Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ապրիլ24

* * *
Հանիր իմ միջից հիշողությանս
կարմիր գույները Դեր Զորով անցած՝
մոռացրու, ջնջիր…
տես ապրիլն ահա մանրաքայլ եկավ
ու գեհենական պատկերների հետ
անբասիր ազգիս ուխտավորները դուռս ծեծեցին…
(Տե՛ր գալիս էին ո՜տքդ գրկելու՝ հասե՞լ են ասես…)
… դե հիմա նայիր հայելուն աչքիս, ուղեվորներին
տեսնու՜մ ես, Տե՛ր իմ…
քանի՞սն են, ասա, միլիոն ու կե՞ս են, գուցե ավելի՞ն…
հասցրե՞լ ես հաշվել…
արդարադատման
նժարները Տեր, ե՞րբ ես որոշել
հավասարեցնել…

 

* * *

Տե՛ր, կարգավորիր
քաոսն արյանս,
որ, երբ ապրիլյան
ծաղկունքը հագած
զմրուխտյա փերին
ինձ բերի ի հուշ
նահատակների
գանգ ու ստինքներ,
մահվան դաշինքից
մազապուրծ եկած,
կյանքս ինձ նվեր
և Արարատի
լանջերին վառվող
լուսե նետերը
հայացքս պատռեն
ու ծունկս ծալվել
չկարողանա, որ
իջնեմ քո դեմ…
Տե՛ր Դեր Զորում էր
պսակդ առա՝ հիշո՞ւմ ես
ասես, փշե պսակդ
հագած սրտիս հետ,
ինչպե՞ս կվարվես…

Ապրիլի 24
Ետ վերադարձրեք մեր
երազները կորցված անհույս,
իմ մորթված ազգի պատարագները
մարդկային խղճի լեզվով հնչեցրեք,
և ապաշխարեք անտարբերության
մոլորությունը՝ դատավարության օրը
գալիս է՝
մոմեր պատրաստեք
ձեր սքեմահագ մեղքերի համար…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի