Մարի Մելիքյան | Իմ մեջ

Մարի Մելիքյան

Մարի Մելիքյան

Դեյվը

Դեյվ անունով մի շատ տարօրինակ աղջկա անկողնու տակ շատ վաղուց երեք հրեշ կա՝ Բոբը, Հերելը և Բասթիլը։ Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։
Դե, իրականում այնպես չի, որ Դեյվը հրեշներից պակաս վախենալու է, հետո ինչ, որ փոքրիկ աղջիկ է։ Դեյվը վախեցնում է իր հետ շփվող մարդկանց, որովհետև իրեն շատ հաճախ պահում է Բոբի պես ու անդրշիրիմյան ձայներ հանում կամ պահում է Հերելի նման ու այնպիսի հայացքներ է ընդունում, որ իր հետ նույն վայրում գտնվող մարդիկ սրտաճաք են լինում։ Բայց ամենից հաճախ Դեյվն իրեն Բասթիլի պես է պահում։ Օրինակ երբեմն այս ձևով է սկսում իր զրույցը մոր հետ.
— մարդուս կյանքն իմաստ չունի, եթե տեսիլները չեն այցելում նրան։ Առանց տեսիլների մարդը նույնն է, թե առանց ողնաշարի։
Կամ՝
— Ունայնությունն է, որ ներս է լցվում իմ կյանք, անհոգության փոխարեն դառը օրեր են սպասվում բոլորիս, որովհետև մեծ իմաստունը այդպես էլ չգտավ կյանքի իմաստը ու մեռավ լեռան վրա։
Մարդիկ կարծում են, որ Դեյվը դիվահարված է կամ լավագույն դեպքում մանուկ խելագար։ Շատերը կարծում են, որ հինգամյա փոքրիկի մեջ ծեր հրեշի հոգի կա։ Դրանից Բասթիլը վիրավորվում է։ Չնայած, որ նա Դեյվի մեջ չէ իրականում, ընդամենը նրա անկողնու տակ է, բայց ոչ մի դեպքում ինքը ծեր չէ։
Ու հետո քչերը գիտեն, բայց ծեր հրեշները բարի ու անվնաս են։
Հերելն ու Բոբը սիրում են իրար, Բասթիլին միայն Դեյվն է սիրում, իսկ Դեյվին ոչ ոք չի սիրում։ Համենայն դեպս նա է այդպես կարծում
— Ես միայնակ եմ ու թշվառ։ Ես սիրված չեմ, որովհետև կյանքն անիմաստ համարողներին մարդիկ չեն սիրում։ Նույնիսկ հրեշներս չեն սիրում ինձ

Ահա այսպես է մտորում Դեյվն ու հաճույք ստանում իր չսիրված լինելու փաստից, որովհետև նա վստահ է, որ
— Կյանքում ուրախությունները անչափ քիչ են, դրանցից մեկը մարդկային փաղաքշանքների բեռից ազատված լինելն է։
Հերելն ու Բոբը պնդում են, որ Դեյվին փչացրել է Բասթիլը։
Բասթիլը համաձայն չէ ու պնդում է, որ այդ Դեյվն է իրեն այդքան մռայլ ու սևատես դարձրել։
Իսկ Դեյվը ոչինչ էլ չի պնդում, որովհետև նրա կարծիքով՝
— Ես գոյություն չունեմ։ Ես ոչինչ չեմ պնդում, հետևաբար՝ ես գոյություն չունեմ։ Ահա նստած եմ անկողնուս վրա ու հասկանում, որ ժամանակն է տեղափոխվել անկողնուս տակ։ Որովհետև ես վախենում էի հրեշներից, բայց ես ինքս հրեշ դարձա։ Ես մտածում էի հրեշներիս դուրս հանել իմ ապրելու վայրից, իսկ հիմա պիտի իջնեմ իրենց մոտ ու ապրելու վայր խնդրեմ։

Դեյվը չգիտի՝ հրեշ դառնալուց հետո հաջորդ քայլը որը պետք է լինի։ Բայց նա վստահ է, որ Բասթիլը կիմանա այդ մասին։ Բասթիլն անպայմանորեն կիմանա։

 

Ծովանկար

Բոբիկ ոտքերով տղան մեկ տարի է ինչ գուլպայագործ էր դարձել: Սպիտակ, բորբոսնած կառույցն ամեն առավոտ մի քանի կիլոգրամով թեթևանում էր: Տղան էր թեթևացնում: Իրեն ոչ ոք չէր վճարում այդ գործի համար: Պարզապես չէր կարող կառույցն այդպես լիքը թողնել ու առանց այդ էլ անհանգիստ գլուխը բարձին դնել: Թարթիչների փակվելուց հետո շրջապատող ծովի լացուկոծը նույնիսկ ակնարկի ձևով չէր հասնում քնած տղային: Իսկ ողջ գիշեր պտտվող պայծառ լույսին վաղուց էր սովորել: Երազներում այդ լույսը փողոցային լապտերի տեսք էր ստանում, ու տղան ամրապնդում էր քունը: Եթե հանկարծ մթնում էր, տղան գիտեր, որ կառույցում է անսարքությունը, ոչ թե իր երազների փողոցներում: Արթնանում էր ու շտապում վերև` փարոսի լույսն ու իր երազների լապտերները կարգավորելու համար:Երեկոյան կառույցն արդեն լցված էր լինում: Հյուրերը երբեք չէին ուշանում: Նրանք բոլորն էլ պատրաստված էին գալիս: Հո փարոսի փոքրիկ բնակչի՞ց չէին խնդրելու մի փունջ պարանն ու աթոռը: Առանց այդ էլ տղային նեղություն էին տալիս իրենց մարմինները նվեր թողնելով իրեն, որ առավոտյան գա ու ծովը նետելու արարողությունը կատարի: Ու այդպես անվերջ:
Միշտ չէր, որ տղան մարմինները պարանից իջեցնելու ու ծովը նետելու արարողության գլխավոր պատասխանատուն էր: Առաջին անգամ պատահաբար էր նկատել մեկին` փարոսի փոքրիկ սրահի առաստաղից ճոճվելուց: Ինչ էլ զվարճանք է գտել իր համար` անցել էր տղայի մտքով: Ինձ ասեր, խաղալիք պարանս կտայի, սրտի ուզածի չափ կճոճվեր:
Հետո հասկացել էր, որ դա զվարճանք չի, պարանն էլ` իսկական է, տղան չգիտեր, որ իսկական պարանի մեջ արյուն կա ու իսկական պարանով խաղացողների շունչը չի կտրվում, ընդհակառակը, նրանք շնչել անգամ չեն ուզում իսկական պարանով խաղալուց հետո: Տղան առաջին անգամ դժվարությամբ էր ծովը նետել անշունչ մարմինը: Նետելուց պարանը փաթաթվել էր փարոսին ու անշունչը մնացել էր ծովի կես ճամփին:
Առաստաղից ճոճվողը պատահականություն է` մտածել էր տղան: Բայց պատահականությունն այնքան էր կրկնվել, որ կորցրել էր իր նշանակությունը: Հաջորդ երեքը որոշել էին փարոսի ոլորուն աստիճաններից կախվել, մյուս հինգը` կրկին փոքրիկ սրահում, իսկ հաջորդներն արդեն որտեղ պատահի, որտեղ որ հնարավոր էր իսկական պարանով խաղալ:
Ինչքան մեծանում էր կախված մարմինների թիվը, այդքան տղայի` այդ մարմինները ծովը նետելու ընթացքն էր դառնում սովորություն: Ավելի ուշ նաև` առօրյա, հետո՝ ներքին պարտականություն: Վերջում երևի դա տղայի մոտ կարիքի կվերածվեր, իսկ մարմինների բացակայության դեպքում տղան իր տեղը չէր գտնի:
Դա երեկոյան էր պատահում: Տղան դիմավորում էր եկվորներին, թեթևակի ուսերին դիպչում ու ասում.
— Ձերը ութերորդ աստիճանն է, զգույշ կլինեք
Մյուսներին`
— Վերևի խցիկը երեկվանից ազատ է, ներս անցեք
Երեք տասնյակ մարմին նետելուց հետո տղան ևս մի սովորություն ձեռք բերեց: Նետելուց առաջ մարմինը մերկացնում էր, իսկ հագուստներից գուլպաներ պատրաստում, որ հաջորդին մեկ զույգ գուլպա նվիրի ու ասի, թե կարգն է այդպես, բոբիկ ոտքերով ներս չեմ թողնի:
Գուլպաները չէին էլ կարող միանման լինել: Նա բաժանում էր կանացի ու տղամարդկային գուլպաներն իրարից: Առաջինը կնոջ ներքնազգեստից, շրջազգեստից ու թաշկինակներից էր կարում, մյուսը պատրաստում էր կոպիտ տաբատներով, վերնաշապիկներով, նույնիսկ` փողկապներով: Նրանք պատվավոր մարդիկ էին` հագուստից կարելի էր ենթադրել: Թե ինչ էին փնտրում առաստաղից կախված` չէր էլ հասկանում տղան:
Ամեն անգամ գուլպաները հանձնելուց` հարցնում էր.
— Կանացի՞ն տամ, չորրորդ շարքից պուտավորն է
Կամ էլ.
— Վարդագույն փողկապն իր ջինսե տաբատի հետ եմ միացրել, բարով հագնեք
Ծովի մակերեսին գուլպաներով ոտքերն ու մերկ մարմինները տղայի աչքն էին շոյում, կարելի էր անվերջ նայել այդ տեսարանին, եթե հաջորդներին դիմավորելը չլիներ:
Պարաններից ճոճվողների, հետևաբար` հագուստների անվերջությունը հանգեցնում էր նաև գուլպաների չվերջանալուն ու տղայի երևակայությունն օրեցօր աճում էր: Գուլպաների հաշվին ծովն աստիճանաբար գունագեղ էր դառնում` ամեն անգամ փոխելով տեսարանը. ֆիլմի պես: Տղան ֆիլմ էր նկարում, հետո վայելում այն:
Բայց տղան չգիտեր, որ ծովը նետած մարմինները շրջապտույտի մեջ չեն մտնում ու իրենք չեն, որ նորից վերադառնում են փարոս ու մի զույգ գուլպան շալակած ներս մտնում, որ առավոտյան էլի ծովը նետվեն: Տղան չէր ենթադրում, որ մի օր իր ֆիլմը վերջանալու էր, որ դերասաններն ամեն անգամ նշված ժամին չէին գալու ու իր առաջ կանգնեն:
Մի գիշեր էլ` փողոցային լապտերների անսարքությունից հետո, տղան արթնացավ ու վազեց վերևի խցիկը: Արդեն չորս օր է` հյուրերը չկային: Կառույցը թեթևության մեջ լող էր տալիս, ֆիլմը միապաղաղ ծովի էր վերածվել, գուլպաներ կարելու համար էլ հագուստ չկար: Պտտվող լույսը հանգել էր: Աստիճանները բարձրանալուց հետո ոտքերի տակ իր նախկին հյուրերից մեկի թողած խաղալիքը նկատեց: Նույնիսկ չհիշեց, թե վերջին անգամ ով էր իր կանգնած տեղում կախվել: Բարձրացրեց խաղալիք ձևացող պարանն ու որոշեց իրեն առաջին անգամ թույլ տալ իր ֆիլմում խաղալ: Վերևի խցիկն իսկական բեմ էր ծովի համար: Տղան գիտեր, որ դա անելու համար հարկավոր էր նաև իրեն ծով նետողը: Փարոսին չէր կարող այդ գործը հանձնարարել: Ինքը էլ չէր հասցնի: Այն միտքը, որ ինքը ծովի մեջ չի լինելու, վախեցնում էր: Բայց երկար ժամանակ երևակայության հետ գործ ունեցողի մտքում փարոսի լույսից էլ պայծառ միտք փայլատակեց. առանց ճոճվելու էլ կարող էր խաղալ: Մոտեցավ ու կարգի բերեց պտտվող լույսը, ոտքերն արդեն իսկական դարձած պարանով պինդ կապեց ու ցած նետվելու պահին է, որ գլխի ընկավ, թե ինչն էր պակասում իրեն` ֆիլմը կատարյալ դարձնելու համար:
Գուլպաների շքերթին սովոր ծովը բոբիկ ոտքերը չգնահատեց, նույնիսկ ուշադրություն չդարձրեց թեթև ճողփյունին:
Բայց տղան չէր մեղավորը: Ո՞վ մոտեցավ իրեն ու մի քանի զույգ գուլպաներ ձեռքին՝ ասաց.
— Սևի կողքինը վերցրեք: Տղամարդկային է:

 

Որովհետև, պարզապես, չուզեցին

Ես կարծում էի՝ նրանք չեկան, որովհետև, պարզապես, չուզեցին:

Ա.ն ասում էր.
— Եթե ինձ եք հարցնում՝ էդ տղան է մեղավոր: Իր շուն-ընկերները կապ չունեն: Պատկերացրեք՝ ես վեր կենամ ու առանց հարցնելու մտնեմ կողքի գյուղ: Ոչ ոքի ոչինչ չասեմ ու գլուխս վեր տնկած քայլեմ գյուղի ճամփով: Չեն ասի՞՝ էս գրողը որտեղի՞ց հայտնվեց: Կասեն ու դեռ մի բան էլ՝ հետևիցս կընկնեն, որ մի վնաս տան: Էդ տղան քանի գլուխ ունի, որ իր շուն-ընկերներին առել է ու գնացել գյուղ՝ իբր թե լուրջ գործով: Հաստատ իր լուրջ գործը հիմա լուրջ ծեծի է վերածվել: Չգիտեմ ինքը շնչում է հիմա, թե չէ, բայց համոզված եմ՝ ատամներից մի քանիսը իրենց տեղում չեն, իսկ դեմքն արյունլվա է. աչքիս առաջ պարզ տեսնում եմ պատկերը: Շուն-ընկերների հարցերն էլ լուծած կլինեն: Էդ գյուղում ապրողները գիշատիչներից չեն տարբերվում՝ բոլորս էլ գիտենք: Չսպասեք, որ տղան տեղ կհասնի: Ճանապարհի կեսն էլ չի անցնի: Կտեսնեք:

Լ.-ի կարծիքով
— Ոչ ոք չգիտի, թե ինչ եղան իրենք: Բայց ես կռահում եմ: Այդ ամբողջը հին պատմություն ունի: Հիշու՞մ եք՝ տարիներ առաջ գյուղ էր ժամանել սևազգեստ մի կին: Ոչ մեկդ մինչև վերջ էլ չիմացավ, թե ով է ու ինչ է ուզածը: Իսկ ես հենց իր գալու օրվանից էլ գիտեի ամեն ինչ: Եկել էր, որ գյուղի միտքը փոխեր: Այդ երևույթը հազար տարի առաջ էլ կար ու շատ ավելի հին է, քան կարող ենք պատկերացնել: Ասում են՝ բնակավայրի միտքը փոխելը սարսափելի մեղք է: Սպանությանը հավասար մի բան: Իսկ էդ տղան ու իր երկու եղբայրները այդ օրերին սևազգեստ կնոջից այն կողմ չէին գնում: Այսօր իրենց չգալը ես կապում եմ տարիներ առաջ գյուղի միտքը փոխած կնոջ հետ: Ու չասեք՝ իբր զառանցում եմ: Եթե տղան նույնիսկ գա, ուրեմն մտքին մի բան կա:
Հ.ն, թե՝
— Լակոտներ են: Ինչ եք խելքներիդ զոռ տվել: Սև կնկան ես էլ եմ հիշում: Ուղղակի հասարակ բախտ նայող էր: Գյուղում էլ լիքն են: Էդ տղերքն էլ մի անգամ են մտել կնկա տուն՝ իր սենյակից բան-ման թռցնելու համար: Հետո կարմրած պատմում էին ինձ: Ես ձեզ ասում եմ՝ լակոտներ են: Մոռացել են, որ իրենց ենք սպասում: Սկի ճամփա չեն էլ ընկել: Իրար հետ զրույցի են ընկել ու լրիվ մտքներից թռել է, որ պիտի գան: Մի քիչ էլ սպասենք՝ մեկ էլ տեսար հիշեն: Ի՜նչ եք խելքներիդ զոռ տվել: Լակոտներ են: Կգան:

Մ.ն գուժում էր՝
— Ամոթ է, քանի օր է` իրենց գալուն ենք սպասում: Ոչ մեկիս մտքով չանցավ՝ հետ գնա գյուղ ու գտնի էդ երեխեքին: Գուցե՝ վատ բան է պատահել գյուղում: Գուցե՝ մեր օգնության կարիքը կա: Նստել ու սպասում ենք: Հաստատ կգային, եթե ամեն ինչ իր տեղում լիներ: Ուրեմն գյուղում իրենց կարիքն էս պահին ավելի շատ է, քան էստեղ: Հերիք է սպասենք իրենց: Պիտի հետ գնանք: Որովհետև ես գիտեմ, որ վատ բան է պատահել:

Բ.-ի կարծիքով էդպիսի տղերք չեն էլ եղել: Հերթական գյուղական լեգենդներից է, որ խոսքից խոսք փոխանցվելով մեզ է հասել:

Իսկ Ե.ն մեռնում էր ծարավից ու իր կարծիքով՝ էլ կարևոր չէ՝ կգան իրենք, թե չէ, որովհետև ջուրը վերջացել է, իսկ ինքը շուտով հաստատ մեռնելու է ծարավից: Մի քիչ էլ՝ ու վերջ

Ես լուռ հետևում էի: Ոչ մի անգամ չխոսեցի ու ոչ մեկի խոսքին արձագանք չտվեցի: Ես էլ իրենց պես չէի հավատում, որ իրենք կգան: Բայց իմ ենթադրությունն ամենապարզն էր ու գեղարվեստականությունից զուրկը: Ես ուղղակի կարծում էի, որ իրենք չեկան, որովհետև, պարզապես, չուզեցին:

 

իմ մեջ

Ոնց եմ կարողանում առաջ քայլել,
երբ ցեխով լցված տակառը,
կեղտի կաթիլները, որ անձրև են ձևանում,
արյունարբու փոքրիկ գնդերը, որ միայն մարմնովս չսահմանափակվեցին,
թարթիչներիս մեջ ապրող կույր հրեշները,
հառաչել ձևացող գնացքը,
խոռոչները՝ տերևների մեջ ու լույսի բացակայությամբ սնվող,
բահը, որ մասնատված մարմնի համար էին պահել,
ու նույն մասնատված մարմինը՝ առանց արյան,
իսկ ցողունի միջինը արնագույն էր
քաղցած ձայները, քաղցելու մասին երգերը, քաղցի հիմնը
կողքիս են
իմ մեջ: իմ մեջ

ու ոնց է ստացվում ետ չնայելը, երբ
ծծումբը՝ երկնքից
անձրևորդերի բազմությունը հողի տակից
մեկ էլ ծովը, որ ջրվեժի չափ կատաղի է
շրջանաձև հերթերը, որ ուղղությունը փոխել չկարողացան
ճանապարհը, որ հասավ մինչև երկրի միջուկն ու կանգ առավ
որովհետև վախեցավ այրվելուց
հիշողություն ունեցող փոշեհատիկները
երազներում փախչողը, ում հետապնդեցին մինչև իրականության փողոցներին հասնելը
հարձակումները մյուս մայրցամաքներից
ու հազարավոր վայրի թռչուններ, որոնք այնքան հեշտությամբ կոտրվեցին
ճանճերի կողմից հոշոտված սարդոստայնը
ու սարդերը, որ հույսը երկնքի վրա դրեցին
թիկունքումս են
իմ մեջ: իմ մեջ

 

11 pings

Skip to comment form

  1. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  2. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  3. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  4. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  5. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  6. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  7. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  8. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  9. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  10. […] Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները […]

  11. […] Մարի Մելիքյանի ստեղծագործություններից ևս մեկը։ Մարի Մելիքյանի պատմվածքների մասին տեսակետդ […]

Թողնել պատասխան

Your email address will not be published.