«

»

Մայ 02 2010

Տպել Գրառում

Ջուլիետա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խենթորեն սիրել

Որպեսզի տիեզերքը
դուրս չգա
հավասարակշռությունից,
և գետակի
հորդաբուխ ողջույնները
նրան ընկալվեն`
սիրո արտահայտություն,
որպեսզի խավարումից
կուրացած աստղերը
կրկին առկայծեն
ճակատագիրն իմ
և շուրջս խմբված
արհեստական դեմքերը
կորչեն խավարի մեջ:
Որպեսզի
երեկին հաջորդած այսօրը
մոռանա
կոնյակի բույրից հագեցած,
բայց սիրո կարոտից
չհագեցած պահը,
և սերը չդառնա
զուտ մերկ մարմինների հպանք.
պետք է խենթորե՜ն սիրել,
խենթորե՜ն սիրել:

՞՞՞՞

Դեռ թարմ է
հիշողությունը շապիկի.
զգույշ սահեցրու ձեռքդ`
չփշրվեն անուրջները
իմ մորմոքի հետ ապրող:
Այս մղձավանջը`
մեզ կապող,
որ տոչորում է մարմինս
արևահարված ծարավի պես`
ճերմակ դրոշ է
արհամարհված ճակատագրին:
Ով գնաց` նա էր սերս,
Նա չի, ով հիմա կա:
Պարտություն կրած բառերը
թաղվել են շերտերում նսեմացման
և չհպատակվող մտքերս
վանում են սառնությունը
չբեղմնավորված խոսքի:
Ե՛ս հորինեցի կերպարը,
որ դարձավ մարմին,
ե’ս տվեցի նրան
հոգի ու կյանք,
բայց ավաղ,
Նա էր սերս,
Նա չի,
ով հիմա կա:

՞՞՞՞

Խոսի’ր,
ասա ինձ բառերն այն,
որ ալեկոծումներիդ պահին
հուշում է միտքդ,
տուր իմ արյանը
մեղմությունը խոսքի,
Գտիր սրտիս թաքստոցը բոսոր
ինձ հանդարտեցրու,
ինձ խաղաղեցրու փոթորկումներից,
ինձ փախցրու
ստվերից պարկեշտության
և խնդրիր իմ ձեռքը
այս բարեհաճ գիշերից:
Խոսի’ր,
Խոսի’ր քամու լեզվով,
զեփյուռների շշունջների պես,
ծառերի ըմբոստ համբերությամբ
ձգտիր գագաթը իմ երկինքների:
Ինձ հպվիր
անապատի ջերմությամբ
տաք ավազների,
ծովի փրփուրը կերած`
աղի ավազների ծարավի պես,
ինձ հպվիր երազի պես
երբևէ չմեկնաբանված,
Խոսիր բարության լեզվով…

Մենության գիշերներում
Մենության գիշերներում
Հիշողությունը որսում է
քո մատների բռնկումը
իմ մարմնի կրակից:
Տագնապը,
որ հալվեց քեզ հպվելիս
և օրվա համարձակությունը
դարձավ նախասկիզբը մեր սիրո:
Մենության գիշերներում
Լուսնի կանթեղը
պաշտպանն է իմ ճանապարհի,
իմ անկատար երազանքի նվիրատուն
և մի աստղաչափ
վախի ազատագրում
գիշերներում մենության,
մի աստղաչափ կարոտի բողբոջ
և երազների սիրո ողկույզներ
մենության գիշերներում:
Բերկրանքի ջրերը,
որ գետի պես հոսում են
իմ աչքերից
և տրոփյունը հավերժի
քո կանչի ուղերձն է
լռության երգի մեջ,
Սակայն վշտահար է
Լուսնի կանթեղը
ուռենու պես.
ես ուրիշինն եմ,
դու ուրիշինն ես
մենության գիշերներում:

՞՞՞՞
Դու նա չես,
Ով ինձ կտաներ
չքայլող ժամանակի միջով,
ով ինձ թռչունի թևեր կտար
փախչելու պարսատիկավոր լեզուներից,
ով իմ հոգու ստեղնաշարին հպվելով
ջութակի հնչյուններ կարձակեր,
Օհ, դու նա չես ավաղ,
ով խավարում կգտներ ոտնատեղերն իմ:
Ես եղա ընդվզում,
և մենության տաղտուկը
տվեցի հողմապտույտի փոշուն,
ես եղա ողկույզ քո շուրթերին,
եղա բոց քո մարմնին,
սակայն, ավաղ, այն չեղար,
ով ինձ կտաներ արևի ճանապարհով,
բայց չէր այրի թևերս:
Քեզ հետ բարձրացած վերելքը
գլխապտույտ էր,
արբեցում մոլորյալի,
աղոթք էր մեղսագործի,
ցնորք էր երբևէ չերազած,
բայց ավաղ,
դու մնացիր
երազանք,
կարոտ,
թախիծ,
սեր աննվաճ
ու անվերջ
սպասում:

Ներիր ինձ
Ներիր ինձ,
Ներիր,
Այն հայացքիս համար,
Որ չանդրադարձավ քեզ,
Այն բառերիս
Որոնք խլեցին աչքերիդ ժպիտը,
Ներիր ինձ
Ու արի,
Հպվիր իմ ողերի ստեղնաշարին,
Նվագիր մեղեդին
Իմ հիացքի,
Ես հալվել եմ ուզում
Քո ափերի մեջ,
Այլևս անկարող եմ կրել
Սպասման սառը տագնապները,
Ես անկարող եմ ապրել
Առանց քեզ,
Ներիր ինձ…
Ներիր …

՞՞՞՞
Լուսաբացի աղոթքով տարված կանաչները
կլլում են լույսի հեղեղն իբրև
ինքնաբավարարում:
Իմ ներսում աճող սերմերը
բազմանալու կարոտն ունեն,
ինձ կանչիր գիշերվա մեջ կապույտ,
Ես կգամ
իբրև աստղերի գայթակղությունն առած
միայնակ լուսին,
Որ քեզ ասեմ `
«Ինչ է Սերը»:
Ինչպես հեռացա իմ խաղաղ ծավալից
ու խամաճիկը դարձա
սիրո կախարդանքի,
մարեցին հավատիս մոմերը,
վառվեցին իմ սիրո ճրագները,
ինձ կանչիր գիշերվա մեջ կապույտ
իմ վարսերի թաքստոցին ապավինելով`
ես կփախչեմ
ամոթխած ծառերի ստվերից
ես կգամ դեպի սահմանը անսահմանության:
ես կտրվեմ քեզ:


՞՞՞՞՞

Ավա՜ղ…
Անիմաստ ու կրկնօրինակ օրերի մեջ
Անզարդարուն ապրել,
Լռել ու լուռ հանդիմանել
Այն հանդիպումները պատահական,
Որոնք ճակատագրեցին մեզ:
Տիրոջ ապտակն է
Այրվում այտերիս:
Ավա՜ղ…
Իմ ավերված մարմնահողմից
Կուրացան այն սիրող աչքերը,
Որոնք հեռուներից
Քո անկանչ սպասումներին հավատարիմ`
Թախծում էին լիալուսնի գիշերներում:
Անհասցե նամակների պես շպրտված
Բառերը դեկորատիվ,
Դեկորատիվ հայացքները
Չորացան ցրտաշունչ ձմեռից:
Ավա՜ղ…
Վարանոտ ու անհամարձակ
Թրթիռը զգացումների
Մաշված սպիտակեղենի նման
Պատռել են իրենց դիմակները,
Դիմակները իրական կեցվածքների,
Ու կրկին այրվում է դեմքիս
Ապտակը Տիրոջ ձեռքի,
Տիրոջ ձեռքի:
Ավա՜ղ…
Իմաստությունը իմացության մեջ չէ,
Ոչ էլ խոնարհությունը` բնավորության,
Ոչ էլ հանգստությունը` խաղաղության,
Ամեն ինչ նախանշում է ճանապարհը,
Ճանապարհի հայելին,
Ճանապարհի ջրի հայելին,
Հայելին ջրի:

՞՞՞՞՞
Շիշը բաց է` դու չկաս, չհայտնվեցիր,
Հնարամիտ ջինի պես դու ինձ խաբեցիր,
Երազեցի ես թաքուն միաձուլվել քեզ,
Կակաչների կարմիր դաշտը դու չտարար ինձ:
Շիշը փակեմ` պահպանեմ հուշը խաբկանքի,
Խելոք իմ տունը գնամ, դասն առնեմ կյանքի,
Դու չես դառնա այն ջինը` ում երազեցի,
Տունը իմ հին, տաք բույնն է, գնամ` չսառչի:

՞՞՞՞՞
Այնտեղ,
Վերևում
Հեծկլտացող ամպերի
Բողոքի մեջ է թաքնված
Իմ տրամադրությունը,
Կարկուտից քարկոծվող
Մարգագետնի
Սրտի մեջ է թաքնված
Իմ տրտմությունը
Եվ նրա հպումը
Իմ թաց ու ցեխոտ ոտքերին
Ամենաճիշտ սերն է,
Ամենախենթացնող գրգիռը,
Ամենաանընդունելի և
Ամենահակահիգենիկ տարփանքը
Ինքնաբավարարումի:
Իմ անքուն գիշերների
Եվ անգիշեր լուսաբացների
Մեջ է թաքնված
Իմ գաղտնի
Ու ամենաճիշտ սերը
Ամենախենթացնող ու
Ամենաանընդունելի Սերը:
Ինձ ինքնասպանության տանող
Տեսիլքները,
Այն եթերային, հեշտասահ
Սայթաքումները
Ամենաբարձր գագաթից,
Այն ջրահեղձ սուզումները
Անջուր ծովերի մեջ,
Իմ մտորումների մեջ
Թաքնված հուզումներն են,
Իմ դատարկ ափերի մեջ
Բույն դրած հավատարմությունն է,
Որ ուզում է ճչալ,
Բարձրաձայն ճչալ.
«Ես սիրում եմ
Իմ մարգագետինը,
Իմ վարդաբույր մարգագետինը»:

՞՞՞՞՞
Ես գարուն եմ, դու` հող,
Ես հող եմ, դու` ծառ…
Շամլու

Ես կրակ եմ,
Դու` հող,
Դու հող ես,
Ես` կրակ,
Եվ ընթացքն էր Տերը
Իմ ճակատագրի
Այրումը հողի
Ու կրակի մարումը:
Ու ես գնացի
Ընթացքին մերձ,
Փակեցի աչքերս
Հայացքների պրպտումից
Ու այրեցի այն բառերը,
Որ մարում էր կրակս`
Քո հողին,
Ես կրակ եմ,
Դու` հող,
Դու հող ես,
Ես` կրակ,
Դու հզոր ես,
Ինչպես լույսը արևի,
Դու մոլորեցնող ես,
ինչպես մութը գիշերվա,
Դու հենարանն ես իմ ընդվզումի,
Թող ոչ ոք չիմանա
Այն բառերը,
Որ իմ կրակն է երգում:
Դու վարագույրն ես
Իմ ամոթխածության,
Դու հանգն ես
Իմ կրակե պարի,
Դու հողն ես
Իմ խելագար ցանկության:
Դու հող ես,
Ես` կրակ,
Ես կրակ եմ,
Դու` հող,
Ու քո հողե մարմնից
Ծլարձակում է իմ կարմիր կրակը,
Ու քո հողե բերկրանքից
Բուրում է իմ վարդը կարմիր,
Իմ կարմիր վարդը`
Քո հողից ծնված,
Քեզանից սկիզբ առած,
Քո համար տենդահար,
Քո համար լուսնահար,
Քո համար…
Ես կրակ եմ,
Դու` հող,
Դու հող ես,
Ես` կրակ:

՞՞՞՞՞
Դու ինձ մոռանալ չես կարող,
Չես կարող ինձ մոռանալ,
Գիշերային անուրջներում,
Մթնշաղի թավ կտավին
Ալեկոծումներն իմ
Մոռանալ չես կարող,
Չես կարող ինձ մոռանալ,
Շշունջներն անուշ,
Տաք շշունջները,
Մեզ անէացնող,
Մեզ եթերացնող
Խենթ շշունջները,
Մեզ բոցավառող
Խենթություններս
Մոռանալ չես կարող,
Չես կարող ինձ մոռանալ:
Պետք է ձեռք մեկնել
Ինձ հասնելու համար
Ընդամենը:
Ընդամենը հայացք,
Որ բառեր ասի ներումի
Եվ չարձակվի ոչ մի հնչյուն,
Որ խոսքերը չարտասանված
Գրվեն օդի թափանցիկ
Անէության մեջ,
Որ մասնիկները նրա
Անտեսանելի
Շոյեն իմ ապրած տագնապները,
Որ լսես իմ անձայն
Խոստովանությունը.
«Չեմ կարող ապրել առանց քեզ»:
Իսկ դու՞,
Կարո՞ղ ես ինձ մոռանալ:
Երբ աստղերի հետ քնում էինք,
Երբ արթնանում էինք աստղերի հետ,
Երբ աստղերը մեկմեկու
Պատմում էին ու համտեսում
Մեր թաքուն հանդիպումների
Քաղցրությունը:
Չես կարող ինձ մոռանալ,
Դու ինձ մոռանալ չես կարող:
Դու չես երազում ինձ,
Դու ինձ չես կանչում,
Որ քամու հովանու տակ
Կրկին սահեմ քո գրկի մեջ,
Ինձ օտար է
Այս մոռացումն անտեղի,
Այս չարությունը հորինած,
Մտքերն այս`
Ինձ կործանում տանող,
Իմ սիրտը քեզ է ուզում,
Քեզ է ուզում իմ սիրտը:
Դեհ,
Մի բան ասա,
Ասա, որ ինձ մոռանալ
Չես կարող,
Որ ես քո պարտեզի
Ամենալավ ծաղիկն եմ,
Քո ծաղիկն եմ,
Քո համար բացված
Քեզ համար բուրող,
Մաքրիր հետքերը թախծի,
Ես ապրել եմ ուզում,
Իմ սիրտը քեզ է ուզում,
Իմ սիրտը քեզ է ուզում…

Share Button

1 կարծիք

  1. Irina

    Աստված իմ “դու ինձ մոռանալ չես կարող” այս բանաստեղծությունը ոնց որ ես գրած լինեի..լրիվ իմ մտքերն էին…իմ հոգեվիճակն էր…սիրտս ալեկոծվեց…((((((

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>