Հրանտ Ալեքսանյան | ՏԻԵԶԵՐՔԸ՝ ԱՍՏԾՈ ԲԱՑ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ

Բանահովտի Հայազավրը

1.
Ես բանահովտի պարեկ հայազավրն եմ.-
հին ու նորածագ մարտահրավերները
լազերային սրի պես մխրճվում են
իմ գերզգայուն հյուսվածքներից ներս:-
Ինձ սպառնում են իսպառ անհետացմամբ:-
Ես միշտ վիրավոր եմ, ուստի եւ`
ամենակենդանին, ուշիմը գերազանցիկ,-
ցեղիս բառարար գեներն եմ հսկում
նախահարձակ ժխտման
տարածա- համաշխարհային դավագրգիռներից:-
Լսու՞մ եք խորին մռնչյունս
Ա-ից մինչեւ Ֆ…

2.
Ես բանատեր եմ —
ժառանգը հեռավոր նախնի-բառահենի:
Եղա ծնունդը եւ
բնական ու ձեռնասուն ճգնաժամերի,
եւ Աստված ճանաչել է անկախ կարգավիճակն իմ:
Ես յուրացնում, խնամքով մշակում եմ
երկրային արտաբերումները խայտաբղետ
եւ երկնային շշուկներն եմ որսում հաճույքով:
Փայլեցնում եմ բառերը, վարժեցնում ապա.-
նրանք շատ արագ են այլասերվում
հրապարակների ու առանձնասենյակների բզզյունի մեջ:-
Կանխել բանավիժումների աճը խելահեղ:-
Կենսոլորտներն անվերջ աղտոտվում են
հոգու թունավորումներին ճիշտ համընթաց —
շեղված բառերից,
արնավառ ուղերձներից…
Ես բանատեր եմ:
Իմ թիկնազորը իմ ծնած բառերն են:

04.02.2010թ.

Այցագիր առ Անհուշ Բերդ

Ըմբռնել Երկնքի ակնարկները եւ հույժ կասկածները Երկրի:
Ընդունել ծովերի շառաչը ահարկու
եւ լեռնաշղթաների գորովը կապտաճերմակ:
Տեսնել առանձնասենյակի հավատամտությունը
եւ հորիզոնների արցունքները պայծառ:
Հպվել հողի լուսնահար երազներին, նրանց խենթությանը
եւ կեսօրների բոցավառ հայելուն հպվել:
Սերտել մայր քաղաքի փիլիսոփայությունը
եւ սաղմոսները մրսկան սահմանների:-
Գրել անունները սիրո ու մահվան
եւ նոր` հեռանալ դեպի Անհուշ բերդ:

Ինչ պահմտված է պահի ետեւում,
տեսածրվում է մանրամասնորեն`իբրեւ
քո հոգու գաղտնի թղթապանակի անստորագիր էջ:
Բայց եւ անաղմուկ ձայնուղերձի պես
Նա թրթռում է թիթեռի փափուկ թեւերի ներքո,-
չլսված միֆ է ու բնավարկած,
փոխարկելի է անապակ կրքով,-
երբ աչքը թարթի չարաճճիորեն, հեզ նայադները
քո ապագայի դեմքը կլվան
Ազատան գետի պաղ մաքրությամբ:

Չի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում

Երկար անցում` մորմոքի սրտակուր թունելով,
վերջում ծիծաղ կա եւ լուսարձակ,
որ ավելորդ են արդեն:-
Հեռացող տարին թողլքված կին է ոխերիմ,
որ ուզում է վրիժառել քեզ … խոհեմաբար:-
Եւ մինչ կծնվեն նորելուկ բառերը ապաշխարանքի,
հուշի պայթյուններ կթնդան ամենուր,
նոր մուտանտներ ու համաճարակներ կսփռվեն անկանգ,
եւ դու մի այլ հոգու համար շոյանք չես գտնի,
եւ կասես խաղաղված իշխանի հեզությամբ.
,,Չի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում,,:


Թեկուզ գեներալ` զինվորի նման ես անցնելու
ճակատագրի ականապատ դաշտով.-
միշտ կա անվտանգության ու պարենի խնդիր`
խաղաղության ու տնտեսական հրաշքի տարիներին անգամ,-
եւ դու աճապարում ես շուկայի տաղավարն այն,
որտեղ տավարի լյարդ են վաճառում.-
երբեւէ չես եղել սննդակարգի գերի,
պարզապես առնում ես մթերքներն այն, որոնք
Նա էր ցանկանում կամ առնչվում են Նրա անվան հետ,
բայց պիտի ճաշակես մեն-միայնակ,-
պատահում է` քեզ ուղղված չարի ականին
մեկեն պայթում են սիրեցյալներդ,
եւ դու եզակի ողբասացն ես դառնում,
լավագույն դեպքում` ակամա սակրավոր`
մահ կանխելու տկար փորձառությամբ:-
Քեզ անցյալը չէ` վաղն է հետապնդում
վարձու մարդասպանի քողարկումներով,
թեպետ քաջ գիտես` հրաշալիքներդ ետեւում մնացին,
իսկ առջեւում դեկորներ են, պատրանքներ լոկ…


Հավերժական դարձվածքն է մաղվում վերեւներից —
ձյուն` ճերմակ անարատություն —
հրաշալի հեռանկար
ընկճախտի մեջ խեղված ժամանակի համար:-
Ամեն պահի մեջ իր հատիկն է թողել
ուրախության անխոնջ նախամայրը:-
Իսկ երկնքի ներքո սիրտը առավել ճշգրիտ է հիշում
ցավի պատկերները,
քան տեսաժապավենն է
դրոշմում ինչ-որ շարժ ու ֆիգուր:-
Երազը գլանի ձեւ ունի,
նրա միջով հոսում է կյանքը շառաչուն ջրի պես`
դեպի ճերմակ անդորրի հյուրասրահներ:-
Ուրախության տները առատ ծխում են
նաեւ ձմեռվա բարձրավանդակում:


Սեւ անցք` տիեզերքում եւ հոգու մեջ —
ամենակուլ երախի եւ անդունդի պես.-
խավար պտտահողմում անհետ չքանում են
սիրո ու երջանկության մոլորակները,
դյութանքի գիսաստղերը երկարավարս,
չքնաղ հույզերի ասուպները բյուր,
ճառագայթուն միգամածությունները գեղեցկության,
գալակտիկաները երազանքների…
Հոգին մանրապատկերն է տիեզերքի`
առավել զգայուն ու անողոք կրկնակի —
իր կլանածը մեկ-մեկ ետ է բերում կյանքի հանգրվան
եւ հարկադրում վերապրել անցյալը նույն տաժանքով…

12.05.2009


Անցյալի խորզգա երկինքներից կրկին տեղում են
անձրեւները ապրիլի փայլուն կողերի միջով —
կեսօրվա դեմքն են լիաբուռ պարզում բյուր կամեցողաց,
կանխատեսին ու օտարականին,
որպես ավետյաց գահավեժ Գոլֆստրիմ`
միակամ հոսում են երեկոյի ու գիշերվա մթին երազներով, ապա
ներշնչում հողին բերրիության նոր ասք ու առասպել,-
եւ վերստին անքուն ննջեցյալները
ներծծում են լռիկ ներգոյի մեջ իրենց
վերեւ սավառնած հոգիները` ջինջ ու ցողաթաթախ,
Երկրի խորքերից աղերսներ հղում անհիշաչար
առ լուսաշխարհ ու հեռավորաց…

22.05.2009


Մի գլուխը լավ է,
երկուսը` մուտացիա,
երեքը` գլխափունջ տիրակալի համար:


Աբսուրդից առաջ,
աբսուրդից հետո,
աբսուրդի մեջ,-
եւ խիստ անաբսուրդ,
մի անհանգիստ Ոչինչ —
Սեւ անցքը տիեզերքի:


Սիրեցյալի հետ երկարորեն պառկել
համաշխարհային սարդոստայնում, հետո
դուրս գալ յոթ որդու սաղմնավորմամբ:


…բրոունյան շարժում
ազատագրական շարժում
քաոսային շարժում
թվերի շարժում
մայրցամաքների շարժում
ծրագրավորված շարժում
ընդհատակյա շարժում
հակապատերազմական շարժում
ատոմային շարժում
ֆեմինիստական շարժում
անմիտ շարժում
հոգու շարժում
տիեզերական շարժում
բնապահպանական շարժում
ծիծաղելի շարժում
հարազատ շարժում
մոծակի շարժում
դինոզավրի շարժում
թռչունների շարժ
ատելության շարժ
սիրո շարժ,-
ամենաաննշան տեղաշարժից առաջ`
մեծ բառաշարժ…


Ձյունահողմ օրեր: Ճերմակափառ երկիր:
Անանցանելի, փակ ճամփաներ:
Իր բանում դժարեց ՓԲԸ «Արցախուղին»…
Թքած: Կողքիս է Միսս-Արցախուհին:-
Մենք կամուսնանանք Մեծ հարսանիքին:

06.02.2010թ.

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի