ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Դատարկության մեջ քայլելիս
Լինում է այնպես, որ քայլելիս շուրջդ չես զգում այլևս որևէ մարդկային ներկայություն: Ուղեկիցներդ մնացել են հեռվում`ետևում կամ առջևում, կորել տեսադաշտից : Ու քանի որ այս տեղերում հատ ու կենտ մարդիկ են հանդիպում, քայլում ես բացարձակ անծանոթ տարածության մեջ: Ճանապարհի մի հատված անցնում է վայրի բուսականության միջով, որն աճում է ազատ ու անկաշկանդ, երբեմն այնքան բարձր, որ կարծես ինչ-որ թունելի մեջ ես հայտնվել: Այն շրջապատում է քեզ չորս կողմից, ու միաժամանակ, թվում է, թե սպառնում է քեզ:
Ու մինչ մարմինդ անցք է բացում տարածության եթերային մարմնի մեջ, որ հանձնվում է քեզ բնականորեն, մերթ ընդ մերթ ավելի ու ավելի մտավոր ներթափանցման զգացում ես ունենում, քայլերդ ստիպում են ինքդ քեզ տնտեսել, չշեղվել ճանապարհի գծից, մնալ ինքդ քեզ հետ: Անշուշտ, քայլում ես`պայուսակիցդ ու կյանքից ծանրացած, բայց այնպես անտարբեր իրերի նշանակության հանդեպ, որ ամեն ինչ քեզ աննշան է է թվում: Դու ցանկությունից զուրկ մեխանիզմ ես այլևս, բայց աղոտ տենչում ես հասնել երթիդ վերջնակետին, երբ վերջապես կկարողանաս շնչել բաց դաշտի տարածությունը, որը քիչ անց փռվելու է քո առաջ:
Ամենալավ բանը քայլելու մեջ հավանաբար այդ մեղմ շարունակականությունն է, առկա լարվածութունը, երբ քայլողը կորցնում է մինչև իսկ իր անունն ու ձուլվում աշխարհի առեղծվածին, ազդվում կենդանի բնության սովորական ու նախաստեղծ լռությունից, մինչ ինքը հանգիստ կառուցում է իր ճանապարհն ու այդպիսով առաջ մղում դրա նրբին ձևերը դատարկության ներսում`այն բնակեցնելու և դրանից ավելի լավ սնվելու համար:
Դեպի լեռնանցքը
Ինչպես բոլոր վերընթաց ճանապարհները, որ ծռմռվում են ու ստիպում չարչարվել, երկրորդ կիրճի դարավանդը հիմա ստիպում է, որ ուժերդ կենտրոնացնես, որպեսզի մի քայլից հետո, կարողանաս մյուսն անել: Հիմա լրիվ շնչառություն ես ու ոտքերի ցավ: Ժամանակ չունես ըմբոշխնելու մեծ ծառերի գեղեցիկ անհոգությունը: Աչքերիդ ներքո միայն դժվարանցանելի ճանապարհի կոշտ հողն է, որ անձրևները քրքրում են տարիներ շարունակ: Այն հայելին է քո, քանզի դու ևս ուժասպառ ես, քանզի վերելքը ստիպում է քեզ խռխռալ ու քերծում թոքերդ:
Ու երբ հայացքդ վեր ես հառում, որպեսզի աչքով չափես անցնելիք տարածությունը, հուսահատությունն է համակում քեզ, թե երբևէ տեղ ես հասնելու: Եվ անորոշության այդ պահերին, լինում է, որ ընկնես գետնին`շունչ առնելու համար: Այդժամ նայում ես ծառերին, որ աչքաթող էիր արել, սևեռում երկինքն ու հանկարծ քեզ զգում ես կորած, ասես բռնվել ես թակարդում մի աշխարհի, որը սպասում է իրիկվա վրա հասնելուն, որպեսզի քեզ անէացնի: Բայց այլ ընտրություն չունես, բացի ճանապարհդ շարունակելուց: Քիչ անց գետինը դառնում է տափակ: Դա զգում ես ավելի սահուն դարձած քայլքիցդ ու ոտքերիդ ավելացած ավյունից :
Ու քայլում ես երջանիկ ու հաղթական`համոզված, որ հասել ես լեռնանցքին, ու քիչ հետո քո առաջ կբացվի հովտի ընդարձակ համայնապատկերը:
Պատշգամբ Զանգեզուրի վրա
Հանկարծ, համառությանդ պտուղը հայտնվում է քո առաջ`որպես անընդգրկելի մի աշխարհամուտ, այն ճանապարհից սկսած, որով քայլում ես մինչև հեռուները, ուր բլուրներն են անհետանում լուսեղեն անծիր փոշու մեջ: Ոտքով ճամփորդությունը թույլ է տալիս, որ ունենաս այդ անսպասելի հայտնությունը, մինչդեռ ավտոմեքենայով` բնապատկերի արտառոցությունը պիտի սահմանափակվեր ճանապարհն ընդգրկող հողատարածքի մի ճապաղ ուրվապատկերով: Այդ հայտնագործությունը, որ հառնում է հայացքիդ առաջ, իր ողջ հզորությամբ, հրճվանք է պատճառում մարմնիդ, քանզի թվում է, թե այն տրվել է քեզ որպես հատուցում: Արդեն ոտքերդ կայտառ են: Ու հենց մագլցում ես կանաչապատ փոքրիկ բարձունքը , որը կախվում է ճանապարհի վրա, գետնին ես դնում պայուսակդ, որ բարձի տեղ ծառայի գլխիդ համար, մի ծառի տակ, որը քեզ է բաշխում իր ստվերը, զգում ես, թե ինչպես է այդ կողմերի խաղաղությունը պարուրում մկաններդ: Համայնապատկերի ողջ անդորրը թորվում է մարմնիդ մեջ:
Տարածությունը, անտառի միջով հոգնեցուցիչ վերելքից հետո, վերակենդանացնում ու հիացնում է միաժամանակ: Ու քանի որ ոչ մի ինքնաշարժ չի երևում, ոչ անգամ` մարդկային որևէ շունչ, դանդաղորեն, մի քանի րոպե անց, զգում ես անկշռելիությունը ժամանակի, որը ձերբազատվել է իր բոլոր նշաններից, որոնք սովորաբար մատնանշում են նրա էությունը, մի ժամանակի, որ թվում է, վերագտնում է իր խորհրդավորությունը, քանզի այդ պահին աչքիդ առաջ այն ազատագրվում է իր կանոններից ու վերադառնում իր երկրային կուսականությանը:
(շարունակելի)
Վերջին մեկնաբանություններ