Հարցազրույց Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության անդամ , բանաստեղծ, լեզվաբան Գրիշ Դավթյանի հետ:

 

Հարցազրույցը վարեց ` Սիրանուշ Նազլուխանյանը

GrishD

 

Ծնունդով որտեղի՞ց եք պարոն Դավթյան, երբվանի՞ց եք հաստատվել Կալիֆորնիայում:
Ծնվել եմ Նոր Ջուղայում, Իրան, 1935թ սեպտեմբերի 15-ին։ Ընտանիքով հաստատվել եմ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում 1987թ. մարտից։

«Հայրենին թող տայ
Բնօրինակը Հայկեան Կտակի…
Այլապէս
Էլ ի՛նչ Հայրենիք + Սփիւռք,
Այլապէս
Միայն ու միակտուր Սփիւռք է, էլի…»
Առհասարակ, ասում են, որ յուրաքանչյուր սերունդ գրականություն է մտնում իր թեմայով և ժամանակի խնդիրների իր մատուցումով: Համաձա՞յն եք արդյոք այս մտքի հետ:

Համաձայն եմ․ սերունդը, անհատը իր իսկ կյանքի փորձառությամբ է արտացոլում իր կյանքը, իր ժամանակը։ Գրական ստեղծագործությունը ավելի անհատական իրագործում է, քան սերունդային։
Գեղարվեստական ստեղծագործության մեջ հնչած մարտահրավերը դիպուկ է, հասկանալի․ Հայկյան Կտակը՝ հայության շահը գերակա պահպանելն է։

«Չհայաստանցի՝ հայ ենք մնացել
Շնորհիւ մեր իսկ դիմացկանութեան,
Որ բխել է մեր գիտակցութիւնից՝
Որ հայ ենք, ու կանք, ու պիտի մնանք..»
Սփյուռքում գործող ազգային մտածողությամբ առաջնորդվող գրողները ինչպես են դիմակայում այն մարտահրավերներին ,որոնք իր հետ բերում են 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի քաղաքակրթական զարգացումները: Երբ, «գլոբալիզացիան» վտանգում է ազգային մշակութային արժեքները:

Սփյուռահայը ի սկզբանե գլոբալիզացված է, երկրագնդացված։ Սփյուռահայ անհատը գիտակցական կյանքի սկզբից աղերսվում է մեկից ավելի մշակույթների, ավանդությունների, սովորությունների հետ, և անձնական հավասարակշռույթը պահում է եղածները ըստ էության ճանաչելու, կիրառելու հաջողությամբ։ Ընտանեկան դաստիարակությամբ է սփյուռահայը ընտրում և գերադասում իր հայկական ազգայինը։ Ընթացքում և այնուհետև էլ վտանգը շարունակում է սպառնալ։ Ազգային դիրքերից դիտված սփյուռքը վտանգված տարածք է։

2005-ին Կալիֆորնիայի Հայ Գրողների միության (AWAOC)  նախագահ  էիք ընտրվել: Ի՞նչ գործունեություն է իրականացնում այն: Ո՞վքեր են միության կազմում: Կապ կա,  արդյո՞ք  ՀԳՄ  հետ: 

1998-2003 թթ նախաձեռնել և վարել եմ Գրական Ասպարեզ ամսական հանդիպումները Գլենդելի Հանրային Գրադարանում, որ 2003 թ միացվել է նոր հիմնադրված Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությանը։ 2002 թ անձնական նախաձեռնությամբ և ծրագրով դիմեցի Հայաստանի Հանրապետության Գլխավոր Հյուպատոս Պր Վալերի Մկրտումյանին, հյուպատոսության անվան տակ սկզբնավորելու Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության կազմակերպումը, ՀՀ Գլխավոր Հյուպատոսության անունով․ ընտրվեցի նախագահ այդ նպատակով նշանակված հանձնախումբի, որը մշակեց միության ծրագիր-կանոնադրությունը, հրավիրեց հիմնադիր ժողով 2003թ։ Այժմ անդամակցում եմ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությանը. եղել եմ միության փոխնախագահ 2003-2005, ապա նախագահ մինչև 2012 թ։ Անձամբ հրաժարվել եմ վարչության անդամ և նախագահ ընտրվելուց, պնդելով, որ փոփոխություն լինի։ Միությունը շարունակում է գործունեությունը ընթացիկ վարչության ղեկավարությամբ։ Կալիֆորնիաբնակ բազմաթիվ գրողներ են անդամակցում միությանը։ Սերտորեն համագործակցում է Հայաստանի Գրողների Միության հետ։

Մի առիթով ակադեմիկոս Ս. Սարինյանը նշում է` Սփյուռքում շատագրության և հեշտագրության հաղթարշավ է գրում են բոլորը  բժշկից  սկսած,  մինչև իրավաբան, տնտեսագետ, քաղաքական գործիչ ու անգամ վարորդ: Ի՞նչ կասեք այս մասին:

Ակադեմիկոս Ս․ Սարինյանը մեր ընթացիկ գրականագիտության վաստակավոր անհատներից է․ նրա մատնանշածը կարող է ճիշտ լինել, բայց փաստեր չեն բերված։ Արդարև, կուտակի մեջ գեղարվեստական գրականությունը  արժեքավոր հեղինակներ և էջեր ունի։

 «Ու թափառել ենք երկրից երկիր,
Ու ցւրւել ենք ցամաքամասեր,
Ու դարձել ենք մենք բազմաերկրացի,
Չհայաստանցի հայեր ենք դարձել.
Եւ դա մաղթելի մի կեանք չէ բնաւ… » 

Հայաստանում կատարվող իրադարձություններին դրսում ապրող մտավորականությունը, կարծես թե որևէ կերպ չի արձագանքում: Չե՞ք կարծում, որ նրանք նույնպես պետք է մասնակցություն ունենան Հայաստանում կատարվող իրադարձություններին` թեկուզ իրենց կարծիքն արտահայտելով:

Սփյուռահայ իրականությունը ավելի թափառումների կյանք է եղել։ Ես անձամբ տարիներով ապրել եմ Իրանում, Մեծ Բրիտանիայում, ուր ամուսնացել եմ։ Ապա վերստին հաստատվել եմ Իրանում, ընտանիք ունեցել։ 1987-ից  ապրում եմ Կալիֆորնիայի Գլենդել  քաղաքում։ Կարոտում եմ Իրանում և Բրիտանիայում մնացած անցյալիս, ընկերներիս։
Սփյուռքի մտավորականությունը լավ էլ անդրադառնում է Հայաստանում անցուդարձին, և արձագանքում է սփյուռահայ մամուլով, ռադիո-հեռուստատեսությամբ, հասարակական դասախոսություններով։ Իսկ հայրենիքը, իր զանգվածային լրատվամիջոցներով չի հետաքրքրվում սփյուռքահայի կարծիքով։

 2006 –ին Հայերենի ուղղագրության վերաբերյալ ուսումնասիրություն եք զեկուցել Կալիֆորնիայի  Հայ Գրողների Միության հասարակական  դռնբաց նիստում, Գլենդելի  Հանրային  Գրադարանում , որտեղ նշել եք.  « Հայսփյուռն է որ ուղղագրության դժվարություն ունի, և պիտի հարթի այդ դժվարությունը հայրենիքի  օգնությամբ: Մոլեգին մի փոքրանմասնություն ոչ թե միայն չի ուզում հայրենիքի օգնությամբ իր դժվարությունը վերացնել, այլև ուզում է հայրենիքին նույն դժվարության մեջ  գցել»:  Ի՞նչ խնդիր և լուծում էիք առաջարկում այն ժամանակ, այսօր ի՞նչպես եք վերաբերվում ուղղագրության հարցին: 

Եզրակացությունս նույն ուսումնասիրությանս մեջ արձանագրված է։ Ես հավատացած եմ, որ հայսփյուռքը պետք է հետևի հայրենիքին։

Թուրքիան  արդեն  հայտարարել է,  որ  Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ունի  ծրագիր: Մենք  ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակումը պատկերացնում  ենք  դեռևս միջոցառումներ կազմակերպելով:  Կալիֆորնիայի  Հայ  Գրողների Միությունը ի՞նչ ծրագրեր է նախատեսել:

Կալիֆորնիայի Հայ գրողների Միությունը մասնակցում է Կալիֆորնիայի Միացյալ Մարմնին  ծրագրված աշխատանքներին։

 Մինչ այժմ լույս են տեսել ձեր  «ԾԼՎԼՈՑ» մանկական բանաստեղծությունների գիրքը 1964 թ, Թեհրան, Իրան,  «ԿԱԹԻԼ ԾՈՎ»  բանաստեղծությունների հատորը, 1982 թ  Թեհրան, Իրան,  « ԾԼՎԼՈՑ »  մանկական բանաստեղծությունների գիրքը,  1982թ երկրորդ  տպագրություն. Թեհրան, Իրան։
«ԱՓՈՒՆՔԻՑ  ԱՓՈՒՆՔ»  բանաստեղծությունների հատորը,  2003 թ Երևան։
THE AMERICAN PULSE անգլերեն բանաստեղծությունների ժողովածու, 2004թ։  Published by PublishAmerica LLLP,   Baltimor, USA.
«Աշխարհքով  մեկ  եմ  եղել»  բանաստեղծությունների ժողովածու,  2012 թ Երևան:
Ե՞րբ  կարող ենք  ընթերցել  ձեր նոր ժողովածուն: 

Հրատարակության համար ունեմ բանաստեղծություններ, մանկական բանաստեղծություններ  և  բալլադներ, գրական–տեսական, լեզվաբանական ուսումնասիրություններ, գրախոսություններ և գրական ակնարկներ․ դրանք լույս են տեսել հայ մամուլում։ Աշխատակցում եմ հայսփյուռքի մամուլին: Առաջիկայում  պատրաստում  եմ  հրատարակել  մանկական  և  բանաստեղծական   ժողովածուներ :

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.