Նարե Հովհաննիսյան | ԻՄ ՄԵԾ ԿԻՐԱԿԻՆ

Նարե Հովհաննիսյան

ԻՄ ՄԵԾ ԿԻՐԱԿԻՆ

* * *
Ես հավատում եմ
քո տաք շուրթերի
կորագծերի
բոլոր ձևերին
և ծխախոտիդ
թեթև ամպերին,
որոնք դրախտի
ամպերի նման
ննջասենյակիս
մերկ առաստաղին
անմահությունն են
դանդաղ նկարում։

…Դարձի եկ քիչ-քիչ,

քո տաք մատների
ծանոթ ձևը տուր
և թող սրբանա,
ցավը կողերիս։

Ես հավատում եմ
սիրուդ հետքերի
քարավանների
սուտ հրաշքներին.

դարձի եկ քիչ-քիչ…

 

* * *

Կորստի ցավը
հոմանիշ չունի,
ոչ էլ հականիշ:

Դու հեռացել ես,
և կողերիս մեջ
քեզ խաբված էգն է
մտրակահարում
աջ ու ձախ, աջ, ձախ-
դատարկ կողերիս
չոր ավազանում
դժոխք եմ կրում:

Սիրելու կորած
հետքերդ արդեն
վերքեր են բացել
կրքավայրերում-
դու ենթարկվել ես
կրած դժոխքիս
փորձություններին-

քեզ երեք անգամ
պիտի վկայի
ցավը կողերիս:

-Հարության օրդ
մոտ է, սիրելիս:

 

* * *

Այս կրքով թասն էլ… բեր… Աստծո համար,
ու երկար… երկար…
Աստված վեց օրը արարչագործեց,
յոթերորդ օրը անցավ հանգստի.
ես յոթերորդն եմ`
Աստծո օրվա պես հանգիստ ու երկար:

Կոնքերիս վազում
Աստված դրախտի գաղտնիքն է փակել,
և ես քեզ պարտք եմ
ձախ կողիդ չափով.
ինձնից կող ուզիր այս կոնքաթասով
ու երկար… երկար…

Բացիր դրախտը և սքանչացիր,
այնտեղից էլ ինձ Աստված արտաքսեց`
օձին խաբվելով,
իսկ իմ դրախտում փորձություն չկա,
մինչև լուսաբաց և հետո էլի
յոթերորդ օրն է:

 

* * *

Կիսալուսնի պես` ես գիտեմ
կեսիս գոյության մասին,
և լիանալու ողջ ծիսակարգով
քեզ եմ գալիս, սեր,… առանց հանդերձի:

Մեղքի հրաշքը քո մերկության մեջ
աղոթքով պահված նորածնի համն է:

Ես գտել եմ այն
և քեզ պաշտում եմ
իմ բնազդների համագումարով:

Հոգիդ դրախտի կարճ սղագիրն է,
որը բուժում է ցավը վերքերիս-
քո շոյանքներում
ես վերանում եմ ցավի տագնապից
և քեզ պաշտում եմ
ինձ հայտնի, անհայտ
բոլոր ցավերիս հայտարարներով:

 

* * *

Եվ երրորդ օրը հարություն կառնեմ
ես դիմափոշու դատարկ պնակից`
որպես ուրվական-անսեռ հրեշտակ:

Իմ դիմափոշին փակում է
դեմքիս բացված վերքերը-
ես նախորդ կյանքում բորոտ եմ եղել:

Հուդան արծաթով խաչը արնոտեց,
իսկ ես իմ դեմքի վերքերն եմ փակում,
բուժվել չեմ ուզում,
դատարկ պնակից
հարություն առնելն
ավելի հեշտ է:

Աստծուն կարող ես որոնել
անգամ… գորտի կմախքում,
դիմափոշու մեջ ես գտա նրան:

Հառնելուց հետո
ամեն երրորդ օր անսեռ եմ, Աստված:

 

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ

* * *

անմեղությունս
թեթև շիկնել է կողերիս մահճում…

մինչ երկինք հասնող
քաղցրություն են պեղում ձեռքերդ
իմ տարածքում…

ես ատում եմ
բոլոր սլաքները ….ժամացույցների…

ինչո՞ւ է աչքերիդ հարցականը
կախվել իմ կրծքից…

երբ օրը մթնում է
սենյակս լուսավորվում է
քո սև բիբերի փայլով
և ես ունենում եմ երկու ջահ…

բաց լանջիդ թիթեռները
փափուկ սահքով իջնում են ազդրերիս…

ես երջանիկ եմ համարվում
երբ անմեղությունս բողոքում է
և ուժ փնտրում…

դու ուժեղ ես…

մի թող արտասվեմ…

 

* * *

մարմինս բերրի է
և հասած մաշկիս վրա
համ է առել նուռը…

հիացած աչքերիդ պտուղը
կախվել է մարմնիս փեշերից…

երբ սոված լինես
կուտես այն
որ նորից հիանաս…

ես խենթանում եմ
երբ հայացքիդ հակինթները
շարան են դառնում
հասած մաշկիս վրա
և նռան գույն առնում …ամաչելով…

երբ սկսում ես չհիանալ ինձնով
շնչառությունդ քիչ-քիչ նեղվում է
և ես խենթանում եմ
երբ մարմինս պատում է
ինձ լքելու տագնապը…

հրա՞շք է չէ …չսերը
երբ գալիս է անժամանակ
և քեզ ցույց տալիս
թե ինչպես են քայլում լքվածները…

ես ուզում եմ նորից քայլել այդպես
լքվածների նման

տագնապներս ետ բեր…

մարմինս բերրի է
և անհամբեր են իմ թիթեռները…

հրաշք է չէ ՞…

 

* * *

երբ սիրելիդ կողքիդ է
դառնում ես երկրորդ օրհնություն…

ինձ հասու են
բոլոր օրհնությունների ձայները
երբ գիտեմ
որ երկրագնդի
ինձ շատ մոտ կետում
ապրում է սիրելիս
որից խնկի բույր եմ առնում
առավոտյան լոգանքից հետո…

լոգանքից հետո
նա նման է անփորձ պատանու
որին թողել են սիրելու կեսին…

խեղճ իմ

ես երեք անգամ
քո գրկից կաթնահամ եմ առել

և դու գիտես
մաշկիս թացության մասին…

և գիտես
որ ապրում ես երկրագնդի
ինձ շատ մոտիկ կետում…

4 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. Գեղեցիկ են, գեղարվեստական, հնչեղ: Հատկապես՝ առաջին երկուսը: Շնորհակալություն!

  2. Հավանեցի Նարե Հովհաննիսյանի պոեզիան` և խորը զգացմունքները, և դրանք արտահայտելու ճաշակը, և հաղորդելու ուժը:

    • Սլավի-Ավիկ Հարությունյան on 11 Հուլիսի, 2015 at 7:50 ե.
    • Պատասխանել

    Այս աղջիկը բավականին լավ է գրում:

  3. Հավանեցի Նարե Հովհաննիսյանի տողերը: Իր պարզության մեջ արտասովոր հանճար կա:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի