ՓՈՔՐԻԿ ՀՅՈւՐԸ
1
Երեք խնձոր՝ հեքիաթից,
Իրար աչքով արեցին,
Նստած, ննջում էր տատիս,
Ու թռել էր ճերմակ ձին:
Եվ իզուր եք դուք ջանում
Քնեցնել ինձ զոռով,
Հեքիաթն իմ չի վերջանում
Երեք կարմիր խնձորով:
2
Հայրիկինն եմ, մայրիկինն եմ,
Միակն եմ ես, լավն եմ ես,
Թե ծիծաղեմ՝ ծիծաղն եմ ես,
Թե լաց լինեմ՝ ցավն եմ ես:
3
Ծաղիկներից հոտ քաշեց,
Քնից զարթնեց, մոտ քաշեց,
Թուշը դրեց իմ թշին,
-Չեմ տա,-ասաց,-ուրիշին:
Թաթիկներով ծափ տվեց,
Սիրտս թռավ իր տեղից,
-Հո թաթիկդ չցավե՞ց,-
Հարցրեցի իմ տղին:
4
Տոտիկներս թույլ են դեռ,
Կամակոր են, ծույլ են դեռ,
Բայց տես, ինչպես եմ փայլում,
Մի տես ինչպես եմ քայլում:
Հայրիկի հետ հավասար,
Մայրիկի հետ հավասար,
Նորից ես եմ մեջտեղում,
Նորից ճոճվում եմ տեղում:
Չեմ վախենում ընկնելուց,
Ետ չեմ մնում ոչ մեկից,
Ես քայլ ունեմ անելու,
Հապա մի, բաց թողեք ինձ:
5
Ինչու՞ են աչքերն արցունքոտ,
Փախչում է ու չի գալիս մոտ,
Ինչու՞ է փոքրիկն իմ լալիս,
Ո՞վ թթու խոսք ասաց բալիս:
Ասում է՝ մայրիկն էլ իմը չէ,
Ասում է՝ տատիկն էլ իմը չէ,
Ոչ ոքի չի ուզում զիջել,
Ոչ ոքի չի ուզում ճանաչել:
Հայրիկն էլ բան չի հասկանում,
Ձեռքը ճակատին է տանում,
Բայց թե, ի՞նչ նեղանաս նրանից,
Պարզապես նա զարթնել է քնից:
6
Հինգ հատիկ եմ, հինգ տարեկան,
Հինգ լուսին ու հինգ արեգակ,
Հայրիկիս, մայրիկիս հետ եկա,
Հինգ հատիկ եմ, հինգ տարեկան:
Մեծացել եմ ուղիղ հինգ անգամ,
Հեշտ բան չկարծես դու հանկարծ,
Բոյս կարճ է, պատմությունս՝ երկար,
Մեծացել եմ ուղիղ հինգ անգամ:
Մոմիկները վառվեցին ու հանգան,
Հինգ մատիկ են, հինգ բարեկամ,
Ինձ համար հինգը շատ է այնքան,
Բայց այդ հինգը հենց ես եմ, որ կամ:
7
ՇՆԻԿԸ
Մարդիկ ինձ ասում են՝ դու վատն ես,
Վատերի մեջ էլ՝ մի հատն ես,
Ասում են՝ վազում է փողոցում,
Ասում են՝ հաչում է, կծում:
Որտեղի՞ց նրանք իմանան,
Որ այստեղ բոլորն են ինձ նման,
Եվ ի՞նչ իմանան, թե դրսում,
Ինչպես են տոտիկները մրսում:
Դու վատն ես,-ասում են,-դու վատն ես,
Վատերի մեջ էլ՝ մի հատն ես,
Ասում են,-փախել է տնից,
Շներին հանել է քնից:
8
Կետը՝ հսկա, ծովից մեծ,
Մի շնչով ծովը խմեց,
Ցցեց իր փորը տռզած,
-Ծովը փորումս է,-ասաց,
-Ինձանից մի նեղանա,
Խաղ է,-ասաց,-ու կատակ,
Ով որ ուզի լողանալ,
Ես նրան էլ կուլ կտամ:
9
Կապիկների աշխարհում
Շփոթություն էր տիրում,
Կապիկներին չէին սիրում
Կապիկների աշխարհում:
Բայց կապիկներ են ծնվում,
Երբ բանանով ես սնվում,
Երբ կոկոսով ես սնվում,
Միշտ կապիկներ են ծնվում:
Կապիկների աշխարհում,
Շուտով կապիկ չի մնա,
Ոչ մի կապիկ չի մնա,
Երբ բանանը վերջանա:
10
ԳԱՅԼԸ
Իզուր համբերեց ողջ գիշեր,
Եվ իզուր էր մտել նա դարան,
Եվ ինչու՞ հովիվը քշեց,
Ու գառները սարը տարավ:
Շները հաչեցի՞ն, թե՝ թվաց,
Վերջացավ ամեն ինչ՝ կեսից,
Եվ ինչու՞ մնաց նա սոված,
Մի հիմար հաչոցի երեսից:
11
ԹԻԹԵՌՆԻԿԸ
Ծաղիկների մեջ ծնվեց,
Ինքն էլ ծաղկի նմանվեց:
Երբ թևերը բաց արեց,
Արեգակն իր թևերին
Արեգակներ նկարեց:
12
ՃԱՌԱԳԱՅԹԸ
Պստիկն եմ ես,
Շեկն եմ ես,
Չարաճճու մեկն եմ ես:
13
ՄԵՂՈՒՆ
Ծաղկի քնքուշ թևերին,
Մեղուն ոսկի է դիզում,
Մեղուն արծաթ է դիզում,
Եվ իր բերած զարդերից
Իրեն՝ ոչինչ չի ուզում:
Հարուստ է նա երևի,
Հպարտ է նա երևի,
Միայն երգ է բզբզում,
Ու էլ ոչինչ չի ուզում:
Ծաղկի քնքուշ թևերին
Մեղուն ոսկի է բարձել,
Մեղուն արծաթ է բարձել,
Արևին՝ տեղ է բացել:
14
ԲԱԴԻԿՆԵՐԸ
Երկու բադիկ, կարմրատոտիկ,
Ոսկեկտուց նավակներ,
Լող են տալիս մոտիկ-մոտիկ,
Լճակի մեջ՝ վար ու վեր:
Երկու կաթիլ՝ հատիկ-հատիկ,
Երկնքից ցած են իջել,
Ի՞նչ երկինք է հայելու մեջ,
Նրանց իր մոտ հյուր կանչել:
15
ԽՆՁՈՐԵՆԻՆ
Երեք ճնճղուկ իմ ճյուղին,
Հուլունքի պես շարվեցին,
Հուլունքի պես շարվեցին,
Իրենց երգով տարվեցին:
Փորը քսեց տանիքին,
Մոտ-մոտ արեց մեր կատուն,
Հոտ-հոտ արեց մեր կատուն,
Բերանից ջուր էր կաթում:
Բայց ճնճղուկները թռան,
Եվ օդ ելան երեքով,
Երկինք ելան երեքով,
Տարված դարձյալ նույն երգով:
16
ՄԱՅԻՍՅԱՆ ԲԶԵԶԸ
Ես փոքրիկ եմ,փոքրիկ ու կլորիկ,
Ինձանից փոքր էլ ոչինչ չկա,
Խոտի տերևները տաքանում են փորիս,
Ու խտուտ են տալիս,
Դա ինձ դուր է գալիս:
Ես փոքրիկ եմ, այնքան փոքրիկ,
Որ ցերեկն իմ շուտով կվերջանա,
Իմ գիշերն էլ շուտով կվերջանա,
Բայց գարունը՝
Ես ասում եմ,-գարնանն իմ վերջ չկա:
Վերջին մեկնաբանություններ