Հասմիկ Սարիբեկյան | ԾԻԱԾԱՆ

Իմ հորինած երկինքներում
Ամպն արձակեց հուսո զրնգուն մի ճիչ,
Եվ օդը լաց եղավ երջանկությունից…
Օդը պարզ եղավ, եվ արեվի միջից
Մի լուսե թարթիչ շոյեց երազը իմ`
Ու ծիածան եղավ.
Եվ իմն է հիմա կյանքում ամեն ինչ
Եվ իմն է հիմա այն ինչ դեռ չկա`
Վերցրու սրտից իմ մի քիչ,
Որ երջանկությունս ինձ շատ չթվա:

Կարմիր
Երբ արշալույսները դադարեն խոստում լինել`
Ես քեզ կպարզեմ իմ սիրտը կարմիր,
Այնպես` ինչպես դու, երբ ինձ կակաչներն այն նվիրեցիր:
Երբ հույսը մարի `
Կկրակվեմ` միայն թէ սերն ապրի ,
Միայն թէ լռությունը այս հրդեհներով հերարձակվի:
Գիտե՞ս, ինձ օրհնել են աստվածները,
Սերն իմ արյան գին ունի.
Քո նվիրած կակաչները ապրեցրեցին ինձ նորովի,
Ու երբ համր արշալույսները հուր խնայեն, մերկանան`
Ես կպատմեմ քեզ իմ երազները,
Եվ այդ երազները հրդեհի նման
Շանթով կայրեն քո պաղ երակները,
Եվ արշալույսները մի նոր խորհուրդ մեզ կդառնան:
Ծիրանագույն
Օրը այսօր թափանցիկ, ծիրանագույն է `
Սիրահարի սրտի զարկի պես խենթ.
Օրը ծիրանաբույր է` առաջին համբույրի պես շփոթ ու անհեթեթ,
Ծիրանագույն է, ծիրանի ձյուն է`
Սիրտդ բաց արա`
Քեզ շշուկ ու ստվեր է պետք,
Ծիրանագույն երազ, ծիրանի նոր թեվք,
Եվ օրն իր հունով քեզ կտանի մի նոր տիեզերք.
Ու սիրահարի առաջին գարնան
Ծաղկած ծիրանի հրաշքի պես բոց`
Քեզ կբացի երկինքների դռները գոց:
Դեղին
Ես հետաձգում եմ ձմեռները,
Մութը ակաթե
Իմ մի համբույրով…
Թող դեղին լինեն հեվքերը
Ու ձյան պաղած հետքերը՝ թող
Լցվեն վառման արեվներով:
Ես հետաձգում եմ բոլոր գորշ մտքերը`
Հոգուդ երկինքները օծիր դեղինով,
Շող հագիր ու լույս,
Եվ որսա արեվը քո սենյակի փոքրիկ հայելիով.
Եկ թողնենք մենք մութը հալված ձյուներում,
Եվ մեկ համբույրով հայտարարենք`
Թող լինի գարուն:
Կանաչ
Դու լսում ես կանաչ կանչը երազանքների`
Այն իմ կանաչ աչքերի մեջ է, իմ հույզերի քողերում,
Ամեն մի դալար ծիլի մեջ է,
Եվ բոլոր մոլոր անտառներում:
Սոսափ ու անուշ օրոր է`
Հույզի զմրուխտ վարագույր է սեվին ընդդեմ,
Կանաչ հրդեհ է կանաչ տոն է,
Երբ Աստծո ձեռքերը եթեր
Գորշ ասֆալտին արձակում են կանաչ թիթիռ:
Ափս ափիդ, սիրտս սրտումդ
Երջանկության ամենաճիշտ մեկնությունն է…
Երկնագույն
Վրձնով երկնագույն
Թույլ տուր դիպչել երազներիդ
Հուշի թափանցիկությամբ թերթել հոգիդ
Եվ օծել քո վաղը մի երկնագույն օրհնությամբ:
Վրձնով լույսի
Թույլ տուր նկարել անսահմանություն
Եվ քո մտքի բիլ բարձունքներից մինջև իմ ծովը`
Խենթ ջրվեժներ արձակել,
Եվ խորանում երկնագույն հույզի
Խոստովանել ու լուռ երդվել,
Որ դու ես իմ երակներով հոսող այս երկնագույն գինին,
Որ սիրում եմ քեզ սեր իմ…
Կապույտ
Սպիտակ ամպն ատլասե
Կապույտ երկնքում դարձել է դրոշմ,
Ասես կապույտ ծովում լաստ լինի հանգրվանած,
Ասես կապույտի մեջ փրփուր լինի հուսո `
Ամենազոր, ամենահաս:
Ճերմակ երիցուկի փոքրիկ կղզի լինի ասես
Ամառով թաթախուն կապույտ իմ փեշերում,
Ու ճերմակ ճայ մի երկնասլաց,
Որն իր ճախրանքով
Մեր երջանկության ալիքն է որսում:
Բախտի մի քաղցր ուրվագիծ լինի ասես ,
Ասես լինի մի բանալի ծանոթ,
Որն ինձ համար բացում է միշտ
Քո աշխարհները անծանոթ:
Մանուշակագույն
Դու հավաքիր հոգուս փոքրիկ մանուշակները
Եվ փնջիր դրանք սիրո ոսկե օղակներով
Ու ես կփակեմ տխրության աչքերը
Եվ սենյակը մեր ես կլցնեմ մանուշակագույն դողով:
Թիթեռի լողով կանցնեմ ծովերն անանց
Եվ զարկը սրտիս կխառնեմ սրտիդ,
Կպարեն հոգիները մեր մանուշակագույն մի վալս
Եվ իմ համբույրը քո թախծոտ սրտին
Նիզակներով հանկարծահաս
Կասեղնագործի սիրո մի նոր երազ:
Դու հավաքիր հոգուս փոքրիկ մանուշակները
Եվ փնջիր դրանք սիրո ոսկե օղակներով
Ու ես կփակեմ տխրության աչքերը
Եվ սենյակը մեր ես կլցնեմ մանուշակագույն դողով:

Օգոստոս 02, 2010
Երևան

Թողնել պատասխան

Your email address will not be published.