«

»

Սեպ 22 2011

Տպել Գրառում

Անրի Գրիգորյան | ԳՏՆՎԱԾ ԱԳՌԱՎՆԵՐ

* * *

Նիկոն գորտերի համար էր սիրում ամառը:
Ձմեռ էր: Քաղաքի վրա սպիտակ ծուխ էր թանձրացել: Մի համարձակ ագռավ, որ անջատվել էր ճյուղից և սուզվել մշուշի մեջ, կամաց-կամաց անհետացավ, կորավ:
«Տեսնես շշերը էլի այնտե՞ղ են»,- մտածեց եղևնու տակ նստած Նիկոն:
Աղբամանում շամպայնի շշեր էր գտել: Տանը դրանք մաքրեց և տեղավորեց վանդակավոր տոպրակի մեջ: Աստիճաններից իջնելիս որդու լացը լսեց: Տոպրակը թողնելով Լիայի դռան մոտ՝ ներքև վազեց: Որդին վնասել էր ծունկը: Գրկած տուն հասցրեց: Երբ վերադարձավ՝ շշերը վերցնելու, Լիան շքամուտքն էր ավլում:
-Լիա՛, շշերը քո՞նն են:- Նիկոն անհարմար զգաց Լիայի քթի տակից տոպրակ վերցնել:
Ինչ-որ մարդիկ գիշերային խրախճանքից հետո շամպայնի դատարկ շշերը նետել էին փողոց: Լիան ևս, որը բակում կանաչեղեն էր ծախում, խրախճանք էր տենչում, իսկ լուսաբացին շամպայնի շշեր նետել:
-Մեր շշերն են, երեկ հյուրեր ունեինք:
Նիկոն վհատված նայեց կնոջ աչքերին, և ջղայնությունից ծնոտը այնպես ցնցվեց՝ ասես ինչ-որ բան է ծամում:
…Մշուշի միջից հայտնվեց Բիլը, որն իր մորուքը և հողամասը իր միակ ունեցվածքն էր համարում: Երբ նրան հարցնում էին, թե սովորաբար նա որտեղ է քնում, հպարտությամբ պատասխանում էր, որ քաղաքի ամենաաղքատ կանայք իր սիրուհիներն են, հետևաբար քնելու տեղ միշտ ունի:
Բիլը նստեց քարին ու մի գլանակ վառեց:
-Լիան կանաչին շատ է թանկացրել: Հարցնում եմ՝ ա՛յ կնիկ, ինչո՞ւ ես խոտերիդ վրա թանկ գին դնում, շան պես գռմռում է՝ պա՜րտք ունեմ:
-Իսկ ես պարտք չունեմ, Բի՛լ:
-Մեզ ոչ ոք չի վստահում:
Ծիծաղեցին:
-Ասում ես՝ կանաչին թանկացրել է. այսօր նրա դռան մոտ շամպայնի դատարկ շշեր տեսա:
-Դրա փորը դատարկ չի մնա:
-Իսկ նրա պատշգամբում դրոշ նկատե՞լ ես,- հարցրեց Նիկոն՝ նեղվելով էժանագին ծխախոտի հոտից:
-Հալումաշ եղած դրո՜շը… հա՜-հա՜-հա՜…
Լռեցին:
-Բի՛լ, քաղաքը ինչո՞ւ է չինացիներով լցվել, հավատա՞մ, որ նրանք մեզ մոտ լավ փող են շինում:
-Եսիմ, է՜…- Բիլը ծիծաղեց:- Լիան դաշտերից խոտ-մոտ է հավաքում, չորացնում, հետո չինացիներին խաբում, իբր խոտերը ազգային խոհանոցում են օգտագործում, նրանք էլ հավատում են ու առնում… Բա՜…
Բիլի ծիծաղը ընդհատվեց հազով: Հետո վեր կացավ ու անհետացավ մառախուղի մեջ:
Նիկոն երանի տվեց Բիլին. նա իր սիրուհիների շնորհիվ միշտ կուշտ էր ու ստիպված գորտեր չէր որսում:
Իսկ Նիկոն ամառը սիրում էր գորտերի սեզոնի պատճառով:
Անցյալ տարի նրա մշտական որսատեղը՝ ճահիճը, հանկարծ սկսեց չորանալ: Այն սնունդ հայթայթելու ձրի միջոց էր: Կարծես բոլոր ջրերն էին գոլորշիանում, ու համընդհանուր ծարավ էր սկսվելու: Սակայն որոնումներից հետո նոր ճահիճ նվաճեց՝ ավելի մեծ ու ավելի չաղ բնակիչներով:
Սկզբում հազիվ էր համոզել կնոջը, որ տապակած գորտը տապակած ճտից չի տարբերվում: Կինը լաց եղավ, զզվեց, վախեցավ, բայց հետո լցվեց վճռականությամբ, մատները ալրոտեց, ընտրեց լայնբերան դանակ ու բանկայի մեջ կռկռացող գորտերը մեկ առ մեկ գլխատեց: Գորտի վերջույթները տապակելիս տանը ձկան հոտ ընկավ: Իսկ համը շատ ավելի նուրբ էր, քան դա կարելի է դատել զուտ գորտի արտաքինից: Շուտով ընտելացան գորտերով սնվելուն, մանավանդ հնդկաձավարի հետ թվում էր ավելի համով:
…Նիկոն նայեց շուրջը: Հինգ օրվա ձյունը չէր հալվում. դարձել էր մի տեսակ կպչուն ու անփայլ: «Պետք է մաքրել… Պետք է մաքրել…», մտածեց նա… Է՛հ, մի ժամանակ Լիան նույնն էր գոռում՝ հրապարակում՝ դրոշը ձեռքին, բայց նա դարձյալ կանաչի է ծախում, շամպայն չի խմում, խրված է պարտքերի մեջ ու ստիպված խաբում է գորտակեր չինացիներին, որոնք հավանաբար սիրում են ամառը:
Ի դեպ, թաղում չինացիները շատացել են: Բա որ հանկարծ իր որսատեղը հայտնաբերե՞ն: Ձյունը ի վերջո կհալվի: Գարնանը գրգռված գորտերը գործի կանցնեն ու ճահիճներին նոր սերունդ կտան: Չինացիների ախորժակն էլ կբացվի ու Լիայի խոտերով համեմված գորտ կուզեն: Քանի որ չինական ճաշարաններում գորտերը թանկ են գնահատվում, նրանք ստիպված ճահիճ են որոնելու:
Գոնե թույլ տան իրեն ճահիճը սեփականաշնորհել: Այդ դեպքում նույնիսկ հնարավոր կլինի գորտերը ծախել: Եթե Լիան կարողանում է չինացիների գաղթից օգուտ քաղել, ապա ինքն էլ կկարողանա, մանավանդ գորտը չորացրած խոտից թանկ է: Իսկ փողով կարելի է շաքար, ալյուր ու միս առնել:
Եթե հնարավոր չի ճահիճը սեփականացնել, ուրեմն պետք է մասնավորը ստեղծել: Կարելի է հենց Բիլի հողամասում արհեստական ճահիճ փորել ու գորտեր բազմացնել:
Կանգ առնելով վերջին մտքի վրա՝ Նիկոն քայլեց Բիլի հետևից:
«Պետք է մաքրել… Պետք է մաքրել…», մտմտում էր նա, երբ քայլում էր ծեր ձյան վրայով ու պատկերացնում մեծ, խորը և բազմագորտ ճահիճ:
Նիկոն ամառը ավելի սիրեց:
Ձմեռ էր: Քաղաքի վրա սպիտակ ծուխ էր թանձրացել: Մի համարձակ ագռավ, որ անջատվել էր ճյուղից և սուզվել մշուշի մեջ, կամաց-կամաց անհետացավ, կորավ…
* * *
-…Այդքանը երևի հերիք է… Քսակս կորցրել եմ ու չեմ կարողանում տուն գնալ, կօգնե՞ք ինձ…- Մետրոյի կանգառում մուրացկանը քարացած աչքերով նայում էր տղամարդուն, որը գրպանները փորփրելուց հետո մի քանի մետաղադրամ մեկնեց նրան: Կնոջ դեմքը այնպիսի անտարբերությամբ էր պատված, կարծես նրա համար միևնույն էր՝ տուն կգնա, թե մետրոյում կմնա: Ասես անտարբերության դիմակ էր հագել, որը սերտաճել էր դեմքին, ու անհնար էր թվում այն այլևս պոկել:
-Տուն գնալն այդպես թանկացա՞վ,- հեգնեց Բիլը:
-Ասում են ամեն ինչ թանկացել է,- անվրդով պատասխանեց մուրացկանը և ուշադրությունը կենտրոնացրեց մեկ ուրիշի վրա:
Մետրոյում Բիլը փնտրում էր ավելներով կնոջը, որն այստեղ հաճախ էր լինում: Ուսերից ավելների երկու կապոց կախած՝ քայլում էր արագ ու մանր քայլերով եւ այնպիսի քստքստոցով, կարծես քայլելիս ավլում էր: Առհասարակ նա այնքան բարակ էր ու մի տեսակ չորուկ, որ ավելները նրանից խոշոր էին թվում: Միշտ մտասուզված լինելով՝ գործունյա կնոջ տպավորություն էր թողնում: Եւ ասես նրա բոլոր մտքերը պարսերի պես պտտվում էին ավելների շուրջ:
-Նա չի երևացե՞լ այսօր:
-Նա միշտ էլ այստեղ է,- շշուկով պատասխանեց կինը:
-Ո՞ւր է՝ չեմ տեսնում:
-Սսսս՜…
-Նա թաքնվում է,- եզրակացրեց Բիլը,- գիտի, որ դժգոհելում եմ… Որտե՞ղ է ապրում:
-Անտառի խրճիթում…- Կինը դեսուդեն նայեց, ապա ցածրաձայն շարունակեց,- Ասում են, երբ հյուրընկալում ես նրան, նա սիրածդ թեյն է հյուրասիրում քեզ, իսկ ինքը սկսում է ավլել… Ոչ ոք չգիտի, թե ինչպես է գուշակում, թե որ թեյն ես սիրում՝ կանաչ թեյ, մասուրի թեյ, հասմիկի թեյ… Պառավի խրճիթում թեյը թվում է ավելի համով, դու հաճույքից համրանում ես ու մոռանում, թե ինչ էիր ուզում ասել նրան…
-Նա վհո՛ւկ է,- կատաղեց Բիլը:
-Սսսս՜:
-Ուրեմն նրան չեմ տեսնի այսօր:
-Կարող ես գնալ նրա խրճիթ:
-Տեղը չգիտեմ:
-Նրա տեղը բոլորը գիտեն:
Բիլը թափ տվեց ձեռքն ու կանգնեց շարժասանդուղքին…
* * *
Երբ հարևանուհին Լիայից մի գլուխ սոխ խնդրեց, նա մերժեց՝ ասելով, թե սոխով ճաշի համն է նույնիսկ մոռացել, չնայած զամբյուղում երկու գլուխ սոխ էր մնացել: Հետո մեկը ներսից սկսեց հարվածել: Սկզբում ուշադրություն չէր դարձնում, բայց այնքան խփեց, վերջում անտանելի ցավեր սկսվեցին: Դա վերագրեց սոխի պատմությանն ու ափսեում սոխ, կանաչի, պանիր դարսելով՝ մտավ հարևանուհու տուն: Իսկ նրա տանը տոն էր. Green Card էր շահել:
Այդ նույն հարևանուհին տարիներ առաջ, ամառվա կեսին, քաղաքում խենթի պես նարինջ էր փնտրում: Ու դա այն ժամանակ, երբ մարդիկ հրապարակում փոփոխություններ էին պահանջում: Նրանք համոզված էին, որ փոփոխությունները իրենց տներն էլ տակնուվրա կանեն, իբր շուտով ոչինչ չէր լինի առաջվա պես:
Սկզբից ևեթ հարևանուհին մի կողմ քաշվեց՝ գրքերով ու թեյի տուփերով, հավատալով միայն եղանակային կանխատեսումներին: Հետո հիվանդացավ և սկսեց քաղաքով մեկ նարինջ փնտրել, քանի որ կարծում էր, թե միակ դեղամիջոցը դա է: Բայց նարինջ չէր ճարվում: Իսկ մարդիկ, որոնց հարցնում էր նարնջի մասին, կշտամբում էին նրան, իբր հիմա նարինջ ուտելու ժամանա՞կն է, և շտապում միանալ հրապարակի ամբոխին:
Այսօր Ամերիկայում նա երևի նարինջ է վայելում, իսկ Լիան անշուք ննջասենյակում, որտեղ պատերը ծերանում են մարդու դեմքի պես, անքնությունից է տառապում ու ոչ մի կերպ չի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ սենյակում շնչում են էլի ոմանք:
Լիան հայացքը դարձրեց պատուհանի կողմ ու զզվանքով գիտակցեց, որ իր հետ միասին շնչում էին նաև պատուհանագոգի տակ խոնավությունից աճող սնկերը, որոնք նման էին սփրթնած հիվանդների:
Հետո զննեց առաստաղն ու հայացքը խեղդեց մի կետի նայելով: Այն մտքից, որ առավոտյան ոչ թե նոր օր էր սկսվելու, այլ նախորդ օրն էր շարունակվելու՝ գլուխը ծանրանում էր թրջված սպունգի պես: Ոչինչ չփոխվեց: Ամուսնու խռմփոցն էլ մնաց նույնը: Ինչպես միշտ, ինքը կեսգիշերին մտածում է, թե վաղը ինչ է պատրաստելու ճաշին, իսկ նա անհոգ խռմփում է:
-Դու անշնորհք ու սոված ագռա՛վ ես,- ասել էր Լիան ամուսնուն՝ նրա հերթական ձախորդությունից հետո:
-Դու ագռավ չե՞ս,- հարցրեց նա ու հանկարծ այնպես ծիծաղեց, կարծես ժանգոտված դարպասներն էին ճռռում:
-Արթնացի՛ր, արթնացի՛ր:- Լիան սկսեց քաշքշել ամուսնու շապիկը:
-Ի՞նչ ես ուզում, էէէ՜,- արթնացավ նա ու ձեռնափով ծածկեց աչքերը:
-Քեզ եմ ուզում:- Կինը նստեց նրա մեջքին:- Խո՞ւլ ես, չես լսո՞ւմ…
-Բարի գիշեր, Լիա:
Լիան իրեն կորցնելով՝ սկսեց անհուսորեն հարվածել նրան: Ուժասպառ լինելուց հետո հարվածները փոխվեցին թակոցների, որից հետո կինը սկսեց մոլեգնած համբուրել ամուսնու մեջքը, վիզը: Հանկարծ լսվեց նրա խռմփոցն, ու կինը ետ ցատկեց, կարծես հրեցին նրան: Կատարյալ անորոշության մեջ հայտնվելով՝ ձեռքը մեքենաբար բարձի տակ սահեցրեց եւ այնտեղից ատրճանակ հանեց: Մի քանի աննշան միտք կայծկլտաց կնոջ գլխում, ուշադրություն չդարձնելով դրանց՝ նշան բռնեց ու կրակեց ամուսնու գլխին:
Բարձը անհագ կուլ էր տալիս արյունը: Շուտով վերմակն էլ ուռեց արյունից՝ նմանվելով ահռելի տզրուկի: Լսելիքում հետզհետե ուժգնացող հնչյուն էր լսվում: Լիան խոնավություն զգաց ու հասկացավ, որ ինքը արյան մեջ է նստած: Այնպիսի զգացողություն առաջացավ, որ այսքան ժամանակ իր մարմինն էր արնաքամ լինում: Հետո ականջին թույլ խռմփոց հասավ, որը մեկ կորչում էր, մեկ նորից լսվում, ու վերջնականապես սթափվեց մղձավանջային տեսիլքից:
Կինը վեր կացավ ու գնաց պատուհանի կողմ: Մի պահ վարանեց, քանի որ մոտենում էր սնկերին, որոնք գիշերը թվում էին սարսափելի խոշոր ու կենդանի: Սակայն թափանցիկ վարագույրից այն կողմ ինչ-որ շարժում նկատեց ու քայլերն արագացրեց: Պատուհանից դուրս նայեց. ձյուն էր գալիս՝ այնքան անխռով և օտարոտի, որ չկարողացավ իրեն զսպել. հագնվեց ու դուրս եկավ բակ: Գիշերը իսկույն գրկեց նորեկին: Կինը կծկվեց վերարկուի մեջ:
Հանկարծ հետևից ինչ-որ մեկը ձեռքը դրեց նրա ուսին, ու մի ակնթարթում ձյունը կտրվեց, կարծես քիչ առաջ չէր մաղում. երկնքում դժգույն լիալուսինն էր փորձում փայլել:
-Լիա՞… ի՞նչ ես կորցրել այստեղ…
-Հիմար՛… Ձյունը դու կտրեցի՞ր…
-Ի՞նչ ձյուն: Վեց օր է ձյուն չենք տեսել:
-Նոր ձյուն էր գալիս:
-Օ-օօօօ՜, Լիա՛, լավ է գնաս տուն՝ քնես:
-Գնանք գնացքում նստենք, ցուրտ է…
Բիլն ու Լիան ուղղվեցին դեպի շարքահան գնացքների թաղամաս:
-Պատկերացնո՞ւմ ես,- ծիծաղելով ասաց Լիան, երբ փակվել էին վագոնախցիկում,- մի անգամ ամուսնուս ստիպում էի գողանալ վագոններն ու հանձնել որպես մետաղ՝ փողի դիմաց: Ինչքան ենք վիճել ու կռվել. չէր կարողանում ինձ համոզել, որ դա անհնար բան է:
-Կծխե՞ս:- Բիլը երկու գլանակ քաշեց ծխախոտատուփից:
-Տո՛ւր:
-Ամենաթանկ ծխախոտն է: Այսօր թռցրեցի խանութից:
-Գող,- խորամանկորեն ժպտաց Լիան ու արտաշնչեց ներս քաշած ծուխը:
-Ա՛հ… մի մեղք էլ ես ունենամ… Օղի՞…
-Ֆուու՜…- Լիան ծամածռեց դեմքը:
-Լա՛վ… ես էլ չեմ խմի…
-Դու խմի՛…
-Եթե դու ֆու ես ասում, ուրեմն իրոք վատն է:- Բիլը շիշը դատարկելով հատակին՝ այն դրեց սեղանին:
-Երգ եմ գրել… Ափսո՛ս՝ Նիկոյի ծեր կիթառը…
Լիան հմայված նայում էր Բիլին: Ձեռքը տարավ սեղանի տակ ու այնտեղից կիթառ հանեց:
-Հրե՛ս… կիթառ…- Մի պահ մտածեց, որ կիթառը կչքվի, բայց այն հայտնվեց զարմացած Բիլի ձեռքերում:
-Լա՛վ… այսպես ուրեմն.

Ես ու շիշը իմ դատարկ,
Քամուն տրված,
Քամուց բռնաբարված,
Գլորվում ենք ուր-որ…

-Ինչո՞ւ:- Լիայի աչքերը թրջվեցին: Բիլը ծխախոտը շպրտեց հատակին, օղին բռնկվեց թույլ բոցով:
-Դե՛… ես միշտ շշի մեջ եմ, իսկ շշի մեջ ոչինչ չի փոխվում: Այստեղ ամեն ինչ նույնն է՝ դրսում ինչ քամիներ էլ փչեն:
Լիան անսպասելի սկսեց կչկչալ.
-Հիմարությո՜ւն:
-Ինչո՞ւ,- վիրավորվեց Բիլը:
-Հիմար բառեր են…
-Ա՜ա…
-Լսի՛ր,- Լիան սրբում էր աչքերը,- իսկ ինչո՞ւ ես մենակ այդ շշի մեջ:
-Երբ որոշեցի ամուսնանալ…- Բիլը նոր գլանակ վառեց,- տունս կարգի էի բերելու, սկսեցի պաստառներից: Նա խնդրեց, որ պաստառները ինքը ընտրի՝ իր ճաշակով: Ես չմերժեցի: Ու պարզվեց, որ ապագա կինս անճաշակի մեկն է: Հա՛… տխուր գույներ էին… Վախեցա ու չամուսնացա:
-Բա տունդ… ի՞նչ եղավ…
-Գրավ էի դրել… Լսի՛ր, ինչո՞ւ ես այս մթին տնից դուրս եկել…
-Ես…- Լիան շրթունքը կծեց:- Նա քնած էր… խռմփում էր… իսկ ես… ուզում էի ծխել… սեքսուալ բոմժի հետ…- Լիան առաջ թեքվեց:- Գնացքը կշարժվի, ու մենք կգլորվենք…
-Չէ՜… այդ մեկը չեղա՜վ…- Բիլը թերահավատորեն գլուխը օրորեց:
-Հա՛… հա՛… կշարժվի…- Կինը բռնեց նրա ձեռքերը:
Հազի նման ձայն լսվեց. կարծես գնացքը հազաց՝ թոքերը թափ տալով փոշուց: Հազին հաջորդեց դղրդոցն, ու գնացքը շարժվեց:
-Ուհուուուու՜,- զվարթ գոչեց Բիլն ու գրկեց կնոջը:
Գնացքը անջատվելով քաղաքից՝ գլխակորույս սուրում էր ձյունածածկ դաշտերի միջով: Իսկ լուսինը վագոնախցիկի պատուհանից չէր հեռանում:
* * *
Նիկոն շքամուտքում Բիլին էր սպասում: Տոնական տրամադրություն էր համակել նրան, ասես լսել էր առաջին ծիծեռնակների ճռվողյունն ու զգացել ամառվա հոտը:
Կինը նրա մտահղացումը թերագնահատել էր, բայց Նիկոն ավելի լավատես գտնվեց. հավատում էր, որ գործը հաջողվելու է:
-Բի՜լ, վերջապես, քեզ էի փնտրում: Ո՞ւր ես թափառում… Լսի՛ր, մոտս լավ միտք է ծագել: Ուզում եմ ճահիճ փորեմ ու գորտեր բազմացնեմ: Ոնց թե՝ ինչու: Մեր թաղում ովքե՞ր են գորտեր ուտում. չինացիները: Բի՛լ, մենք գորտերը կծախենք… փո՛ղ կունենանք: Ինչու եմ ասում մենք, որովհետև ճահիճի համար տեղ է պետք: Դու ասում էիր, որ հողամաս ունես… Հաա՜, ասում էիր, թե դա քո ու սիրուհիներիդ գերեզմանն է լինելու… Բայց այդտեղ ճահիճ կփորենք… հը՞, Բի՛լ, ձայն հանիր…
Բիլը ժպտաց, քորեց այտերն, ու Նիկոն նոր միայն նկատեց, որ նա սափրվել էր:
-Չէի մերժի, միասին գլուխ կհանեինք այդ գործից, բայց… ես ու Լիան որոշել ենք միասին ապրել… այդ հողամասում տուն ենք կառուցելու, սկզբում խրճիթի պես մի բան, հետո՝ կարգին տուն… հավեր ենք բազմացնելու… Լիան կանաչի, կարտոֆիլ ու գազար կցանի… Նիկո, երկու օրով կիթառդ չե՞ս տա, Լիան սիրում է, երբ երգում եմ… Ձայն հանիր, ա՛յ տղա, ասա՝ շնորհավոր… Հա՛, երջանիկ եմ, բա իհարկե… Լա՛վ, ես վազեմ, հետո կխոսենք…
Նիկոն ճիգ էր գործադրում, որ ժպտա: Չէր ստացվում:
Սկսեց քայլել բակում: Մի տեսակ ընդարմացած էր զգում իրեն:
…Հանկարծ տեսավ ավելներով կնոջը, որը քստքստացնելով տուն էր շտապում: Նիկոն որոշեց հետապնդել նրան:
Քիչ անց հայտնվեցին անտառում, որտեղ եռանկյունաձև եղևնիներ ու ահռելի շռան սնկեր էին աճում: Նայեցին վերև. արևի չիբուխից ծխի քուլաները ամպերի ձև էին ստանում՝ խտանալով երկնքի մովում: Վերևում նրանց հայացքները մեխվեցին մի կետում: Կինը տհաճությամբ նայեց Նիկոյին, հետո մատնացույց արեց իր խրճիթը:
Խրճիթում Նիկոն նստեց կաղնեփայտե սեղանի մոտ, որի վրա մի գավաթ թեյ հայտնվեց: Կինը սկսեց լուռ ավլել:
-Ես թեյ չեմ սիրում,- ասաց Նիկոն՝ գավաթը ետ սահեցնելով:
Կնոջ ճակատը կնճռոտվեց, կարծես ինքն իրեն կշտամբեց նման սխալ թույլ տալու համար: Հետո կռացավ ու շարունակեց ավլել:
Նիկոն շվարած նայեց սեղանին. հիմա թեյի փոխարեն դրված էր մի բաժակ կակաո: Մի կում արեց: Հաճույքից ձայն չհանեց: Յուրաքանչյուր կում ավելի համով էր թվում: Մտածեց՝ խմելուց հետո կխոսի, իբր կակաոն ավելի կարևոր էր:
Սակայն խմելուց հետո փոշեպատ ժամացույցը տնքոցի պես ձայն արձակեց: Նիկոն վախեցած նայեց ժամացույցին. մեծ սլաքի վրա խոշոր սարդ էր գահակալել: Զղջաց, որ պառավի ծուղակն ընկավ. կակաոն խմեց, ժամանակը սպառվեց, իսկ հարցերը մնացին անպատասխան:
* * *
Նիկոն անտառում քայլում էր զվարթ սկյուռիկների զուգակցությամբ: Լսելիքում քստքստոցն էր: Իսկ տրամադրությունը բարձրացել էր. սկյուռիկների զվարթությո՞ւնն էր վարակիչ, թե՞ պատճառը կնոջ ավելն էր: Թերևս դա ավելներով կնոջ գործն էր. ներսում տհաճություն պատճառող ինչ-որ մնացորդներ ավլեց-տարավ, ու թեթևություն զգաց:
Հետո նստեց եղևնու տակ ու նոր մտքերի պոչերից բռնված՝ ննջեց:
…Քաղաքում դարձյալ սպիտակ ծուխն էր խտացել. մեքենաներ ու ագռավներ էին հայտնվում ու կորչում:
Նիկոն մայթին քայլելիս՝ վանդակավոր տոպրակ գտավ, որի մեջ շամպայնի դատարկ շշերն էին:

2011թ. Թբիլիսի

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>