Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴՈՒՔ ՎԱԽԵՑԵՔ…

Դուք վախեցեք շիրիմներից առևանգված,
Ու վանքերից մեր քարուքանդ դուք վախեցեք,
Մատուռներից և ուխտերից մեր անարգված,
Մեր կորցրածից, ձեր գտածից դուք վախեցեք:
Կմրմնջան երկրի խավար գիշերվա մեջ
Ուրվականներն անշիրմաքար մեր զոհերի,
Ու կհնչեն լուռ ու անճառ գիշերվա մեջ
Ձայնարկումները՝ պարզված առ Տեր վերին:
Դուք վախեցեք ավեր-խավար մեր գոմերից,
Քարուքանդված մեր տներից դուք վախեցեք,
Վախենալով դուք մեր ամեն հիշատակից,
Դուք վախեցեք, սերունդներին ձեր վախեցրեք:
Կամրջի տակ, քանդված վանքում, ավեր գյուղում,
Օ՜, վախեցեք դուք մեր ոգու ուրվականից,
Ավերակի գլխին հանկարծ աստղն է շողում,
Առ Հիսուսի սուրբ մսուրն է քաշում նա ինձ:

ՀԵՇՏԻԱ
1.
Չեմ հասկացել՝ ինչ են ասել
Աղբյուրներդ քարերի մեջ,
Չեմ հասկացել, բայց այն ձայնը
Հենց չեմ լսել,
Թվացել է՝ ծերանում եմ ջահել-ջահել:
Չեմ հասկացել խորհուրդները
Գիշերներիդ սև ու խորունկ,
Չեմ հասկացել, սակայն ինձ հետ
Հենց չեն խոսել,
Ցերեկներն էլ դարձել են մութ:
Չեմ հասկացել քեզ մոտիկից, չեմ հասկացել…
Հենց հեռացել եմ քեզանից,
Մասրենիներդ խարույկ են ասես դարձել,
Խատուտիկներդ՝ սյուքերի շուրթին զռիկ,
Ու դյութելով ինձ վերստին ետ են քաշել:
Չեմ հասկացել՝ ինչ է ասել
Ծխնելույզի վրա քամին,
Ինչ մեղեդի մատնահարել
Հեռագրական լարերին…
Ու ինչ, հիմա, երբ որ արդեն նրանք լռել,
Նրանք լռել, հիմա ես եմ լեզու առել,
Ու դառնալով հիմա բառեր,
Չգիտեմ ինձ, թե՞ քեզ եմ ուզում թարգմանել:
2.
Հեշտիան հեշտագին արբունք-հեշտանք է,
Գիշերների մեջ տամուկ մի շեր,
Կապույտ մուժի տակ տաք վերհուշանք է,
Գորտերի երգում ճոճվող գիշեր:
Աղբյուրի ծիծաղ, ասուպի խաղ է,
Մարգերի թույր է հաշիշաբույր,
Մշո մի փշուր, Բյուրակնի տաղ է,
Կիսատ աղոթք է, կիսատ համբույր:
Կռունկի կանչ է, սագերի ճիչ է,
Մորս հայացքն է բարի, ներհուն,
Հեշտիան ձնագույն ձիու խրխինջ է,
Հիրոսիմայից հեռո՜ւ, հեռու…
3.
Միջնադարյան քարե ձիեր՝
Գյուղիս վանքի գավթում կանգնած,
Որտե՞ղ են հեծյալները ձեր՝
Ասպետական ու սրտաբաց,
Միջնադարյան քարե ձիեր,
Ի՞նչ հոգսերի դուռ եք բացում,
Կորել է ախորժակը ձեր,
Քանի՜ դար է, չեք արածում:
Ձեր հեծյալաց գնալուց ետ
Եկան օրերը ու անցան,
Քանի՜ մանչուկ մեջքերին ձեր
Սլացք-տենչով հասունացան,
Միջնադարյան քարե ձիեր՝
Գյուղիս վանքի գավթում կանգնած,
Իմ մրմունջն էլ, հանց լուռը ձեր,
Անաս ցավով լեցուն մի լաց:
Շուտով ինքս էլ եմ գնալու
Աշխարհը ձեր հեծյալների,
Կասեմ՝ բերել եմ ձեզ ողջույն,
Բարև ունեք ձեր ձիերից,
Կժպտան ձեր հեծյալները՝
Ապրեն բերող և ուղարկող,
Դուք կլսեք, կապրեք, ձիեր,
Իսկ ես արդեն դառնում եմ հող:
Գյուղիս վանքի գավթում կանգնած
Միջնադարյան քարե ձիեր,
Կանգնած այդպես վարգում եք, բայց…
Քրոնոսի դաշտերն ի վեր:

Թողնել պատասխան

Your email address will not be published.