Նաիրա Համբարձումյան | ՆԵՂԱՑՈՂ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՑ ԴՈՒՐՍ

Անբացատրելին մեկնելու տենդագին որոնման ճանապարհին իրականության տիրույթ է ներխուժում հնարավորի փիլիսոփայական ընբռնումը, և իռացիոնալ, բնազանցական գիտակցությունը հայտնաբերում է աշխարհի քողարկվածության տիրույթը, տեսանելի դարձնում աշխարհի` որպես առեղծվածային կառույցի, դիտողականությունից դուրս մնացած կողմը` գոյի և անգոյի իմացաբանական ճանաչողության երկբևեռ ընկալումը:
“Ինչ-որ մի տարօրինակ ձգտումով “պոետի մահը” դարձվածը մշտապես հնչում է առավել հիմնավոր, քան” պոետի կյանքը”, — գրում է Իոսիֆ Բրոդսկին և շարունակում,- հնարավոր է այն պատճառով, որ “կյանք” և “պոետ” բառերը համարյա հոմանիշներ են իրենց հաստատուն անորոշության մեջ: Նույնիսկ այն դեպքում, երբ “մահ” բառը նույնքան հստակ է, որքան պոետի ստեղծագործությունը, ուր հիմնական հայտանիշը վերջին տողն է”:
Ընկալման այս վիճակն էլ դիտարկելի է դառնում անընդհատական մի կոնտինիումում, որը տարածությունն է, և որի հարաբերականությունը ժամանակի պոլեմիկական տիրույթում հնարավոր է սոսկ ներքին և արտաքին աշխարհների չընդմիջարկվող վիճակների միասնության մեջ:
“Ներքին հայացքի” սթորնիական աշխարհատեսության այս կերպը պայմանավորվում է նրա բանաստեղծություններին բնորոշ գեղագիտության առանցքը կազմող ընդհանուր փիլիսոփայական խնդրադրությունը: Շարժումը քարանում է հոգեվիճակի նկարագրության մեջ: Շրջանը փակված է: Սակայն այդ նույն շրջանում ամփոփվում են բանաստեղծուհու գեղագիտական, բարոյագիտական, փիլիսոփայական, գոյաբանական ընբռնումները, որոնք մտքի իմացաբանության տիրույթում նշում են անիմանալի տիեզերաբանական սահմաններ:
Գիտակցության աղբյուրը Սթորնիի մոտ երևում է թե’ զգայականության, և թե’ գրելու արվեստում: Սա նշանակում է սակայն, որ գիտակցությունը փոխվում է “անցյալի” քաոսը կարգավորելու մաթեմատիկական կարգի:
Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս հաշվարկելու աշխարհ- պատկերի առավել ճշգրիտ մեկնությունը, որի համար արժեքավոր է XX դարի արգենտինական գրականության այպիսի հեղինակը, ինչպիսին Ալֆոնսինա Սթորնին է:
Գիտակցության հոսքը առանձնահատուկ հետևողականությամբ է առնում իր “ներսում”աշխարհի պատկերը և նշում արդեն ձևավորված ամբողջության կառուցվածքը որպես ֆիլտր` առանձնակիացնող, գնահատող կերպափոխությամբ` բազմակերպ ազդակներ հաղորդելով Այլ-ուրեքից. Հառաչում են, քանի որ արևն է ծնվում:
Հառաչում են, քանի որ արևը մեռնում է:
Ամեն ինչ այստեղ է, խորքում,
Աչքի շրջանակի մեջ,
ուր
նստած է թռչունն
անշարժ:

Իրի արտաքին գոյությունը Սթորնու պոեզիայում վերառված է անդրադարձող ներքնատեսության միջոցով: Եվ միջուկը բացահայտվում է նրա (իրի) տարաբնույթ ԱՅԼության մեջ, որը գոյավորվում է ոչ երևակայական, այլ իրականի` դեպի անկողմնային ընթացող սահմանի միջնատարացքում, ուր առկա է նաև զգացմունքը (ասվածի լեզու) որպես: Միաժամանակության այսպիսի ընկալումն էլ ժամանկի և տարածության մեջ թե’ գոյազրկում է, թե’ առկայացնում զգացմունքը (ասվածի լեզուն):
Բանաստեղծուհու համար պատմությունը զարգանում է զգացմունքների առավել քիչ և գիտակցության առավել մեծ ներհոսքի հաշվին, ուստի այն, ինչ արտահայտվում է հոգեբանական անհանգստությունների, զգացմունքների միջոցով, անթափանցունակ է մնում հավատի և հոգու ոլորտում:
Սթորնին բնույթով անհանգիստ ու անկանխատեսելի է, ուստի նրան ներհատուկ է աշխարհազգացողության առավել ողբերգական ընկալումը, որից ներս` տանջանքի ու վերջի կանխազգացողությունն է:
Սիրտը սերտում է կյանքը, միաժամանակ
փորձելով մահը,
փորձելով ողբերգությունը,
որը սովորել չհասցրինք,
որը մենության մեջ կխաղանք ու կդիտենք…

“Ողբերգական կյանքը” խաղը Սթորնին տանում է միստիկական ճանապարհով` կանխատեսելով այն ամենը, ինչ իրականանում է իր իսկ ապրելու տևողության մեջ: Եվ օտարվածության զգացողությունը դառնում է տիրապետող ` աշխարհագրորեն տարածությունը բաժանելով “մաքուր” գիտակցությունից, որի հետ չի կարող համակերպվել մարդու հոգին:
Իրականության այս հատույթավոր-հատածական սկզբունքը Սթորնին ցույց է տալիս “փոքրիկ մարդուկի” կերպարի մեջ` տեսանելի դարձնելով կեցության քարացած ընթացքը, որ ընթերցողին մղում է մարդկային հարաբերությունների մեխանիկական աշխարհըմբռման ոլորտ (տոպոս), և ստեղծում ժամանակի ընթացքի դադարի վիճակ:
Փոքրի’կ մարդուկ, փոքրի’կ մարդուկ,
Բա’ց թող երգող թռչունին, որ թևածել է ուզում,
Չէ՞ որ ես թռչուն եմ, փոքրի’կ մարդուկ,
Միայն տարածքներում ազատ կարող եմ շնչել:

“Փոքրիկ մարդու” թեման առավել լայն ճանաչում էր ստացել դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսին (Դոստոևսկի, Չեխով, Օստրովսկի, Զոլա, Դոդե), սակայն նրա արմատներն ի հայտ են եկել դեռևս հին հունական գրականության մեջ:
“Փոքրիկ մարդու” թեման իր ներսում սինթեզում է սոցիալական հիերարխիայի ստորին մակարդակներում գտնվող մարդկանց տարաբնույթ հոգեբանական և հասարակական իրավիճակները`(ստորացումը` միախառնված ոտնահարված հպարտությունը) ստեղծելով նրանց ջղաձգումը և վախճանը անդեմ, օտարված ուժերի սարդոստայնում: Այն նաև XX դարի եվրոպական գրականության շատ երկերի հիմնական թեման էր (Կաֆկա, Ջոյս, Քամյու):
Արտաքին աշխարհը չի օտարում բանաստեղծուհուն իրականության տիրույթից, այլ ընդհակառակը, օգնում է ըմբռնելու սեփական ԱՅԼության զգացողությունը, և վերապրումի տարաբնույթ վիճակների մեջ էպիկական պատումի շունչ է ձեռք բերում քերթվածը.
Բյուրեղապակյա մի դղյակ կա
ծովի հատակում
Մարջանե այգի է
երևում այնտեղ
պատուհանից.
…………………………………………………….
և լսում եմ երազի մեջ
անտառում, կողքից`
դի~ն-դո~ն, դի~ն- դո~ն`
ջրահարսեր են խաղում,
պոչերը նրանց շողշողում են,
ինչպես մարգարիտը լիալուսնի ժամանակ
:
Իր և աշխարհի միջև գոյավորված օտարության մթնոլորտը Սթորնին լուծում է լուսնի (ընկալման յուրակերպ օբյեկտի) միջոցով` որպես իր ներքին էությանը վերադառնալու փորձ, միաժամանակ կազմալուծելով նաև մարդու` որպես մշակութաբանական երևույթի, հոգեկերտվածքի էույթը:
Դու կհայտնես ինձ,
Պարզ մի գաղտնիք-ուրիշը պետք չէ,
Խոստովանիր ինձ, այն գիշեր այգուց
տեսե՞լ ես լիալուսինը:

Սթորնիի ստեղծագործական ուղին կարելի է համարել հաջողակ, քանի որ իր ապրած տարիներին նա արդեն մեծ փառք էր ձեռք բերել հայրենիքում, իսկ մահից հետո ճանաչվեց Լատինական Ամերիկայի լավագույն բանաստեղծուհիներից մեկը: Նրա հետ միաժամանակ այդ պատվին արժանացան չիլիացի Գաբրիելա Միստրալը, ուրուգվայցիներ Դելմիրա Ագուստինը և Խուանա դե Իբարբուրուն:
Ստեղծագործության առաջին շրջանից հետո Սթորնին խուսափում է տեղայնությունից, նրա քերթվածները գոյում են ժամանակի ու տարածության անսահման չափումներում: Ճանաչողության գործընթացը տեղի է ունենում թե’ ներսից և թե’ դրսից` բազմաճառագայթ ու տարաբևեռ, չափի ընդունված միավորներց և կոնկրետ հանգամանքներից բխող սահմաններից դուրս:
Առավել հաճախ նրա շուրթերից պոկվում էին այսպիսի տողեր. ” Զովություն չգտնելով կծկվում էին օձերը: Դեպի իմ շուրթերն էին ձգվում գլուխը իժի// Եվ քարերը, բույսերը և կամարը մոխրագույն և օձերը// համառորեն պնդում էին`”Մեռած է քո հոգին” “:
Աղքատ մանկության, ազքատ պատանեկության, չկայացած սեր և երջանկություն. նորածին երեխան գրկում նա թափառում է անտարբեր քաղաքում, ուր ամեն փողոց ջրհորի երախ է թվում`”Հոգին իմ…թող լինի սխալ, որ վաղու’ց մեռած ես”: Այլաբանությունը իմաստային բազմակերպություն է հաղորդում բանականությանը, որը ձգտում է զգացմունքի տիրույթ` թույլատրելով կյանքի իդեալական կենտրոն և վերահայտնագործել իմաստը` դրդապատճառների ու պատասխանատվության բովանդակությունն ու ոգին: Վաճառողուհի, ուսուցչուհի, լրագրող…բայց…տպագրվում են առաջին գրքերը… և այցելում է առաջին ճանաչումը:
Բայց և այնպես`
Ուր են նրանք, ինչ-որ մի տեղ հեռացած
Ալիքները երկնագույն և ֆրեգատները:

Փոխաբերությունների խորությունից հառնում է մեռելային ուրվագիծը: Եվ ընկալման տարաբնույթ էույթը բխում է էթիկական վերաբերմունքի բազմազանության գործառույթից, որ ուղղորդում է դեպի անկրկնելի, հաշվարկի անենթակա քայլեր ու գործողություններ` նույն ԱՅԼության գեղագիտությունից բխող:
Կյանքում, սակայն, ամեն ինչ ընթանում է կանխավ համաձայնության կայացման ոգով, որի մասին չգիտենք մենք, թեպետ յուրաքանչյուր ճիգ կամ լարում խոչընդոտում է ԸՆԹԱՑՔԸ, և մինչ մենք խոսում ենք, դռները փակվում են, քանի որ ինֆորմացիա(էներգիա) հաղորդելիս մենք չենք ապրում, այլ ծառայում ենք անէ հաղորդումների նեղլիկ շերտին, թեպետ հետո կամաց-կամաց ու քիչ-քիչ մեր ցրիվ տվածը հավաքվում է մի առանցքի` ՀՈԳՈՒ, շուրջ:
Եվ կյանքն ամեն վայրկյան դառնում է ներկա` մեզ իսկ շուրջառած: Ինքնությունն այստեղ չի փակվում, այլ գաղտնազերծվում է մարդու սուբյեկտիվությունը` իրենից դուրս` երևակայականի մեջ պտտվող: Եվ այդ անընդմեջ ՊՏՈՒՅՏԸ չի թույլատրում ՀՈԳՈՒ ՀԱՆԵԼՈՒԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ուստի սահմաններն այստեղ չքանում են, մնում է միայն նրանց ջնջում-միախառնումը, որ գիտակցվում է ԱՅԼության վերապրում:
Շենքեր վիթխարի, շենքեր վիթխարի
Շենքեր վիթխարի:
Քառակուսիների շարքեր, քառակուսիներ,
քառակուսիներ
Շենքեր վիթխարի,
Եվ մարդկանց հոգիներ` քառակուսիներ,
մտքերը`շարքեր:
Եվ սուրանկյուն թիկունքներ:
Եվ ահա` երեկ ես արտասուք թափեցի,
Աստվա’ծ իմ, քառակուսի…(59)
Մի առիթով քրիստոնեության տեսաբան Օրիգենը նկատել է. “…դու այլ աշխարհի մանրակերտ ես, քո մեջ արևն է, լուսինը, նույնիսկ աստղերը”:

Այդպես էլ մենք ենք. ապրում ենք և քանի դեռ ապրում ենք, մենք սպասում ենք ինչ-որ բանի, մեզ անընդհատ կանչում է մի ներքին ամբողջություն` աշխարհի մանրակերտը, տիեզերքի մանրակերտը:
Ճակատագիրը, սակայն, կես կյանք էր ժառանգել նրան.1938 թվականին Ալֆոնսինա Սթորնին, տառապելով անբուժելի հիվանդությունից, ինքնասպանություն է գործում:
Նա հեռացավ կյանքի ու մահվան լինելություն-մարդ-Աստված` ամեն օր նեղացող եռանկյունուց, սակայն նրա ուժեղ ու հաստատուն պոեզիան մնաց հավերժում:
Ինչ-որ մի տեղ աղմկում էին ծովի ալիքները, ու երբ ավելի դժվար դարձավ ամեն ինչ, նա գնաց ծովի հետ հանդիպման և չվերադարձավ…
…դու ասա նրան` ես ուղղակի դուրս եմ եկել…

Թողնել պատասխան

Your email address will not be published.