Առաջ էլ մեր բակի դուռը սողնակով չէր փակվում:
Գիշեր-ցերեկ բաց էր: Մի կողքի վրա կախված ճոճվում էր, ճռճռում, պատեպատ խփվում, գոռգոռում ու վերջ ի վերջո հանգստանում:
Մի ճերմակ ամպ էլ ունեինք, միշտ գալիս, դեմ էր առնում մեր պարսպին ու էլ ոչ մի տեղ չէր գնում: Երբ նա շատ էր ցածրանում, ոմանք նրան սպիտակ, վախվորած շան տեղ էին դնում, ոմանք՝ աղավնու էին նմանեցնում, իսկ շատերը՝ նույնիսկ չէին էլ նկատում: Բայց նա կար: Միշտ մեր բակի դռան հետ էր, և դրանում ոչ մի կասկած լինել չէր կարող:
Երբ փողոցում քամի էր բարձրանում, տանիքների թխկոց-չխկոցը գժվեցնում, թողնում էր բոլորին: Բայց մենք վաղուց արդեն սովորել էինք դրան, ճիշտ այնպես՝ ինչպես իրենց վատ հարևանների վրա են սովորում մարդիկ:
ԵՎ հիմա, տարիների հեռվից ինչքան նայում, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում, որ բոլոր փողոցներն էլ, մերի նման, սկսվում էին նույն՝ առավոտյան աղմուկով և անպայման վերջանում՝ երեկոյան աղմուկով:
Մարդիկ՝ չգիտեմ, բայց թաղի շները դա լավ էին հասկանում ու վաղուց դադարել էին ամեն «հա»-ին, «չէ»-ին հաչելուց:
Նրանց ի՞նչ էր պետք՝ մեկը մի ոսկոր գցի, մեկը մի անուն տա: Արև լինի, հրդեհ, ջրհեղեղ չլինի: Հա, մեկ էլ երկրաշարժ չլինի:
Հիմա ես պառկել եմ փորիս վրա ու տաքանում եմ: Տանը մարդ չկա:
Բայց, եթե նույնիսկ տանը ոչ ոք չի ապրում, միևնույն է, մենք չենք հեռանում մեր բակից:
Մի ոսկորի համար ենք գալիս: Սպիտակ, փայլուն ոսկորի, որ հետո լեզվով շուռումուռ տանք ատամներիս մեջ, լոզոտենք, աչքերս կկոցենք ու ամեն ինչ մոռանանք:
Հին վերքերը, հին վիրավորանքները, մի խոսքով՝ ամեն ինչ:
Այսպիսի արևոտ ու խաղաղ օրերին, բակի դուռն իր ուսը դեմ է տալիս կիսափթած գերանին և անձայն հետևում անցուդարձին:
Նա մի մեծ ու ժանգոտ սողնակ էլ ունի, մուրճով, անգործ կախված՝ այն հին կրծքանշանի նման, որին վաղուց արդեն ոչ ոք կարևորություն չի տալիս:
Մութն ընկնելուց առաջ փոշոտ ու հոգնած անցա կիսաբաց դռան արանքով և անշշուկ ներս մտա:
Բակում ձայն-ձուն չկար:
-Քաղաք իջած կլինեն,- մտածեցի ու գնացի, մեկնվեցի մեր բնի կողքին: Այստեղից մուտքն ամբողջությամբ երևում է, անգամ փողոցի կեսն էլ է երևում:
Սրանից լավ տեղ աշխարհում չկա, չես գտնի:
Ես պառկել ու նայում էի փողոցի ուղղությամբ: Իմ խորունկ, ծանր թասը կողքի էր շրջվել, չորացել էր: Պարզ է, որ ոչ ոք մեզ չէր կերակրում:
Ես մեծացել էի ու կարող էի ինքս էլ ինձ համար մի բան գտնել դրսում: Շատերն ինձ հեռվից ճանաչում էին արդեն, իսկ ոմանք՝ նույնիսկ վախենում:
Դա ինձ դուր էր գալիս:
Բայց ես ոչ ոքի վրա չէի քշում, չէի կծում: Աստված չանի, ես մյուս հիվանդ ու քոսոտների նման չէի: Ես առողջ և ուժեղ շուն էի:
Իսկ եթե դու առողջ ես և ուժեղ, ապա մյուսները պետք է մի քիչ վախենան քեզանից, վախենան ու զգուշանան:
Ես հաճույքով կուլ տվեցի թուքս ու դունչս առա թաթերիս մեջ:
Ահա մեկը վազեց դռների մոտով:
Վազեց ու անհետացավ զույգ ծառերի բների հետ աճած բարձր թփերի հետևում:
Հարևանի Ճերմակն էր:
Չէի ասի, թե վատն է, բայց չգիտես ինչու, առայժմ չի կպչում: Ինչ որ բան խանգարում է:
Իհարկե, Ճերմակին կարելի է նույնիսկ գեղեցիկ շուն համարել: Նա միշտ կոկիկ է ու մաքուր, միշտ կուշտ ու հարդարված:
Բայց այնուամենայնիվ, ամեն անգամ, ներսից ելնող մի ձայն ինձ հետ է պահում,-մի՛ գնա,-ասում է,-մի՛ գնա:
Միգուցե շան երա՞զ է այս ամենը: Միգուցե ոչ մի ձայն էլ չի՞ եղել երբեք: Չգիտեմ: Ես այդ մասին աշխատում եմ քիչ խոսել, և առայժմ դա ինձ հաջողվում է:
Մի խոսքով:
Քթով հրեցի բակի դուռն ու ներս մտա: Մի կերպ ոտքերս քարշ տվեցի, հասա թասին:
Թասը դատարկ էր: Պառկեցի կողքին, սկսեցի լզել եզրերը: Աղի համ առա, ծարավեցի, սկսեցի ավելի եռանդով լզել:
Համից հասկացա, որ ինձանից առաջ ինչ որ մեկը եկել, սոված ու հոգնած պառկել է կողքին և ինքն էլ ինձ նման երկար-բարակ խաղ է արել դատարկ թասի հետ:
Չէ, հավանաբար երկուսով են եղել:
Առաջինը տեսել է մոտ եկողին ու խառնվել իրար, միզել է թասի վրա:
Ես նայեցի շուրջս,-տեսնես ո՞վ կլինի:
Հեռվում ստվերներ էին շարժվում:
Փորսող արեցի և անշշուկ մոտեցա թփերին: Դա մի մեծ, սև ամպ էր, ելել էր մեր Ճերմակի շալակն ու չէր իջնում:
Ես շունչս պահեցի, կպա գետնին:
Սսկվել, նայում էի: Վախենում էի տեղիցս վեր կենալ:
Սև, աժդահան իր ծանրության տակ ճզմել էր Ճերմակին, ու ինքն էլ ծանր հևում էր: Ես ուզում էի գոռալ, օգնության կանչել, բայց վախից համրացել էի, լեզուս կապ էր ընկել:
Չեմ հիշում, թե ինչքան սպասեցի:
Կայծակ խփեց, հորդ անձրև տեղաց, բայց ոչ ոք օգնության չեկավ: Տերևների տակից Ճերմակն ուղիղ աչքերիս մեջ էր նայում: Ինձ չէր տեսնում: Երևի մշուշը խանգարում էր: Նայում էր ու լռում: Ես էլ էի լռում: Հետո քամի բարձրացավ, լույսը բացվեց ու նրանք չքացան:
Աշնան կողմ երկնքում աստղերը շատացել էին: Մեր դռան շներն էլ էին շատացել: Մի քանի փոքրիկ, անպաշտպան ձագեր էին գիշերները պսպղում մեր բակում:
Ես հիշեցի:
Հիշեցի սև, հսկա անծանոթին, ու միջիցս մի տեսակ նվվոց դուրս եկավ: Փորիս խորքից ելավ ու կոկորդս մտավ: Երկու ձեռքով բռնեց կոկորդիցս, թափ տվեց, խեղդոտեց, հետո, որ տեսավ չեմ խեղդվում, վախեցավ ու ձեռքերը հետ քաշեց:
Բաց թողեց ու պնչներիցս դուրս թռավ, գնաց:
Այդ օրը ես հասկացա, որ շները շատ հեշտ ու հասարակ են աշխարհ գալիս: Երկնքից: Որ այդ ամենը տեղի է ունենում այստեղ՝ մեր բակի անկյունում: Այստեղից էլ ելնում, լցվում են փողոցները:
Ես գռմռացի ու շուռ եկա մեջքիս վրա:
Հողը չոր էր ու տաք: Մեջքս քոր էր գալիս:
Հարևանի ճերմակ շունը չէր երևում, երևի իրիկվա կողմ կհայտնվի: Կկանգնի հեռվում՝ անվտանգ տարածության վրա ու կնայի: Աչքերը՝ խոնխվ, քիթը՝ խոնավ, մռութը՝ խոնավ:
ՈՒ՞ր էր նա, երբ ես փոքրիկ էի, մի փոքրիկ արեգակ: Մտել էի մեծ ու ճերմակ ամպի մեջ ու աչքերս փակել:
Երբ, աչքերս փակ, շոշափելով գտնում էի այդ կաթնահոտ ամպի բարի ու քնքուշ պատերը:
Փարվում էի, ամբողջ շնչով ներս քաշում նրանց բույրը, թացությունը, քաղցրությունը:
Հետո ի՞նչ եղավ:
ՈՒ՞ր կորավ նա, երբ ես հասակ առա:
Երկինքը վեր բարձրացավ, ամպերը վեր բարձրացան, ես ցածում մնացի, մեր դռան կողքին: Իսկ իմ կողքին մնաց չորացած, շրթերն աղի այս թասը և հին, ճաքճքված բույնը, որտեղ վաղուց արդեն մժեղներն էին տեր ու տնորենը:
Ցեխոտ, քարքարոտ փողոցը, բակի ճռճռան դռնակը: Նրանք էլ իմ կողքին մնացին:
ԵՎ մի սև ամպ, որին ոչ ոք չէր տեսել: Միայն՝ ես:
ՈՒ քանի ես մեծանում էի, այնքան նա հեռանում էր ինձանից, սիրտ չէր անում մոտ գալ:
Հիմա արդեն ինքս էի մութը լուսացնում բակի հեռավոր անկյունում:
Հիմա ես էի մեծը, ուժեղը, ծանրն ու սևը:
Հիմա այդ ամենն իմ ներսում էր: Գռմռում, ծանր շնչում, վրա էր քշում:
Ամեն օր քնից հանում էր ու հալածում:
-Մի՞թե մեկնումեկը դրսից կլսի այդ ձայները: Մի՞թե կմոտենա, կլուսավորի և ամեն ինչ կփոխի իմ կյանքում:
Ես շատ էի ուզում, որ դա հենց այդպես էլ լիներ:
Որ այդ մեկը՝ մեր դռան ճերմակ ամպը լիներ:
Ինչ որ բան հաստատ փոխվել էր աշխարհում ու ես դեռ ոչինչ չգիտեի այդ մասին: Նոր շների, նոր մարդկանց, նոր ամպերի:
Տարօրինակ է՝ լույսն արդեն բացվել է, իսկ ես ոչ հաչում եմ ուրախությունից, ոչ էլ կաղկանձում ցավից:
Ասում են, թե շները, վերջ ի վերջո, նմանվում են իրենց տերերին: Այս ամենն, իհարկե, անսպասելի է մեզ՝ անտեր շներիս համար: Սակայն, չգիտես ինչու, ինձ թվում է, որ դա արդարացի է:
1 մեկնաբանություն
Շատ լավն էր: Մեղմ, հուզիչ, տխուր: Միայն մի դժվար ընկալում, անորոշություն կա “ամպերի” վերաբերյալ: