Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

* * * * * * *

Սառցալեռն է լողում,
սառցալեռն է լողում,
ես էլ՝ լողացող մի սառցալեռ:
Ես այն չեմ, այն չեմ,
ինչ դուք եք տեսնում,
ինչ երևում է աչքերին ձեր:
Ինձ պահողն անտես
խորքում է խորունկ,
մինչև իսկ ինձ՝ անհասանելի:
Տանտերը չեմ իմ
տանիքի տակ,
իմ մեծությունն՝ իմ փոքրությամբ փակ:
16.02.1990թ.

* * * * * * *
1. Բառը կազմված է տառերից,
բառարանքում տառեր չկա:
Տողը կազմված է բառերից,
տողարանքում բառեր չկան:
Բայց երբ արանքում չենք կարդում
բառ ու տառեր,
տողերը դառնում են բառեր,
բառերը դառնում են տառեր:
2. Բանաստեղծությունների մեջ,
որտեղ տողարանք չկա,
հոգու լռություն,
մի տհաճ բուրմունքի նման հոնորար,
երևալու մակերեսային մարմաջ,
դիրքի, փառքի բաղձանք եմ կարդում:
1989թ.

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
Լայն տողարանք,
խորը տողարանք,
խորը տողարանք,
լայն տողարանք…
Ու տողարանք գետն է հոսում
զույգ տողերի
տողափերի միջով:
հուլիս, 1989թ.

ԻՆՉ ԱՍԱՑԻՆ
ՇԱԳԱԼԸ, ՓԱՐԱՋԱՆՈՎԸ, ՎԻՍՈՑԿԻՆ ՉԻԼՈՅԱՆԻ ԲԵՐԱՆՈՎ
1990 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ

Մի թեթև ասացվածք ճշտելու համար
չարժեն ձեր ջանքերը այսքան համառ.
մեզ ետմահու գովեստ, տպագրում
(հիմա չե՞ք զգում, որ ձեզ համար
և ոչ թե, ոչ թե մեզ համար եք անում),
խոտը՝ ձեր կերակուրն ո՞ւմ առջև եք դնում…
Գովելով դուք մեզ՝ ձեզ եք պանծացնում,
դե, մենք այդքան էլ չենք, ինչքան ասում եք դուք,
միայն մի բան հիշեք.
կարևոր չէ, ինչպես մեռանք,
բայց մարդու պես ապրեցինք…
Իսկ դո՞ւք, իսկ դո՞ւք, իսկ դո՞ւք…
Կյանքում հանգիստ չթողեցիք, գոնե, գոնե,
գոնե մահից հետո հանգիստ թողեք…
Դուք մեր անունը տալ անգամ չէիք ուզում,
այդ ինչո՞ւ եք հիմա ձութ ու ծամոն շինում:
Ձեր արարքը էլի մաշված, ձանձրույթ, ի դեպ
հիմար մի իմաստ է. մեռիր, որ քեզ սիրեմ:
Է՛հ:

* * * * * * *
Հնար տուր, Տեր,
զորություն բեր,
որ իմ թշվառ
կյանքում անտեր
ես իմ կյանքով
մենակ ապրեմ:
Զորություն բեր,
հնար տուր, Տեր,
զորավիգ լեր,
որ կյանքը իմ
այս աշխարհում
չապրված դեռ
չկորցնեմ
ապրած կյանքերից
թափթփված
փշրանքների
փոշում երեր…
Մեղքերից մեղք.
գայթանքների քաշքշուկով՝
սեփական կյանքը կորցնել…
Գուցե և, Տեր,
այս աշխարհում
ողջից դժվարն է
սեփական կյանքով ապրել:
30.09.1990թ.

* * * * * * *
Մի հասարակ բան,
շատ հասարակ բան,
ու աշխարհը փոխելու թալիսման է սա.
ինչ երեսիս ես ասում, հետևիցս ասա,
ինչ հետևիցս, երեսիս ասա:

* * * * * * *
Եզակի արդարության դեմ՝ հոգնակի անարդար:
Հոգնակի կեղծիքներ՝ եզակի իսկության դեմ:
Ճշմարիտը մեկն է, սուտը՝ մեկից ավել,
մի ուղղահայաց ու մի հորիզոնական
և հազար ու մի թեք գծեր…
Եվ այստեղ Դեկարտն է փռշտում.
— Ձայների մեծամասնությունը դեռևս չի նշանակում
անառարկելի վկայություն հօգուտ արդարության:

* * * * * * *
Մեծ խավարի ընդերքների մութ թունելով
լինելիքն է գալիս՝ իմ աչքերին անտես,
աչքիս անհաս իմ աչքերով ուրիշ էլ ո՞վ,
Շունս է ոռնում՝ այն տեսնելով գիշերվա մեջ,
ուրիշ էլ ո՞վ… Տեսնում են այն Սագ ու Կատու,
Ձին է տեսնում, Կովն է տեսնում և Էշն անգամ,
ու բերգսոնյան արգանդամորթ ներքին մի դու
ջարդվում է իմ գիտակցության կրնկի տակ:

ԱՌԱՓՆՅԱ ԱՇՆԱՆ ԾԱՌ — ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ
Թափեց ծառը տերևները ջրի վրա,
ինքը մերկ է, ու իր ցոլքն է տերևապատ,
մեկն ինձ ասաց՝ մի երկու բառ գրիր վրան,
ու խաղացին բառերը իմ խորքում ժլատ:
Ծառն ասում է՝ կրակ էլ տան, չեք այրվի,
թափված տերևներ իմ, խաբկանքների ափեր,
օ՜, չքվեցեք, իմ ցոլք-տեսիլն էլ թող չքվի,
անիծյալներ, ձեզ իմ սաղարթը չի թափել:

* * * * * * * *
Կռունկները թռան էլի,
շամբը դատարկությամբ է լի:
Ստվերները սորսփացին,
ցոլքերը դողացին լճում:
Քամին տեսնես ի՞նչ է փչում՝
ձայնելով իմ անձայն լացին:
Ահա. մահու հոտ է օդում,
ու թափորի նվագ հեռվից:
Իմ միջից ո՞վ է կարոտում
անցավորաց ու քաշում ինձ:
Ունկիս՝ անթարգման հեծեծոց,
մտքիս մեջ՝ հարց անպատասխան:

* * * * * * *
Իմ բոլոր բանաստեղծությունները ես եմ գրել:
Իմ բոլոր բանաստեղծություններն ինձ համար եմ գրել:
Իմ բոլոր բանաստեղծություններն իմ մասին եմ գրել…
Իսկ եթե
քեզ թվում է,
իմ բոլոր բանաստեղծությունները դու ես գրել,
իմ բոլոր բանաստեղծությունները քեզ համար ես գրել,
իմ բոլոր բանաստեղծությունները քո մասին ես գրել,
ինձ մնում է միայն կասկածել ու զարմանալ:
Իսկ եթե կասկածն ու զարմանքը ինձ են մնում,
նոր բանաստեղծությունն իմն է, դա Աստված է տվել,
ա լ ե լ ո ւ յ ա….

1990թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.