«

»

Փետ 15 2010

Տպել Գրառում

Նաիրա Համբարձումյան | ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ

Ծնվեցինք,
Նույն անունով կնքեցին մեզ
Աշխա՛րհ,
Մենք երկուսով
Ամռան երկվորյակները դարձանք:
Քանզի երկուսս էլ
Խորշում ենք ժամանակի
Թրատող մելանե ցրտից:

***

Շոգեկառք-ժամանակը ճեղքում է
Ժամանակը`անհունով լեցուն:
Եվ անհետանում ժամանակի մեջ`
Ժամանակով` բեռնավոր:

***

Երբ աշխարհի հետ իմ մահից խոսեցի,
Ձայնս հասավ չարձագանքող պատին:
Լռության ձկներն ինձ հուշեցին` մահն իմ
Պետք է թաքցնեմ նույնիսկ ինձից:

***

Գետը`
Ուշացած մարգագետին:
Երկինքը`
Խարույկ աստղերի:
Մահը`
Հաղթված ինձանից:

***

Հողն այլ բան չէ, քան անհայտությունը,
Ուստի ծնվելիս
Գալիս ենք անհայտից,
Եվ հեռանալիս
Գնում ենք անհայտը:
Բացվի՛ր,
Քանզի չեմ կարող
Բազում մեռածների միջով
Տանել ինձ:

***

Մոխրոտների հեքիաթներն այլևս ցնորք են`
Տեղակայված քաղաքիս
Արվարձանների և
Կենտրոնի մերկ
Գարշապարի տակ,
Որի խոցելիության չափը,
Հայտնի էր դեռևս
Աքիլլեսի ծննդից առաջ:

***

Պայծառացումը մտքի`
Մի պահ
Խելագարին
Ներկայի հետ է կապում:
Պարզվում է, սակայն,
Որ այն
Ոչ ազնվացեղ խառնուրդ է
Ներքին և արտաքին տեսիլների
Թափանցիկ խառնաշփոթում:

***

Լռել է աշխարհը
Եռացող ասֆալտի տակ:
Եռացող ասֆալտին`
Վազում է բոկոտն կյանքը
Եվ այրում
Հարթաթաթությունը ոտքերի:

***

Կիսալուսնի խորքում
Զարմանքից քարացած
Օրվա հայացքը
Մի պահ վերացավ
Եվ սկսեց սահել
Հողի կարծր ստինքների
Կաթնահոտ օրհնությանն ընդառաջ:

***

Ապրելու հպարտությունը,
Երբեմն շփոթում ենք
Սովորական,
Շարքային ստվերների
Խոնարհումի հետ:

***

Իմ մարմինը լցվում է
Լռությամբ
Հեռացող քո ոտնաձայների,
Եվ հեռվում
Հորիզոնը
Դադարում է նմանվել քեզ…

***

Այժմ ինձ ես նայում
Նույն հայացքով,
Ինչպես այն գիշեր,
Երբ ավարտվել էին բառերը,
Եվ թափանցիկ, կուսական քողը մութի
Իր տեղը զիջում էր առավոտին:

***

Ոչ մի կրակ չծնվեց
Առավոտյան արևի շողերից,
Երբ փորձեցի
Հայելու դատարկության մեջ
Տեսնել
Տեսիլքը քո սիրո:

***

Ես գիտեմ.
Ես նորից կլսեմ արձագանքները
Հավերժական բախումների:
Եվ նույնիսկ
Մահից հետո
Չի դադարի հանդիպումը
Ռեալիզմի հետ:
Ես գիտեմ
Ես մշտապես
Առավել հասուն կլինեմ,
Քան մահը իմ:

***

Այստեղ,
Ուր նույնանում են արևն ու հողը,
Սաղմնավորվում են
Առասպելները բոլոր,
Եվ հիշատակները,
Օրերի անդարձ մայրամուտներից`
Դեպի մեզ են գալիս
Իմացության սերմերի միջոցով:

***
Երբ քամին կորավ երկնի թավուտում,
Ծնվեց անձրևը
Եվ մերկացող ճյուղերին
Հիշեցրեց
Իրենց տարիքը:

***

Աշխարհը` լի լուրերի առատությամբ,
Աշխարհը` քար ու հողի բեռից կքած`
Փոքրիկ գերեզմանների ճիչ է դարձել,
Դարձել է արնաշաղախ տիկնիկների բողոք:

***

Իմ հոգու մեջ հազար երազ,
Ու ես` վերցրած հազար երազ,
Անցնում էի ճանապարհս,
Օրը հատնում էր,
Ու ճանապարհը չէր վերջանում:

***

Միակ ճշմարիտ երգն է սա.
Որ գրվելու է
Մատյանում տիեզերքի,
Մատյանում կյանքի,
Մատյանում դրախտի,
Եվ Նույնիսկ` դժոխքի,
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում:

***
Թե մահվան մասին չիմանար աշխարհը,
Գուցե հավերժ ապրե՞ր,
Գարուն-պատրանքը կդառնար մի դար,
Եվ ձկնորսները կձգեին առագաստները
Հեռավոր նավակների:

***

Մենք երդվեցինք աստվածներին,
Կյանքո՛վ երդվեցինք`
Հավերժ ապրել.
Օ՜, եթե հավերժ ապրեի՜նք…

***

Ամիսը մայրանում է,
Եվ ծերատված լուսինը
Լցվում է նորից:
Ամի՛սը գուցե ասի`
Կդառնա՞ նորից գարունը:

***

Եվ նրա համար,
Որ կյանքը փրփուր է,
Եվ նրա համար,
Որ հեշտ չէ ոչինչ,
Եվ նրա համար,
Որ շարունակում եմ ապրել,
Նորից ու նորից լցվում եմ լույսով:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>