Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

* * *

Եկավ աշունն, եկավ
ոսկեձեռն էլի,
եղյամ պսակ հագավ
Աբուլ լեռն էլի:
Վերջին երգով վերջին
ծղրիդն է անտեսից
ներկում կրքով, ներկում
զով հեռուներն էլի:
Երգում լուսապսակ
է հագել սերն էլի,
մնում է սերն ինքը
աշխարհին տեր լինի:
Անսիրության գալուստն
է հոգսիս բեռն էլի,
սիրո մահ չտեսած՝
գար մահս, մեռնեի:

* * *

Ամեն բառի խորքում մի Աստված է նստած,
ամեն բառ, հանց դեղձը, կորիզ ունի իր մեջ,
ծիրանն էլ, հա, սակայն դեղձ ուտելիս, Աստված,
կորիզը իր կոտրել մենք չենք փորձում երբեք:
Բառերի մեջ ամեն ինքնահաստատման ճիգ,
մեծ հիացքի լույս է ու մեծ կարոտի լաց,
դուք նետում եք մրգի կորիզը առ ի չիք,
ես նրա մեջ տեսնում եմ ճոխ ծառն իր կենաց:

* * *

Ննջուն նարգիզներ, ու նիհր է,
նոր եկած ձյունը՝ նրբին
կանչում է երազի երկիրը.
— ներս արի, կոպերդ սրբիր:
Ննջուն նարգիզներ, նարինջն է
կայծկլտում ճերմակ ու սևի մեջ,
ու կանաչ էլ կա, ու ջինջ էլ՝
հանց կյանքը մեռած տերևի մեջ:
Ննջուն նարգիզներ, ու նիհր է,
մեծ վերհուշ կա նարինջ պեծում,
Աստված իմ, սա տեսի՞լ է, ի՞նչ է,
նարգիզը կոպերն է գոցում…
մոռացված ամառվա վրա:

* * *

Մենք դրսից ենք մենակ նման,
իրար նման մենակ դրսից,
գիտակցության շաբլոնի տակ,
դատողության կաղապարում,
բայց խորքերից անծանոթ ենք,
հեռավոր ենք, օտար իրար,
ամեն մեկս մի անհայտից
մի անծանոթ գույժ ենք բերում…
Մենք ներսից ենք մենակ օտար,
օտար իրար մենակ ներսից,
գիտակցության կեղևի տակ,
լայնքում ենթագիտակցության,
բայց արտաքուստ պատճեններ ենք,
նույնությունն ենք՝ նման իրար,
կնեխվենք, թե ինքնությունը
մեզ չփրկի մեր խորքերից:

* * *

Եվ մենք գուցե լույսի մի խուրձ ենք՝ ճառագված
այս տիեզերքում մի հայելուց մի հայելու,
մենք չգիտենք, և չգիտի ինքը՝ Աստված,
թե որտեղից գալիս և կամ ուր ենք գնում:
Մենք՝ գուցե հոսք՝ անդրաշխարհներից հեռավոր,
դեպի անդրաշխարհները՝ հեռավոր նույնքան,
մեր մահն այստեղ մի ուրիշ տեղ ծնունդ է նոր,
մեր ցոլքերն են՝ ինչքան երանգ ու գույներ կան:
Մահը չկա: Լիներ, ծնունդն էլ կստվեր,
մահը չկա, չկան գույներ, ձայներ ու բույր,
մահը սուտ է, եթե ճիշտ է՝ որպես ստվեր,
մահը մեկ այլ կենաց կանչ է ու հրապույր:

* * *

Եվ ամեն մարդ երկնքի մեջ իր աստղն ունի,
և ամեն աստղ ցոլանքն է ինչ-որ մարդու,
ասուպվում է աստղը լայնքի մեջ անհունի՝
հավերժական քուն է մտնում ինչ-որ արթուն:
Եվ ամեն աստղ ցոլքն է ինչ-որ մարդու,
և աստղագետն ասում է՝ աստղը շա՜տ է մեծ,
և այս խոսքի հետ մի միտք է իմ մեջ զարթնում.
— եթե ցոլքը մեծ է, բա ինքն ինչքա՜ն է մեծ:

* * *

Հիմա ձեզնից ես առաջ եմ,
ես մեռած եմ արդեն,
ձեր բորոբոքած խանդ, վառած սեր
ինձ համար էլ բառ չեն:
Ես ձեզանից իմաստուն եմ,
էլ գին չունեն ինձ մոտ
գովեստներն, ու իմաստ չունեն
զրպարտանքներն աղտոտ:
Ես ձեզանից մեծ հոգի եմ,
էլ չեմ չափում-ձևում,
անփույթ եմ ձեր մորմոքի դեմ,
կարեկցանքի ձեր՝ սուտ:
Հիմա արդեն ես հոգի եմ,
լույս՝ առ լույսեր ձգված,
մարմնական ձեր գաղջ հոտի դեմ
անտարբեր եմ… Թքած:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի