Պաբլո Ներուդա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաբլո Ներուդա

Պաբլո Ներուդա

Թարգմանությունը իտալերենից՝ Սիրանույշ Օհանյանի

Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում

սոնետ XLIV

Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում
Որովհետև կյանքը երկու սեռ ունի.
Բառը լռության մի թևն է,
Կրակը ցրտի մի կեսն է:

Քեզ սիրում եմ, որ սկսեմ քեզ սիրել,
Որ վերսկսեմ անվերջը,
Որ չդադարեմ քեզ սիրել երբեք,
Դրա համար քեզ նորից չեմ սիրում:

Քեզ սիրում եմ և չեմ սիրում, ինչպես եթե ունենայի
Ուրախության բանալիներ իմ ձեռքերում,
և անորոշ ճակատագիր մի դժբախտ:

 

Իմ սերը երկու կյանք ունի քեզ սիրելու,
դրանից է, որ քեզ սիրում եմ, երբ չեմ սիրում
և դրանից է, որ քեզ սիրում եմ, երբ սիրում եմ:

 

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը

Իմ սրտի համար բավ է քո կուրծքը,
Քո ազատության համար բավ են իմ թևերը:
Իմ բերանից մինչ ամպերը կհառնի
Այն, ինչ հանդարտված է քո հոգում:

Եվ քո մեջ ամեն մի օրվա պատրանքն է,
Իջնում ես ինչպես ցողը՝ ծաղկապսակին:
Փորում ես հորիզոնը քո բացակայությամբ:
Ալիքի նման հավերժ վազքի մեջ:

Ասում եմ՝ երգում ես քամու մեջ,
Ինչպես սոսիները, ինչպես նավակայմերը:
Դու նրանց պես բարձր ես և լռակյաց:
Եվ տխուր ես, ինչպես ճամփորդությունը:

Եվ հին ճամփի նման հյուրընկալ ես դու,
Բնակեցված արձագանքներով և կարոտի ձայներով:
Ես արթնանում եմ, և երբեմն թռչում ու չվում են
Թռչունները, որ քնած են քո հոգում:

 

Եթե ինձ մոռանաս

Ուզում եմ, որ իմանաս
մի բան.
գիտես՝ ինչպես է.
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղին,
դանդաղընթաց աշնանը՝ իմ պատուհանից,
երբ հպվում եմ
կրակի մոտի
անշոշափելի մոխրին,
կամ փայտի կնճռապատ մարմնին,
ամեն ինչ ինձ բերում է քեզ մոտ,
ինչպես եթե այն ամենը, ինչ գոյություն ունի՝
բույրերը, լույսերը, մետաղները
լինեին փոքրիկ նավակներ,որ լողում են
դեպի քո կղզին, որ ինձ է սպասում:
Եվ այսպես,
թե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ.
եթե հանկարծ
մոռանաս ինձ
մի՛ փնտրիր ինձ,
որովհետև մոռացել եմ քեզ արդեն.

եթե հաշվի առնես տևական և խենթ
դրոշների քամին,
որ անցնում է իմ կյանքում
և որոշես
լքել ինձ ափին
սրտի, որտեղ ունեմ արմատներ
մտածիր
որ այդ օրը,
այդ ժամին
բարձր կձգեմ թևերս
և դուրս եկած արմատներս
ուրիշ հող կփնտրեն:

բայց
եթե ամեն օր
ամեն ժամ
զգաս, որ ինձ համար ես նախանշված
անսասան քաղցրությամբ,
եթե ամեն օր բարձրանա
քո շուրթերի ծաղկը՝ փնտրելու ինձ
ավաղ, սեր իմ, ավաղ, սեր իմ
իմ մեջ կրկնվում է այդ կրակը,
իմ մեջ ոչինչ չի մարում, ոչինչ չի մոռացվում,
իմ սերը կենդանի է քո սիրով, սիրելիս,
և քանի դեռ կաս, այն կմնա քո թևերի մեջ,
առանց հեռանալու ինձնից:

 

Խնդրում եմ լռություն

Այժմ հեռացեք ինձնից խաղաղությամբ,
Այժմ ընտելացեք առանց ինձ:
Փակում եմ աչքերս:

Եվ ընդամենը հինգ բան եմ ցանկանում,
Հինգ արմատներ են նախընտրելի:

Առաջինը անսահման սերն է:

Երկրորդը աշունը տեսնելն է:
Չեմ կարող ապրել առանց նրա, որ տերևները
Թռչում և վերադառնում են երկիր:

Երրորդը ծանր ձմեռն է,
Անձրևը որ սիրում եմ, շոյանքը
Սառը փայտերի կրակի:

Չորրորդը ամառն է.
Կլոր, ինչպես ձմերուկը:

Հինգերորդը քո աչքերն են:

Իմ Մաթիլդա, ամենասիրելիս,
Չեմ ուզում քնել առանց քո աչքերի
Չեմ ուզում լինել առանց քեզ՝ ինձ նայելիս,
Կտամ գարունը,
Դրա դիմաց, որ շարունակես նայել ինձ:

Սիրելիներ, ահա այն ամենը, ինչ ուզում եմ.
Գրեթե ոչինչ և գրեթե ամեն ինչ:

Հիմա, եթե ուզում եք, հեռացեք:

Ես այնքան եմ ապրել, որ մի օր
Ստիպված կլինեք ակամա մոռանալ ինձ.
Ջնջել ինձ գրատախտակից.
Իմ սիրտն անսահման էր:

Սակայն, եթե հիմա լռություն եմ խնդրում
Չկարծեք, թե պատրաստվում եմ մեռնել.
Ճիշտ հակառակը.
Այն է, որ ապրելու եմ:

Այն է, որ կամ ու լինելու եմ:

Ոչինչ էլ չի լինի, բացի այն,
Որ իմ միջից հացահատիկ է աճում.
Առաջին հատիկները, որ ճեղքում են
Հողը՝ տեսնելու համար լույսը,
Սակայն մութ է մայր հողը.
իմ ներսում էլ մութ է.
ես ջրհոր եմ, որի մեջ ջուրը
գիշերը լքում է իր աստղերը
և մնում միայն դաշտերի համար:

Եվ որքան ապրել եմ,
Նույնքան ցանկանում եմ ապրել:

Երբեք ինձ այսքան հնչեղ չեմ զգացել
Երբեք չեմ ունեցել այսքան համբույրներ:

Հիմա, ինչպես միշտ, վաղ է.
Լույսը թռչում է իր մեղուների հետ:

Թողեք ինձ մենակ օրվա հետ,
Խնդրում եմ, թույլ տվեք ծնվել:

 

Աղբյուր

2 pings

  1. […] Աղբյուր՝  http://lit-bridge.com/4182/%D5%BA%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A4%D5%A1… […]

  2. […] Գրական Կամուրջ […]

Թողնել պատասխան

Your email address will not be published.