Խուան Խոսե Միլիաս | ՆԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՐ ՀՈՐԻՆՈՒՄ

Juan José Millás

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Արդեն պատրաստ էի խելագարվելու, երբ որոշում կայացրի բժշկի մոտ գնալ: Երեք տարի շարունակ, անընդմեջ, պատմություններ էի հորինում: Բժիշկը շատ սիրալիր թվաց:
-Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,- հարցրեց նա:
— Գիտեք, բժիշկ, արդեն մոտ երեք թե չորս տարի է, ամբողջ օրը պատմություններ հորինելուց բացի ուրիշ բան չեմ անում: Մանկուց նյարդային խառնվածք ունեմ ու երեսուն տարեկանում բուժման եղանակը գտա. առանձնապես, ոչ մի լուրջ ճգնաժամ չապրեցի, բայց այս պատմություններ հորինելը սկսում է ինձ անհանգստացնել:
-Ի՞նչ եք ուզում ասել:
— Դե, որ օրս անց եմ կացնում գոյություն չունեցող պատմություններ հորինելով: Օրինակ, հենց նոր, քանի դեռ նախասրահում էի, պատկերացրի, որ այս հիվանդանոցը, իրականում, ինչ-որ մի կազմակերպության աշխատակազմի գրասենյակ է, որտեղ եկել եմ աշխատանք փնտրելու:
— Դուք ի՞նչ եք կարողանում անել:
— Տեսնո՞ւմ եք: Դուք արդեն իմ պատմության մեջ մտաք: Այնքան հեշտ է մի ինչ-որ թեմայով տարվելը… Օրինակ, դռան զանգը հնչում է, ու ամուսինս է աշխատանքից գալիս: Բայց ես պատկերացնում եմ, թե նա հայրս է (իհարկե, կյանքիս մի այլ ժամանակահատվածում), իսկ ես երեխա եմ: Ու նրան դիմավորում եմ ինչպես միշտ, երբ վերադառնում է գրասենյակից, բայց այնպես, որ նա գլխի չընկնի, որ ես արդեն իր աղջիկն եմ դարձել: Նստում եմ նրա կողքին, ձեռքից բռնում ու հարցնում, թե ինչ է արել օրվա ընթացքում: Վատն այն է, որ չեմ կարողանում դադարել պատմություններ հորինել. երբեմն մի պատմություն վերջացնում եմ ու այնպիսի զգացողություն եմ ունենում, թե հաջորդը չի լինելու, ու այդ ժամանակ մոտս տրտմության պալար է առաջանում, որովհետեւ վախենում եմ, որ դժբախտություն կպատահի, եթե թողնեմ պատմություններ հորինելը, որ մորս հետ մի բան կպատահի կամ այդ տիպի բաներ: Բայց երբ անհանգստությունս սկսում է անտանելի դառնալ, եւ մի որեւէ պատմության ավարտի եզրին եմ լինում, մի նոր թեմա է ի հայտ գալիս, ու դա ինձ ակնթարթորեն շունչ է տալիս:
— Կարծում եմ, որ չեմ կարող ձեզ օգնել,- տարօրինակ շարժումով ասաց բժիշկը:
— Ինչո՞ւ, բժիշկ,- հարցրեցի ես՝ փորձելով գայթակղել նրան իմ արհեստավարժ ժպիտով, որն օգտագործում եմ նպատակիս հասնելու համար:
— Իրականում գինեկոլոգ եմ, դուք պետք է հոգեբույժի մոտ գնայիք:
— Իսկ ինչո՞ւ չեք պատկերացնում, որ դուք հոգեբույժ եք, իսկ ես նոր հիվանդ՝ երաշխավորված միջազգային համբավ ունեցող մի ուրիշ հոգեբույժի կողմից:
Բժիշկը հազաց, նյարդային անհանգստությամբ խաչեց ձեռքերը եւ մի պահ, թվաց, թե երկմտում է:
— Ի՞նչ կլինի,- պնդեցի ես՝ թեքելով գլուխս այնպես, որ ճակատս ծածկող մազերս ընկնեն դեմքիս վրա ու հատվածների բաժանեն արհեստավարժ ժպիտս, որի մասին արդեն հիշատակել եմ:
Այդ պահին, այնպիսի տպավորություն ունեցա, որ բժիշկը համակվեց վախի նոպայով, այն տիպի վախի, որը մեզ տիրում է, երբ մի որեւէ որոշում կայացնելու եզրին ենք, որը կարող է լիովին փոխել մեր կյանքը: Հասկացա, որ խուսափում էր ինձնից եւ, հիրավի, ուղղվեց, ինձ դուրս հրավիրեց ու բուժքրոջն ասաց, որ ինձ տա բժիշկ Գուտիեռեսի այցեքարտը:
— Նա լավ հոգեբույժ է,- ավելացրեց,- իմ կողմից այցելեք:
Դուրս եկա փողոց եւ պատկերացրի, թե մի խեղճ աղջիկ եմ, որին հենց նոր հեռացրել են աշխատանքից եւ որ մենակ է այդ հսկա ու դաժան քաղաքում: Հյուրանոցում ապրելու մի ամսվա փող էր մնում մոտս ու հենց այս շաբաթվա ընթացքում հարկավոր էր ուտելու համար մորս մի քանի դրամ ուղարկել: Քայլեցի մայթի երկայնքով՝ փորձելով չմտածել, կարծես սպասելով, որ ինչ-որ արտաքին պատահար կրկին գործի դնի բախտի մեխանիզմը: Այդ պահին մի խանութի մոտով անցա, որտեղ օծանելիք ու էժանագին զարդեղեն կար: Մտա ինձ համար օծանելիք գնելու, և միաժամանակ շարունակելով մտածել խեղճ աղջկա պատմության մասին՝ մի ահավոր վզնոց տեսա, որը հակադրվում էր իմ վայելուչ հագուստին: Գնեցի ու կրեցի այն, որպեսզի ավելի նմանվեմ փողոցով քայլող այն կերպարին, որը հուսալքման եզրին էր: Նաեւ մի պլաստիկ ապարանջան գնեցի՝ աչքի համար չափազանց վտանգավոր գույներով, ու դուրս եկա խանութից՝ տեսնելու, թե ինչ կկատարվի:
Այդ պահին, բարձրահասակ ու նիհար մեկին տեսա, որը կռացել էր կոշիկի քուղը կապելու: Թուխ ու դեղնաշագանակագույն փողկապ էր կրում, որի վրա էր կենտրոնացել տիեզերքի ողջ նրբագեղությունը: Հինգ տարի առաջ մահացած հորս ձայնը լսեցի, որ ասում էր. «Այդ մարդը, որն իր կոշիկի քուղն է կապում, ճակատագրիդ մի մասն է»:
Սսկսեցի հետեւել այդ մարդուն, որն իր մեջ անիրական մի բան ուներ, որովհետեւ զուրկ էր կարիքավորի տեսքից, ինչն ունեն նրանք, ովքեր վաստակում են, նույնիսկ երբ լավ են վաստակում, ինչպես իմ ամուսինը:
Քիչ անց այդ մարդը, թվաց, թե գլխի ընկավ, որ հետեւում եմ իրեն եւ իմ գործողությունները կառավարելու համար սկսեց ոտքը կախ գցել ցուցափեղկերի առջեւ: Հմտորեն ժպտացի նրան ու թեքեցի գլուխս՝ ճակատս ծածկող մազերովս ստեղծելու վերոհիշյալ ազդեցությունը: Ենթադրեցի, որ եթե նրա վստահությունը շահեմ, կարող եմ հանգիստ ճշտել, թե որտեղ է թաքնվում: Մարդը մի քանի վայրկյան երկմտեց ու, երբ արդեն պատրաստ էր ինձ խոսք ուղղել, վախի մի շարժում արեց ու շարունակեց քայլել: Ես երեք փողոց էլ նրան հետեւեցի ու այդ ժամանակ հասկացա, որ շատ մոտ ենք գտնվում գինեկոլոգի խորհուրդ տված հոգեբույժի՝ բժիշկ Գուտիեռեսի հիվանդանոցին: Այնպես որ երեւակայեցի, որ ներսումս կրկին լսում եմ հորս ձայնը, որն այս անգամ ասաց. «Այդ մարդը, որն իր կոշիկի քուղն է կապում, եւ որին հետեւում ես, արդեն կատարել է քո ճակատագրի՝ իրենից պահանջվող մասը, եւ դա բժիշկ Գուտիեռեսի հիվանդանոցի մոտ քեզ բերելն էր»:
Բարձրացա հիվանդանոց ու, չնայած նախօրոք գրանցված չէի, այնպես արեցի, որ հոգեբույժն ինձ ընդունեց:
— Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել,- հարցրեց նա:
— Գիտեք, բժիշկ, մի քանի օր է ձվարանի ցավեր ունեմ եւ, բացի այդ, կրծքերս կարծես բորբոքված լինեն:
— Դուք պետք է գինեկոլոգի այցելեիք,- ասաց նա,- ես հոգեբույժ եմ:
— Արդեն եղել եմ գինեկոլոգի մոտ, ու նա ինձ այստեղ է ուղարկել: Իրականում ձվարանի ցավեր չունեմ, բայց ինչ կլինի, եթե պատկերացնեք, որ դուք գինեկոլոգ եք, և, որ ես հետաքրքիր դեպք եմ:
— Բայց դուք ձվապարկի ցավեր չունեք:
— Դուք էլ գինեկոլոգ չեք, բայց բանն այն է, որ կարող ենք միասին մի պատմություն մոգոնել: Մինչ նախասրահում սպասում էի, օրինակ, պատկերացնում էի, որ դուք մի կարեւոր ձեռնարկատեր եք, իսկ ես՝ մի խեղճ աղջիկ, որն եկել է աշխատանք փնտրելու:
— Դուք ի՞նչ եք կարողանում անել:
— Տեսնո՞ւմ եք: Արդեն ակամայից սկսեցիք ինձ հետ երեւակայել: Չգիտեմ ինչու, գինեկոլոգներն ու հոգեբույժները միշտ ծուղակս են ընկնում:
— Ինձ ձե՞ռք եք առնում,- ցրված ասաց նա՝ առանց հայացքը կտրելու իմ խայտառակ վզնոցից ու պլաստիկ ապարանջանից,- լսեք, ձեզ ընդունեցի, որովհետեւ կարծեցի, թե շտապ դեպք է, բայց նման տեսարաններ չեմ տանի ինձ մոտ:
— Բանն այն է, որ շատ նյարդային եմ:
— Լավ, Ձեզ հաբեր կտամ ու կուղարկեմ իմ կողմից վստահված գինեկոլոգի մոտ:
— Հաբեր չեմ ուզում, ուզում եմ պատմություններ հորինել: Բացի այդ, ձվարանի ցավեր չունեմ:
— Դուք խելագա՛ր եք,- ասաց նա զայրույթի պոռթկումով:
— Պատկերացրե՛ք,- պատասխանեցի ես ու գնացի մի ուրիշ տեղ պատմություններ հորինելու:
Մի խոսքով:

4 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. Լավ թարգմանություն է և շատ լավ պատմվածք: Շնորհակալություն

  2. հաճելի է լսել))

  3. Ես էլ հավանեցի: Հետաքրքիր պատմություն է և լավ թարգմանություն:

  4. Իսկապես լավ թարգմանություն է: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի