Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NS11

***

Կար օրեր, հրդեհվող, արևոտ,

Սրճարան, ծխախոտ, բույր սուրճի,

Մարմիններ կար անշող, ստվերոտ

Դավանող դյութանքին անուրջի…

Ես եկող վայրկյանի գաղտնատես,

Կարոտիդ համայիլն իմ հոգում,

Սերտում եմ մարգարե մի որպես

Ինձ կոծող աստղերի մունջ լեզուն:

…Սիրիր բոլորին մեկ առ մեկ՝

Ինչպես ե՛ս եմ այսօր քեզ փնտրում…

Կլինե՛նք մի գիշեր իրար հետ

Հարության երկնքոտ առագաստում:

 

***

 

Ոլորապտույտ դեգերումներից

Գարունը կրկին կգա փոքր անց,

Ծառին կհանի իր գորշ հանդերձից՝

Ուսմունքն արմատի ճյուղերին փռած:

Ու շարանշարան հավքերի հանգույն

Տրոփներ կգան արյանն ու սրտին,

Ու ծաղիկ- ծաղիկ անթառամ հուշում

Անուններ կպտղեն իմ շրթունքներին:

Երբեք չեմ զղջա, որ ձեզ սիրել եմ,

Հեթանոսական սիրուս մեհյանում,

Մեկին կորցրել եմ, մեկին գտել եմ

Եվ դարձյալ ծաղկել նո՛ր գարուններում

***

Երբ հնչեն կենաց բոլոր ճառերը,

Բառերից հոգնած թեքվեմ մայրամուտ,

Թղթին կմնան իմ ողջ գույները,

Ողջ այրումներս՝ ճշմարիտ ու սուտ:

 

Հոգնած մարմինս կտանեն հողին՝

Իբրև ժամանակ ապրած բրածո,

Կավը  կպեղի մասնիկները իմ,

Հումքը կխառնեն մատներն Աստծո:

 

Զրույցին  տրված խոր արմատների

Հողը կպատմի տիեզերքի բանից,

Ես դրանք, կարծես, վաղո՜ւց գիտեի՝        

Հուշերիս բոլոր ծպտյալ դասերից:  

 

Սերը կմնա իր պիրկ հանգույցով՝

Երկինք ու երկիր հար իրար կապի,

Ես էլ կխոսեմ տերևի լեզվով,

Արևը դարձյալ ինձ կվկայի…

 

***

Եկ պարենք խնջույքում այս կյանքի:

Սեր է, թովություն ու հմայք,

Տե՛ս, սերմերը թռչող խատուտիկի…

Կգնանք, ակամա ետ կգանք:

 

Վերից վար, վերից վար մի պտույտ՝

Հունդն ենք մունջ տիրական մտքերի,

Ի՜նչ շքեղ հանդերձներ ամենուր,

Ինչ անօգ ենք, որքա՜ն հոլանի:

 

Կգնամ՝ կհնչի մեղեդին,

Ծափերի ու դափի անզուսպ  ձայն,

Ու՜ր եք, հե՜յ, վկաներ իմ կյանքի

Եվ՛ սիրո, և նույնի՛սկ մատնության…

 

***

Ա՜խ, կուզեի իմ սրտի մեջ սերը մարեր,

Որ ապրեի քեզ պես հեռո՜ւ, քեզ պես անհո՜գ,

Եվ հուշը իր թաքստոցի խորքում սառե՜ր,

Որ ծիծաղս հնչեր անզուսպ ու լիաթոք:

Եվ կուզեի ինձ սնուցող քո մտքերից

Զատվել՝ որպես պորտալարը թողած մանուկ,

Ու կաթնաբույր քո ցնորքին էլ չկապվել՝

Բարուր խինդս փրկած սիրուս լացից տամուկ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի