Սամվել Մարտիրոսյան | Ք Ո Չ

SMAR11

Ասում են, թե՝ ճակատս շատ է մեծ,

Ասում են, թե՝ իմ մասին ամեն ինչ գրված է այնտեղ:

Ովքե՞ր են դա կարդացել,

Ե՞րբ են կարդացել, հայտնի չէ:

Բայց, իմ ճակատով սկսվում,

Եվ ինձանից հեռու ինչ-որ մի տեղ,

Նրբազգա շոշափուկներով ավարտվում է իմ կնճիթը:

Ու հենց այդ շոշափուկներով է, որ ես անսխալ որոշում եմ մեզանից թաքնված ջրերի տեղը:

…Ուրիշ ոչ մեկն, ինձնից բացի, չի կարող դա անել,

Եվ իզուր չէ, որ փղերի հոտը միայն ինձ է վստահում իր մեծն ու փոքրը:

 

Եթե նույնիսկ ես սխալվեմ,

Եթե առաջնորդեմ նրանց մեկ ուրիշ ճանապարհով,

Միևնույն է,

Նրանք պատրաստ են

Անմռունչ տանելու ցերեկվա շոգն ու գիշերվա ահը,

Համակերպվելու

Հոգնած, ուժաթափ ևս մի փղիկի դառնաղի կորստյան հետ,

Լեշակերների ու գիշատիչների

Անարդար ու զզվելի համակեցության հետ,

Եվ իմ ճակատի վրա,

Առաջին անգամը չէ, որ կարելի է կարդալ այդ մասին:

 

Ահա մենք,

Դանդաղ ու ճոճաքայլ,

Գիշերվա ու ցերեկվա ուրվականների նման,

Ոտնեոտ մոտենում ենք մեր հանգրվանին,

Դրախտային կանաչի,

Ու խոնավ, բարձրահասակ խոտերի մեջ կորած,

Առանց որևէ ափսոսանքի,

Հմայված փոքրիկ ու հյութեղ,

Ու բոլորովին անպաշտպան տերևների մոտեցող ու հեռացող տեսիլներով,

Այսքան անծայրածիր,

Սորուն ու թշնամաբարո,

Եվ թվում է, թե՝ արդեն հավերժական օրվա կարծրակեղևի վրայով:

 

Մեր հետքերով,

Որոնք հայտնվում ու կորչում են տեղնուտեղը,

Ձգվում է նոր առավոտը,

Անցավակից,

Իր շրջապատի հանդեպ, առանց որևէ հետաքրքրության նշույլի,

Անցնող գիշերվանից ծայր առած,

Անհորիզոն, դեղին մի ստվերի նման,

Անպատասխանատու ամեն ինչի համար,

Թե գիշերային ճիչերի,

Թե լռությունների,

Թե դատարկությունների,

Եվ այն հույսի,

Որ այդ ամենն այլևս երբեք չի կրկնվելու:

 

Բայց այդ բոլորն արդեն անցյալ է վաղուց,

Ուրիշ ավազների մեջ է:

Նրանց, մենք թողեցինք առյուծներին ու շնագայլերին,

Թռչուններին ու մժեղներին, սարդերին ու կարիճներին,

Իսկ առջևում թողեցինք ջուրը,

Տագնապներով լի,

Չար աչքից հեռու,

Բարեբերան,

Անհնարին ամուր, անհնարին մեծ իմ ճակատի դիմաց,

Եվ նրա ոսկրապատի վրա՝ ամեն ինչ մեր մասին,

Ինչը եղել է, և ինչը չի եղել,

Ինչը փղերի մասին է, և ինչը փղերի մասին չէ,

Ամեն ինչ,

Սկզբից մինչև վերջ:

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.