Գոհար Մեժլումյան ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈԳԻՍ ՈՒ ՍԻՐՏՍ

Հոգիս ու սիրտս նստեցին սեղան,
Ինձ էլ դատավոր կարգեցին իրենց:
Հոգիս տառապած` ա՜խ կանչեց, ասաց…
-Սի՛րտ իմ, դու միակ ու հլու ընկեր`
Սիրահարվել ե՜մ…
Սիրտս որոտաց ամպրոպի նման,
Հոգիս սարսափեց աղմուկից դաժան …
-Սիրահարվե՜լ ես …
Հոգի` դու սրտին դավաճանել ես ,
Առանց դաշինքի …սիրահարվե՜լ ես….
Ուրեմն գիտցիր…
Խրթին է սիրո այբուբենն , հոգի՜ս…
Անգիր անելու համար ժամանակ ու դարեր են պետք,
Սիրելու համար սրտի մաքրություն,
Ներման ցանկություն, գիտակցում է պետք…
Եվ հոգին լռեց,
Խորը շունչ քաշեց…
-Սի՛րտ իմ , դու ընկեր…
Սիրելուց առաջ , հարց չտվեցի,
Միայն աչքերս ամուր փակեցի,
Նրա հայացքը կրծքիս սեղմեցի…
առանց գիտակցման`
Սիրահարվեցի ՜…
Սիրտը ու հոգին հանկարծ լռեցին,
Խնդրող հայացքով դեմքիս նայեցին…
Ու ես բացեցի սրտի դռները,
Ներս վազեց նրա միակ ընկերը…
Սիրով ողողվեց սրտի պատերը…
Եվ հոգին գոռաց…
-Սիրահարվել է՜
Սիրտը որոտաց`
-Վերածնվել է՜…

ԻՄ ՀՈԳԵԱՌ
Հավաքում եմ ես, քեզ սիրող մարդկանց կարոտները բյուր,
Եվ Ճանապարհ եմ հյուսում դեպի քեզ` այդ կարոտներով:
Որ Ճանապարհի վերջում հանդիպեն ու միաձուլվեն`
Երկու կարոտներ…
Կարոտից ծնվի դեռ չամրագրված ու չեղած մի սեր,
Անվանակոչվի Կարոտների կիրք…
Սիրո արհավիրք…
Որ կկործանի մի ամբողջ երկինք…՝
Այս երկրի վրա դնելով կնիք,
Որ մեր կարոտի ճանապարհն արդար,
Ես պիտի հյուսեմ վարար ու կանչող գետին հավասար,
Որ գա ու թափվի օվկիանը սիրո…
Օվկիանի վրա հյուսվի մեր սիրո ճանապարհը վեհ,
Ուր պիտի անցնեն` իրար ձեռք բռնած երկու խենթ սրտեր…
Կարոտում եմ քեզ,
Իմ խենթ ու խելառ,
Ու սպասում եմ քեզ,
Քեզ` իմ «հոգեառ»…

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Քո լուսաբացի և իմ մթագնող երեկոյի մեջ,
Ընկած է անանց մի տարածություն…
Հողի ու արյան, ջրի ու լույսի,
Մի տարբերությամբ, որին կոչում են `
Ուրիշ մի հավատ…
Հավատ սպասումի,
Չհասունացաց սիրո անդունդի,
Սիրուց եռացող մեր երակներն արյան շիթերի,
Անդունը լցվող սիրո, վշտերի, արյան ծովերի,
Մեր երակների, որոնք պատռվել ու քայքայվել են,
Իմ ու քո սիրո անսահմանության` անչափ ավելից …
Եվ սիրո այրմամբ, լցնում են սիրո անդունդը դատարկ,
Անդունդը վշտի, հեռավորության, կանչի ու լացի…
Հասիր ու փրկիր…
Ձեռքդ ինձ մեկնիր…
Տես, ես խեղդվում եմ խորը անդունդում,
Սիրուս արյան մեջ, որտեղ պակաս է թթվածինը քո`
Էն թթվածինը, որը կփրկի ու պայքարելու ուժով կմղի,
Դեպի հեռավոր քո մոտեցումը, որից ժայթքում է իմ ու քո համար` էն թթվածինը,
որով եռում է սիրո արյունը…
Եվ ես էս պահին գրկում եմ օտար մեր միացումը,
Իմ գիշերվա մեջ, նռան կարմիրով ես նկարում եմ
Մեր երակներից ժայթքող անհունը…
Չէ որ գալու է այն միացումը…
Քարանալու է մենակությունը,
Ու լցվելու է դատարկությունը…

* * *
Էսօր իմ հոգում սիրո միտինգ է,
Պայքար է գոռում ազատությունը,
Էսօր իմ սրտում , հոգու խնջույք է,
Կենաց է ասում մենակությունը…
Միտինգում դատարկ բառերի կույտ է,
Հոգուս խնջույքում դատարկ կենացներ…
Պայքար է գոռում ազատությունը,
Սիրով բանտարկված` արցունքից քամած`
Կենաց է խմում մենակությունը…
Հետո ոռնում է գազազած շունը,
Քանդելով` սիրո միտինգի տունը…
Հողին հանձնելով պայքարի սյունը:
Սկսվում է երգի ու պարի տոնը,
Չէ որ քանդվել է միտինգի տունը,
Տեղը մնացել խնջույքի ձոնը,
Որտեղ հաստատվել ու հիմք է գցել,
Սիրուն գումարվել ու ելքն է գտել`
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ …
Որի կենացն էլ խմում է հիմա,
Իմ `դատապարտված մենակությունը…

ՄԵՆԱԿ ԿՄՆԱՍ
Դու մի օր հաստատ մենակ կմնաս,
Կթակես դուռս , բացող չի լինի,
Բոլորից հոգնած, վեր կենաս կգաս,
Պատուհանիս տակ անվերջ կգոռաս…
Բայց պատուհանը բացող չի լինի:
Ու միայն դատարկ ու մութ սենյակից,
Կծխա վառվող` վառարանը սև…
Ծուխը կհասնի ամպերին կախված, երկինքին գամված,
Անձրև ու որոտ կանչից` խլացած…
Ամպը ու ծուխը կփարվեն իրար ,
Կլուսավորվեն արևից տկար ,
Որ մթագնել էր ցավացող սիրուց ,
Արցունքոտ ամպից …
Տկարությունը՝ սիրով կբուժվի,
Ամպից ու ծխից աստղեր կհյուսվի,
Լուսնային լույսով, մութ գիշերվա մեջ,
Դռան թակոցը երկինք կհասնի…

ՔՈ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Թե տրվեր կյանքում ինձ մարդ հորինել,
Հետո նկարել ու հոգի դնել,
Կհորինեի նրան քեզ նման,
Կնկարեի քո նմանությամբ,
Հոգի կտայի հոգուդ մաքրությամբ…
Թե տրվեր կյանքում ինձ մարդ արարել,
Ես կարարեի նրան քեզ նման,
Քո նմանությամբ ու քո էությամբ,
Քո նույն մեղքերը նրան կտայի…
(չէ՞ որ անմեղ ես , թեպետ ասում են,
ծնվելն արդեն իսկ մեղք է էս կյանքում)
Քո խենթ հայացքից նրա հայացքը ես կձուլեի…
Հետո մարդ անվամբ ես կկոչեի,
Ու անմնացորդ սիրով մոգական ես կսիրեի,
Նրա կտայի կյանքը իմ կիսատ,
Արժևորելով մարդուն ` մեծ անհատ…
Կհորինեի ու կսիրեի…
Նրան իմ կյանքով ես կխեղդեի,
Մեղքիս բաժինը ես կվերցնեի,
Աստծուն խնդրանքով ես կդիմեի…
Որ Արարիչը դու ես, ո՜վ միակ,
Ե’վ հորինողն ես, և’ Սերն ես անհագ…
Դու ես արարում երկու խենթ անհատ,
Ու միացնում ես երկնային կապով՝
Չբաժանելով ոչ մի վայրկյանով…
Ես քո արարած անհատն եմ փնտրում,
Ու քո օրհնանքով , հավերժի կապով,
Մեր միաձուլման աղոթքն եմ հղում,
Որ մի օր աշնան էն չոր մահիճին,
Քեզնից հորինված երկու անհատից
Կծնվի արև, կապույտ մի երկինք,
Կլուսավորի աշխարհին մեղմիկ
Ու կտա կյանքին հզոր մի օրհնանք,
Նորը ստեղծելու ու կյանքին տալու մի նոր երազանք…

ՊԱՏԱՀԵ՞Լ Է…
Պատահե՞լ է , որ քո հոգին,
Դատարկություն ու սեր բառից արձագանքի…
Դու պատասխան խնդրես նրան, բայց նա լռի…
Ու քո ասած բառերը` ետ քեզ շպրտի ,
Քեզ թողնելով դատարկություն, մենակություն,
Անցած մի հուշ ու լռություն…
Օտար սիրո լուռ արբեցում,
Որից հետո նույն անդորրն է…
Ես հոգնել եմ լռությունից,
Մշուշապատ օրենքներից,
Միապաղաղ նույնությունից…
Հոգնել եմ էս բթությունից ,
Նենգությունից… բազմահազար ու կեղծ սիրո մոտեցումից…
Ծուռ տառերից ծնված` դատարկ, փուչ բառերից…
Ես հոգնել եմ էս ամենից…
Էս խլացնող ոռնոցներից,
Սեր գոռացող` մարդանման գազաններից…
Ու էստեղից հասկանում ես, որ քո հոգին, քո խեղճ հոգին…
Անկարող է դիմակայել ու պայքարել,
Չարձագանքել ու չստել…
Հասկանում ես , որ մաքրություն ու սիրո ծով սերմանելու ,
Հոգուդ լույսը հավերժի մեջ արարելու ,
Կյանքին իմաստ հաղորդելու միակ հույսը՝ Մաքրությունն է…
Մաքրությունից ծնված` սիրո վեհությունն է…
Եվ ես հոգնած ու մոլորված…
Դեռ սպասում եմ տրված հարցիս պատասխանին ,
Ու սպասում եմ ոչ թե դատարկ արձագանքին…
Այլ Մեծ Սիրո էն հոսանքին,
Որից ծնված արցունքներով,
Ծով կդառնա ու խելահեղ կփոթորկվի,
Սեր տենչացող ու խենթացնող, իմ գիժ հոգին…

1 comment

    • Anonymous on 19 Հունվարի, 2012 at 12:24 ե.
    • Reply

    Գոհա’ր ջան, ուրախ եմ, որ արդեն Գրական կամուրջում էլ կաս:

Թողնել պատասխան

Your email address will not be published.