Հայկազ Գրիգորյան | ԹԻԹԵՌԸ

HG1

Մայրս ասում էր, երբ ծնվեցի մեր տան առաջին հյուրերը թիթեռներն էին: Մեր բակը լեփ-լեցուն էր նրանցով, ժամերով հավաքում էին սենյակիս պատուհանի դիմաց, զբոսնելիս՝ շրջապատում ինձ: Ամիսներ հետո նրանց հետ խաղում էի, հրճվում, ուրախանում: Ամենազարմանալին այն էր, որ աշխարհ էի եկել չլացելով: Բուժքույրը մորս ասել է` «տարօրինակ երեխա եք ծնել»: Ծնողներս չեն էլ զարմացել, երբ լսել են, որ առաջին բառս թիթեռն է եղել: Մայրս ասում է, որ երբ փոքր էի, փորձում էի նրանց պես թռչել:

Հիշում եմ այն օրը, թե որքան զարմացա, երբ պարզեցի, որ մարդիկ չեն հասկանում թիթեռների լեզուն: Մայրս շատ էր անհանգստանում, հայրս՝ ինձ տարօրինակ համարում: Դադարեցի մարդկանց պատմել թիթեռների մասին: Նրանց հետ զրուցում էի ամեն օր:

Մարդկանց աշխարհն օրեցօր ավելի ու ավելի անցանկալի դարձավ: Սկսեցի խղճալ մարդուն՝ ցանկությունների ու ձգտումների տակ տնքացող մարմին: Խղճացի նրա կուրությունը՝ գեղեցիկի հանդեպ, կեղծավորությունը՝ արդարության դիմակով: Արցունքը մարմնացյալ միտքն է, որ հոգին մաքրելու հատկություն ունի, բայց ես սկսեցի խղճալ նաև այդ արցունքի անզորությանը՝ արտասվելով…

Ես նույնպես մարդ եմ…

Մի օր մի թիթեռ մոտեցավ ինձ ու հարցրեց.

— Ինչո՞ւ են աչքերիցդ կաթիլներ թափվում:

— Սրանք հոգումս տիրող տխրության բառերն են:

— Տխրությունն ի՞նչ է, այն քո մե՞ջ է ապրում:

— Տխրությունը… Գիտե՜ս, այնտեղ միշտ աշուն է՝ ամպամած երկինք, քամու համբույրից թափվող տերևների հեզություն և անթիվ, անթիվ անօգուտ մտքեր:

— Ինչո՞ւ է մարդն ընտրում այդ թախծի թագավորությունը, եթե գոյություն ունի գարուն, գոյություն ունեն ծաղիկներ, ջերմություն…

— Մարդն սպանում է իր հոգու բոլոր գարունները, թառամեցնում ծաղիկները և սկսում լույս և ջերմություն փնտրել այլ տարածության մեջ…

— Ես չէի ցանկանա հանդիպել տխրությանը, ամեն ինչ այսպես է գեղեցիկ,- այս ասելով` թիթեռն ուրախ հեռացավ:

Որքան ցանկալի է այն երջանկությունը, երբ ապրում ես այն՝ տխրություն չճանաչելով:

Օրերն անցնում էին, ես՝ փորձում մարդկանց մեջ վառել անբիծ սիրո ճրագը, արթնացնել ննջած երջանկությունը…

Բղավե՛լ, գոչե՛լ… Սթափվե՜ք մարդիկ, մի՜ սպանեք կյանքը սեփական ջանքերով, ապրե՜ք յուրաքանչյուր վայրկյանի քաղցրությունը: Բացեք ձեր հոգու աչքերը, այն ինչ տեսնում եք՝ ձեր մտքերից հորինված պատկերներն են, ոչ՝ իրականություն:

Ես գիժ անվանվեցի մարդկանց կողմից:

Մի օր, երբ այգում զբոսնում էի, մի թիթեռ հարցրեց.

-Ի՞նչ է երջանկությունը:

Ժպտացի,- երջանկությունը քո ապրած յուրաքանչյուր վայրկյանն է, և մարդու կորցրած տասնյակ տարիները:

-Այսինքն այն հատկությո՞ւն է:

-Ոչ, երջանկությունը հատկություն չէ, ոչ էլ սովորություն, այն ապրելակերպ է: Երջանկությունը բնակվում է յուրաքանչյուրիս մեջ, պետք է պարզապես բացահայտել այն, զգալ ու տարածել՝ կյանքի գեղեցկությունը տեսնելու համար:

-Ուրեմն ինչո՞ւ մարդիկ չեն ապրում այդ երջանկությունը, եթե այն իրենց մեջ է:

-Մարդը կուրացել է, երջանկությունը տեսնում է իր ցանկությունների ու պահանջների բավարարման մեջ, իրականացած երազանքների տեսքով միայն: Նա սպանում է իր հոգու իրական երջանկությունը և այն փնտրում դրսում: Այստեղ է ծավալվում մարդկային դժբախտությունը…

Արցունքներ հայտնվեցին այտերիս, լռեցի, հոգիս սկսեց խոսել.

-Իսկ ինչո՞ւ են աչքերիցդ կաթիլներ թափվում:

Ժպտացի, հիշեցի նախկին զրույցներից մեկը.

-Երջանկություն ապրելու համար անցյալն իր տխրությունների հետ միասին մոռանալու ունակություն է պետք,- շշնջաց հոգիս` արտասվելով:

Թիթեռը թռավ, ուզում էր հեռանալ, հետ վերադարձավ, նստեց ուսիս ու հարցրեց.

-Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում, չէ՞ որ թևեր ունեն:

-Մարդու հոգու ծանրությունն ավելին է թևերի զորությունից,- պատասխանեցի հազիվ լսելի ձայնով:

Օրը շատ արտասովոր էր: Պարտեզի բոլոր ծաղիկները գլխիկոր էին: Թիթեռները ոչ մի վայրկյան չէին հեռանում կողքիցս: Երկինքն էլ մի տեսակ այլ էր… Արևը սովորականից ավելի շուտ ննջեց: Խորասուզվել էի մտքերի օվկիանում…

Նախկինում մտածում էի` ինչո՞ւ են թիթեռները մեկ օր ապրում, ցավում էի նրանց համար: Այսօր հասկացա, թե որքան դժբախտ է մարդը, որ չգիտի ապրել ժամանակը:

Թիթեռը մեկ օրում զգում է անբիծ սիրո քնքշությունը, ճանաչում բնության գեղեցկությունն ու յուրաքանչյուր ակնթարթից երջանկություն քամում: Նա մեկ օրում ապրում է ավելին, քան մարդն իր ողջ կյանքում: Ցավալի է գիտակցել, որ թիթեռի համար մեկ օրն անգամ բավական է կյանքի ողջ համն զգալու, երջանկությունն ըմբռնելու համար, մինչդեռ մարդն այն հաճախ չի էլ ճաշակում ամբողջ կյանքում:

«Յուրաքանչյուր վայրկյան երջանկություն է»,- շշնջացի աչքերս փակելուց առաջ:

Ասում են` լքված մի արահետ կա, որ կոչվում է թիթեռների այգի: Այնտեղ միշտ գարուն է՝ քամու մեղմադող սուլոց, արևի քնքուշ ջերմություն, գունագեղ ծաղիկներ ու  թիթեռների անսահման բազմություն:

 

Արահետի սրտում կա մի խրճիթ, խրճիթի կողքին մի դամբարան, այնտեղ ննջում է մի խելագար, ով գիտեր թիթեռների լեզուն:

2 comments

    • Ազատուհի on 27 Նոյեմբերի, 2014 at 1:58 ա.
    • Reply

    Հիանալի պատմվածք է, լույսի, բարության, ափսոսանքի մի փոքրիկ սոնատա՝ հուզիչ ու խորը…

    • Աննա on 10 Դեկտեմբերի, 2014 at 4:53 ե.
    • Reply

    Բարի պատմվածք էր: Շնորհակալ եմ, որ իմ մեջ եղած խորը համոզմունքը՝ բանաստեղծները մնացել են անցյալում, կարողացաք վերացնել…

Թողնել պատասխան

Your email address will not be published.