«

»

Սեպ 26 2011

Տպել Գրառում

Արմինե Պետրոսյան | ԵՍ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԵՄ

(Լուռ գիշեր է):
-Ձեռքդ տուր, գնում ենք:
-Ո՞ւր: Դուք ո՞վ եք:
-Ե՞ս: Ես քո ամենաբաղձալի ցանկության իրագործողն եմ:
-Ի՞նչ ցանկություն:
-Կարդա`:
«Մի՞թե մեզ պետք են մեր մարմինները՝ այդ թյուրիմացությունները: Առանց դրանց էլ մեր ես-ը՝ էգոն, գոյություն ունի, իսկ դրանք՝ այդ խանգարիչները, միայն վնաս են հասցնում մեր էությանը՝ դարձնելով մեզ իրենց պահանջմունքների գերին: «Մարմինները» դեռևս մենք չենք, կամ մենք ենք` պայմանականորեն, ինչպես մեր հագուստը, կոշիկները, գլխարկները և այլ իրեր, որոնք մերն ենք համարում: Մի՞թե մարդն իր խոհերի, զգացումների ժամանակ զգում է իր մարմնի ձևը, կառուցվածքը կամ նույնիսկ իր ֆիզիկական գոյությունը: Ձեզ չի՞ պատահել` երկար մտորումներից հետո հանկարծակի հայելուն նայելիս զարմանաք, որ Դուք հենց Նա եք` հայելու այդ արտացոլանքը:
Անհանգստությունների, անհարմարությունների, հիվանդությունների և աշխարհում տիրող բոլոր չարիքների արմատը մարդկային մարմինն է: Ես-ը ստիպված է իր վերին մտածումներից ներքև իջնել, որ հաց ու ջուր տա մարմնին, հոգ տանի նրա մաքրության, առողջության մասին և կատարի Անկուշտի բոլոր ցանկություններն ու պահանջները:
Մարմինն իր հարմարությունների համար պարտադրում է ես-ին ամեն գնով ունենալ շքեղ հագուստ, դղյակներ ու ճոխ ապրելակերպ, որ իր ստամոքսը կշտացնի և իր նվաստ ձգտումներին հագուրդ տա: Ու սկսվում է պայքարը` գողանալու, թալանելու, սպանելու, ամեն գնով ուզածին հասնելու մրցավազքը:
Մարմնի գոյությունը պաշտպանելու համար ֆիզիկապես թույլ և սոցիալական վատ պայմաններ ունեցող մարդն ստիպված է իր հզոր ես-ը խոնարհել ֆիզիկապես ուժեղին կամ իրենից հարուստին, աստիճանավորին:
Մարմնի նյութական լինելն իսկ ավելորդություն է: Ես-ը իր «մատերիա»-ին հարմարություններ ստեղծելու համար աղարտում է բնությունը, խախտում բնական հարմոնիան:
Ինչի՞ համար աշխարհի ստեղծման վեցերորդ օրը Աստված արարեց էությամբ իր նման, բայց նյութական արարածների: Մի՞թե աշխարհն ավելի ներդաշնակ չէր լինի, եթե Արարիչն ստեղծեր բանականություն և զգացմունք ոչ թե մարմնի, այլ «ուրվականային» կերպի մեջ. մարդիկ, որոնք չէին ունենա մարմնական կարիքներ, դրանց հետ կապված տհաճություններ ու դրանց պատճառով առաջացած չարիքներ: Մտածումով հզոր ես-ը անշահախնդրորեն կկառավարեր կենդանիներին ու բնությունը, կզուգավորվեին մարդիկ ըստ գաղափարների և զգացմունքների: Նրանց գաղափարների և զգացմունքների, այսինքն` էությունների ձուլումից էլ կառաջանային նրանց սերունդները:
Գո՞ւցե ունենալով ոչ մարմնական կաղապար` ես-ը հզորանար ու հավասարվեր Իրե՞ն` Ստեղծո՞ղին:
Եվ գո՞ւցե մեզ տրված այս մարմինները մեզ ներքևում պահելու համար են »:
-Որտեղի՞ց գիտես սրա մասին:
-Ես ամեն ինչ գիտեմ: Հիմա գալի՞ս ես:
-Ո՞ւր:
-Երազածդ տեղը:
-Այսի՞նքն:
-Այսինքն` ձե՛ռքդ տուր` գնանք: Միայն թե շորերդ հանի՛ր, շորերդ շատ նյութական են մեզ հետ գալու համար:
-Իսկ իմ մարմի՞նն է գալիս, թե՞ հոգին:
-Երկուսն էլ. որոշ աշխարհներում մարմինդ պետք կգա:
-Ո՞վ ես դու:
-Տարբեր աշխարհներում ինձ տարբեր կերպ են կոչում:
-Իսկ մեր աշխարհո՞ւմ:
-Հենց միայն ձեր աշխարհում ես հազարից ավելի անուններ ունեմ:
-Այդ դեպքում ինչպե՞ս դիմեմ:
-Ինչպես մինչև այժմ ես դիմել կամ կուզես նոր անուն ընտրի՛ր:
-Ես քեզ ճանաչե՞լ եմ:
-Այս կամ այն չափով:
-Մի՞թե դու Նա՞ես, ինչ հենց նոր մտածեցի:
-Ձեր աշխարհի մարդկանց համար հաճախ կարևոր չէ իրական էությունը, այլ ավելի հիմնարար է տվյալ բնորոշման մասին իրենց մտածածը:
-Լավ, ես քեզ կկոչեմ Անճանաչելի:
-Եթե այդպիսին եմ քեզ համար, այդ անունով էլ դիմի`ր: Հիմա պատրա՞ստ ես:
-Ախր ո՞ւր պիտի գնանք կամ ո՞նց պիտի այդ անենք: Ես ինչպե՞ս պատրաստվեմ:
-Բանականությամբ և ներուժով: Ուղղակի հավատա` քեզ և ինձ, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում: Դուք` երկրաբնակներդ, կասկածամիտներ եք: Հենց դա էլ ձեզ խանգարում է շատ հարցերում. մի կողմից աստվածներ ու հեքիաթներ եք հնարում, մ,յուս կողմից` չեք զգում և չեք օգտագործում ձեր ներուժը:
(Լռություն):
-Լավ, պատրաստ եմ, գնանք:
(Առկայծում):
-Ահա և քո երազած ուրվականակերպ աշխարհը: Նայի՛ր, ծանոթացի՛ր, տե՛ս` ո՞նց ես զգում քեզ քո ցանկալի վայրում:
-Իրոք որ, իմ մտքերի ճիշտ իրականավորումն է: Իսկ ինչպե՞ս այս ամենը եղավ: Ասես ինտերնետային մի կայքից մյուսը մտանք, այն, որը մեր ցանկությանն ամենաշատն էր համապատասխանում: Չլինի՞ կա մի հսկա համակարգիչ` իր հզոր համացանցով, որի ղեկավարը դու ես. ստեղծում ես կայքեր, էջեր, այցելում այս կամ այն տեղը, հիմա էլ ինձ ես բերել շրջագայության:
-Ինչ կարևոր է, թե ինչը ինչ է: Դու ընդունակ չես հասկանալու ամեն ինչ, և ես զուր ջանքեր չեմ թափի քեզ ինչ-որ բան բացատրելու համար: Առանց այդ էլ ձեր բոլորի ուղեղները լցված են այս կամ այն կիսատ-պռատ ճշմարտություններով ու դրա պես բաներով: Մի ժամանակ ասում էիք` կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, հիմա էլ ասում եք` կյանքը խաղ է, աշխարհը` ինտերնետային էջ:
-Մտքովս անցավ, որ եթե դու կայքէջ-աշխարհներ ես ստեղծում, մի օր էլ երբ գտնես, որ այդպես է պետք, կջնջես մեր աշխարհը: Երևի առաջինը մեր աշխարհն էլ ջնջե՞ս, չէ՞:
-Կարծո՞ւմ ես: Մտածում ես, որ ձերը ամենավա՞տն է:
-Համոզված եմ: Եթե ամենավատն էլ չէ, ապա ամենաթերին է:
-Մի՞թե: Լավ, տե՛ս և ընկալի՛ր երազածդ միջավայրը, կարող ես շփվել, ծանոթանալ:
-Եղավ: Բայց մինչ այդ մի հարց էլ. դու այս իրականությունը ինձ համար հենց նո՞ր հնարեցիր, թե՞ այն կար:
-Այն կար, կա և կմնա,Կասկածամի՛տ: Տե՛ս, քեզ են մոտենում:
-Բարև Ձեզ, Այլմոլորակայի՛ն:
-Այլմոլորակայի՛ն, ինչո՞ւ չես խոսում:
-Կներեք, բարև ձեզ, ուղղակի շշմած եմ, չգիտեմ` շուրջս իրականություն է, թե՞ պատրանք:
-Իհարկե իրականություն է: Սա մեր աշխարհն է: Մենք այստեղի ամենագետ-ամենագործ- ամենասերներն ենք: Մենք` երկուսով ենք ողջունում մեզ մոտ եկած հյուրերին, տանում, ծանոթացնում մեր հրաշք աշխարհի գաղտնիքներին:
-Ձեզ մո՞տ էլ են այլմոլորակայիններ գալիս:
-Հարյուր տարին մեկ:
-Կամ դրանից շուտ կամ ուշ:
-Նրա՞նց էլ Անճանաչելին է ուղեկցում:
-Ի՞նչ Անճանաչելի:
-Ինձ ուղեկցողը: Ո՞ւր է, չի երևում, երևի մոտերքում կլինի:
-Այստեղ քեզանից բացի նորեկներ չկան: Դու մենակ ես եկել:
-Չէ`, ի՞նչ եք ասում: Նա ինձ հետ էր: Նա` ինձ բերեց:
-Նորից եմ կրկնում` դու մենակ ես: Դու երկրաբնակ չե՞ս:
-Այո`:
-Դե`, դու ինքդ էլ կարող էիր մեզ մոտ գալ, միայն ցանկություն էր հարկավոր:
-Դուք եղե՞լ եք մեզ մոտ: Դուք կարողանո՞ւմ եք միջմոլորակային տարածությունները հաղթահարել:
-Իհարկե: Մեր ոգու ուժը և մեր ներքին հավատը շատ հզոր են: Մենք կարողանում ենք անել այն, ինչ ցանկանում ենք: Ի դեպ, դուք ևս զորու եք կատարելու ձեր մտքին եղածը, միայն թե դուք շատ կասկածամիտ եք:
-Կասկածամի՞տ: Դո՞ւք էլ եք այդպես կոչում:
-Դե`, հա՛: Դրա համար էլ ավելի շատ, կասեի` հիմնականում զբաղվում եք ձեր արտաքին հարցերով, որոնք փուչ բաներ են:
-Ճիշտ եք: Ես էլ եմ այդպես գտնում: Եթե սա իմ երազած աշխարհն է, կխնդրեի ավելի մոտիկից ծանոթացնել նրա հրաշալի գոյության ձևերի հետ:
-Ե՛կ, ե՛կ, նախ վերև բարձրանանք:
-Ես չեմ կարող:
-Կարող ես: Երազումդ, երբ վստահ ես լինում քո ուժերի վրա, ո՞նց ես հաղթահարում անհաղթահարելի թվացող երևույթները: Հիմա էլ հավատա քեզ ու մեզ հետ վերև բարձրացի՛ր:
-Բայց ես հոգով դեռ այդքան կոփված չեմ: Ես երևի չկարողանամ:
-Հաստատ չես կարողանա: Դու նորից կասկածեցիր քո ուժին: Լավ, մենք քեզ կտանենք: Սլանա՞նք:
-Սլանանք:
-Ահա արդեն վերևում ենք` ամպերի մոտ: Մեր աշխարհը շատ նման է ձերինին, միայն թե այստեղ մտածող էակները, այսինքն` մենք, չունենք նյութական կառուցվածք:
-Դե`, դա էլ հենց ամենաճիշտն է:
-Չգիտենք, բայց այդպես է: Մա՛րդ, դու գլխի էլ չընկար, բայց դու ինքդ բարձրացար վերև, որովհետև լիովին վստահեցիր մեզ: Մտածելով, թե մենք ենք քեզ վեր հանում` ինքդ սլացար:
-Մի՞թե:
-Իհարկե: Դուք երևի միշտ եք այդպես կասկածում: Արդեն հոգնեցրիր:
-Կներեք, ես ներքին հավատով քիչ-քիչ ավելի զորեղ կդառնամ:
-Հուսանք: Նայի`ր` մեզ մոտ բնությունն ու կենդանական աշխարհը ինչ բնական վիճակում են: Մենք բավական հոգ ենք տանում նրանց մասին` ընթացքում նոր բաներ բացահայտելով մեզ համար: Մեզ մոտ կան տարբեր գիտնականներ, որոնք զբաղվում են թե` բնության, թե` կենդանիների, թե` մտածող ու զգացող էակների, այսինքն` մեզ հետ կապված հարցերով:
-Բայց եթե բնությունը, կենդանիներին չեք օգտագործում ձեր կարիքներն հոգալու համար, ինչո՞ւ եք իզուր ջանք ու ժամանակ վատնում` նրանց մասին հոգ տանելով:
-Մա՛րդ, քեզ թվում է` այն, ինչ դուք եք անում, ձեզ օգո՞ւտ է բերում: Հավատա`, ինչքան չարաշահում եք ձեր անձնական նեղ շահերը բավարարելու համար, նույնքան էլ տուժում եք. խախտում եք բնական հարմոնիան, ու բնության պատասխանը չի ուշանում:
-Իսկ ինչպե՞ս եք ազդում մեկդ մյուսի վրա:
-Բիոմագնիսական դաշտի միջոցով, որով էլ շրջապատված ենք յուրաքանչյուրս:
-Ի դեպ, մա՛րդ, դուք էլ ունեք բիոմագնիսական դաշտ, բայց գրեթե չեք կարողանում կառավարել այն:
-Իսկ դուք ինչպե՞ս եք օգտագործում ձեր բիո դաշտերը:
-Տարբեր ձևերով, բայց ավելի լավ է ոչ թե մենք բացատրենք, այլ ինքդ տեսնես:
-Գնացի`նք:
-Ահա`: Նայի՛ր, աղբյուրի մոտ կանգնած է Դրականը (ձեզ մոտ կասեիք` կինը ), նա մենակ է, ընկեր կամ ամուսին չունի, բայց հասել է այն տարիքին, որ բիոմագնիսական դաշտը պայծառ ճառագայթներ է ուղարկում, այսինքն` նա պատրաստ է զուգավորվելու: Տե՛ս, նրա մոտով անցնում են այլ Դրականներ (կանայք) և Բացասականներ (տղամարդիկ), բայց նրա պայծառ ճառագայթները մյուս Դրականներին վանում են, իսկ Բացասականներին ձգում այս կամ այն չափով: Եթե երկուստեք զգողականությունը շատ ուժեղանա, նրանք կօղակվեն լուսե ճառագայթով, ահա`, նայի՛ր այն զույգին:
-Շա՜տ գեղեցիկ է: Նրանք միավորվե՞լ են, արդեն ամուսիննե՞ր են:
-Դեռ ոչ: Երբ օղակի մեջ են մտնում, սկսում են մտքեր փոխանակել, որոշ ժամանակ հետո նրանց համար պարզ է դառնում` արդյոք գաղափարակիցներ են: Եթե այդպես է, նրանց օղակն սկսում է քիչ-քիչ սեղմվել, այնքան սեղմվել, որ կարծես մի էություն են դառնում: Ու երբ հասնում են այդ աստիճանին, ստեղծվում է նրանց սերունդը, ու նրանք որոշակիորեն հեռանում են միմյանցից: Տե՛ս լճի մոտ կանգնած զույգին:
-Քանի որ այդ ուժեղ զգողականությունը զույգերի միջև ոչ հաճախ է լինում, ամեն մի զույգ իր կյանքի ընթացքում մինչև հինգ սերունդ կարող է թողնել:
-Իսկ հետո ի՞նչ է լինում: Մահանո՞ւմ են:
-Անէանում են, ձուլվում տիեզերքին: Երբ բիոմագնիսական դաշտն այնքան է թուլանում, որ սկսում է մարել, և գաղափարները նվազում են, ապա վերանում, էակը կորցնում է իր առաքելության նպատակը և անէանում:
-Այդ ամենը տարիքի հե՞տ է կապված:
-Ո՛չ: Ամեն մեկս ձգտում է նոր գաղափարներ ունենալ, ակտիվ կյանք վարել` հզորացնելով բիոմագնիսական դաշտը: Երբ էակն ալարում է, սկսում անիմաստ կյանքով ապրել, նրա մոտ սկսում են պակասել կենսական ուժերը, գաղափարները. դա էլ բերում է անհետացման: Այդ ամենը կարող է տեղի ունենալ մեկի հետ կյանքի առաջին տարում, մյուսի հետ` հազարերորդում: Ասենք` մենք հազար իննսուն տարեկան ենք, ու դեռ ցանկությունը մեր մեջ չի նվազել:
-Բայց քիչ-քիչ սկսում է հետընթաց նկատվել: Մա՛րդ, հասկանո՞ւմ ես` մենք հոգնում ենք, ու ցանկություն է առաջանում ապրել` ոչինչ չանելով: Ու…
-Շատ հետաքրքիր է: Կուզեի մեզ մոտ էլ այդպես լիներ, թե չէ մեկը մեռնում է գործերը կիսատ թողած, մյուսն անիմաստ ապրում ութսունից իննսուն տարի:
-Լավ, մենք ուրիշ գործեր էլ ունենք: Ինքդ շրջի՛ր մեր աշխարհում, ծանոթացի՛ր մոտիկից:
-Շնորհակալություն: Ես ինձ դրախտում եմ զգում:
-Որոշ ժամանակ մնա` մեզ մոտ, ապա միայն կարծի`ք կազմիր:
-Լավ: Հաջողություն:
-Հաջողություն:
«Ի՜նչ հետաքրքիր է: Կարծես կախարդական աշխարհում լինեմ: Ահա մի զույգ, որ օղակվել է: Մոտենամ նրանց»:
-Բարև ձեզ: Ես այլմոլորակային ես: Ինձ հետաքրքրում է ձեր մոլորակի կյանքը, ես ուզում եմ այն մոտիկից ուսումնասիրել:
-Բարև, մենք մտքեր ենք փոխանակում, իսկ Դուք մեզ խանգարում եք: Առանց այդ էլ ինձ թվում է, որ մեր օղակումը սխալ է: Ճիշտ է` մեր լիցքերը ուժեղ են ձգում, բայց գաղափարներն իրար չեն բռնում:
-Ի՞նչ ես ասում, սիրելի`ս, արդեն քանի տարի է, ինչ նույն օղակում ենք: Երկուսս էլ ջրերի գիտակ ենք, սիրում և ուսումնասիրում ենք ջուրն ու ջրային բույսերին:
-Այո`, բայց դու լճագետ ես, ես` օվկաինոսագետ: Քո գաղափարները շատ սահմանափակ են. ես ավելի հաճույքով եմ զրուցում ոլորտաբանների, ընդմոլորակայինների հետ, քան քեզ հետ:
-Մի՞թե:
-Այո`, դու լճաբանությունից դուրս ոչինչ չես ցանկանում տեսնել և լսել:
-Բայց…
-Կներեք, որ ակամայից վկա դարձա ձեր վիճաբանությանը, ես հեռանում եմ, ցտեսություն:
-Մնաք բարով:
«Ա՜յ քեզ բան: Բավականին ոչ հաճելի իրադրություն: Այնտեղ ի՞նչ է կատարվում: Մեկը շանթում է մյուսին, հիմա կայծակնահար կանի: Երևում է ամուսնական դավաճանություն է եղել: Իսկ այնտեղ` ծառի մոտ, ի՜նչ հաճելի զույգ է տեղակայել: Բայց ոնց որ այն Դրական կոչվածներից մեկը փորձում է մոտենալ և քաշել զույգի Բացասականին»:
-Բարև ձեզ, խանգարեցի՞:
-Ո՛չ, ի՞նչ եք ասում: Ոչ ոք չի կարող խանգարել մեր մտքերի փոխանակմանը:
-Մենք միշտ մեծ հաճույք ենք զգում միմյանց հետ զրուցելիս: Արդեն չորս սերունդ ունենք, բայց բնավ չենք ձանձրացել մեկս մյուսի հետ խոսք փոխանակելուց:
-Մենք այնքան լավ ենք հասկանում իրար, որ հաճախ կարիք էլ չենք ունենում այլոց հետ շփվելու:
-Բայց քեզ հետ այսօր մի բան այն չէ, քիչ-քիչհեռանում ես ինձանից:
-Գիտեմ, ու մեջս ուժեղ վախ է մտել: Ինձ հեռվից մեկը ձգում է, և եթե այդ մեկը մոտենա, դու երևի չկարողանաս ինձ պահել: Նա կտանի ինձ, իսկ ես կկորցնեմ իմսիրելի գաղափարակցին:
-Ի՜նչ:
-Դու էլ ոչ գաղափարակցիդ հետ մի՛ մնա:
-Չեմ կարող: Գաղափարները երկրորդ պլանում են: Եթե լիցքերի ձգողականությունը ուժեղ է, օղակը ձևավորվում է, ու այն կքանդվի, եթե ավելի ուժեղ ձգողականության հանդիպի:
-Հիմա դուք ի՞նչ պիտի անեք: Մի՞թե թույլ կտաք, որ ձեր երջանիկ ընտանիքը քանդվի:
– Այլ ելք չկա: Հետագայում միայն, եթե իմ Դրականը հզորացնի իր ձգողական դաշտը ու գա ինձ մոտ և կարողանա նոր օղակից ինձ դեպի իրեն քաշել, մեր սիրելի ընտանիքը նորից գոյություն կունենա:
-Տարօրինակ աշխարհ է: Եթե գաղափարապես չեն համապատասխանում, մի՞թե նորմալ ընտանիք կկազմեն:
-Ո՛չ, չեն կազմի: Գաղափարների չհամընկնելու դեպքում զույգը ուղղակի մնում է օղակի մեջ, նրանց կապը չի սեղմվում, նրանք սերունդ չեն տալիս: Ապրում են ձանձրույթի և սպասման մեջ:
-Բայց և չեն կարող միանալ իրենց գաղափարակցին, որի լիցքերը բավականաչափ ուժեղ չեն: Կամ էլ կարող են մտածել, որ դրանից ավելի համընկնում լինել չի կարող ու միավորվել` ամբող կյանքում չզգալով իրենց լիովին բավարարված:
-Երևի անթերի աշխարհ չկա, որ ձեզ մոտ էլ այդպիսի հարցեր են առաջանում, խնդիրներ, որոնց լուծումը գրեթե վեր է ձեր ուժերից: Այն էակնե՞րն էլ են իրար շանթահարում նոր օղակ ձևավորելու համար:
-Ո՞ր:
-Այն անտառի մոտի:
-Ո`չ: Նրանք երկուսն էլ կենդանագետներ են: Քանի որ մեր մոլորակը մոտենում է արևին, որոշ ժամանակ հետո մոլորակի այս հատվածը կարող է անապատանալ: Գիտնականներից մեկը գտնում է, որ կենդանիներին պետք է տեղափոխել այլ անտառապատ հատված, որպեսզի չոչնչանան, մյուսն էլ կարծում է, որ պետք չէ տեղափոխություն կազմակերպել, որը կարող է մեծ վնաս հասցնել և՛ այս, և՛ մյուս տեղի կենդանիներին, այլ բնության փոփոխության հետ նրանց քիչ-քիչ սովորեցնել անապատային կյանքին այնպես, որ մինչև այս անտառն անապատանա, այստեղի կենդանիներն էլ վերածվեն անապատաբնակների:
-Նրանց բանավեճն հասել է կռվի, հիմա էլ իրար լիցքահարում են:
-Ահա թե ինչ:
«Չէ՛, իդեալական աշխարհ գոյություն չունի: Երևի միայն պետք է գտնել մի աշխարհ, որն ամենահարմարն է ապրելու համար: Գաղափարները խանգարում են զգացմունքներին և հակառակը: Ա՜յ, լավ կլիներ ապրել միմիայն զգացմունքների աշխարհում: Ե՛վ հեշտ կլիներ, և՛ հաճելի»:
-Նորից դժգոհո՞ւմ ես, Կասկածամի՛տ:
-Աճանաչելի՞: Դու որտե՞ղ էիր, ես ինչքան քեզ փնտրեցի, չգտա:
-Ինչքա՞ն փնտրեցիր:
-Դե՛, փնտրեցի, էլի: Այստեղ ոչ ոք քեզ չէր տեսել:
-Ո՞վ չէր տեսել:
-Ասենք` ամենագետ-ամենագործ-ամենասերները:
-Ու վե՞րջ:
-Դե՛, այո`:
-Ինչ շուտ ես եզրահանգումներ անում: Մակերեսային ուսումնասիրությունից հետո քեզ թվում է, թե հասել ես խորքը ու պարզել ամեն ինչ՝ ոչինչ չբացահայտելով հանդերձ: Ինչևէ, նորից դժգոհության, ձանձրույթի, նորի որոնման մեջ ես: Հիմա էլ զգացումների աշխարհն ես ուզում: Գնա՞նք:
– Ի՞նչ: Մի՞թե նման աշխարհ կա:
-Կա, Կասկածամի՛տ:
-Ու դու ինձ այնտե՞ղ կտանես:
– Այո՛, նույնիսկ մարմնովդ հանդերձ:
-Մարմնո՞վս:
-Ինչո՞ւ ուրախացար: Կարոտե՞լ ես նյութականիդ, որից այդքան ազատվել էիր ուզում:
-Երևի, չէ՞ որ տարիներով այն կրել եմ. սովորություն է դարձել:
-Արդյո՞ք միայն սովորություն: Լավ, գնացինք:
(Առկայծում):
-Նորից մեր մոլորակի պես բնություն ու կենդանիներ կան:
-Չէի՞ր ուզում, հոգնել ես մոլորակի նման բնակեցվածությունի՞ց էլ: Գիտե՞ս, Կասկածամի՛տ, սրանից հետո քեզ կկոչեմ նաև Դժգոհ, ասեմ, որ այստեղ կենդանիներ չկան: Տեսածդ զգացումներով հագեցած էակների խումբ է` «մարդիկ», որոնց հետ ուզում էիր ապրել:
-Այո՞: Լավ, առաջանանք: Չեմ համբերում ապրել լոկ զգացումներով:
-Երևում է, դու արդեն առատ զգացումների հորձանուտում ես:
-Սրանք մեզ` երկրաբնակներիս, արտաքնապես շատ են նման: Միայն թե ունեն թռչնի թևեր ու ձկան պոչ:
-Նաև ձեզանից շատ ավելի բարձրահասակ են, մկանուտ…
-Գեղեցկատես, գրավիչ: Մերկ են շրջում, հա՞:
-Այո՛: Նրանք շատ են հոգում իրենց մարմնի մասին, ապրում են մարմնական զգացումների ու հաճույքների համար: Շփվում են ժեստերի ու միմիկայի միջոցով:
-Իսկ ես կհասկանա՞մ նրանց:
-Ես քեզ կօգնեմ:
(Մոտենում են մի խմբի: Մեկը ձեռքերով ինչ-որ բան է հասկացնում):
-Ի՞նչ է ասում:
-Քեզ հրավիրում է խնջույքի: Այսօր նրանց մոտ Խնձորատոն է:
-Ինչպե՞ս ասեմ, որ համաձայն եմ:
-Պարզապես հետևիր նրանց:
-Ի՜նչ գեղեցիկ բացատ է: Հետաքրքիր ճաշակ ունեն, շատ յուրօրինակ են դասավորել խնձորները. ամբողջ տարածքում տոնի մրգերն են` գեղեցիկ համակցված այլ մրգերի փոքր զանգվածների հետ, բայց այդ տարբեր ձևերի քարերն ինչի՞ համար են:
-Խնձորից տարբեր մշակվածության հյութեր են քամելու:
-Որպեսզի խմե՞ն:
-Ոչ միայն: Մի քիչ համբերիր, կտեսնես:
-Աստվա՜ծ իմ: Ի՜նչ հեթանոսություն: Հյութի անմշակ մասսան լցնում են իրար վրա, մերսում դրանով մեկը մյուսի մարմինը: Բա հիմա ի՜նչ են անում. Լիզո՜ւմ են:
-Մի քիչ հետո ավելի սանձարձակ տեսարաններ են լինելու: Եթե չես ուզում, կարող ենք գնալ:
-Ավելի սանձարձա՞կ: Չէ՛, ուզում եմ:
-Այո՞: Տե՛ս, քեզ էլ են հրավիրում:
-Կարելի՜է գնալ:
-Հակասակա՛ն:
-Անճանաչելի՜, ի՜նչ հաճույք էր: Անզո՜ւսպ, ուժե՜ղ, կրակո՜տ կիրք, մարմնական անմոռաց զգացումներ. մինչև այժմ բոլոր բջիջներս թրթռում են ապրածս վայելքից: Ա՜յ, սա կյանք է` մարմնի պաշտամունք ու գերագույն հաճույք:
-Դու չէի՞ր, որ հոգնել էիր մարմնիցդ, երազում էիր ապրել հոգով:
-Հա՜: Ի՜նչ վարպետորեն են գործում, ի՜նչ հնարներ ու ձևեր գիտեն. մարմնական սիրո գիտակներ են: Ես իմ երկրային կյանքում շա՜տ բաներ էի տեսել ու ապրել, բայց այդ ամենը ոչինչ է` համեմատած այս բուռն սիրո, պոռթկուն կրքի ու զգացած հաճույքի հետ:
-Դե`, ապրի`ր նրանց հետ: Այստեղ չկան պարտականություններ, իրավունքներ, կախվածություններ: Ապրում են, ինչպես ցանկանում են, անում են, ինչ ցանկանում են: Նրանց մոտ ամենաուժեղ բնազդը սեռականն է, ու նրանք սեռական կապի մեջ են մտնում ցանկացած մեկի հետ, ով այդ պահին իրենց ձգում է:
-Որևէ կապվածություն չկա՞, ասենք` ծնողների, զավակների հանդեպ:
-Ինչպես արդեն ասացի, ամենաուժեղը սեռական կարիքները բավարարելու զգացումն է: Մնացած զգացումները երկրորդական, երրորդական են և ծառայում են առաջնային ցանկության բավարարմանը: Այս առումով որոշ կապվածություններ կան: Նրանց մեջ հանդիպում են զույգեր, որոնց շատ է դուր գալիս համատեղ սեռական կյանքը, ու եթե նրանք գտնում են, որ ամենահամատեղելին այն զուգընկերն է, որի հետ կապվել են, բարձրանում են լեռները ու ապրում այնտեղ, մինչև չհոգնեն միմյանցից: Առանձնանաում են, որպեսզի խմբի մեջ չկորցնեն ցանկալիին ու հետո ժամանակ ծախսեն նրան գտնելու համար: Ժամանակը պետք է միմիայն վայելել: Հանդիպում են այնպիսի լեռնաբնակ զույգեր, որոնք մինչև կյանքի վերջ ապրում են միասին:
-Շատ հետաքրքրեց: Կուզեի տեսնել այդ զույգերին:
-Բարձրանա՛նք: Ահա` մի զույգ:
-Ո՞ւր է:
-Կանաչների հետևում են:
-Հա՜: Իրենց սիրելի գործով են զբաղված: Բայց շա՜տ գեղեցիկ են, հիանալի կառուցվածք ունեն, ավելի լավն են, քան ներքևի եղածները:
-Այո՛, լեռնաբնակները սովորաբար ամենավայելչատեսներն են: Բայց նայի՛ր այն գազազած մազոտին, տե՛ս` զույգի կողմն է գնում:
-Ճիշտ որ. ձեռքին էլ մեծ, սուր քար կա: Հետն էլ գոռգոռում է: Սիրահարները վախեցան: Աստվա՜ծ իմ, մազոտը քարով խփում է զույգի տղամարդուն, հիմա կսպանի: Ի՞նչ է կատարվում: Ե՛կ, օգնե՛նք:
-Մենք ոչինչ անել չենք կարող: Կլինի այն, ինչ պիտի լինի: Այս մազոտը իր տգեղության պատճառով մերժվածների մեջ է: Նա էլ վրեժով է լցվել ու հանդգնել տիրանալ ամենագեղեցիկին, այդ պատճառով էլ սպանում է նրա արուին:
-Բայց դա սարսափելի՜ է: Խեղճ աղջիկը լացում է, տանջվում, նա ինչո՞ւ պիտի կորցնի իր կյանքի ընկերոջը ինչ-որ մերժվածի թունոտ զգացումների պատճառով:
-Սա զգացումների աշխարհ է, իսկ զգացումները հակասական են ու տարբեր: Նա կորստի ցավ է զգում, բայց միայն զգացական օրգաններով, նրա մոտ միտքը չի գործում: Իսկ ցավի զգացումը շուտով կարող է վերանալ` փոխարկվելով ծարավի, քնելու կամ նոր հաճույքի զգացման:
-Հիմա ի՞նչ է լինելու: Չէ՞ որ մազոտին որևէ պատիժ չի հասնի:
-Ճիշտ ես: Մազոտը կփորձի ուժով բռնանալ գեղեցկուհուն:
-Ինչը և սկսեց անել: Ո`չ, ես չեմ կարող այստեղ կանգնած մնալ: Ես պիտի օգնեմ:
-Մի` փորձիր:
-Է՜յ, հսկա՛, մազոտ արարած, հեռո՛ւ այս կնոջից:
-Ուհուո՜ւ, ո՜ւ…
-Անճանաչելի՛, ինչո՞ւ եմ ես պառկած: Աստվա`ծ իմ, մարմինս ո՜նց է ցավում, հիմա կմեռնեմ:
-Չես մեռնի, վե՛ր կաց:
-Ո՞նց, ես վիրավո՜ր եմ:
-Դու ուշաթափվել էիր: Հիմա ուշքի ես եկել: Քեզ ոչինչ չի եղել: Կանգնի՛ր:
-Մի՞թե: Ճիշտ որ, ցավերս թուլանում են:
-Դու ցավեր չունես:
-Չունե՜մ:
-Վե՛ր կաց: Դու առողջ ես:
-Այո՛, ես առողջ եմ: Բայց այդ ո՞նց եղավ:
-Դու հավատացիր ինձ: Եթե նույնչափ հավատայիր ինքդ քեզ, նույն արդյունքին կհասնեիր:
-Այսինքն` կարևորը սեփական ուժերին լիովին հավատա՞լն է: Ես ջարդվածքներ ունեի, բայց կարող էի իմ ներքին հավատով ինձ բուժե՞լ, հա՞: Սակայն ես այդչափ ներուժ չունեմ, երբ նայեմ արյունահոսող վերքերիս, զգամ սաստիկ ցավը, ես չեմ կարողանա վստահ լինել, որ իմ իսկ ներքին հավատով կարող եմ ինձ բուժել: Դրան ժամանակ է պետք:
-Լավ, Կասկածամի՛տ: Գնանք մի փոքր էլ շրջենք զգացումների աշխարհում:
-Այստեղ մի՞շտ են ուժի օգնությամբ լուծում հարցերը:
-Միշտ, ցանկացած ցանկալիին հասնելու համար: Նայի՛`ր, ծովափի մոտ կանգնածներին:
-Նրանք կռվում են քնելատեղի համար:
-Նայի՛ր ծառերին բարձրացածներին:
-Նրանք էլ ինչ-որ պտուղ են փորձում մեկը մյուսի ձեռքից խլել:
-Նայի՛ր դաշտում պառկածներին:
-Նրանք էլ ծաղկեպսակն են քաշքշում ու իրար մազ պոկում: Չէ՛, զգացումների աշխարհն էլ ապրելու համար լավագույն վայրը չէ:
-Շատ մի՛ տխրիր: Տե՛ս, քեզ մեկը հավանել է ու կանչում է: Գնա՛, զվարճացի՛ր:
-Բայց ցանկությունս սառել է:
-Նա կվառի:
«Արդեն ինչքան ժամանակ է` այստեղ ենք: Ես սաստիկ հոգնել եմ անզուսպ սեռական կյանքից, աննպատակ թափառելուց ու վայրենի տեսարաններ դիտելուց: Ուզում եմ խորհել, ստեղծագործել, գաղափարներ առաջարկել, նորերը ձեռք բերել: Զգացումները խանգարում են մարդուն, կտրում են միտքը, մղում այնպիսի գործողությունների, որ ուղեղով դատելիս երբեք չես անի: Մարդ պիտի ապրի միմիայն ուղեղով` մտքի, գաղափարների ուղղորդմամբ»:
-Անհա՛գ, դու նոր ցանկություն ունես: Նոր աշխարհ ես երազում:
-Ճիշտ է, Անճանաչելի՛, շատ կուզեի ապրել միմիայն մտածող էակների աշխարհում:
-Եվ գո՞հ կլինեիր քո կյանքից:
-Կարծում եմ:
-Գնացինք:
(Առկայծում):
-Այս ո՞ւր հասանք: Այստեղ չկա բնություն, չկան կենդանիներ: Միմիայն օդի մուգ զանգված է և պտտվող նշաններ ու պատկերներ` ստորակետ, բութ, եռանկյուն, բուրգ, գիծ, հարաբերական, գումարում, ծաղիկ, ջուր…
-Մենք մտքերի աշխարհում ենք, քո տեսած պատկերներն էլ այստեղի բնակիչներն են: Նրանք ամեն մեկը մի հասկացության ամբողջություն են ներկայացնում:
-Իսկ ո՞նց կարելի է շփվել նրանց հետ:
-Պիտի նրանցից մեկը դառնաս:
-Ինչպե՞ս:
-Տեսնո՞ւմ ես այն մեծ խորանարդը, որն անշարժ կանգնած է, մտի՛ր նրա մեջ, ու նա կորոշի, թե ինչ նշան կամ պատկեր ես դու ներկայացնում: Դու կստանաս որևէ տեսք ու կհայտնվես մյուսների կողքին: Այդժամ դու կարող ես հանգիստ շփվել:
-Լավ:
-Դե`, ես ի՞նչ տեսք եմ ստացել: Ինչու՞ ես ծիծաղում:
-Կարևոր չէ: Դու Հարցականն ես:
-Բայց ինչո՞ւ հարցական:
-Մի՛ նեղվիր: Հետագայում այլ նշան կամ պատկեր կարող ես դառնալ:
-Ինչպե՞ս:
-Երբ շփվես տարբեր մտքերի հետ, մոտդ նոր գաղափարներ կարող են առաջանալ, գուցե կփոխվի աշխարհայացքդ, մտածելակերպդ, ու դու կդառնաս այլ մտքի կրող:
-Պարզ չհասկացա, բայց գնամ շփվելու այլոց հետ:
-Գնա`:
«Ի՜նչ խառն է ամեն ինչ: Չգիտեմ էլ` ինչից սկսեմ, ում հետ ծանոթանամ, ինչ անեմ»:
-Բարև ձեզ: Բարև, հարգելի բնակիչնե՛ր: Ես այլմոլորակային եմ: Ուզում եմ ձեզ հետ շփվել: Գո՞ւցե ձեզ մոտ գլխավոր կա, որին առաջինը պիտի մոտենամ:
-Ի1նչ ես բարբաջում, այլմոլորակայի՛ն: Ի՜նչ գլխավոր, ի՜նչ երկրորդական:
-Հարգելի Հարցակա՛ն: Այստեղ ամեն մեկն իր գործով է զբաղված: Չկա իշխող ուժ և ենթարկվող մասսա: Ամեն մեկն անում է իր ուզածը, լսում է այն, ինչ ցանկանում է և հարմար է գտնում:
-Խառնաշփոթ չի՞ առաջանում:
-Երբեմն առաջանում է:
-Ինչո՞ւ երբեմն, լավ էլ հաճախ:
-Ինչպես միշտ, փորձում ես ինձ ուղղել, քո կարծիքն հայտնել, Հակաճառությո՛ւն:
-Իհարկե, Սիրալիրությո՛ւն:
-Իսկ առաջացած քաոսի դեպքում ի՞նչ եք անում:
-Ոչինչ: Առաջացնողները իրենք են լուծում իրենց խնդիրները, մեր ի՞նչ գործն է:
-Հե՜յ, Հարցակա՛ն, հերիք չէ՞ հարցեր տաս: Որոշ ժամանակ մնա՛, մի քիչ էլ երևակայությանդ զոռ տո՛ւր, ամեն ինչ պարզ կդառնա:
-Կներե`ք, Դուք ո՞վ եք:
-Չի՞ երևում:
-Ա՜հ, երևի Գրականությո՞ւնն եք:
-Իհարկե:
-Ասում են` գրականությունը կյանքի գեղարվեստական արտացոլումն է:
-Ովքե՞ր են ասում:
-Դե՛, խելացի մարդիկ:
-Այդ խելացի մարդիկ էլ ինչե՞ր են ասում: Մի՞գուցե ասում են, որ գրականությունը ստվերի ստվե՞րն է:
-Միգուցե:
-Կամ էլ ասում են, որ գրականությունը երևակայություն է. այն ծնվեց այն պահին, երբ նախամարդը փախավ անհայտ ստվերից` երևակայելով, որ գայլն է իրեն հետևում: Այդպես էլ են ասում, չէ՞, Հարցակա՛ն:
-Երևի:
-Իսկ դու ի՞նչ ես ասում:
-Ե՞ս:
-Ինչո՞ւ զարմացար, թե՞ վախեցար: Դու սեփական կարծիք չունե՞ս:
– Ես չգիտեմ: Դուք կարծես ինձ ճնշում եք: Ավելի լավ է գնամ և ուրիշ զրուցակից գտնեմ:
-Գնա՛, գնա՛` Հանդուրժողականության կամ էլ Տաֆտալոգիայի մոտ: Կամ էլ` Պատասխանի, հի՜ հի՜, հի՜:
-Ցտեսություն:
-Մնաս բարյավ:
«Երևի մոտենամ Մաթեմատիկային»:
-Անճանաչելի՛, այստեղ շատ հետաքրքիր է: Գիտե՞ս` այնքան նոր բաներ իմացա, նոր գիտելիքներ ձեռք բերեցի, քանիցս բանավիճել եմ: Զգում եմ` գնալով միտքս ավելի ու ավելի է սրվում: Մի քանի անգամ արդեն պատկերափոխվել եմ:
-Մի՞թե մտքերդ այդքան անկայուն են:
-Ինչո՞ւ անկայուն: Ամեն մի նոր իմացություն նոր եզրահանգման առիթ է դառնում, ու ես նոր մտածելակերպ եմ ձեռք բերում:
-Միայն մարդը կարող է այսքան կարճ ժամանակամիջոցում այդքան տարբեր մտածելակերպեր ունենալ ու այդքան արագ փոխել իր դեմքը:
-Դա վա՞տ է:
-Դա քո էությունն է:
-Դու սառեցնում ես իմ ոգևորությունը: Ես մտածում եմ, որ ավելի լավ է` գնամ գաղափարակիցներիս մոտ:
-Գնա՛:
-Անճանաչելի՛, հիմա նորից կասես, թե ես դժգոհ եմ, անհագ,անկայուն, բայց ինձ այս միատեսակ աշխարհն էլ հոգնեցրեց արդեն: Օդից վերցրած մտքեր, գաղափարներ, որոնք օդում էլ անհետանում են,հասկանու՞մ ես, չեն նյութականանում: Նյութականը ինչքան վնասակար, այնքան էլ օգտակար է, այն պետք է մարդուն:
-Մարդու՞ն:
-Այո՛,մարդուն,երկրաբնակին:Ես մա՜րդ եմ,մեր աշխարհը ինչքան էլ վատը, բայց բազմատեսակ է: Այնտեղ ամեն ինչ կա: Այնտեղ է Կյանքը:
-Արի՛,արի՛, բարձրանանք տիեզերք:
-Դու քո աշխարհում բազմիցս ես դժգոհել երկրային կյանքից: Ի՞նչ երաշխիք, որ նորից նույնը չի լինի: Նայի՛ր այս էկրանին:
(Էկրան է բացվում, որտեղ մարդու երկրային կյանքից հատված է երևում. մարդն 9 տարեկան է, քայլում է ընկերոջ հետ, ուրախ է, որ նրա հետ է զբոսնում, ինչ-որ ֆիլմ է ոգևորված պատմում: Հանկարծ մի ուրիշը կանչում է ընկերոջը: Նա գնում է` լքելով ուղեկցին: Մարդն իրեն վատ է զգում, շատ վատ. «Զզվում եմ այս կյանքից»):
-Հիմա սրան նայի՛ր:
(Նոր էկրան է բացվում. մարդը տասներեք տարեկան է, դպրոցում է: Բաց դաս է, ինքը շատ լավ է սովորել, բայց ուսուցիչը գրեթե չի հարցնում, վերջում էլ գովում է միայն նույն դասարանում սովորող դպրոցի տնօրենի երեխային. «Սա կյանք չէ: Չեմ ուզում ապրել »):
-Սա նայի՛ր:
(Այլ էկրան է երևում. խնջույք է, մարդը տասնյոթ տարեկան է, ուզում է ամենալավը երևալ, բայց վերջում ծիծաղի առարկա է դառնում. «Ա՜խ, ոնց կուզեի չքվել այս աշխարհից»):
-Գո՞ւցե սա էլ հիշես:
(Նոր էկրան. մարդն աշխատանք է փնտրում, իր հարուստ ընկերները վաղուց գտել են , իրեն ոչ մի կերպ չի հաջողվում. «Այս կյանքի դրվածքը սխալ է: Սա ապրելու աշխարհ չէ»):
-Նայենք այս մեկն էլ:
(Մի այլ էկրան. մարդուն աշխատանքից ազատել են ինչ-որ թյուրիմացության պատճառով: Շատ ընկճված, հուսալքված վիճակում է. «Երանի՜ մեռնեի, զզվում եմ այս կյանքից, այս աշխարհից»):
-Իհարկե, չմոռանանք ամենաողբերգականը քո կյանքում:
(Էկրանի վրա մարդն է: Նա շատ հուսահատված է, ողբի մեջ է. մահացել է իր ամենամոտ ընկերը` շատ երիտասարդ հասակում: «Սխա՛լ է, սխա՛լ է, նորից եմ ասում ու կասեմ` սա կյանք չէ, սա տանջանքների, հուսալքումների, փորձությունների ու դաժանությունների անիմաստ շղթա է: Ինչո՞ւ պիտի մեռնի մարդը այնժամ, երբ դեռ անելիք ունի, դեռ չի ուզում հեռանալ այս աշխարհից: Երանի այնպես լիներ, որ մարդ մահանար միայն այն դեպքում, երբ ինքը ցանկանար: Մի սահմանագիծ լիներ, որը հատելուց հետո մարդն անշնչանար միանգամից` առանց ցավի, տանջանքի: Այդպես ճիշտ կլիներ, այդ դեպքում ոչ մեկը մյուսի կյանքին չէր սպառնա, մեկը չէր կարող տնօրինել մյուսի ճակատագիրը. մարդիկ կապրեին հանգիստ սրտով, արարչագործ աշխատանքով, ոչ մեկը չի վախենա, որ սկսած գործն անկախ իր կամքից կիսատ կմնա: Ա՜խ, եթե միայն Աստված լինեի կամ Նրա խորհրդատուն»):
-Գուցե շատ հանդուգն բաներ եմ մտածել, բայց հիմա էլ եմ կարծում, որ այդպես ճիշտ կլիներ:
-Հավատա՛, միայն մահը չէ, որ խանգարում է մարդուն իրագործելու իր ցանկությունները:
-Բայց այն անդառնալին է, անվերականգնելին:
-Ձեր ցանկություններն ու արարքները թույլ չեն տա ձեզ նման վախճան` ձեր իսկ կողմից ընտրած: Դուք պատրաստ չեք դրան:
-Այսինքն` եթե մենք ունենայինք չափավոր ցանկություններ ու կատարեինք միմիայն բարի, անվնաս արարքներ, մենք կվաստակեի՞նք այդպիսի վախճանի իրավունք:
-Բայց արդյո՞ք դուք երբևէ կհասնեք ձեր երազած չափանիշին: Նայի`ր այս էկրանին:
(Էկրանի վրա երևում են աղոթող մարդիկ, որոնք արևշատություն, առողջություն ու երկար կյանք են խնդրում Աստծուց իրենց մտերիմների համար,ապա երևում են առաջին աղոթողներից թվով եռակի շատ մարդիկ, որոնք անիծում, նզովում ու ինչ-որ մարդկանց գործերի վատացումը, հիվանդությունը և մահն են պահանջում ու ամբողջ հոգով ցանկանում):
-Աստվա՜ծ իմ, ինձ թվա՞ց, թե՞ տեսա, որ առաջին աղոթողներից դրական լիցքեր էին բարձրանում առ տիեզերք, իսկ երկրորդներից` բացասական: Բայց այդ բացասական լիցքերը և՛քանակով էին շատ, և՛ ոնց որ ավելի հզոր լինեին ու բացասական աուրա էին ձևավորել, որը ազդող ու վարակիչ էր:
-Սրան նայի՛ր:
(Էկրանին մի մոլագար է երևում, որը սիրում է մարդկանց մարմնական սուր վնասներ հասցնել, անդամհատել, բայց չսպանել ու տեսնել նրանց տառապանքը: Երկար տարիներ է գործել, բանտարկել են, բայց ճարպկորեն բանտապահներին վնաս հասցնելով` փախել է: Հոգեբուժարան են տարել,նույնը կատարվել է այնտեղ: Տուժածներից մեկի եղբայրը որոշել է գտնել ու սպանել նրան: Եղբայրը գտել է մոլագարին: Ուզում է հեռվից կրակել նրան ու քանի որ հմուտ դիպուկահար է, երևում է` չի վրիպի):
-Հը՞,Դժգո`հ, հիմա ի՞նչ ես մտածում. եղբայրն սպանի՞ մոլագարին, թե՞ թողնի, որ վերջինս մեռնի այնժամ, երբ ինքը ցանկանա:
-Իհարկե, թո`ղ սպանի: Ինչքան երկար ապրի այս հրեշը, այնքան շատ մարդկանց վնաս կտա:
-Տեսնու՞մ ես, դու նորից հակասություների մեջ ես:
-Գիտե՞ս, Անճանաչելի՛, իմ հորեղբայրն էլ ժամանակին մի մոլագարի է սպանել, ու դրա համար նրան դատապարտել են: Բանտից դուրս գալուց հետո երկար տարիներ է անցել, բայց նա, միևնույն է, չի վերագտել իրեն:
-Իսկ դու գիտե՞ս` հիմա ինչ սահմանային վիճակում է այդ հորեղբայրդ: Նայի`ր:
(Էկրանին երևում է հիվանդ, ծեր,յոթանասունն անց մի մտածկոտ տղամարդ,որը փորձում է հատել փողոցը:Բայց ահա արագությամբ սլացող մի մեքենա վրաերթի է ենթարկում ծերունուն):
_Աստվա՜ծ իմ, հորեղբա՜յրս…Անճանաչելի՛, դա ճի՞շտ է, մեր տեսածն իրականությու՞ն է, նա իրականո՞ւմ մահացավ:
-Այո՛:
-Ի՜նչ ցավալի է: Նա ծեր էր և հիվանդ ,չէր հաշտվում այս աշխարհի,նրա կարգերի ու մարդկանց հետ,բայց, միևնույն է,շա՜տ սարսափելի է: Պետք է զգույշ լիներ:
-Հորեղբա՞յրդ, թե՞ վարորդը, որն շտապ հիվանդանոց էր հասցնում ծննդաբերող կնոջը,իսկ հիմա տարիներով բանտ է նստելու:
-Մի՞թե: Դե՛, ուրեմն երկուսն էլ պետք է զգույշ լինեին: Զգուշությունը երբեք չի վնասում:
-Կարծու՞մ ես: Նայի`ր:
(Էկրանին երևում է մի սենյակ: Հայր ու որդի նստած են: Որդին գնում է ջուր խմելու: Նա բացում է ջրի ծորակը, արագ լցնում բաժակն ու խմում: Հայրը ջղայնանում է . «Ա`յ տղա, քանի անգամ եմ ասել` ջուրը թող որոշ ժամանակ հոսի, մաքրվի, ապա միայն խմիր: Ջահել եք, չեք համբերում»: Ապա ինքն է բացում ծորակը, թողնում որոշ ժամանակ, հետո լցնում և խմում: Հանկարծ ջղաձգվում է և տեղում շնչահեղձ լինում):
-Ի՞նչ կատարվեց:
-Ջրամբարի ջուրը թունավորվել էր որոշ ժամանակ առաջ: Տղան խմեց խողովակների մեջ մնացած դեռևս մաքուր ջրից, իսկ հայրը…
-Ուզում ես ասել,որ զգուշությունն էլ բանի պետք չէ: Իսկ ի՞նչ անի մարդը ճիշտ ապրելու համար:
-Ճիշտը հարաբերական հասկացություն է:
-Լա`վ,ես ինքս ինչպե՞ս ապրեմ, որ իմ բոլոր ցանկությունները իրագործվեն, որ երկրային կյանքը ինձ համար ստանա այն նշանակությունը,ինչը կարող է լինել,երբ երկրաբնակն ունենա առողջություն,երջանկություն,փառք ու պատիվ: Ու ընդհանրապես,ես մտածում եմ՝ Աստված այնպես պիտի անի, որ յուրաքանչյուր մարդ ապրի ուրախ, առողջ ու երջանիկ, իր բարի ցանկություններն իրագործի ու գոհ լինի կյանքից ու Արարչից:
-Նախ՝ ինքդ տեսար ու զգացիր, որ ցանկությունները ոչ միշտ են բարի (չնայած դա էլ հարաբերական է), միատեսակ, հիմնավոր ու անփոփոխ, երկրորդ՝ մեկի ցանկությունը կամ արարքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ մյուսի վրա: Բայց եթե դուք կարողանաք ավելի շատ դրական աուրա ստեղծել ձեր երկրի վրա, այնքան ավելի հանգիստ ու առողջ կապրեք: Իսկ՛«բարի» ցանկություններն ու նպատակներն իրագործելու համար մարդ պիտի միմիայն ցանկանա, ցանկանա ամբողջ հոգով ու հավատա, հավատա իր ցանկության կատարմանն ու իր ներուժին՝ կասկածի նշույլ անգամ չունենալով:
-Եթե ես ամբողջ էությամբ ցանկանամ ու հավատամ, բայց իմ ցանկության իրագործումից մասն ունենան նաև այլ մարդիկ, նրանք և՞ս պիտի ամբողջ հոգով հավատան իրենց ներուժին ու ցանկալիի կատարմանը:
-Հիմնականում:
-Անճանաչելի՛, ես շատ եմ կարոտել իմ երկրային կյանքը: Խնդրում եմ, ինձ տո՛ւն հասցրու:
-Ինքդ չե՞ս կարող:
-Ցանկանա՞մ ու կհայտնվե՞մ տանը:
-Դու կասկածո՞ւմ ես իմ ասածին:
-Ո՛չ:
-Այդ դեպքում քո ուժերի՞ն ես կասկածում:
-Չեմ կասկածում:
-Համոզիչ չէ:
-Ո՛չ, չեմ կասկածում:
-Հաստա՞տ:
-Հաստատ:
-Ահա ես տանն եմ: Սա հրա՞շք էր, թե՞ ես կարողացա իմ ուժերով կատարել ցանկացածս: Անճանաչելի՛, դու բնավ չօգնեցիր, չէ՞: Անճանաչելի՛, ո՞ւր ես: Արի՛, մի՞թե դու չեկար: Դու մնացիր տիեզերքում, իսկ ես դեռ ինչքա՜ն հարցեր ունեի, ինչքա՜ն խորհուրդներ պիտի տայիր: Հայտնվի՛ր այստեղ, ես այդպես եմ ուզում: Բայց հո ջինը չե՞ս, որ իմ ցանկությամբ հայտնվես: Չէ՛, երևի հիմա դու մեկ ուրիշին ավելի ես պետք, քան ինձ: Ես հիմա գիտեմ՝ դու կգաս, երբ ես շատ ցանկանամ ու իրականում քո կարիքը շատ զգամ: Իսկ հիմա ես բավական լիցքավորված եմ: Ես մարդ եմ, ու ես ինքս հզոր եմ դրանով: Ես ապրում եմ այս աշխարհում, ու սա ամենալավ վայրն է ինձ համար: Ես կարող եմ փոխել ու կառավարել այն՝ դարձնելով կյանքը ցանկալի ու սիրելի: Ես հավատո՜ւմ եմ…

Share Button

8 կարծիք

Skip to comment form

  1. Hasmik

    Shat hetaqrqir er…………bayc vorosh baner kuzei asel………..Nax uzum em asem,ete Astvac mardun stexcela hogu u marmni miasnutyamb,uremn henc da e jshmarit@,dranum e nerdashnakutyan gaxtniq@,isk mard@ inq@ piti aveli karevori kam mek@ kam myus@,isk aveli jisht klini 2n el miasin.vorovhetev ev hogin ev marmin@ misht katarelagorcvelu tex unen,u ete iranq hamachap katarelagorcven,shat nerdashnak klinen.(Ekeq hishenq nayev Budizmi karevor gaxaparneric mek@ henc es harci veraberyal.mi xosqov petq chi bacarel marmin@ hamarelov,vor da vati skzbnapatjara,kam bacarel hogin u hamarel vor da e idealakan@.I verjo amen inch haraberakan e.Bayc es sirum em mardun ir erkakiutyamb,hogu u marmni hamadrutyamb.Ed uxaki ararchagorcutyan pskna………

  2. Արմինե Պետրոսյան

    Շնորհակալություն կարծիքի համար: Ձեր նշած կետերը արդեն իսկ կան էսսեում: Էսսեի նպատակն է մարդու էության ինքնաբացահայտումը և ցույց տալը, որ մարդ այնպիսին է, ինչպիսին պիտի լինի: Երկիրը հենց այն վայրն է, որտեղ մարդն իր էությամբ ու բնույթով կարող է իրեն երջանիկ զգալ. ուղղակի պետք է հավատա իր ներուժին և ձգտի ստեղծել ավելի շատ դրական աուրա:Եթե մինչև վերջ եք կարդացել, ապա պիտի հանգեիք այդ եզրակացությանը, որը, նորից եմ նշում, կա գրվածքում:

  3. Գարուշ Հարյանց

    Հետաքրքիր բառն իր իմաստով այն գնահատականը չէ, որ լրիվ արժեվորման բնութագիրը տա: Այս խոկումը (էսսե) իր եզակի բնամիտով ու իրագործման հնարքներով(արտահայտչամիջոցներով) ինքն է տալիս իր գնահատականըն իր մասին, սակայն մասամբ: Չենք խոսում գրական շնորհքից, քանզի դա այս երիտասարդ հեղինակի համար արդեն Երեկն է: Մեզ նրա ստեղծագործության Վաղն է ձգում: Գրական արձակի արդի ժանրերից գրեթե բոլորը կան, բացի վեպից: Ասենք, որ այս իրոք գողտրիկ նյութը՝ նյութի տրոհման մասին, վիպակի կատարյալ հենք է: Ինձ համար սա 1090 տարեկան Հոգու վառ, ծրագրային ճանապարհորդություն է դեպի անտարիք Ոգին ու նրա հակոտնյա աշխարհները …ես հիացած եմ Արմինե Պետրոսյանի գրական զտարյուն շնորհքով, որը կռվում է պատյանիզմի» դեմ: Հանձին նրա,այսօր իսկ մի նոր
    անհատականություն է բարձրանում գեղարվեստական արձակի սեփական աստիճաններով…
    Մայիս 25, 2012թ.,Լոս Անջելես:

  4. Արմինե Պետրոսյան

    Անչափ շնորհակալ եմ, հարգելի’ Հարյանց, այդ բարձր գնահատականի համար, որը ավելի քան պարտավորեցնող է:

  5. George Peram

    Արմինե
    Ուղղակի հրճվանքով և մեկ շնչով կարդաց այս շատ հետաքրքիր Science Fiction ստեղծագործութիւնը:
    Սկզբում շատ յոսախաբված էի, բայձ յետո վերջը լեցուն էր դրական և մարդուն վայել նկարագրութիւնով: Կեցցէ, Արմինե շնորհավորում ևյաջողութիւն եմ մախթում:

  6. Արմինե

    Շնորհակալություն, հարգելի՛ Ջորջ: Ուրախ եմ, որ իմ գիրը կարողացել է դրական զգացումներ առաջացնել ընթերցողի մոտ:

  7. Armineh Zohrabian

    Dear Armineh,

    I loved your essay/story. Not only you are masterful in using the Armenian language to express your ideas and thoughts, you are also a philosopher. I enjoyed the journey. May you continue to write as long as you want.
    Thank you.

  8. Արմինե

    Dear Armineh Zohrabian, thank you for your opinion. I am happy to read my readers coments.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>