Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐ

Չգիտեմ որքանով է ճիշտ «զույգ» բառի գործածությունն այստեղ, որովհետև «զույգ» ասելիս՝ պատկերացնում ենք ամուսիններ, ամոլ, նաև երկվորյակներ, զուգակիցներ, համադաս երևույթներ, երկտակ բաներ և այլն: Գուցե՞ ավելի խելամիտ է պարզապես օգտվել թվական արժեք ներկայացնող «երկու» բառից: Բայց «Հայկական երկուներ» վերտառությունը, նախ, գեղեցիկ չի հնչում և երկրորդ՝ դրանով կորոշվեր միայն քանակն ու կանտեսվեր ավելի կարևորություն ունեցող՝ կողմերի միջև տիրող հարաբերությունները: Իսկ «զույգ» ասելիս՝ ենթադրվում է ինչ-որ ուղղակի, թե անուղղակի կապեր կամ թաքնված խորհուրդներ:
Եվ այսպես, գլխավոր «զույգ»-ը կազմող Հայաստանի և Արցախի երկու հանրապետություններում, անշուշտ, իշխում է սերտ բարեկամության ու բարիդրացիական ոգին: Փույթ չէ, որ հայաստանցիները ձեռ են առնում կամ չեն սիրում ղարաբաղցիներին, ղարաբաղցիները՝ հայաստանցիներին. փաստը ցույց է տվել, որ արտաքին սպառնալիքի դեպքում, բոլորը ոտքի են կանգնում ու դառնում միակամ ու միաձույլ: Եվս փույթ չէ, որ հայկական զույգ հանրապետությունների իշխանությունների և ընդդիմությունների քաղաքական գործընթացներում չկա մեկ կամ միանշանակ միտվածություն, մի երևույթ, որն ակնհայտորեն արտահայտվում է դիվանագիտական փաթեթների մեջ կամ Եվրոխորհրդի զանազան նիստերի ընթացքում. վտանգի պարագային, համոզված եղեք, բոլորի մտահոգության կիզակետում կհառնի միմիայն ազգային շահը և կմոռացվի…անձնականը: Ի՜նչ կարևոր է, որ հերթական սպառնալիքի չեզոքացումից հետո մարդիկ նորից կընկնեն իրար ջանի. «Ասում էի չէ» կարգախոսով բոլորը կջանան ապացուցել իրենց իրավացիությունը՝ խեղաթյուրելով նույնիսկ պատմական փաստերը` վիճաբանության հարուստ նյութ հայթայթելով գալ սերնդներին…
Խուսափում եմ կարծիք հայտնել մեր զույգ կաթողիկոսությունների միջև առկա հարաբերությունների տեսակի ու որակի մասին ու բավականանում՝ շեշտելով այն փաստը, որ թեև փոքր ազգ ենք, բայց ունենք Հայ Առաքելական եկեղեցուն հարող երկու կաթողիկոսություն: Ճիշտ է, նրանց միջև երբեմն ծագում են որոշ տարաձայնություններ, հատկապես աշխարհացրիվ թեմերին տեր կանգնելու ուղղությամբ, բայց արդյոք կարո՞ղ եք մատնանշել որևէ մի զույգ, որ զերծ լինի զանազան անհամաձայնություններից… Փառք Ամենակարող Բարձրյալին, որ առերևույթ, թե՝ աներկբա, մեր զույգ կաթողիկոսությունների գմբեթների վրա սավառնում է փոխըմբռման ու համերաշխության եղբայրական ոգու հրեշտակը:
Նույնը չես ասի մեր զույգ ուղղագրությունների մասին: Պայքարը շարունակվում է թե՛ գրական թե՛ քաղաքական հարթություններում՝ անտեսվելով այն մեծ փաստը, որ մեր պետական լեզուն ըստ ՀՀ-ի Սահմանադրության՝ հայերենն է իր ներկա ուղղագրությամբ: Սփյուռքահայ շատ գրողներ, կառույցներ, մամուլի ներկայացուցիչներ և անհատներ չեն ցանկանում նահանջել իրենց կարծրացած դոգմաներից և համառորեն կառչած են մնում ավանդական ուղղագրությանը: Հետևանքը լինում է այն, որ ավանդական խրթին ուղղագրությունը Հայրենիքում հեշտ չի մարսվում՝ ակամայից դառնալով պառակտիչ գործոն: Այս մասին մտածելիս, ուզում եմ ընդունել, որ ունենք նաև զույգ կամ երկու առանձին պետականություն…
Եվ այստեղ ինքնաբերաբար առաջ է գալիս մի նոր «զույգի»՝ հայության Ներսի ու Դրսի երկու հատվածների կամ Հայաստանի և Սփյուռքի գոյակցությունը, որն իր էությամբ ու դիմագծով յուրահատուկ է միայն հայ ժողովրդին: Մեր պետական այրերը Ներսում, իսկ Դրսում չգիտես, թե ով, թերևս բոլորը, ամեն կերպ աշխատում են կարգավորել ու սերտացնել այս երկու հատվածների սիրային ու մտերմիկ հարաբերակցությունը: Գործածեցի «սիրային» ածականը՝ «հայրենասիրական»-ի փոխարեն, որովհետև Դուրսը իրոք երկարաձիգ տարիներ սիրահարված էր և՝ է Ներսին: Ներսը, որ ի դեպ որոշ չափով զուրկ է վերոնշված հայրենասիրական զեղումներից, ավանդապահ աղջկա խասիաթով, մի կարգին «Այո» չի ասում, որի հետևանքով վերջին տարիներին, ինչպես լինում է հաճախ հարաբերությունների անիմաստ ձգձգվելու պարագային՝ հուսահատության ու սառնության, չեմ ասում՝ հիասթափության, նշույլներ են սկսում հայտնվել Դրսի ներաշխարհում… Ոմանց կարծիքով՝ Դուրսը արական է, Ներսը՝ իգական… Քանզի Դուրսը մղված իր դարավոր, խորունկ սիրուց՝ անդադար նվերներ է մատուցում Ներսին, իսկ Ներսի համար Դուրսը «տանելի» է հենց միայն այդ առումով…
Մի կողմից էլ շարունակվում է մեր զույգ հայերենների (չգիտես ինչ անուն տաս, ախր «լեզու» ասելը ճիշտ չէ, որովհետև երկսի պարագային էլ լեզուն հայերենն է) դարավոր դիմակայությունը: «Արևմտա…»-ն պնդում է, որ ինքն ավելի ճշմարիտ ու պոետիկ է, «Արևելա…»-ն հպարտ է իր ընդգրկուն լինելու հանգամանքով, որովհետև բացի գրական լինելուց՝ նաև գիտական, ակադեմիական ու պետական է: Խառնաշփոթ է տիրում այն հայահոծ համայնքներում, ուր իրար կողք ապրում են թե «արևելա» և թե «արևմտա» հայեր (դեռ լավ է, որ հյուսիսային ու հարավայինը չկա): Մխիթարիչ է գոնե այն փաստը, որ անկախության շնորհիվ ընձեռված ազատ երթևեկությունների և հայոց մայրաքաղաքում կայացած «Մե՛կ ազգ, մե՛կ մշակույթ» (ուշադրություն դարձրե՛ք, այստեղ «մեկ»-ը ճգնում է հակադրել «երկուսին») և այլ համազգային առաքելությամբ մեկնարկող համահայկական միջոցառումների ու հանդիպումների արդյունքում, մարդիկ սկսել են իրար հետ շփվել ու ավելի հեշտ հասկանալ իրար:
Համոզված եմ, որ կան նաև այլ երկուական կամ զույգ բաներ հայ իրականության մեջ (նպատակս բազմաթիվ կուսակցությունները, կրոնական դավանանքները, աղանդները, զանազան բարբառներն ու մշակույթները, կամ հենց համակարգչային տարբեր տառատեսակները… չեն), որոնք մեկառմեկ նշելու դեպքում շատ կերկարի այս գրությունը: Միայն հարց է առաջանում, թե վերը նշված զույգերի կամ «երկուների» առկայության դեպքում, որքանո՞վ կամրապնդվի հայկական միասնականությունը, իսկ կամրապնդվի՞ արդյոք…

1 comment

    • Ani on 15 Նոյեմբերի, 2011 at 9:23 ե.
    • Reply

    Ոչ:

Թողնել պատասխան Ani-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.