Հրանտ Ալեքսանյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

VIP-Երազներ՝ Երևան — Փարիզ օդանավում

1.Կլոր նավակի պես է` ոչ արդիական օդանավի նման:
Պատրաստված է ոսկուց ու տուֆի խառնուրդից,
թե՞ քանդակված է ճարտարորեն:
Չունի նա ոչ ծածկ եւ ոչ կողապակի,
սակայն ապահով սավառնում ես նրա ներսում նստած.
չկա դիմահայաց քամի ու սառնություն,
իսկ ամպերից վեր երկինքը խավար չէ, այլ` ծիրանագույն:
2.Սիրտդ խփում է արքայական ռիթմով կամ` մոռացված դիցի
կապույտ զգայությամբ: Փոքրիկ ոստյունով
բարձրանում ես վեր եւ միառժամանկ կանգնում աներեւույթ
աշտարակի գլխին: Ձեռքի սահուն ու կոկիկ շարժումներով
փոփոխում ես քաղաքների տեղադրությունը`
ըստ տիեզերական համադաշնության: Փոփոխում ես եւ
բոլոր կառույցները, որ մարդակերտ են: Ձեռքդ հենց հպում ես
Աստծո արարվածքին` վառվում է քուրա ընկած
ռետինի պես:
3.Հիշողության կարմիր շերտավարագույրների ետեւից ահա
կիսամերկ հայտնվում է Նաիրի տղան`
ոսկյա խաչեր ձեռքին եւ պսպղացող սպիներով:
Նա շշնջում է հմայության հնչուն մի քանի բառ,
որ հաղորդակցվեմ Աստծո ու Բախտի հետ:
Ասաց. “Մի կանչիր ինձ, ես այնքան մոտ եմ էությանը քո,
որ անտեսանելի եմ այլեւս քեզ: Ահա մի տաճար`
քեզ ու ամենեցուն, բայց կրակից ու սառցից է շինված,
ինչպես ողջ կյանքը ամենտեղյա”:
4.Մայրցամաքի դալար հովիտներից մեկում
հրեշտակները հանգանակում են
գթություն, սեր ու խաղաղություն:
Իսկ թռչունները երկինքներից կտցում, ցած էին բերում
հավատի բուրյան զանգակածաղիկներ:
5.Թռչում ես, եւ երկիրդ ամենուր է:
Ուր իջնում ես` հայրենի քաղաքդ է հանապազօրյա:
Խոսում եմ մայրենի բարբառով` անճիգ արձագանքում են քեզ
նույն առոգանությամբ:
Ես հասկանում եմ բոլոր օտար լեզուները:
Սակայն աղաչում են ինձ սրտապատառ`
դեռ չբարձրաձայնել այդ ամենի մասին:

07.02.2011

Ծիանագույն Լեզու
(ուրվապատկերներ ապագա ասքի համար)

-Թրթռում է միտքը ցեղի ու պատմության հախճապակու վրա,
ինչպես չվահյուր կռունկ` էլեկտրասյան գլխին…
-Տարին ետ է քաշվում` հայելու մեջ իրեն երկար տնտղելով,
եւ աչքերի մեջ նրա ցավի մարգարիտներ ու աղերսանքի բոց կա…
-Անվրդով ջրերի փափագը արծաթե գոտու պես
սեղմում է մարմինդ
եւ մղում նրան մի այլ թովչանքի…
-Ներսիդ կակաչները խմբերգում են սեր ու երջանկություն,
իսկ վագրը, վագրը հոգուդ թավուտներում
դեռ մռլտում է իր անհեռանկար ազատության ահից…
-Հոգին հակվում է գիշերվա վրա` ինչպես խավարման
արեգակ, սակայն կպարզվի շուտով ու կշողշողա
ապաշխարանքի ջահերի վառմամբ:
-Ապագան դարձի` հատու եւ այրող ոտքերով անվերջ
դոփապարում է Կանխազգացման բեմահարթակին —
ինչպես արու ճայն է վերեւներից սուրում ցած ու անհագորեն
զուգավորվում էգ ծովաշխարհի հետ…
-Աճում է վարդը երկնաթերթերով` բույրն իր պահ տալով
երկրաբնակ մեծ սիրեկանին…
-Դեպի վեր հառված միտք ու հայացքից սիրտը ահ ունի հազար:
Դեպի վար թեքված սեւեռումներից խորունկ դողահար են
սիրտ ու մարմին: Ետ նայելուց անուժ մղկտում ես կարկտահարվածի պես:
Եւ իբրեւ միակ ճիշտ փրկություն` առաջ ես նայում հուսավառված,
երբ Սրտին սպասող սարսափն իսկական առջեւում է հենց…
-Երկրի գեղոնները երամ-երամ իջան տանիքներին ու ալեհավաքներին`
ինչպես կորուսյալ դրախտից հղված
եւ նոր տեղ հասնող ավետիսներ…
-Մի հնչյունի վրա ուզում է պատկերվել նվաղած աշխարհը:
Իր բառն է տենչում սեփականել սլացիկ ժամանակը,
որ սաստիկ նեղվում է անցողիկությունից:
Բայց իրերի ու հոգու կամքը մշտածուփ կրկին դրոշմվում է
հառաչանքի կարմիր փայլաթիթեղներին…
-Այսքան բաղձանք եւ` բազմապատիկ է կենաց տրտմությունը:
Այքան հավատ եւ` քառապատիկ է անհավատությունը:
Հավասարակշռությունը հոգու ախոյանն է,
եւ լուսնահար մարդը կրկին շարժվում է դեպի եզրագծեր,
ուր Անկումն է փթթում եւ նույն անունը տրվում ամենեցուն:
-Ժամանակը բեղմնավորվում է աչքերի փայլով`
ինչպես կոբրայի նայվածքից դյութված կուրտիզանուհի:-
Հիպնոսներով են ի կյանք ոգեկոչվում առավոտները երկրատարած:
-Վթարային ինքնաթիռները ապահով վայրէջքում են
քո թախծի ազատ հրապարակում:
Մոլորված նավերը գալիս խարսխվում են քո անձկության լայնեղ
ծովածոցում: (Ես կճանապարհեմ նրանց մատղաշ խոսքերով):-
Մրրկահար երազը լույս է արձակում նորալեքսանդրյան
փարոսի շնչով, քանի դեռ չի շանթահարվել
հուսաբեկության սառը ֆոսֆորով…
-Ինչ խմորվում է ակնթարթորեն երգող հոգու մեջ,
գերհամակարգիչները մեկտեղ իսկ անգամ
անունակ են ստույգ հաշվարկել այդքան շարժ ու շրջադարձ,
պատկերագծել իրապաշտորեն…
-Երկրաշուրջ ուղեծրում կորած արբանյակի նման
քո սերն անհետացավ իմ տան մատույցներից.-
փոքրիկ խաղալիքն իսկ կհաստատի ճշտիվ երջանիկ անցյալը,
բայց ո՞ւմ փոխանցել վավերաթուղթը…
-Հոգեշշից ահա դուրս է ելնում հասուն շամպայնի պես`
ելեւէջումի իր տաք հորձանքում պարփակելով անցյալ խռովքները,
հրճվանքները վաղվա:-
Պայծառատես լեզու, որ հմայում ես տիեզերքի ցասկոտ ու խենթ ոգին…

2011թ..փետրվար

Թողնել պատասխան

Your email address will not be published.