Էդուարդ Հախվերդյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կյանք

Վաղուց
Հայտնվել եմ այս կինոդահլիճում
Ֆիլմը
Եռաչափ
Վատ մոնտաժ արած
Նույն Ֆիլմն է
Երբեմն թափահարում եմ ձեռքերս
Շարժում եմ ոտքերս
Ասես մասնակիցն եմ Ֆիլմի
Բայց բոլոր կադրերը ընթանում են
Իմ կամքից ու մտածողությունից անկախ
Ահ…
Հոգնեցի
Էլ չեմ դիմանում
Ուզում եմ սուլել
Ուզում եմ բղավել
«ՍԱ՜ՊՈ՜ԺՆԻ՜Կ*»
«ՍԱ՜-ՊՈ՜Ժ-ՆԻԿ»
«ՍԱ՜-ՊՈ՜Ժ-ՆԻԿ»
——————————
* Կոշկակար,փինաչի (ռուս.)

***
Շեփորի ձայնը
Գլուխներս տարավ
……………………..
Մեռյալներից ոչ մեկը
Հարություն չառավ
Իսկ ողջերը
Լուռ ու գլխահակ
Առանց շեփորի
Շարունակում են ննջել
Հողե վերմակների տակ
***
Մնացի
Ու չեկա քո ետևից…
Ուզում էի տեսնել
Հեղաշրջումը
Եվ փոփոխությունը ամեն ինչի
Հեղաշրջում եղավ
Ու ամեն ինչ փոխվեց
Ես չդարձա արքա
Եվ ոչ էլ զորավար
Դու բաժին հասար մեկ ուրիշի
Որ նույնպես արքա չէր
Եվ ոչ էլ զորավար
Ես հիմա քրքրում եմ գրքերը
Քո հետքը որոնելով
Գնում եմ էտյուդի
Քո պատկերը փնտրելով
Ու խմում եմ ծիրանի օղի
Ու խմում եմ ծիրանի օղի
Ու մտածում եմ
Ինչ լավ է որ մնացի
Ու չեկա քո ետևից
Կարծում եմ
Նորից հեղաշրջում կլինի
Ու ամեն ինչ կփոխվի
Եվ դու որպես մոռացված արքայադուստր
Բաժին կհասնես ինչ-որ արքայի
Կամ զորավարի
Իսկ իմ թագն ու թուրը
Ես հանձնել եմ
Վաղուց հանձնել եմ
Երկրագիտական թանգարանին
Հիշում ես
***
Ծովը չափազանց հեռու է
Բայց շարունակ ծովի բույրն եմ առնում
Թեև վաղուց ջարդված է նավակս
Եվ ուռկանս քրքրված
Չգիտեմ ինչու եմ ծովը հիշել
Ախր
Ոչ ճամփորդ եմ
Ոչ նավաստի եմ և ոչ էլ
Ձկնորս
Անգամ չունեմ նավակ և ուռկան
Գրողը տանի
Ինչեր ասես չես մտածի
Երբ քո կողքին չէ
Հատկապես հենց նա
Ով պիտի քո կողքին լիներ և
Մայրամուտին
Երբ ծովից տուն էի վերադառնում
Հենց ծովափին
Խրճիթի դռան մոտ
Ծիրանի օղի մատուցեր
Ուռկանը կարկատեր
Իսկ ես վերնորոգեի ջարդված նավակս
Գիշերը հոգնած պառկեի ծովի ափին
Նայեի պայծառ աստղազարդ երկնքին
Լսեի խեցիներից լսվող փերիների կանչը
Իսկ առավոտյան
Նավակս ջուրը նետեի
Բացեի առագաստները
Ու մարտնչելով ծովի ալիքների և
Շնաձկների հետ
Գնայի նրա ետևից
Հատկապես հենց նրա
Ով իմ կողքին պիտի լիներ և …
Բայց ծովը չափազանց հեռու է
Եվ ես ոչ մի կապ չունեմ ծովի հետ
Ախր
Ոչ նավակ ունեմ
Եվ ոչ էլ ուռկան
Միայն հիշում եմ
Շատ տարիներ առաջ
Մեկը
Գնաց ծովերից ու օվկիանոսներից այն կողմ
Իսկ մնացյալը մի հին
Շատ հին Ֆիլմից է
Նույնիսկ ծովի բույրը
Որ չի հեռանում իմ քթի տակից

***
Ձիերը չունեն սուրբ գիրք
Բայց եթե ունենային…
Շները չունեն սուրբ գիրք
Բայց եթե ունենային…
Թռչուները չունեն սուրբ գիրք
Բայց եթե ունենային…
Մարդիկ չունեն սուրբ գիրք
Բայց եթե ունենային…
Հ.Գ.
Մարդիկ
Ըստ հավաստի աղբյուրների
Ունեն սուրբ գիրք *
Եվ ըստ այդ գրքերի
Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ
Եվ մարդը նման է Աստծուն
Հ.Գ.
Ձիերը չունեն սուրբ գիրք
Շները չունեն սուրբ գիրք
Թռչուները չունեն սուրբ գիրք
Բայց եթե ունենային…
————————————————————
* Աստվածաշունչ. Թորաթ, Ղուրան և… այլն

***
Չեմ սիրում ձմեռը
Երբ գարուն է
Չեմ սիրում ձմեռը
Երբ ամառ է
Չեմ սիրում ձմեռը
Երբ աշուն է
Չեմ սիրում ձմեռը
Երբ ձմեռ է
Ու քայլում եմ չորացած այգում
Լսելով ձայները գերեզմանների:
***
Չգիտեմ ինչու
Մեծ հարգանք եմ տածում
Այն մարդկանց հանդեպ
Ովքեր թաքուն
Տափաշիշ են պահում իրենց ծոցագրպանում
Ու խոսում են արվեստի մասին
Առավել
Մեծ հարգանք եմ տածում
Այն մարդկանց հանդեպ
Ովքեր սիրում են խմելը
Սիրում են ծոցագրպանի տափաշիշը
Բայց ոչ տափաշիշ ունեն
Եվ ոչ էլ ծոցագրպան
Բայց խոսում են արվետի մասին
Մեծագույն հարգանք եմ տածում
Այն մարդկանց նկատմամբ
Ովքեր
Սիրում էին խմել
Սիրում էին տափաշիշը
Սիրում էին այն ծոցագրպանները
Որ հագեցած էին
Ընտիր կոնյակով
Բայց նրանք վաղուց
Ապրում են գերեզմանատանը
Եվ ոչինչ չասելով
Արվեստի մասին
Ամեն անգամ
Իրենց հողոտ ձեռքն են պարզում
Մեր կենացը խմելով:

 

* *

Սառը
Սրթսրթան
Սառնամանիք է
Բեղ ու մորուքս
Դոկտոր Ժիվագոյի բեղ ու մորուքի պես
Սառցակալել են

Կարմիրները
Մեղադրում են
Որ չեմ ճանաչում կարմիրներին
Սպիտակները
Որ չեմ ճանաչում սպիտակներին

Ես առհասարակ ոչ մի գույն չեմ ճանաչում
Ես տեսնում եմ մարդկանց
Աշնան տերևների պես
Գետնին թափվող…

Իսկ Լարան
Օվկիանոսներից այն կողմ է…

Մի կրակեք…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.