Լիլիթ Հակոբյան | ՉԱՊՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

LHl11

Այսօր, օրվա այս ժամին ամառ է՝ աշխարհի ամենասիրուն լուսաբացով. այդ օրն ուրիշ արև էր ծագել, վերջին արևը: Խելառ արագությամբ հեծանիվ քշելը լավ է, երբ էլ կորցնելու բան չունես, բացի վերջին օրիցդ: Շունս շնչակտուր վազում էր ետևիցս ու ես հասկացա, որ ինձ կարոտելու է: Ես արդեն կարոտել էի նրան…

Երբ օրն աշուն դարձավ, ես, շունս ու հեծանիվս քաղաքի կենտրոնում էինք՝ հարուստների թաղամասում: Այստեղ մի մուրացիկ ընկեր ունեմ, ով խոստացել էր իր տեղը մեկ օրով ինձ զիջել: Երբ եկանք, նա արդեն գնացել էր՝ մեզ թողնելով իր միակ ունեցվածքը՝ կիթառը: Հպարտացա, երբ հասկացա, թե ինչ զոհողություն էր արել իմ ընկեր մուրացիկը: Լավ է մուրացիկ ընկեր ունենալը, ով նվիրվել գիտի:

Այսօրվա մուրացիկը ես եմ լինելու. միշտ երազել եմ գոնե մեկ օր պատառոտված շորեր հագնել ու նստել մի մայթի, որտեղով անցնում են անտարբեր հետիոտներն ու ես, ու նվագել հին ու հարազատ երգեր, որոնցից մարդիկ կհուզվեն: Ու ես նվագեցի: Մարդկանց գրպաններից դուրս եկող կոպեկները զրնգում էին առջևս դրված կիթառի պայուսակի մեջ: Երբ կյանքից հեռացող մուրացիկ ես ու աշխարհին նայում ես հարուստների թաղամասի մի անկյունից՝ խորն անտարբերությամբ, երբ թքած ունես մարդկանց արհամարհանքի վրա, մեծամտության, «ես քեզնից լավն եմ» կարծիքի վրա, երբ գիտես, որ քիչ ժամանակ ունես մեծ տարածություններ անցնելու համար, ու քոնն այսօր այդ թաղամասի մի անկյունն է, սկսում ես սիրել քո անկյունը, որը դառնում է մի մեծ աշխարհ՝ քո, շանդ, հեծանվիդ ու կիթառիդ հետ: Լավ է մուրացիկ լինելը, եթե կարողանում ես սիրել հարուստների թաղամասի քո անկյունը:

Հետո մի քանի բաժակ թեքիլա քիչ առաջվա մուրացիկի հավաքած գումարով… Կյանքը մի բաժակ թեքիլա է՝ մի շնչով ես խմում, էլի ես ուզում, որովհետև մեկը քիչ էր, բայց էլ չկա, ամեն մեկս մեր բաժին թեքիլան ունենք, ոչ մեկ ավել բաժին չի ստանա: Հարբեցի… Որովհետև վաղն էլ չի գալու, գլխացավ չեմ զգա, չեմ զղջա, աշխատանքից չեմ ուշանա, խեթ-խեթ չեն նայի կարգապահ մարդիկ, չեն դաստիարակի, չեն նախատի ու չեն ասի, թե ինձնից լավն են, որովհետև հարուստների թաղամասի անկյունում չեն նվագել ու գիշերները չեն հարբել: Որովհետև այլ կերպ են ապրել, որովհետև չեն ապրել:

Եթե պատասխանատու լինեի, կզանգեի ու վաղվա հանդիպումներս անորոշ ժամանակով կհետաձգեի, որ մարդիկ էլ ինձ չսպասեին, բայց չեմ… Թող սպասեն: Եթե ժամանակ ունենայի, էլ երբեք չէի սպասի:

Հարբեցի, մինչև օրը ձմեռ դառավ: Ձմեռը պարելու եղանակն է, թեքիլայով սառած մատներս ու մարմինս տաքացնելուց հետո պետք է դուրս գալ ու պարել, պարել, մինչև օրը մեռնի: Բոբ Դիլանը երգում է սիրո, կյանքի, ապրելու մասին ու շագանակագույն աչքերի մասին, որ իմն են, իսկ ես պարում եմ:

…Կպարեի Նրա հետ, բայց Նա ոչ պարել է սիրում, ոչ էլ ինձ: Արդեն չեմ հիշում՝ Նա հեռացա՞վ, թե ես Նրան թողեցի, միայն մի բան գիտեմ՝ կպարեի Նրա հետ: Մենք միշտ միասին ենք եղել, բայց երբեք չենք հարբել ու չենք պարել միասին: Եթե մեկի հետ չես կարող հարբել, պետք է հեռանաս, հեռանաս ու մենակ հարբես: Չես կարող սիրել ու չպարել: Եթե ժամանակ ունենայի, կկարոտեի Նրան ու կմտածեի Նրա մասին հիմա, երբ պարում եմ: Եթե ժամանակ ունենայի, կսիրեի…

Երբեք էլ ինձ հետ չեմ եղել, միշտ ուրիշներինն եմ եղել, ուրիշների հետ: Ուրիշները լավ մարդիկ են, ովքեր խոսել են սիրում, բայց ոչ հասկանալ: Ուրիշների հետ զբոսնելիս ստիպված խոսել եմ այլ ուրիշների մասին՝ ոչ իմ, ոչ մեր, այլ երրորդի, որովհետև ուրիշներն ուիրշների մասին խոսել են սիրում: Պետք է մենակ զբոսնեի: Եթե ժամանակ ունենայի, մենակ կմնայի:

Հիմա, երբ էլ ժամանակ չունեմ, հասկանում եմ, որ ամեն ինչից շատ է եղել, ժամանակից բացի: Մարդիկ են շատ եղել, հատկապես չապրողները, խոսքերն են շատ եղել, հատկապես չասվածները, շատ են եղել ճամփաները, հատկապես գնալու, անելիքներն են շատ եղել, հատկապես անկարևորները, վախերն են շատ եղել՝ ապրելու գործին խանգարողները, դատարկությունն է շատ եղել՝ անտակը: Ու մենակ ժամանակն էր քիչ:

Եթե ժամանակ ունենայի, կմտածեի վատնածս ժամանակի մասին…

5 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. lsir du taghand unes grelu.Bravo

  2. Lsir du grelu taghand unes.

  3. Լավ է մուրացիկ ընկեր ունենալը, ով նվիրվել գիտի- հետքրքիր էր ասված

  4. Ազնիվ չես:

    1. Ամենաազնիվը գրելուց եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի