Գրիշ Դավթյան | ԽԱՂԱՂԱԲԱՐ

Խաղաղությունը, որ դու ես բերում

Նման է դաշտի հանդարտ ծփանքին,
Որ խլում է ինձ մաշող հոգսերից,
Տանում է փափուկ իղձերիս հեռուն,
Սրտիս մերձավոր,
Ուզածիս նման…
Որ գրկում ես ինձ մաքուր վայելքով,
Պարգևում սիրո մեղրն ու գինին
Շուրթերիդ թավիշ ըմպումով համակ…
Սեղմվիր այնպես,
Որ հոգսս խեղդվի թևերիդ օղում.
Վիզս պարուրիր բյուր համբույրներով,
Ափերդ հպիր վառվող քունքերիս,
Ու գիրկդ փռիր իմ կրծքի վրա…
Այն ինչ հասնում է
Թող երկար տևի ղողանջի նման,
Որ փշաքաղ է անում սարսուռով,
Որ պատանության մի խենթ թիռ ունի,
Ալիքի նման բախվում է շաղով,
Ու խաղաղվում է տեղատվությամբ,
Խորաշունչ հևքով,
Հատնող հոգնությամբ…
Խաղաղություն բեր պայքարող ոգուս,
Որ հաղթանակը վայելեմ սիրո,
Պատկանելության բնազդ ձեռք բերեմ,
Իմ տիրության մեջ փայփայեմ քեզ գոհ…
Հիմա սրտագին ցանկություններով
Հանձնվում եմ քո տանող ծփանքին.
Սուրբ նվիրումի եզակի տենչով
Ես գրկում եմ քեզ,
Թռցնում տանում
Ծիածանի յոթն գույներով հյուսված
Կամարից այն կողմ,
Երփներանգության սիրո աշխարհը…
Շնչիր իմ շնչով,
Որ քեզ ներշնչեմ բեղմնավորությամբ.
Շուշան պայթեցնեմ սրտիդ միջուկում,
Եվ բացեմ կյանքիդ գաղտնիքը կապույտ
Հաշտ խաղաղությամբ.
Հորիզոնի լուրթ, անգիծ խորքերում
Քեզ փոխարինեմ իմ անդորրությամբ,
Որ խաղաղաբար դու մատուցեցիր…
Խաղաղությունը, որ պարգևում ես`
Նման է դաշտի հանդարտ ծփանքին…
Հանդարտ ծփանքին…

Գլենդել, Կալիֆորնիա, 1998 04 22

Թողնել պատասխան

Your email address will not be published.