Աշոտ Ալեքսանյան | ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԳՐԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Ի խույզ նորագույն գեղագիտության

Մենագրություն
Երևան, «Վան Արյան» հրատ., 2009, 400 էջ:

Ռոբերտ Մուզիլի գրականությունը

Ամեն անգամ անդրադառնալով որևէ գրական երևույթի և այն արարող մարդ-էակի ստեղծագործությանը, բնական հարց է ծագում. ինչու՞ և ինչպե՞ս է հնարավոր ուսումնասիրել որևիցե կոնկրետ մարդու, գրողի կամ արվեստագետի կյանքը, նրա թողած գրական ժառանգությունը:
Որքանո՞վ է այն միտված համամարդկային գոյության, տիեզերական նախազարկի առեղծվածի պարզաբանմանը, ժողովուրդների ու քաղաքակրթությունների պատմության խորքերը թափանցելուն, կեցության ու գոյության իմաստի վերհանմանը:
Չէ՞ որ ամեն կոնկրետ մարդու կյանքը, թող որ նաև՝ գրողի, անկրկնելի է և այդու՝ նվազ ընդհանրական: Բայց նաև յուրաքանչյուրի կյանքն ու գործը, մանավանդ մեծ գրողի ու մտածողի, իր եզակի-մասնավորության մեջ անհրաժեշտաբար բաղհյուսված է տիեզերական համանվագի առհավական ամբողջին, որն ուսումնասիրելով՝ մտահասու ես լինում Կենաց Տվիչի վեցնօրյա արարչության խորհրդին, մարդ-արարածի նվիրական ձգտումներին ու տքնանքին, նրա ուժին ու մեծազորությանը, բայց նաև` չնչնատեսլությանը, մեծ Անհայտի առջև նրա խարխափումներին ու ընկրկմանը, փոթորկահույզ ոգորումներին ու ինքնահաստատման ջղաձիգ որոնումներին… մասնակիցը դառնում բնության ու նրա ինքնադրսևորման առանձնաշնորհյալ կերպերից մեկի` մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտին:
Մտածող, ստեղծագործող էակը նորովի ու յուրովսանն բացահայտում է աշխարհը, իրեն շնորհված հորինաստեղծ կամքով այն ենթարկեցնում սեփական տիեզերակարգի պատկերացումներին, առաջարկում իր ախտորոշիչներն ու դեղատոմսային մոտեցումները, հավակնոտության պոռթկման պահին` երբեմն նույնիսկ վերջնալուծումները, որոնք, անընդունելի լինելու դեպքում անգամ, միևնույն է, մարդուս մեջ արթնացնում են սեփական փորձով ու սեփական պատկերացումների ներածի չափով աշխարհն ու կյանքը ճանաչելու բնազդային, ինքնակա ձգտումը:
Այսպես է և Ռոբերտ Մուզիլի` մարդկային ոգու այդ անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող, պեղող, քննախույզ-գիտնականի պարագայում, ստեղծագործող մի էակ, որն իր մտքի ու ոգու հանապազ ուժն ու կորովը նվիրաբերեց աշխարհներից լավագույնի, իմա՝ չիրականացած հնարավորի որոնումներին, ընդհուպ մոտեցավ կեցության խորհրդի ճանաչողությանը և ընկրկեց նրա վերջնական բանաձևման անկարելիության, որ է՝ անթուլատրելիության սարսափահարույց արգելապատնեշի առջև:
Մուզիլի ստեղծագործությունը տակավին քիչ է ծանոթ հայ ընթերցողական, գրական-հասարակագիտական շրջանակներին, ուստի մեր խնդիրն է` սույն ներածականի սահմաններում նախնական ներկայացմամբ ի ցույց դնել գրողի գեղագիտության առանցքը կազմող հիմնարար հասկացությունները, ընդհանուր փիլիսոփայական խնդրադրությունը, դավանած գեղագիտական-բարոյագիտական հայացքները, ապա և` համառոտակի ուրվագծել մենագրության մեջ ընդգրկված ստեղծագործությունների գրության հանգամանքներն ու դրանց առնչությամբ շրջանառության մեջ դրված գաղափարական մոտեցումներն ու ներկայումս այս խնդիրների վերաբերյալ տիրապետող մեկնաբանական փորձերը:
Ավստրիացի մեծանուն գրող Ռոբերտ Մուզիլի ստեղծագործությունը բացառիկ տեղ է գրավում 20-րդ դարի գեղարվեստական մտքի և ընդհանրապես մտքի պատմության մեջ:
Մուզիլի գրական վաստակի նկատմամբ ողջ աշխարհում հարաճուն հետաքրքրությունը պայմանավորված է ո’չ միայն և ո’չ այնքան նրա ստեղծագործական անկրկնելիության երևույթով, այլև` որ գրողի արծարծած համամարդկային հնչեղություն ունեցող, հավերժության ծիրին բաղհյուսված գաղափարներն ու մտահոգությունները առավելագույնս նպատակաուղղված են վերլուծելու, ի ցույց դնելու ժամանակակից մարդու «գիտակցության աշխարհը»: Սա՛ է, որ մշտատև թարմություն է հաղորդում մուզիլյան արձակին ու հետաքրքրական դարձնում պատումի ամենադժվարամարս տեղիներն ու բազմաբարդ ծալքերն անգամ:
Մուզիլի երկերը դժվար են ընթերցվում, և, ընդհանրապես, ինչ նյութի որ նա դիպչում է՝ այն դառնում է բարդ, նույնիսկ՝ բազմաբարդ, բայց ո’չ երբեք խրթին: Սակայն այդ բարդություն կոչվածը ինքնանպատակ չէ, սա այն բարդությունն է, որ ասելիքի խորությունից է ծնվում:
Եվ ընդհանրապես՝ ամեն ինչի մասին չէ, որ կարելի է պարզ արտահայտվել, ինչպես որ մեր օրերում հասարակական կառավարումն են իրականացնում այն աստիճան պարզունակ միջոցներով, որ վերջինս վերածվել է իր իսկ հակադրությանը՝ անհեթեթության, երկրներ ու ժողովուրդներ ղեկավարելու ծաղրի: Մուզիլի ստեղծագործությունն աչքի չի ընկնում դեպքերի զարգացման հետևողական հոգեբանական պատճառաբանվածությամբ, դեղատոմսային վերջնալուծումներով, սուր ու գրավիչ սյուժեներով, որովհետև այստեղ ողջ գործողություն կոչվածը տեղի է ունենում բուն իսկ գիտակցության ոլորտներում, ուր և արտացոլվում ու իրենց գեղարվեստական մեկնաբանությունն են գտնում կյանքը խորհրդանշող բազմազան առեղծվածային իրողությունները:
«Ներքին հայացքի» մուզիլյան այս աշխարհատեսության կերպը պայմանավորել է նրա ստեղծագործությանը բնորոշ մենախոսական բնույթը:
Գրողի ստեղծագործություններում կենսական փաստի մատուցման երկու կարևորագույն սկզբունքային միավորներ գոյություն ունեն՝ իրականություն և հնարավորություն: Գրողի գլխավոր ձգտումը իրականության կարգը հնարավորության կարգով փոխարինելն է, ընդ որում՝ առաջինը երկրորդի աղճատված արտապատկերումն է, ուստի իր տեղը պետք է զիջի ցանկալի ակնկալիքին, աշխարհիս երեսին պիտի վերահաստատվի իրականացված հնարավորության (կամ՝ Արիստոտելի բնորոշմամբ ասած՝ «էնտելեխիալ պոտենցիայի») տեսլականը: Այս առումով գրողի մոտ կարևորվում է «փոփոխություն» հասկացությունը. ձգտելով փոխել մարդուն՝ դրանով իսկ նա ցանկանում է վերափոխել աշխարհը:
Այս իմաստով՝ մուզիլյան աշխարհայեցողական համակարգում կենտրոնական հասկացությունը ուտոպիան է, իր իսկ բառերով ասած՝ «այլ կացությունը» կամ «այլակեցությունը», կարճ` «այլությունը», որ դառնում է նրա կյանքի գլխավոր ստեղծագործության՝ «Մարդն առանց հատկությունների» վեպի փիլիսոփայական գերխնդիրը:
Ուսումնասիրողները միաբերան պնդում են, որ 20-րդ հարյուրամյակի դարակազմիկ վեպն այլևս ո՛չ Թոմաս Մաննի «Կախարդական լեռն» է, ո՛չ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», ո՛չ Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», ո՛չ էլ Մարսել Պրուստի «Որոնումները», այլ այն մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, որ հղացվել է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքականության ու խորհրդապաշտության շաղախից. «Մարդն առանց հատկությունների»՝ փառահեղ, ինչպես հյուսիսային արևը և զգլխիչ, ինչպես հրավառությունը:
Մուզիլի ստեղծագործություններում իրականության մատուցման տեսականացված մտակառույցները հաճախ ցրում են նրա երկերը որպես զուտ գեղարվեստական գրականություն դիտարկելու ընթերցողական նախատրամադրվածությունը, դժվարացնում նրանց ընկալումը որպես այդպիսին:
Ամփոփիչ բանաձևումների, տպավորիչ «մեծավերջ» լուծումների արվեստագետ չէ Մուզիլը, նրա գրողական գլխավորագույն հատկանիշը անընդհատ ու գերլարված որոնումն է, նրա տարերքը ոչ թե հակադրությունների արհեստական հաշտեցումն ու ներդաշնակեցումն է, այլ հակասական ու իրարամերժ հնարավորությունների վերաիմաստավորումն ու դատողական ընդունակությունների բազմահանգույց կծիկը ընդհուպ մին-չև իմացականության դաշտի անթուլատրելի, վտանգաշատ սահմանները բացելու ու բացահայտելու անհավակնոտ հավակնությունը: Նման հակադրություններով գործառելու հետևանքը հաճախ լինում է այն, որ վերջիններս կրկնակի, բազմակի անգամներ ավելի անհաշտ ու անհանդուրժող են դառնում. թո’ղ որ այդպես, միայն թե չկորսվի իրերի էությանը մերձենալու մարդուս դատողական ու զգայական պահանջմունքների մշտահմա թելը:
Այսպիսով, Մուզիլի գեղարվեստական ու փիլիսոփայական համակարգում երևույթների գնահատման և չափման միավորը ժամանակակից մարդու գիտակցությունն է, ընդ որում՝ այդ գիտակցություն կոչվածը փորձության է ենթարկվում ներքին պառակտվածության ու ինքն իր հետ անհաշտմտերմության գահավեժ կտրվածքով:
Գրողին հետաքրքրող մարդկային տիպն առաջին հերթին «հոգիներն անդամահատող», «ուղեղի ապագա մարդն է», «սեփական օրգանիզմը մանրադիտակի տակ զննող բնախույզ գիտնականը»:
Նա քննում է մարդու ու մարդկայինի ա’յն կիզակետը, ուր իրար են հանդիպադրվում բանականությունն ու բնազդը՝ միտքն ու հոգին պեղող, ճանաչողության դաշտում երկհեծան իշխող դատողական ու զգացական զուգադիր սկիզբները: Լինելով մաթեմատիկոս և ինժեներ՝ Մուզիլը նպատակ էր դրել «մաթեմատիկան» միահյուսել «պոեզիայի» հետ, բանականությունը՝ բնազդի:
Բայց մի բան է՝ ինչպե’ս պատմել ժամանակակից մարդու հոգսերի ու ապրումների մասին, բոլորովին մեկ այլ բան՝ դրանց լուծման եղանակները քննելը: Այս իմաստով՝ Մուզիլի մեծագույն արժանիքը թերևս այն է, որ նա չի խաբվում գեղագիտականի ու բարոյականության սահմանների խնդրում, որոնք միասնական են հանդես գալիս նրա ստեղծագործություններում:
Նա քննում է գոյաբանական և իմացաբանական խնդիրների ամբողջությունը՝ գեղագիտականի ու բարոյականության փոխսերտաճած, անքակտելի շաղախի դիտակետից:
Գրողին անհանգստացնում է ո՛չ միայն և ո՛չ այնքան ոճական, որքան՝ էկզիստենցիալ խնդիրը: Սակայն «հոգու սահմանային վիճակների» պատկերման սկզբունքը ևս լիակատար կերպով չէր բավարարում նրան, ավելի շուտ՝ այն նրա կողմից որպես վտանգավոր ու ճակատագրական արկածախնդրություն էր գիտակցվում, որն, ի վերջո, հանգեցնում է «դատապարտվածության ու անելանելիության անսահման զգացումի» գաղափարին, որն էլ համակում է բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվում են «սահմանային գոտուց» ներս թափանցել:
Նույն չափանիշներն են ընկած մարդկային փոխհարաբերությունների, սիրո, գեղարվեստի, բնական ու հասարակական երևույթների, նաև բնագիտության ու քաղաքականության նկատմամբ գրողի ճանաչողական մտասևեռումի հիմքում:
Մուզիլը մշտապես գործառում է իրականության և հնարավորության խիստ վտանգավոր սահմանաբաժանին՝ ընթանալով ասես վիհի եզրին, ամեն վայրկյան ցած տապալվելու սպառնալիքին ակնդետ: «Ամառային շոգ կեսօրին երկնքից ցած ընկած ձյան փաթիլ» , «Տոնկա» նորավեպում այսպես է Մուզիլը բանաձևում անարատ հղիություն առեղծվածը, ասել է թե՝ ակնհայտ անհնարինությունը։
Անբացատրելին մեկնելու տենդագին որոնման ճանապարհին մուզիլ-յան աշխարհայացք է ներխուժում արտասովորի կարգը՝ որպես տրված իրականության մեջ հնարավորի կամ զուգահեռաբար խաղարկվող «թեական իրականության» ներկայություն, որը, չնայած իր պատրանքայնությանը, խարխլում է իրականություն կոչվածի բացարձակ եզակիության ձգտման հավակնությունը, վերջինս հավասարեցնելով պատահականորեն կյանքի կոչված ընդհատական իրավիճակների դիպվածաշարային պար-զագույն գումարի:
Այստեղ է, որ Մուզիլի գլխավոր ստեղծագործության` «Մարդն առանց հատկությունների» վեպի առանցքային հերոսը հռետորա-կան հարց է տալիս՝ «Որքանո՞վ է իրական իրականությունը», որին ի պա-տասխան վեպի առաջին իսկ գլխի շարադրանքից կարելի է եզրահանգել՝ «իրականություն գոյություն չունի», քանի որ, ի վերջո, «ամեն ինչ կարող էր նաև այլ կերպ ընթանալ»:
«Այլ կացություն կամ այլակեցություն», կարճ ասած` «այլություն»: Ընդսմին՝ այստեղ որոշիչ է դառնում մտածողության ընթացակարգի հատածականությունը, նրա տարածաժամանակային ուղղվածության բուն իսկ վեկտորայնությունը.
«Համաձայնվի՛ր, որ մարդկային ազատությունը գլխավորապես այնտեղ է, ուր դու բոլորից տարբեր ինչ-որ գործ ես կատարում, մինչդեռ մարդկանց մեծամասնությունը միշտ նույն բանն է անում. դրանում մի ինչ-որ անիծված, դժոխային իմաստ է թաքնված, երբ մարդ նույնիսկ տների հատակագծերն էլ միանման է հղանում:
Մի անգամ ես մագլցեցի զգեստապահարանի վրա միմիայն այն նպատակով, որ մեկ անգամ էլ գոնե ուղղահայաց շարժում կատարեմ, և պետք է խոստովանեմ, որ այն տհաճ խոսակցությունը, որին մասնակցում էի այդ ժամանակ, այնտեղից ինձ բոլորովին մեկ այլ կերպարանքով ներկայացավ»:

1 Ռ. Մուզիլ, երկերի ժողովածու, «Տոնկա», Երևան, 2005 թ., էջ 294

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի