«

»

Սեպ 10 2011

Տպել Գրառում

Մարի Մարտիրոսյան | ԿԱՊՈՒՅՏ ՀԵՌՈՒՆԵՐՈՒՄ…

<<<>>>

Ժամանակից դուրս սիրում եմ քեզ…
Ժամերը հոսում են, ու անակնկալները ամռան մրսում են շոգից…
Արագահոս վայրկյանները, որ ծանրանալով ժամանակի խաչբառն են լրացնում,
Երբեք չեն կարող քեզ ինձնից խլել…
Վազող ամիսների ոտքերի արանքով ճարպիկորեն վերջաբանն է սողոսկելով
անցնում ամսեամիս,
Ու երկակի դեր է խաղում ժամանակը, երբ բանականության փտած շերտերը
հույսեր են երկնում..
Րոպեների սրաթև սահումը հովերի պես ցանվում է ծաղկանման օրերի թերթերին,
Որ ծաղկում էին անցյալում, երբ էլի անմեկնելիորեն հրաշքային էի սիրում…
Ոչինչ ու ոչ ոք երբևէ այդչափ չի գուրգուրվել ու ինքնակատարելության
տենդով չի ջերմել,
Ինչպես ինձ ծաղրող ի՛մ մտքերը…
Մտքեր, որոնց հայր ես դու. մեր փոքրիկին էլ եմ մտովի երկնել…
Յուրաքանչյուր զգացումի ու փոփոխության հետ ամենքն են մեղավոր,
Որ չեն վերադառնում, ու բնությունը նույն օրը չի երկնում երկու անգամ,
Ու ժամանակը չի ներում ուշացածներին…
*****
Վայրկյանները սվսվալով երգում են, կանչում են միմյանց՝ գնանք,
Իսկ ես ժամանակից դուրս սիրում քեզ…
<<<>>>
Կապույտ հեռուներում, որ ծիածանագույն հորիզոններ ունի,
Հառնում է մի հեռու երազանք՝ Սև ՀՐԵՇՏԱԿ անունով, որ սիրո ջահեր է կրում թևերին
Ու դրախտ հյուսում իր փոքրիկ անկյունում՝ երազների անկողնում թուլացած,
որ ամպերից մի բարձ է գողացել.
Նինջը թող թեթևորեն սահի….երազները նուրբ են…
Դու դեռ ճախրում ես դրախտի արահետով մի տուն, որ քաղցրագույն խմիչքներ ունի…
Կենացներ չկան, խոսում են աչքերը…որ դեռ երազել գիտեն:
Երազները նկարվում են գիշեր նկարչի կտավին, որ ողջ է, ապրում է երկուսիս նման ,
բայց երկուստեք մենակ…
Ու երազելդ հավերժ է տևելու ափերին երկմտումի, լճակի մոտ սպասումի,
Որի վտակները սառույց են կապել հպումից շուրթերիդ, որ ամառ են ուզում,ամառ են
տենչում, որ ԻՆՁ են կանչում հոգուդ կորովով,
Որ թուլանում է իմ ոտքերի, պչրող քայլերի արանքում, որ ճանապարհ է մաղում
ժամանակի չորս գույների մեջ. անհաշիվ ավազահատիկներ…
Հառնում ենք մի երազանքի,որ ելակի համ ունի ու կոկոսային փշուրներ,
Որ թափվում են երկնքից որպես փաթիլներ՝սառեցնելով կիրքդ, որ արդեն գոչում է.
-Նա հավերժ սպասում է…
*****
Երազանքի աշնան խորքերում խամրել է ձայնդ…

<<<>>>
Ոչինչ այնքան պատահական չէր, որքան մեր հանդիպումը, երբ հավերժացար որպես
ՍԵՐ…
Կապույտ եզերքները ամեհի կարոտի կորել են մշուշում վախի,
Ու ժպիտը սառած էլի ժպիտ մնացել:
Դու եկար որպես անխռով հոգի կատարյալ թերության,
Ու երջանկության սրվակը ձեռքիդ…
Ոչինչ այդքան թեթևասահ չէր, ինչպես աչքերիդ սահքը շուրթերիս եզրագծով,
և առճակատումը դիվահար ու կույր մտքերի, որ տրվում էին իրար առաջին անգամ:
Այնինչ ձեռքդ ծանրացել է ափիս մեջ ու ճանկռոտում է քո «մեռած» ձեռքը,
Որին շունչ տալու համար սերս պատրաստ եմ հարալեզուներ դարձնել.
մեռնում ես իմ սեր…
Մեղանչել չկա, քահանաները պղծվել են,հոգիս միանձնուհու աղոթքով կուսացել,
Դու՝ իմ դժոխքում հիասթափված սև ՀՐԵՇՏԱԿ, որ ինքնակամ է վտարվել…
Ոչինչ այնքան պատահական չէր, որքան մեր բաժանումը, երբ կայացած
ընկերությունը հավերժացավ որպես ՍԵՐ…
*****
Չեմ մեռնում առանց քեզ…
Չես ապրում առանց ինձ…

<<<>>>
Ու կասեք. Միայնություն չկա,
Միչդեռ ոչ ագռավ է, ոչ էլ ոսկե թռչնակ`
Հաստ փետուրներով ետևն խաղացնող,
Ոչ էլ մանկության անհույս կախաղան…
Նա է տպագիր գրում մատներիս փոխարեն,
Որ մարմնիս երկայնքով պարող պչրանքին չի խաբվում…
Ու ոչինչ այնքան եղելական չի եղել….
Ու նա դեռ ոչինչ է, նոր ձևավորվող,
Մանկան նման խճճվող իր իսկ արգանդային տնակում,
Սեղմում է, մկրատում թիթեռներիս թևերը,
Որ պիտի դառնային զգացական ասելիք հարթության վրա…
Ու նա զռում է, անդաստիարակ այլմոլորակայինի նման,
Նեխում իր մեջ,
Ձայներ արձակում մտքի անսահմանության սնդուկում`
Արձագանքելով արձագանքը….
Եվ նա ծակոտում է մեխային կրծքավանդակը`
Հասարակածված շնչառական խողովակներով…
Ու պայթում է ողնաշարի այն ոսկորը,
Որ ճզմում է թիկունքի լայնացումը..
Թռչել չկա՜…
Ու նա է, նա, որ փռում է մարմինդ համակերպման կմախքի վրա`
Փնտրելով խեղկատակ նմանակ սպիտակ քթով…
Ու ձանձրալի քիմիկոսը կանաչ հայացքով
Հյուսվածքներդ իրար է հյուսում,
Ու տձևացած ոտքերդ հայտնվում աթոռի տակ…
Գրամեքենան դեռ յուղում է նրան,
Թղթեր են թափվում մարդակերպ գազանի բերանից,
Որ ելք է բացում ճակատից…
Երկրորդ ոսկորն է փշրվում աջ թիկունքի…
Շուրթերս փքնում, մատներս դառնում յոթ հատ
Ու զայրույթի հիացական հայելում հաշվում թարթիչներս
Ինքնանկարման երկրորդ հանդեսում…
Ու դու դեռ քաշում ես հոգուս մեխերը,
Որ թիկունքս են պահում….
Ա՜խ, երրորդ ոսկորն է ճաքում….

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>