Սլավի-Ավիկ Հարությունյան | ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ

Սլավի-Ավիկ Հարությունյան

Սլավի-Ավիկ Հարությունյան

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ

եթե ես բանաստեղծ
լինեի
կնկարեի իմ հայրենիքը:

Մեռած Չարենցը
կներեր
ինձ երևի, իսկ թռչունները
ինձ կսիրեին
անմիտ ու պարզ:
իմ աչքերը կմեկնեի ափիս մեջ ես
իբրև ցորեն,նրանք
ինձ կվերադարձնեին
իմ հայացքը:

Աղջիկների մասին
բանաստեղծություններ գրելիս՝ ես
իմ լռությունը կշարեի
իբրև բառեր, և ոչինչ չէր փոխվի,
միևնույնն է:

Եթե ես բանաստեղծ լինեի
իմ օրերի դռների
միջով տխրություն կմտներ
մի կնոջ տեսքով,
որին ես թողել եմ տարիներ առաջ…
Այն ժամանակ սովորական էր ծովը,
մակույկը հին էր ու
մամռոտված:
Հետո ես
Կոռնայի սարսափից, և իմ օրերի
կիսաբաց դռներից
ծովի խոնավ բույր կգար:

Հիմա
ոտնահետքերս
խեղճ-խեղճ,
գլուխները ծռած
ջրիմուռներ են դարձել,
իսկ ականջներիս մեջ քանի տարի ահա
թռչունների ճիչերն են մեռնում:

Ծովը կնոջ համ ունի…
և ես չգիտեմ՝կկարողանայի՞
ծածկել
ծովի մերկությունը,
եթե բանաստեղծ լինեի:

 

ՄԻ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ

ինձ ուղարկել էին սովորելու
իմաստ չկա
այդ մասին
պատմելու երկար

արևոտ աշուն էր
արևն էլ մեղրի նման
քաղցր
ծորացող
տերևներին

լիզիր տերևները
լամպերի լույսերից
գիշերային
կախվիր
Եսենինի նման
երբ կհարբես
կամ չեն սիրի
աղջիկները–
ամեն ինչ հատուկ
ազատ մարդուն՝
ապրիր

մի խոսքով
մնա այստեղ
մեռնել չկա

ամբողջ մի օր ես վազքով
անցա
քաղաքը–
փոքր էր թեկուզ
բայց շունչս
փչեց՝
ծխում էի

Մերոյի հետ ծանոթացանք
մի վայրկյանում
ուսումնական բաժնում
լրացրինք
ինչ որ թղթեր
հետո վազեցինք
գնդակ գլորելու
մի ամբողջ օր

Աշոտը
Արտուրը
Կարոն
Կարենը Հայաստանցի
որ խոստացավ
երեկոյան
դուդուկ նվագել
իսկ վաղվանից
մեզ հետ
ֆրանսերեն պարապել

այն ժամանակ
մենք լսում էինք
«ՊԻՆԿ ՖԼՈ ԻԴ»
«ՄՈԴԵՌՆ ԹԱԼԿԻՆԳ»
պատմում իրար
Խանջյանի մահվան
առեղծվածը
(թաքուն)

երկիրը
սև ու սպիտակ էր
առանց վինդոսի
կռիվը՝
հայի ու թուրքի

Կարենը
ոչ դուդուկ նվագեց
ոչ էլ ֆրանսերեն գիտեր
ամեն օր մի շշմեցուցիչ
նորույթ էր բերում
ու մի օր էլ
Մարկեսի հայ հերոսի նման կորավ

հետո եկան ցրտերը
ես զզվեցի տաղտուկ
դասախոսություններից
ու գրական պատի թերթում
թեմատիկ ստիխներ գրելուց

Մերոյի հետ
սկսեցինք
թուրք ուսանողների հետ
կռիվներ սարքել
թուղթ խաղալ

մինչև հայտարարին որ
մեզ հեռացնում են–
գնացինք
խորհրդային բանակում
ծառայելու
надо же
ճանապարհին
ամբողջ գնացքը
լիքն էին թուրքերով–
կռվելն անիմաստ էր
սկսեցինք
բոլորից փող հավաքել

այս անգամ արև չկար
այս անգամ ձյուն էր դրսում
անչափ շատ
շա՛տ–շա՛տ

մենք հետո երբեք
այդքան փող չունեցանք կյանքում–

կյանք էլ չկար
ես մեռնելու տարիքում չկախվեցի
Մերոն զոհվեց ականի պայթյունից

 

ՀԱՅՏ՝ ՊԱՏՎԵՐՈՎ

ինչի՞ մասին գրել–
ինչի մասին էլ լինի՝
կարևոր չէ

նախ մատներդ չեն սառի
կչխչկացնես գրամեքենայիդ
ստեղներին
հետո էլ՝ցանկացած նկարագրություն–հենց՝
դիմացի արհեստական լիճը
ուր սպիտակ կարապներ են լողում
նկարագրիր սենյակ
նկարագրիր տուն
կամ էլ ինչ–որ մի տեղ
որտեղ ապրել ես
ինչ էլ ստացվի՝
միայն տեսանելի–

պիտի որ մի տեղ
ապրած լինեիր

թեկուզ սառու՛մ ես

նկարագրիր
գլխարկդ
որ մաշված է՝հետ առաջ դրած
գլխիդ
կամ երևի այդ մեկը
պետք չէ
(և ոչ նրա համար որ ծաղրում են)

գործողությու՛ն
գործողությու՛ն

չկա գործողություն
չեչոտկա պարելը
զե–ռո՝
հաշիվ չէ

քայլիր դեպի վերելակը
մտքերդ իրար կգան–
առաջին հարկում
ավտոմատ կա
հեռախոսի՝
հանդարտ կբարձրացնես
հեռախոսափողը
իբրև կմտածես՝
ուր զանգել
և նոր դիմացի հայելու մեջ
կտեսնես որ քթիցդ
արյուն է հոսում–
ա՛յ քեզ գործողություն՝
սա նո՛ր է

էլ ոչ մեկին
չզանգելդ
չի գա

հանկարծ
կհասկանաս
որ չգիտե՜ս թե ու՞ր են
հեռանալու սպիտակ կարապները
երբ սառում է լիճը

 

* * *

Հեռուն պառկում է ծանոթ կնոջ պես,
Հանգչում է օրը՝ ես տեղ չեմ հասնի,
Այս ինչքա՛ն սեր էր խոստացել Աստված-
Հուշեր նա ինձ մի պատահական ելք:

Կյանքն անվայել բառ՝չգրված տողում.
Սուտ ու ճշմարիտ խաբել են միշտ էլ,
Քամին ձգում է մետաքսե մի թել-
Փը՛րկիր հրաշքը պատահական ելք:

Ես պատերազմում ողջ եմ մնացել,
Կնոջ գրկի մեջ չե՛մ մեռել սիրուց,
Ինձ անիծել են երգից ու երկրից-
Կո՛րչեիր այնժամ պատահական ելք:

Ոչ վերև կա վեր,ոչ ներքևը ցած-
Զուր են հալածում ապրող ու մեռած,
Հավատարիմ կին,մի պատառ Աստված
Արդեն հեռու՛ են,պատահական ելք:

Գիշերն անամոթ, ցերեկն անպատեհ,
Մեռած պոետներ,որ էլ չեն գալու
Դեռ շշնջում են հավերժի մասին-
Մի՞թե ելք չկա,պատահական ելք:

Փախած հուշեր են,անիծված ուղի-
Ո՞վ է տեղ հասել,որ ես չեմ հիշում.
Աստված ծերացած ի՞նչ է քրթմնջում-
Հու՛շեր ինձ գոնե նահանջի մի ելք:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.