ՇՈԹԱ ԻԱԹԱՇՎԻԼԻ | Բանաստեղծություններ

Շոթա Իաթաշվիլի

Շոթա Իաթաշվիլի

Թարգմանությունը վրացերենից՝ Գիսանե Հովսեփյանի

ԱՇՈՒՆ: ԵՍ

Աշնանային փողոց,
քամու տաղտուկ ոռնոց,
տերևներն է հարում
քամին ջրափոսում…
Քեզ կարոտում երեկ,
կարոտում եմ այսօր,
կկարոտեմ վաղը…
Պատերին է խփվում
քամին, ու տոպրակը
ցելոֆանե պարում,
սավառնում է…
Փողոց:
Աշնան մռայլ երկինք:
Կարոտում եմ ես քեզ,
կարոտում եմ այնպես:
Քամին ծառին խփվում,
ջախջախվում է քամին,
դրամներ շաղ տալով,
սավառնում է քամին,
քամին ավերում է
ամեն բան, ամենքին…
Կարոտեցի, բայց ուշ:
Կարոտում եմ այսօր:
Կարոտում եմ
այնպես: Փողոց:
Աշուն:
Ես:

ՍԵՐ

Վեր կելնեի,
ներքևում թե դու չլինեիր,
վար կիջնեի,
վերևում թե դու չլինեիր:
Ինչքան ժամանակ է,
ինձ գամել եմ վեր-վար
ինքնին շարժումներին,
ու բան չի մնում ինձ՝
հարթաչափի պես,
մակերեսին եմ, մակերեսին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.