Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NSIM11

***
Ես գիշերն ի լույս կորցրած դրախտի
Տոնը ցնծացի. տեսողությանդ անծիր
Դաշտի մեջ մշուշաշաղ էր …
(Դրախտը հիմա այնքա՜ն անհմա,
Ասես՝ անապատ ավազահանդերձ…)
Անցավ ծնանիմ մարմրող հուշը
Խորքերից նայող՝ նիրհող աչքի պես…
Գալարուն, ինչպես օձի մարմինը եդեմահողին,
Ես գիշերն ի լույս ժիր ըմբոշխնեցի
Թովչանքը մեղկշուրթ կավեղ մարմնիդ.
Ցավով ծնանիմ շուրթերիդ անբառ
Մեղկ տքնությունը, որ կյա՜նք է դառնում…
Բա՛ռն էլ տրվեց մեզ…
Եդեմում միա՛յն կուրությունն էր քեզ՝
Մնացածն՝ Աստծուն…
Եդեմն արդ Աստծուն
Ու ամենը մեզ…

 

***
Չէ, քեզ երգել չի լինում, դու կաս,
Եվ տիրավայել իշխում ես կրկին,
Նոր ոգելիցի քանի՜ կոնծված թաս,
Քանի ծխախոտ գիշերը խնկեցին:

Չէ, քեզ երգել չի լինում, դու կաս,
Գահաթափել է սիրտը մտքին,
Եվ աստվածային սահմռկումը այս՝
Մեկնության փորձ է ներհատորներին:

Չէ, քեզ երգել չի լինում, դու կաս,
Կոպի տակ երազ, տեսիլ՝ բաց աչքին,
Ամեն ինչի մեջ և ամբողջ, և մաս,
Մերթ մեգահանդերձ ու մերթ լույսմարմին:

Չէ, դու չես երգվում, ու բառը սո՜ւտ է,
Այն լոկ աղմուկ է մեղեդակերպին,
Հոգեհյուսքերիս բարդված թնջուկ է,
Ուր տեր եմ կարծեցյալ, հավաստի՝ գերի…
***
Քո կուրությունն եմ հանել դրախտից
Դո՛ւ կերտիր ինձ, իմ Պիգմալիոն,
Չէ՜, մարմին չեմ ես սոսկ կավից՝
Առեղծ անհաս, տիրամյուռոն:
Կողը քոնն է, պահն՝ Աստծուն,
Համայլհնարն՝ ոսկրե կողին,
Ու կենաց խաղն է պտտվում
Ձգող առանցք՝ սիրաձողին:

 
***
Ես քեզ կունենամ, ինչպես տարիներ առաջ՝
Անբասիր, սրբատաշ, ճերմակահանդերձ,
Երբ ալիքներում կայիր աստվածահառաչ
Եվ կարոտ էիր շոյող ու անհեղձ…

Ես քեզ կունենամ հեքիաթում գիշերների
Եվ գինեմոլ, և լրբի բուրմունքով հավերժաորս,
Իմ հոգուն էին թևերն այն տիրամտքի
Եվ պահի հավերժությունը հարահոս…

***
Ես հիմա այս օրը օրհնում եմ,
Որ խորհուրդ ունի, ունի մաղձ ու քեն,
Անգի՜նս, ցավից արդ ես ժպտում եմ ,
Նույն ցավից ես վաղու՜ց եմ լացել:

Մեղրահացից իմ կենաց ի՜նչ զատեմ,
Օրվա պես ժխորով եմ լեփ-լեցուն,
Բայց էլի Աստծո պես ես մենակ եմ,
Ու մարդու պես հպատակ իմ սիրուն:

Տանում է քեզ հիմա գնացքը,
Ժամերիս, օրերիս միջից,
Կապել է իրար մեր քղանցքը
Ճակատագիրը՝ զատած մեզ ամենքից:

Լույսն է լոկ մեզանում իրական՝
Ստի մեջ մի պարզ ճշմարտություն,
Ես էլի Աստծո պես մենակ եմ,
Եվ մարդու պես հպատակ իմ սիրուն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.