Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ՀԱՆԴԻՊՈՒՄ

Luis Fernando Verissimo

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Կինը նրան հանդիպեց ներմուծված գինիների բաժնում՝ կանգնած մտահոգ: Ցանկացավ հետ գնալ, բայց արդեն ուշ էր, իր սայլակը կանգ առավ ուղիղ նրա ոտքերի մոտ: Տղամարդը նրան նայեց նախ անտարբեր, հետո՝ զարմանքով, հետո՝ շփոթված, ու, ի վերջո, ժպտացին իրար:
Վեց տարի ամուսնացած էին եղել, բաժանված`մեկ: Առաջին անգամ էին հանդիպում բաժանումից հետո: Ժպտացին իրար, ու տղամարդը խոսեց նախքան կինը կխոսեր. գրեթե միաժամանակ խոսեցին:
— Դու այս կողմերո՞ւմ ես ապրում:
— Հորս տանը:
Հոր տա՜նը: Նա գլուխը թափահարեց, ձևացրեց, թե իր սայլակում ինչ-որ բան է դասավորում. պահածոներ, բուլկիներ, շշեր, ամեն ինչ, միայն թե կինը չտեսնի, թե որքան հուզված է:
Իմացել էր իր նախկին աներոջ մահվան մասին, բայց չէր կարողացել համոզել իրեն գնալ թաղմանը: Դա պատահել էր բաժանումից անմիջապես հետո. խիզախությունը չբավեց գնալ՝ ցավակցելու կնոջը, որին դեպքից մեկ շաբաթ առաջ «կով» էր անվանել: Ինչպե՞ս էր ասել. ասել էր՝ «Դու անսիրտ կով ես»: Կինը կովային ոչ մի բան չուներ, բարեկազմ կին էր, բայց այդ պահին, այլ վիրավորանք մտքին չեր եկել: Նրան ասած իր վերջին խոսքը դա էր եղել: Իսկ կինն իրեն «կեղծավոր» էր անվանել: Որոշեց չհարցնել, թե ինչպես է կնոջ մայրը:
— Իսկ դո՞ւ,- դեռևս ժպտալով` հարցրեց կինը:
Նույնքան գեղեցիկ էր:
— Այստեղ մոտակայքում բնակարան ունեմ:
Ճիշտ էր արել, որ չէր գնացել ծերուկի թաղմանը: Լավ է, որ առաջին հանդիպումն այսպես ստացվեց` ոչ պաշտոնական, սուպերմարկետում, գիշերը: Տեսնես կինն այդ ժամին ի՞նչ էր անում այդտեղ:
— Միշտ այս ժամի՞ն ես գնումներ կատարում:
Աստվա՜ծ իմ,- մտածեց նա,- հանկարծ կինը հարցը հեգնանքի տեղ չընդունի:
Դա իրենց ամունության թնջուկներից մեկն էր. ինքը երբեք չգիտեր, թե կինն ինչպես կընդունի իր ասածը: Դրա համար էլ, վերջը, ինքը կնոջը «կով» անվանեց: «Կով» բառը կասկած չէր թողնում, որ անարգում է նրան:
— Ո՜չ, ո՛չ, բանն այն է, որ մի քանի ընկերներով մեր տանն ենք հավաքվել, որոշեցինք ուտելու բան պատրաստել, բայց տանը ոչինչ չունեի:
— Հետաքրքիր է, ես էլ տանը հյուրեր ունեմ ու եկել եմ խմիչքներ, պաշտետ ու մի քանի բան գնելու:
— Ուրախ ժամանց:
Կինն ասաց՝ «մի քանի ընկերներ»: Տեսնես, իր ժամանակի մարդկանցից որևէ մեկը կա՞. հի՞ն շրջապատն է: Ինքը վաղուց չի հանդիպել ամուսնական շրջանի հին ընկերներին: Կինը միշտ ավելի շփվող է եղել, քան ինքը: Ով գիտի, գուցե ընկեր է: Նա գեղեցիկ, գրավիչ կին է, իհարկե, հավանական է, սիրեցյալ ունի. կովի մե՜կը:
Կինը մտածում էր, որ նա ատում էր քեֆերը, չէր սիրում, երբ տանը մարդ է լինում: Նրա համար օրվա ծրագիրը կայանում էր հոր տանը կարտ խաղալը: Իսկ հիմա տանն ընկերնե՞ր ունի, թե՞ ընկերուհի: Ի վերջո, դեռ երիտասարդ է… ընկերուհուն թողել է բնակարանում ու եկել գնումներ կատարելու: Եվ ներմուծված գինի է գնում. կեղծավորի մե՜կը:
Ամուսինը մտածեց. «ինքն իմ պակասը չի զգում. տունը լիքն է ընկերներով»: Եվ եզրակացրեց՝ ես նրան տեսնելով շփոթվեցի, երևի կարծում է, թե ես իր պակասն եմ զգում, բայց նա այդ բավականությունը չի ստանա, ո՛չ:
— Խմիչքներիս դարակը երկար լիքը չի մնում: Տանը միշտ մարդ կա,- ասաց նա:
— Իմ տանն էլ մեկը մյուսի հետևից քեֆեր են:
— Դու միշտ քեֆեր սիրել ես:
— Իսկ դու, ոչ:
— Մարդիկ փոխվում են, այնպես չէ՞: Սովորություններն են փոխվում…
— Տեսնում եմ:
— Դու ինձ չէիր ճանաչի, եթե նորից հետս ապրեիր:
Կինը, դեռ ժպտալով, ասաց.
— Աստված մի արասցե:
Երկուսն ել ծիծաղեցին. ոչ պաշտոնական հանդիպում էր:
Վեց տարի իրար շատ ուժեղ էին սիրել: Չէին կարողանում ապրել առանց մեկմեկու: Ընկերներն ասում էին. «Այս երկուսից մեկը եթե մահանա, մյուսն ինքնասպան կլինի»: Ընկերները չգիտեին, որ նրանց միջև տարաձայնություն կա: Սիրում էին, բայց իրար չէին հասկանում: Թվում էր՝ սերն ավելի ուժեղ է, որովհետև գերակշռում էր տարաձայնությանը, խթանող ուժ ուներ, կինը կատարում էր այն, ինչ ամուսինն ասեր, ամուսինը ոչինչ չէր ուզում ասել:
Միասին մոտեցան դրամարկղին. նա չառաջարկեց վճարել կնոջ փոխարեն, ամեն բանից հետո կինն իր վճարած թոշակով էր քեֆեր կազմակերպում «մի քանի ընկերների» համար: Նա ուզում էր հարցնել կնոջ մոր առողջության մասին. կինն ուզում էր հարցնել, թե նա ինչպես է, թե արդյոք միզապարկի պրոբլեմը նորից կրկնվե՞լ է. երկուսն էլ միաժամանակ սկսեցին խոսել, ծիծաղեցին ու իրար հաջողություն մաղթեցին` առանց որևէ բան ասելու:
Երբ կինը տուն հասավ, դեռ լսվում էր մոր փնթփնթոցը անկողնու միջից. որ ինքը պետք է վերջ տա գիշերային գնումներ կատարելու այդ սովորությանը, որ ինքը պետք է ընկերներ ձեռք բերի, ինչ-որ բան ձեռնարկի` կորցրած ամուսնուն ափսոսալու փոխարեն: Կինը ոչինչ չասաց: Տեղավորեց կատարած գնումները քնելուց առաջ:
Երբ տղամարդը տուն հասավ, բացեց մի տուփ պաշտետ, հաց, պորտուգալական գինի, սկսեց մենակ ուտել, խմել մինչև քունը տանելը, և գնաց քնելու:
«Այդ կեղծավո՜րը»՝ քնելուց առաջ մտածեց կինը:
«Այդ կո՜վը»՝ քնելուց առաջ մտածեց տղամարդը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.