Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Փորձում եմ գրել ոչ թե «Բնագիր» և «Ինքնագիր» հանդեսների և դրանց շուրջ ծավալված տարաբնույթ ու հակասական կարծիքների, այլ նոր գրական շարժումներին կամ ճշմարիտ արվեստին հումք մատակարարող՝ մեր հասարակության մեջ առաջ եկած փոփոխությունների (վարանում եմ գործածել «զարգացում» կամ «առաջադիմություն» բառերը, որովհետև ոմանք շատ դեպքերում նման փոփոխությունները համարում են հետընթաց) մասին, կամ տվյալ դեպքում՝ «համարձակ հայ կնոջ» ոդիսականի մասին:
Չգիտեմ ե՞րբ, երևի ութսուն թե իննսուն տարի առաջ, հայ կինը գլուխը ծածկում էր լաչակով, փակում բերանը, հագնում էր երկար ու լայն շորեր, որոնք քողարկում էին նրա մարմնի բարեմասնությունները: Հազվադեպ էր պատահում, որ ինչ-որ դիպվածով երևային հայ կնոջ հոլանիները կամ ոտքերի թաթերը: Աստված գիտի, թե ինչ պայմաններում և ինչ ձևով էին կատարվում ամուսնական կենակցությունները. զուգակցվա՞ծ էին դրանք հաճույքի երանգներով, թե՞ կատարվում էին լոկ հանուն կնոջ պտղավորման: Վերջերս կարդում էի Ակսել Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքը, որի մեջ թերևս կարելի է գտնել նաև այս հարցերի պատասխանը:
Հայտնի չէ՝ ո՞վ էր առաջին հայ կինը, որ համարձակություն ունեցավ վերցնելու լաչակը, երևի այդ օրերին նա հայտարարել է կնոջ հագնվածքի «հասարակական մանիֆեստ»՝ որպես մարտահրավեր՝ նետված ավանդական բարքերին: Իսկ գուցե դա եղել է սպառնալիքի, լաչառության, կռիվ-կոտորոցի կամ այլ կանացի արտահայտչամիջոցներով: Եղել է առաջին «համարձակը», որ ոչ թե հանուն համարձակության, այլ հենց մազերին արև դիպչելու կամ մազերը ցուցադրելու համար, դեն է նետել լաչակը ու դուրս եկել փողոց: Երևի քոթակ է կերել, հալածվել, բայց չի երկնչել՝ շարունակել է հայտնվել հասարակության մեջ արձակ մազերով: Սկզբում մազերը գեղեցիկ չեն եղել: Համարձակ կինը սկսել է հարդարել մազերը, գեղեցկանալ. մարդիկ, կամ ավելի ճիշտ՝ տղամարդիկ նայել են համարձակ կնոջ գեղեցիկ հարդարանքին և ստացել գեղագիտական հաճույք… Դա նպաստել է նաև մյուս կանանց ճանաչողության ընդլայմանը: Հետո համարձակ կինը դեն է նետել ավանդական տարազը, հագել է օտարամուտ գեղեցիկ զգեստներ, որոնք դրդել են մադկանց…մտածել ու զգալ, տվյալ դեպքում եթե ոչ հոգևոր, այլ ենթագիտակցորեն, երբեմն նույնիսկ՝ բնազդական կամ կենդանական մոտիվներով: Մի խոսքով՝ դա պատճառ է դարձել հասարակության աշխարհընկալումի ընդլայմանն այնքան, որ համարձակ հայ կինը կիսամերկ մագլցել է ցիրկի առաստաղի տակ ու ակրոբատիկ համարներ կատարել: Ավելորդ է նշել, որ համարձակ կնոջ կիսամերկ ելույթը սկզբում ընդունվել է փսփսոցներով, հանդիսատեսներից ոմանք նստած տեղը քրտնել են ամոթից, ոմանք դա պախարակել են՝ համարելով բարոյազուրկ, հակադաստիարակչական արարք, եղել են նույնիսկ ոմանք, որ փակել են աչքերը և չեն դիտել համարը մինչև վերջ, բայց աստիճանաբար մարդկանց աչքը սովորել է,- կնոջ կիսամերկ հագնվածքը փողոցում, պարելիս, մարզադաշտերում կամ նորատիպ ժուռնալների շապիկի վրա քչով է հարուցել արգահատանք կամ տարակուսանք: Համարձակ կինը չի բավարավել այդքանով, նա ուզել է նաև գերագույն հաճույք ստանալ սեռահարաբերություններից: Կենակցել է հանուն հեշտանքի, այլ ոչ պտղավորման (որով փորը դուրս չի ցցվել յուրաքանչյուր մերձեցումից հետո):
Այստեղ ուզում եմ խոստովանել, որ չգիտեմ կատավածի արդյունքում (համարձակ հայ կնոջ աստիճանական «ազատագրմամբ») ավելացե՞լ է Բարին ու Լավը, թե՞ եղել է հակառակը՝ դա պիտի ընդունել որպես հետընթաց, ծայրահեղ ազատամտություն կամ անբարոյականություն, բայց փաստն այն է, որ, ուզես-չուզես, ջարդվել են հաստատված ավանդույթները, Եվ, թե դա ինչ է բերել մեր ժողովրդին, դարձյալ չգիտեմ ու չեմ ուզում խորանալ, որովհետև դա մեզ շատ հեռուները կտանի:
Այնուամենայնիվ, և որ գլխավորն է, դա եղել է և ՊԻՏԻ ԼԻՆԵՐ, դա ժամանակի պահանջն էր, Ժամանակի հետ քայլելու պարտադրանքը, հետ չմնալու մարմաջը: Վերը կարող էի գրել, որ համարձակ հայ կինը գուցե նայել է հարևան ազգերին, նրանց նոր մեթոդներին կամ մոդաներին և որոշել, որ ինքն էլ լինի նրանց նման, որպեսզի համարվի հառաջադեմ:
Տվյալ մոտեցմամբ՝ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը մեր ժամանակների համարձակ հայ կնոջ տիպարն է:
Ոմանք պնդում են, որ արվեստը կոչված է մասսաների կրթության ու դաստիարակության համար: Դեմ չեմ, սակայն կարծում եմ, որ կրթելու կամ դաստիարակելու «առանձնահատկությունը» արվեստի էության միայն մի մասը կարող է կազմել: Արվեստը ստեղծվելիս այլ բան է միտում: Երբ իտալացի նկարիչ՝ Ջորջոնեն (1477 — 1510) նկարում էր իր հայտնի «Քնած Վեներան» նկարը, չեմ կարծում, որ նրա միտքը զբաղեցնում էր երեխաների կամ հասարակության դաստիարակության խնդիրը: Նա ստեղծում էր արվեստի գործ: Կամ ասենք՝ թերևս դաստիարակչական ոչինչ չկա կամ քիչ կա Մարկեսի «100 տարի մենություն» կամ «Մի պոռնիկի հուշերը» վէպերի մեջ, բայց դրանք համարվում են ճշմարիտ արվեստի մեծ գործեր Նոբելյան մրցանակը ապահովելով այս լատին-ամերիկացի գրողին: Մտածում եմ, եթե այս օրերին, Մարկեսի փոխարեն մի հայ գրող համարձակվեր գրել՝ իր սպասուհու հետ բռնի և ոչ բնական ձևով սեռական մերձեցում ունենալու անթաքույց կամ իննսուն տարեկանում տասնվեցամյա մի աղջկա հետ կենակցելու էրոտիկ մանրամասնությունների մասին, ի՞նչ կպատահեր: Պատկերացնո՞ւմ եք: Չէի՞ն լինի նույն վարկաբեկումները, հալածանքները կամ անհանդուրժողականությունը, որոնք արտահայտվում են այսօր «Ինքնագրի» հեղինակների հասցեին և միաժամանակ՝ հիանում Մարկեսով: Դա լավագույն ապացույցն է այն բանի, որ դեռևս լիովին չեն թոթափվել ավանդական կամ դոգմատիկ մոտեցումները կամ արմատական սուբյեկտիվ հայացքները, որոնց արդյունքում հայկական արվեստը որոշ ճյուղերում մշտապես մեկ քայլ հետ է մնում արևմտյանից:
«Բնագրի» և «Ինքնագրի» կաղապարով Հայաստանում սկսված գրական այս նոր շարժումը բնականաբար չէր կարող ի սկզբանե լինել անթերի, կատարյալ, ավարտուն: Նա անում է իր առաջին քայլերը, գնում է առաջ խորդուբորդ ճանապարհով ու սայթաքումներով: Այնուամենայնիվ, հենց դա է մեր գնալիք ուղին, եթե իրոք ցանկանում ենք «փոփոխություն» ու թարմություն մտցնել ավանդույթներով կաշկանդված և, համարձակվում եմ ասել, հոգևարքի ցնցումներով թփրտացող մեր գրականության մեջ, թեև հավակնություն չունեմ պնդելու՝ դա բարի՞ն է, թե՞ չարը՝ դա, ըստ-իս, «պարտադիրն» է կամ անխուսափելին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.