Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե’ նրա զգացական, թե’ ստեղծագործական աշխարհում:
Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:
1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու’ Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով’ իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:
Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:
Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումը’ զայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:
Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով’ աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:
Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ’ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ»’ ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:
Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:
Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ… Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):
Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը’ ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:
Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները’ ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:
Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին’ հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:
Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:
Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին’ բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է… քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:
Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ’ Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:
Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններ’ նույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է — Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր… Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը’ Մահարու եղբայրը — Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և’ աղջկա, և’ մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե’ ես, և թե’ Գուրգենն’ իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։
Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց’ 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց’ թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։
Իբրև ասվածին հավելում’ նշենք նաև, որ և’ Էռան, և’ Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:
1 մեկնաբանություն
Հետաքրքիր էր կարդալ: