«Մի կտոր շաքար… Վատ չէ, թեյն անհամ չի լինի, երկու կտորը ճոխություն է, այս ամիս նման դեպք մի անգամ եղել է, հերիք է, էլ չսպասեմ»,- մտածում էի` թեյի գդալը բաժակի պատերին շրխկացնելով: Հետո տատս ասաց, որ քաղաքակիրթ մարդիկ անձայն են շաքարը լուծում ջրում: Ես սկսեցի տանջվել. «էդ ինչպե՞ս»: Մտքովս չանցավ, որ նրանց շաքարը մի կտոր չի, որի ամեն հատիկից փորձում են քաղցրություն ստանալ, որ դառը ջուր չխմեն: Տատիս ասելուց հետո մի լավ ջանք թափեցի, մինչև անձայն շաքարի կոշտ հատիկը լուծեցի ջրում, պարզվեց թեյս սառել է: Սառը թեյից սառը բան չկա: «Էլ չեմ ուզում»:
Տատս պարզաբանեց, որ էդ նույն քաղաքակիրթ մարդիկ ուտելիքն ու ըմպելիքը չեն ավելացնում, մինչև վերջ են ուտում: Ինչ իմանայի, որ նրանց թեյը չի սառչում, տաք են խմում ու չեն մրսում: «Ուզում եմ ես էլ քաղաքակիրթ դառնալ»: Մինչև վերջին կաթիլը ֆռթացրի… Անհամ ու սառը թեյի կաթիլները, որում մի կտոր շաքար էր, որը ես լուծելի էի ջրում առանց բաժակի պատերին գդալով շրխկացնելու: Հետո տատիցս իմացա, որ էդ քաղաքակիրթներն անձայն են խմում, դե առանց ֆռթացնելու էլի: Այս դասի համար արդեն ուշ էր: Հաջորդ թեյին ու մի կտոր շաքարին պիտի սպասեի…
Սեղանին դրված լամպի լույսը թույլ էր: «Նավթը քիչ է, իսկ էսպիսի մութ օրեր դեռ շատ են լինելու, պետք է տնտեսենք»,- ասում էր տատս: Մենք էլ տնտեսում էինք, չնայած ես այդ բառի իմաստը չէի հասկանում, բայց ինչքան կարող էի, տնտեսում էի: Ես փոքր էի, ավելի փոքր, քան լինում են այս ամենը հիշելու համար, բայց ես հիշում եմ, որովհետև տատիս դասերը շատ տպավորիչ էին մոռանալու համար, տարիքն էստեղ կապ չունի:
Իմ ծնվելն էլ եմ հիշում… Հա, մի զարմացեք, էլի տատիս մատը խառն է էս գործում: Ինձ տեսավ ու ասաց. «Անունը կդնենք Լիլիթ, որ Իսահակյանի հերոսուհի Լիլիթի նման «կրակ» լինի»: Ստիպված էի ենթարկվել ու «կրակ» լինել: Տատս բանասեր էր ու գրական կերպարների հարցում բծախնդիր, ես ջանքեր չէի խնայում:
… Լույսերը տվեցին: Էլի սերիալը կեսից ենք նայելու: Նայեցինք: Կլանված էինք նայում: Էս սերիալի մարդիկ սիրուն էին հագնված, սիրուն մազեր ունեին, ռուսերեն էին խոսում: Չնայած դպրոց չէի գնում դեռ, բայց որպես հետխորհրդային ծնունդ, ռուսերենը գեներով ժառանգել էի, էնպես, որ ամեն ինչ հասկանում էի: Սերիալը չէր վերջացել, լույսերն էլի գնացին:
…Հայրս սիրում էր մեզ ուսերին դրած ման տալ: Այսպես մանկուց սովորեցի բարձրությունից չվախենալ: Այն ժամանակվա ամենաբարձր կետը, որ երբևէ բարձրացել էի, հորս ուսերն էին: Այստեղ` վերևում նստած ես մոռանում էի առավոտվա մի կտոր շաքարն ու հեռավոր քաղաքակիրթ մարդկանց:
Հետո ամեն մեկս մի անկյունում նստում էինք էդ մթության մեջ ու մի բանով զբաղվում, մինչև տատս կասեր. «Եկեք մի պատմություն պատմեմ»: Մենք չորս երեխա էինք, մի մարդու պես կուչ էինք գալիս տատիս շուրջը` ծածկոցի տակ: Տատիս պատմությունները մինչև հիմա բառ առ բառ հիշում եմ: Նրա պատմածները սերիալներից գունավոր ու իրական էին թվում… Տատս բանասեր էր, պատկերավոր էր պատմում: Սովորաբար պատմվածքի ավարտին մեզ գրկած էին տանում ու մեր անկողիններում պառկեցնում: Թեպետ հորս կամ մորս գրկելուց արթնանում էի, բայց հավես է, երբ քեզ ձեռքերի վրա են տանում, դրա համար էլ շարունակում էի քնած ձևանալ:
Տատիս հեքիաթներում թագուհիներին էին ձեռքերի վրա տանում: Ես ինձ թագուհի էի զգում, լամպի լույսի ներքո ու հորս ձեռքերի վրա…
Հաջորդ նախաճաշին մոռացած էի լինում տատիս դասերը, ինձ հետաքրքրում էր իմ մի կտոր շաքարն ու թեյը: Տատս ակնոցի վրայից նայում էր ինձ, այդ հայացքից ամեն բան հիշում էի ու նույնիսկ նոր դասերն առանց ասելու յուրացնում: Տատս խիստ էր, մի նայվածքով դաստիարակում էր: Մոտ 150 տարվա մանկավարժ էր, ինչքան ուժ ուներ, մեզ դաստիարակում էր: Մենք գերդաստիարակված երեխաներ էինք, ովքեր կանգնած էին քաղաքակիրթ մարդիկ դառնալու վտանգի առաջ:
Որպես ինտելիգենցիայի ներկայացուցիչ` ես սովորեցի շախմատ խաղալ: Իմ տարիքի երեխաները տիկնիկով էին խաղում, ես շախմատ սովորեցի: Պապս ասում էր, որ խելացի մարդիկ շախմատ են խաղում: Ես դարձա փոքրիկ խելացի մարդ, ով շախմատ էր խաղում պապի ու բոլոր պապիների հետ, ովքեր հյուր էին մեր տանը: Ես ինձ հիշում եմ լուրջ դեմքով շախմատի տախտակի առաջ նստած տարբեր պապիների հետ: Դեռ դպրոց չէի գնում:
Վեց տարեկանում ինձ դպրոց ուղարկեցին: Դասընկերներս յոթ տարեկան էին, հետո էլ երկու կտոր շաքարով էին թեյ խմել մանկուց ու ավելի մարմնեղ էին: Ես ինձ փոքրիկ ու անզոր զգացի. հորս գրկից իջել էի, իսկ տատիս հեքիաթների թագուհիները մնացել էին հեռվում:
Դպրոցում կարդալ սովորեցի, գրքոտվեցի, գրել սովորեցի ու սկսեցի հորս անվերջ նամակներ գրել ու ուղարկել Ռուսաստան: Չգիտեի, թե դա որտեղ է: Կարող ա էն տատիս ասած քաղաքակիրթ մարդիկ էնտեղ էին ապրում: Հայրս էլ քաղաքակիրթ մարդկանց պես լեգենդ դարձավ, նրա մասին էլ մայրս էր պատմում: Ու էսպես իմ մտապատկերում երկու էտալոն ձևավորվեց: Մեկը քաղաքակիրթ մարդն էր, մյուսը հայրս: Երկուսն էլ մտացածին էին… Քաղաքակիրթներին թողեցի մթության մեջ տատիցս լսած պատմություններում, հայրս ինքն ինձ թողեց` լամպի աղոտ լույսով թաթախված, սուտ քուն մտած, ինչպես անում էի սովորաբար:
…Ես հետո արթնացա:
Վերջին մեկնաբանություններ