջ ցցած մի տղամարդ ու արհամարհանքով հարցրեց.
– Էդ նվերովդ ո՞ւմ ես ուզում խաբել: Ես բիզնեսմեն եմ, քո ձեռքուոտների մատների քանակով սուպերմարկետներ ու առեւտրի սրահներ ունեմ: Չէի՞ր կարող գոնե մի սովորական խանութ նվեր բերել…
«Այս երկրում ոնց-որ աչքածակներ էլ կան»,- մտորեց Ձմեռ պապն ու սեղմեց հարեւան շենքի դռներից մեկի զանգի կոճակը:
– Մտեք,- լսվեց ներսից:
Ձմեռ պապը կամաց բացեց դուռն ու սենյակի կենտրոնում նկատեց գրասեղանի հետեւում նստած փողկապավոր մի պարոնի:
– Ներեցեք, սա բնակարա՞ն է, թե՞…
– Ի՞նչ հարցով ես եկել,- լսվեց գրասեղանի հետեւից:
– Ձմեռ պապն եմ, նվերներ եմ բերել:
– Անձդ վկայող փաստաթղթեր ունե՞ս, նվերներ բաժանելու համար վերադասից թույլտվություն ունե՞ս: Եթե չունես, նստիր, երկու օրինակից մի դիմում գրիր, որ թույլ տամ նվերներդ բաժանես…
«Այս երկրում նաեւ բյուրոկրատներ են ապրում»,- պաշտոնյայի բնակարանից դուրս գալով, մտածեց Ձմեռ պապը եւ, երբ հասավ թատրոնի շենքի մոտ, դռների առջեւ նկատեց ձեռքերը գրպաններում, թզուկի պես կարճահասակ, ինքնագոհ մի մարդու:
– Պարոն, ես այս թատրոնի տեր ու տիրակալն եմ, իսկ դու ո՞վ ես: Ճիշտն ասած, դեմքդ շատ ծանոթ է երեւում, Լիր արքա՞ն ես:
– Չէ, Ձմեռ պապն եմ:
– Չէ՜ մի, էշի պոզեր… Եթե դու Ձմեռ պապն ես, ուրեմն՝ ես էլ Անգլիայի թագուհին եմ… Հա՜, ճանաչեցի… Սոս Սարգսյանն ես:
– Սոս Սարգսյանը մեծ դերասան է, հարգում եմ նրան, բայց ես Ձմեռ պապն եմ:
– Դե լա՜վ, պոչ մի խաղացրու: Աշոտ Ղազարյանն ես…
– Դա ո՞վ է, անունը լսած չկամ:
– Ուրեմն՝ Թոխատյանն ես…
– Դրան էլ չեմ ճանաչում: Ես Ձմեռ պապն եմ:
– Որ էդպես պինդ կպել ես քո Ձմեռ պապին, ես էլ Ձյունանուշն եմ,- ասաց միջահասակ մարդը, գրպանից մի կեղծամ հանեց, դրեց գլխին ու սկսեց ցատկոտել Պապի շուրջը:
«Այս երկրում, ինչպես տեսնում եմ, ծաղրածուներ էլ են ապրում»,- մտմտաց Ձմեռ պապն ու մտավ թատրոնի ճեմասրահ, որտեղ երեխաները պար էին բռնել տոնածառի շուրջ եւ աշխույժ երգում էին. «Տոնածառ, ջան տոնածա՜ռ…»:
Փոքրիկներն այնպես երջանիկ էին, այնքան լավ էին երգում ու պարում, որ նրանց դիտելով, Պապի հոգնածությունն անցավ: «Այս երկրում բայց ի՜նչ սքանչելի երեխաներ են ապրում»,- բացականչեց Ձմեռ պապն ու միացավ փոքրիկների շուրջպարին: Հետո նա Ամանորի նվերներ բաժանեց երեխաներին եւ, թռչող իր կառքը նստելով, սուրաց վեր, շա՜տ վեր ու այնտեղից այդ երկրի փոքրիկ բնակիչների համար բյուր նվերներ սփռեց երկնակամարով մեկ: Նվերներն ուրախ զնգացին հանկարծ, ողողվեցին լույսով ու դարձան երկնքից կախված աստղեր, որոնք հավերժ պիտի ժպտան «Աշխարհի քարտեզի» վրա հազիվ նշմարվող Արցախ-Ղարաբաղ կոչվող այդ երկրի փոքրիկ բնակիչներին…
– Շնորհավոր Նոր տարի, մարդիկ, շնորհավոր Նոր տարի, աշխարհ,- վերեւից ուրախ կանչեց Ձմեռ պապն ու սուրաց, անհետացավ արդեն պատմություն դարձած դարերի ու հազարամյակների խորքում:
Սարդը

Սենիկ Հավկիթյանը շատ նրբազգաց ու պատվախնդիր մարդ է, եւ այնպիսի բարակ սիրտ ունի, որ հաճախ վախենում ես որեւէ սրիկայի մասին վատ բան ասել, որովհետեւ նա իր սրտին շատ մոտ է ընդունում դա: Երբ առաջին անգամ պամֆլետ գրեցի ոմն պաշտոնյայի մասին, որն իր աշխատավայրն երբեմն շփոթում է սեփական բնակարանի հետ, եւ ինչ կա-չկա իր առանձնասենյակում, թռցնում-տանում իրենց տուն, Սենիկ Հավկիթյանը շատ խիստ նեղացավ ինձնից: «Չնայած անունը չես գրել, բայց ես գիտեմ, որ ինձ ես նկատի ունեցել»,- հեռախոսագծի հակառակ ծայրից լսեցի վերջինիս դժգոհ ձայնը:
Մի ամիս հետո նա բռնեցրեց ինձ փողոցում եւ, իմիջիայլոց, ասաց. «Երեկ թերթում կարդացի պատմվածքդ: Անմիջապես հասկացա, որ դարձյալ ինձ ես նկատի ունեցել»: Մնացի տարակուսած, որովհետեւ իմ այդ պատմվածքի հերոս էի ընտրել մեկին, որն իր ղեկավարած հիմնարկում աջ ու ձախ ինտրիգներ է սարքում, բոլորին լարում իրար դեմ, որպեսզի ժամանակ չունենան մտածելու իրեն գահընկեց անելու մասին:
Դրանից հետո ես սկսեցի ավելի զգույշ լինել իմ հերոսների հետ, որպեսզի Սենիկ Հավկիթյանը հանկարծ չկարծի, թե ես իրեն եմ նկատի ունեցել: Սակայն ամենեւին ոչինչ չէր փոխվում: Հենց որ տպագրվում էր իմ այս կամ այն ստեղծագործությունը որեւէ կաշառակերի, բյուրոկրատի կամ գողի մասին, Սենիկ Սիսակովիչն անմիջապես զանգում էր ինձ եւ նեղացած քրթմնջում. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ անընդհատ ինձ դաղում ես»:
Այնուհետեւ տարբեր ժամանակներում ես գրեցի աչքածակի եւ աթոռամոլի, ստորաքարշ պաշտոնյայի եւ աներես շողոքորթի, բոլոր բարեկամ-ազգականներին իր ղեկավարած հիմնարկում տեղավորած չինովնիկի եւ իշխանությունների առջեւ չորս վերջավորությունների վրա տրտինգ տվող մարդուկի, ամեն տարի ոչ մեկին պետք չեկող ծանրաքաշ գրքեր տպագրող պոետի եւ մեծագլուխ փոքրոգի ստահակի, կարիերիստի եւ աջ ու ձախ կնոջ պես բամբասող տղամարդու մասին, ու ամեն անգամ Սենիկ Հավկիթյանը դժգոհում եւ խռովում է ինձնից, գտնելով, որ ես խայտառակում եմ իրեն:
Նա իմ մասին թաքուն չարախոսում ու լուտանքներ էր շաղ տալիս եւ ինձ մեղադրում բազմաթիվ մեղքերի մեջ: «Հիմա էլ գրել ես, որ ես ինձ շրջապատել եմ ոչնչություններով ու մանր-մունր թփերով, որպեսզի նրանց մեջ բարձր երեւամ,- կրկին ու կրկին դառնացած բողոքում էր Հավկիթյանը,- անուն-ազգանունը դիտմամբ փոխել ես, որ ես գլխի չընկնեմ, թե ինձ ես նկատի ունեցել, բայց քո ամեն մի տողից, յուրաքանչյուր բառից պարզ երեւում է, որ քո այդ Սաքո Գրիգորիչը ես եմ»:
Երբ մի անգամ նա ինձ ասաց, որ հակառակ իր լավաթյուններին, ես իրեն դարձրել եմ իմ անձնական թշնամին, ես անկեղծորեն խոստովանեցի, որ իրեն ոչ միայն թշնամի չեմ համարում, այլեւ իր մասին այնքան եմ մտածում, որքան, ասենք, փողոցով խռխռացնելով անցնող այն բեռնատարի կամ փողկապավոր այն գիշերանոթի մասին: Իմ այս սրտաբաց խոստովանությունը նույնպես նրան դուր չեկավ եւ նա, «Ինձ վիրավորում ես» խոսքերը մրթմրթալով, թթված հեռացավ:
Մի օր հանկարծ ինքս ինձ համար պարզեցի, որ Սենիկ Հավկիթյանը դժգոհում է իմ այն ստեղծագործություններից, որոնց հերոսը սրիկա է կամ, մեղմ ասած, տականքի մեկն է: Կասկածներս ստուգելու համար ես գրեցի մի մարդու մասին, որին ոչ ոք չի սիրում, եւ նա ծանր բեռ է դարձել ոչ միայն իր ղեկավարած հիմնարկի, այլեւ ողջ երկրի համար, ու երբ նա մահանում է եւ նրա հոգին ընկնում է դժոխք, այնտեղ բոլոր մեղավոր հոգիները վրդոված բողոքի ցույց ու հանրահավաքներ են կազմակերպում՝ մեր հերոսին իրենց «երկրից» դուրս շպրտելու կոչերով…
Իմ այդ ստեղծագործությունը տպագրվելու հաջորդ օրը հնչեց հեռախոսազանգը, եւ հեռախոսագծի մյուս ծայրում դարձյալ Սենիկ Սիսակովիչն էր՝ իր դժգոհ քրթմնջոցով:
Իր վարք ու բարքով նա դարձել էր յուրատիպ կենդանի թիրախ. ինչ սրիկայի խփում ես՝ նրան է կպչում, ինչ շան վրա քար ես շպրտում՝ նա է վայնասուն բարձրացնում:
Վերջապես ես հասկացա, որ Սենիկ Հավկիթյանը ոտուգլուխ աղտոտված տիպ է, որ նրա մեջ մարդկային ու լուսավոր ոչինչ չկա, որ նրան ամենեւին չի փրկի ամեն օր ժավելով լողանալն անգամ, որովհետեւ նրա հոգու վրա տարիներ շարունակ այնքան կեղտ էր կպել-կարծրացել, որ փլավքամիչով անգամ այն հնարավոր չէ զատել… Նա իրեն կապել է պաշտոնական իր աթոռին եւ մեծ փուչիկի պես օրորվում է նրա վերեւում: Նա նման է մեր երկրի մակերեւույթին կպած հսկա մի սարդի, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր արատներն ու այլանդակությունները:
Ժողովրդական իմաստությունն ասում է. «Կուզին գերեզմանը կուղղի»: Հոգով կուզը, սակայն, հանդերձյալ աշխարհում անգամ չի ուղղվի:
Չարի վերջը

Շաղգամ Սապոկյանը բյուրոկրատ է: Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով: Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, եւ այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը: Տարիների վրա տարիներ են գումարվել, եւ ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետեւ՝ լայն ու շքեղ բազկաթոռ:
Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը: Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը եւ, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլեւս ուտելու բան չի մնացել:
Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ: Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել: Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը…
Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլեւս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է: Լուրն այնպիսի արագությամբ ու թեթեւությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբեւէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից: Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս…
Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.
– Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել… Հրեշը ոտքերը տնկել է, եւ դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում…
Եվ սկսվե՜ց: Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.
– Նրա տիրումե՛րը… Այդ տականքը զրպարտություններ էր գրում եւ մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը:
– Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ:- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը: Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել եւ թերթերում տպագրել…
– Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք:
– Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է: Աչքերիդ մեջ նայելով խաբում էր եւ երդվում զավակների արեւով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը:- Մահը նրա համար փրկություն էր: Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել… Ստահակի բախտը բերեց:
– Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել եւ ինձ առաջարկել պարելով հանվել…
«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձեւանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը: «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել: Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաեւ իրեն:
– Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը:
– Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր: Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է…
Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը: Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է: Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երեւաց դիահերձող բժիշկը, եւ գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց: Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թեւքով սրբեց ու ասաց.
– Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է… Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել: Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը… Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի: Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը: Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք…
Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց եւ, ի վերջո, որոշեց.
«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել,
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին,
երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել եւ, վերջապես,
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել եւ դարձնել արձան:
Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել: Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար: Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան…»:
* * *
Բյուրոկրատի արձանն այսօր էլ կա: Որտե՞ղ է այն: Ձեր մեջ: Ձեր մեջ է այն, պարոնայք բյուրոկրատներ, ու քանի դուք կաք, ապրելու եւ փոխանցվելու է նոր սերունդների:
Բյուրոկրատիան անմա՞հ է: Գուցե անմահ է, բայց երբ մարդ ազատ է ու իրեն զգում է որպես իր երկրի Տերը, նրա մերձակայքում ու շրջապատում չի կարող բյուրոկրատ լինել:
Կաղամբը

Մեծի նրա չափանիշը ծավալն է, արտաքին չափսերն ու կշիռը: Մեծ ու ծանրակշիռ գրողը նրա կարծիքով նա է, ով առնվազն 120 կգ քաշ ունի եւ կարողանում է հաստափոր գրքեր տպագրել (200 էջանոց գրքերին նա «բրոշյուր» է անվանում), մեծ պաշտոնյան՝ ով մեծ ու բարձր աթոռի վրա է նստում եւ այլն:
Դեռ մանկությունից երազում էր «մեծ մարդ» դառնալ եւ հիմնովին նետվեց այդ գաղափարի մեջ: Ինչպես մեծն Օտյանը կասեր՝ ոչ թե գաղափարը մտավ նրա գլուխը, այլ նա ինքը մտավ գաղափարի մեջ։ Եվ գոմաղբի մեջ ընկած կարտոֆիլի պես սկսեց «աճել»: Արդեն 6-րդ դասարանում այդ ասպարեզում հասել էր զգալի նվաճումների. գլխի չափերով առաջին տեղն էր գրավում ոչ միայն համադասարանցիների մեջ, այլեւ ողջ դպրոցում, իսկ մի քանի տարի հետո՝ նաեւ քաղաքում:
Տարիներ անցան: Մեծացավ այն քաղաքը, որտեղ նա էր ապրում: Մեծացավ ու պարարտացավ նաեւ նրա գլուխը: Այլեւս հնարավոր չէր տարբերել՝ որն է գլուխը, որը՝ նստուկը: Ինքն էլ էր հաճախ շփոթում, երբեմն գլխիվայր նստում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց: Իսկ երջանիկ մի օր էլ հանկարծ պարզեց, որ ինքը եւս կարող է ծանրա-կշիռ գրքեր տպագրել: Ամեն տարի առնվազն 15-20 կիլոգրամ գիրք էր տպագրում: Տանն այլեւս ազատ տեղ չէր մնացել:
– Այս տարի 24 կիլոգրամ գիրք եմ տպագրել,- մի անգամ հպարտությամբ հայտնեց ծանոթ-բարեկամներին,- դա 4 կիլոգրամով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդս: Եթե այսպես շարունակեմ, մի քանի տարի հետո ավելի մեծ եմ լինելու, քան Լերմոնտովն ու Մայակովսկին, Թումանյանն ու Տերյանը…
– Դու արդեն մեծ ես Բայրոնից, Պուշկինից, Իսահակյանից ու Չարենցից, դու հանճար ես,- սկսեցին ոգեւորել նրա ճոխ սեղանի փշրանքներով գոյություն քարշ տվող մանկլավիկները:
– Գիտեմ,- համեստորեն խոստովանեց նա,- բայց այդ «հանճարն» արդեն ինձ վրա նեղ է գալիս։ Չեմ հասկանում, ինչո՞ւ մարդիկ մի ավելի մեծ կոչում չեն ստեղծում, ասենք՝ գերհանճար, ամենահանճար…
Իր նազիր-վեզիրներին հանձնարարեց, որ դպրոցներին հրահանգ ուղարկեն՝ գրական միջոցառումներում արտասանել միայն իր բանաստեղծությունները։ Հեռավոր մի գյուղի խարխուլ պահեստից կարտոֆիլ կշռելու հսկա մի կշեռք բերեց տուն, որով մեկ առ մեկ կշռում էր իր գրքերն ու ոգեւորված ծափ զարկում. «Վերջին տասը տարում տպագրած իմ բոլոր գրքերը կշռել եմ: Ինձ հետ միասին 257 կիլո է: Ես արդեն անցել եմ հայրենի ու համաշխարհային շատ ու շատ մեծերից»…
Ամեն տարի խոշոր պլանով լուսանկարում էր խաշ գցելու ծավալներ ընդունած մեծ գլուխն ու հպարտությամբ զետեղում իր գրքերի վրա կամ, թանկագին մասունքների պես, իր մակագրությամբ, նվիրում ծանոթ-բարեկամներին:
Եվ մի օր մարդիկ նկատեցին, որ նրա գլխի տարբեր մասերից սկսել են ինչ-որ բաներ դուրս գալ: Սկզբում ոչինչ չէին հասկանում, իսկ ոմանք մինչեւ անգամ սկսեցին կատակներ անել՝ «Դդումի վրա պոզեր են բուսնում… Մեծ գլուխը երկունքի մեջ է…»։ Բայց կես տարի հետո նրանք զարմանքով նկատեցին, որ «մեծ մարդու» գլխի տեղը հսկա մի կաղամբ է աճել:
Զարմանահրաշ լուրը կայծակի արագությամբ սուրաց երկրով մեկ եւ տարածվեց ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր ծեգերից խոշոր գիտնականներ, հանրահայտ գյուղատնտեսներ եկան՝ իրենց աչքերով տեսնելու եւ պարզելու այդ հրաշքը: Բոլորը միաձայն խոստովանեցին, որ իրենց ողջ կյանքում այդպիսի խոշոր կաղամբ չեն տեսել: Նրանցից ոմանք այդ գլուխ-կաղամբից փոքրիկ թեւիկներ կտրեցին եւ ուղարկեցին իրենց երկրների գիտահետազոտական ինստիտուտներին՝ լաբորատոր ստուգումների համար: Եվ երբ մի ծեր գյուղատնտես փորձում էր փոքրիկ կաղամբաթեւ կտրել իր երկրի համար, չգիտես որտեղից մի աղջնակ հայտնվեց ու թախանձագին ասաց.
– Քեռի Կաղամբ, մայրիկս խնդրել է, որ մի թեւ էլ մեզ տաս՝ տոլմա փաթաթելու համար…
Ծեր գյուղատնտեսն իր ձեռքի կաղամբաթեւից մի փոքր կծեց՝ համը ստուգելու համար, բայց հանկարծ զզվանքով դեմքը ծամածռեց.
– Թո°ւհ, ինչ զզվելի համ ունի։ Այս ճիվաղի մեջ որքան չարություն, մաղձ ու թույն կա՝ տվել է զազրելի գլխին եւ կաղամբ դարձրել…
Ու բոլոր հայտնի գիտնականները հիասթափված շուռ տվեցին գլուխներն ու հաջորդ օրը մեկնեցին իրենց երկրները: Սակայն այդ ամենը մարդ-կաղամբին ամենեւին չանհանգստացրեց: Կարեւորն ու տեսանելին ոչ թե բովանդակությունն է, այլ ձեւը, արտաքինը: Թող որ անհամ ու գարշելի է, բայց իր կաղամբն ամենամեծն է աշխարհում:
Նա հասել էր իր նպատակին: Նա արդեն «մեծ» էր:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>