Առաջին անգամն էր, որ Գավառից Երևան մենակ էր գնում: Գլորված երեք տասնյակ տարիներն աղջկան արդեն տվել էին միայնակ երթևեկելու այցեքարտը: Չնայած դրան՝ ճանապարհ դնելիս մայրը հազար ու մի խորհուրդ էր տվել: Տնեցիներն հատկապես անհանգստացած էին վերջին օրերին քաղաքում կատարվող վայրագությունների պատճառով: Նինան նրանց հանգստացրել էր՝ ասելով, որ լուրերը, ինչպես միշտ, չափազանցված են: Սակայն, ինչպես երևում էր, դեռ մի բան էլ մեղմ էին ներկայացրել Երևանում տիրող իրավիճակը:
«Իսկ եթե նո՞ր է սրվում»,- անցնում էր Նինայի մտքով: Նրա սարսափած աչքերը չէին հասցնում հետևել փողոցներում տիրող քաոսային վիճակի արագ թերթվող կադրերին:
Տաքսին ճռռաց, քիչ էր մնում՝ խփվեր կողքից դեպի իրենց եկող գազելին:
-Այս ի՞նչ է կատարվում: Նինան վախեցած էր:
-Բան չկա, դու հանգիստ մնա, էս քանի օր ա, էս ա: Չե՞ս տեսնում, հենց մի րոպե երկար են կանգնում, էդ գազազածները հարձակվում են ուղևորների վրա:
Քիչ հեռվում ավտոբուսի աստիճաններից գլորվելով վայր ընկան մի քանի երիտասարդ: Դեմքերն արնաշաղախ էր:
-Բայց ինչո՞ւ, ի՞նչ է եղել:
-Դրանցից ո՞վ ա բան հասկանում, աղջի՛կ ջան:
Երբ արդեն մի փոքր խաղաղ փողոց էին մտել, սկսվեցին ահավոր խցանումները:
-Դու մի՛ վախեցիր, ես քեզ հաստատ ապահով տեղ կհասցնեմ,-ինքնավստահ ասաց տաքսու վարորդը:
Հենց այդ պահին չորս-հինգ երիտասարդ շրմփալով ընկան մեքենայի դիմապակու վրա: Նինան ճչաց ու փակեց աչքերը:
-Քաղաքը բարդակ են դարձրել լկստված լակոտները, բայց դու հանգի՛ստ մնա, հեսա նենց սիգնալ տամ, վախից տակներն անեն,- քրքջաց վարորդը,- էդ էս փողոցներն են էսպես, հիմա կթեքվենք աջ, սաղ կհանդարտվի:
Նինան փակեց աչքերն ու սկսեց արագ-արագ խաչակնքել:
* * *
Տաքսին կանգնեց «Էլնա» ռեստորանային համալիրի առջև: Դուրս գալիս երեկոյան զգեստի երկար փեշերը զգուշորեն վեր բարձրացնելով ու շփոթմունքը թաքցնել փորձելով՝ Նինան արագ-արագ առաջ շարժվեց: Բակում իրարանցում էր: Հարսանքավորները, որ հոգնել էին արդեն մեկ ժամ ներս մտնելու թույլտվություն ստանալուն սպասելուց, բակի տարբեր անկյուններում իրենց պատկերները հավերժացնելուց, սկսել էին բարձր խոսելով տարականոն շարժվել: Երեխաները վազում էին մի տնակից մյուսը: Հողմաղացի կողքի աստիճանների վրայից մի տղայի հրել ու ջուրն էին գցել:
Նինան ստեղծված խառնաշփոթից նյարդայնանալու փոխարեն ավելի հանգստացավ: Հիմա կարող էր աննկատ խառնվել ինչ-որ խմբի ու փորձել գտնել ծանոթներին կամ հեռու բարեկամներին, որ կարող էին հրավիրված լինել: Նինան եկել էր հարսնացուի՝ իր մանկության ընկերուհու հրավերով: Սակայն միայն տասը րոպե հետո, այն էլ՝ ներս մտնելիս, Նինային հաջողվեց տեսնել ու մոտենալ փեսայի հորաքրոջ աղջկան՝ Անիին, ով իրենց զուգահեռ դասարանից էր ու այդտեղ էր եկել ընկերոջ հետ:
«Տեսնես՝ երբ կլինի նստենք»: Նինան փշերի վրա էր՝ գիտակցելով, որ ինքը տեղը չի գտնում:
Սեղանի շուրջ նստել էին հարսի՝ Մակայի բոլոր ընկեր-ընկերուհիները, որոնց հետ Մական մտերմացել էր ուսանողական ու աշխատանքային տարիներին, և…մանկության միակ ընկերուհին՝ Նինան:
«Մամ ջան, ամեն ինչ շատ լավ է, շատ ուրախ է: Նորմալ տեղ եմ հասել»: Հերթապահ զանգից հետո Նինան նստել ու ժամերն էր հաշվում, թե երբ այս ճոխ տոնակատարությունը, որն իր կողքով էր անցնում, կմոտենա ավարտին:
Սեղանի շուրջ նստած իգական սեռի ներկայացուցիչները գերակշռող էին ու անգամ տանգոյի ժամանակ Նինային պարընկեր բաժին չընկավ: Իսկ նա սպասել էր նոյեմբերի այդ օրվան: Դեռ մեկ ամիս առաջ ընտրել էր զգեստը, Գուգլի օգնությամբ ամենաթարմ սանրվածքներից մեկն աչքի առաջ ունեցել, մտածել ամեն մի մանրուքի մասին՝ մինչև ոտքի եղունգների քսվածքի ձևը: Ճիշտ է՝ վերջին հինգ տարիներին արդեն բոլոր մտերիմներին արգելել էր իրեն հիշեցնել «լավ տղա գտնելու մասին», սակայն իր մտքին պարտադրել չէր կարողանում: Այս հարսանիքը նման հնարավորություններից կարող էր լինել, ինչի մասին վերջին օրերին ասում էր մայրը, իսկ ինքը հրավերն ստանալու պահից ի վեր էր մտմտացել:
-Մենք էստեղ քեֆ ենք անում, իսկ քաղաքում կյանքի-մահի կռիվ է,- լսվեց հարևան սեղանի մոտից:
Նինան շրջվեց դեպի խոսողը. հիսուն-հիսունհինգ տարեկան էլեգանտ հագնված տիկին էր:
-Էս վերջն ա. էսօր արդեն արյուն ա թափվել: Արյունը արյուն ա ուզում:
-Ձեզ եմ ասում, ես հենց նոր զանգեցի, ասացին՝ էս պահին ամեն ինչ խաղաղ է:
Թամադայի ձայնը թույլ չտվեց հետևել վիճողներին: Նա բոլորին դուրս էր հրավիրում՝ դիտելու հրավառությունը:
Նինայի մտքերն իրար էին խառնվել: Ֆեյսբուքով հետևում էր քաղաքում ծավալվող գործողությունների զարգացմանը, բայց չէր կարծում, որ ամեն ինչ այդքան լրջանալու է: Ինչպե՞ս է տուն հասնելու:
-Դուք չե՞ք գալիս,-լսեց սեղանակից աղջիկներից մեկի ձայնը:
-Ա՜, ես մի քանի րոպեից ձեզ կմիանամ,- ժպտալ փորձելով՝ ասաց Նինան:
Պետք էր գոնե մի քանի սելֆի անել: Սպասեց, մինչև հյուրերի մեծ մասը դուրս եկան, հարմար տեղեր ընտրեց ու, դեմքին հաղորդելով հնարավորինս պայծառ տրամադրություն, սկսեց սելֆիաշարը:
Պատուհաններից մեկի մոտով անցնելիս տեսավ լուսային էֆեկտներով համալրված հրավառության վերջին պահը: Երկնքից թափվող այրված մնացորդները իջնում էին հարսանքավորների գլխներին, դեմքերին: Նրանց աչքերը տարօրինակ կերպով փայլում էին:
Մտածեց, որ դժվար հասցնի դուրս գալ, կարող է պատուհանից մի երկու գեղեցիկ նկար անել: Այդ պահին հիշեց, որ հեռախոսը թողել է սրահի հակառակ անկյունում դրված պատվանդանի վրա: Երբ առաջ գնաց, տեսավ, որ հեռացող մատուցողներից մեկի ձեռքին իր հեռախոսն է: Կանչեց հետևից: Մատուցողը չշրջվեց: Մտավ խոհանոց:
«Այ քեզ անհաջող օր»,-դժգոհեց Նինան ու գնաց դեպի խոհանոց:
Այդ պահին ներս մտան հարսանքավորները: Բոլորի աչքերը կարմիր էին:
«Տարօրինակ հրավառություն է եղել: Լավ է՝ ես դուրս չեկա»,- մտածեց Նինան:
Նա ուզում էր բացել խոհանոցի դուռը, երբ լույսերն անջատվեցին:
«Պա՛պ, պա՛պ, երևի գիտեիր, որ նման պահեր էլ են լինում»: Նինան պայուսակից հանեց փոքրիկ լապտերը՝ հիշելով պապի խորհուրդը, որ միշտ հետները լապտեր ունենան. 91 թվականի տխուր ապրումների հետևանք էր:
Բացեց խոհանեցի դուռը, ներս մտավ: Մարդ չկար: Խոհանոցի փոքրիկ լուսամուտից նկատեց կայծկլտող կարմիրները, որ կոնկրետ ուղղություններով շարժվում էին:
«Այ քեզ բան, բոլորի մոտ լապտերներ կան»,- անցավ Նինայի մտքով, բայց երբ ավելի ուշադիր նայեց, սարսափած հետ քաշվեց: Հրավառությանը մասնակցած հյուրերի աչքերը լամպերների նման վառվում էին:
Նինան ամբոխի մեջ տեսավ այն մատուցողին, ով վերցրել էր իր հեռախոսը: Ուզում էր արդեն խոհանոցից դուրս գալ, երբ պատուհանից նկատեց մատուցողին մոտեցող Մակային:
Համաչափ քայլերով մոտենալով մատուցողին՝ Մական երկու ձեռքով բռնեց նրա ուսերից ու քաշեց դեպի իրեն:
Նինան քարացավ:
Մական իր դեմքը մոտեցրեց մատուցողի դեմքին: Վերջինս սկսեց ծամածռվել ու փորձել հետ քաշվել: Հարսը եղունգները խրեց մատուցողի մեջքի մեջ, երկու ոտքերով օղակեց նրան ու ատամներով բռնելով նրա շրթունքներից, արյուն քամելով՝ ակնդետ նայեց նրա աչքերի մեջ: Մակայի աչքերի կարմիրը սկսեց պրոյեկտվել մատուցողի աչքերին:
Նինան սառեց: Նկատեց, որ սրահի տարբեր անկյուններում նույն պատկերն է: Թուքը բերանում չորանում էր: Ուզում էր մի բան անել, բայց անջատված վիճակում էր:
Խոհանոցի դուռը սկսեցին թակել: Նինան սթափվեց: Բանալիով արագ փակեց դուռը: Հետ քաշվեց դեպի դրսի պատը: Թակոցներն ուժեղացան: Աղջիկը խառնաշփոթի մեջ էր:
«Գոնե հեռախոսս մոտս լիներ, մերոնց կզանգեի»,-տագնապած մտածում էր նա՝ լապտերը աջ ու ձախ շարժելով:
Դռան թակոցները վերածվեցին բռունցքի հարվածների: Անմարդկային ճիչեր էին լսվում դռան այն կողմից: Նինայի աչքն առավ դռնից ներս մտնող սրածայր գործիքներին, ու նա սարսափից սկսեց ճչալ: Հետ-հետ էր գնում ու, ձեռքերն անկանոն շարժելով, խփվում այս ու այն կողմ:
Կարմիր լույսը թափանցեց բացվածքից ներս: Նինան թեքվեց դեպի ձախ ու մի անկյունում թանձր լույսի շողք նկատեց: Վազեց այդ ուղղությամբ: Ետնամուտքն էր: Հետևից դուռը փակելով՝ դուրս սահեց: Չզգաց՝ ինչպես իջավ աստիճաններով ու հայտնվեց բակում:
Հետ նայեց. ոչ ոք չկար: Փլվեց գետնին ու սկսեց գոռալով լացել: Արցունքների միջից Նինան նկատեց դարպասների մոտ կանգնած մի քանի տղամարդու, որոնց լուսավորել էր լուսնի լույսը. կարծես խաղաղ զրուցում էին:
«Վա՜յ, Աշոտը»,-ուրախացավ Նինան, ոտքի կանգնեց ու վազեց դեպի իրենց հարևան Աշոտը:
Մինչ կհասներ տղամարդկանց, առաջը կտրեց փեսայի հորաքրոջ աղջիկը՝ Անին՝ գոռալով.
-Արի՜ ինձ հետ:
Գոռոցից տղամարդիկ շրջվեցին: Նրանց աչքերը կարմիր էին: Շարժվեցին դեպի աղջիկները, ովքեր արդեն փախչում էին:
-Անի՛, ինչ լավ է, որ գոնե դու նորմալ ես: Նրանց նման չես դարձել:
-Ես լվացարանում էի, երբ հրավառությունն սկսվեց: Զոմբիացել են միայն հրավառության մասնակիցները: Չնայած ինչ եմ ասում, հիմա նրանք արդեն շատերին են հասցրել իրենց նման դարձնել: Լավ է, ես գոնե պաշտպանված եմ,- Անին գրպանից հանեց էլեկտրաշոկերը:
-Բա հիմա մենք ինչ անենք,- Նինան վազում էր ու դողում:
-Վազենք, ինչքան ուժ ունենք: Ես մի տեղ գիտեմ: Լքված խանութ է: Էնտեղ կանգ կառնենք, կհասկանանք:
* * *
Քաղաքը մթի մեջ էր: Նինան անծանոթ քաղաքում անգամ լույսով չէր կարող կողմնորոշվել, ուր մնաց խիտ ամպերով ծածկված կիսալուսնի ստվերով: Նա ուրախ էր, որ գոնե Անին իր հետ էր, ու իրենք քիչ թե շատ ապահով թաքստոց էին գտել:
Խանութի մի անկյունում կծկվել ու դողում էին:
-Տեսնես ժամը քանի՞սն է: Մերոնք հիմա կզանգեն ինձ, կանհնագստանան:
-12-ն է: Լսի՛, հեռախոսիս կապը չկա, թե չէ կտայի, կզանգեիր: Լավ է՝ դրանցից ոնց որ պոկվեցինք,- փորձեց հանգստացնել Անին:
Հենց այդ պահին ջրի հոսքի ձայն լսվեց: Քիչ-քիչ ձայնն ուժգնանում էր:
-Մեր ոտքերի տակ ջուր է լցվում:
-Հա՛, Նին, գնալով շատանում է: Դուրս գանք այստեղից:
Աղջիկները խարխափելով սկսեցին փնտրել լքված խանութի դուռը: Նոր էին դուրս եկել, երբ զգացին թիկունքներին փչող տաք շնչառությունը: Շրջվեցին: Զույգ կարմիր աչքերը իրենց էին նայում: Նինան հետ-հետ գնաց ու ընկավ ջրափոսի մեջ: Անին իրեն չկորցրեց, ձեռքում պահած էլեկտրաշոկերով երկուսին էլ թմրեցրեց:
-Վազե՜նք, շո՜ւտ,-գոռաց Անին՝ քաշելով Նինայի թևից:
Նինան մի կերպ ոտքի կանգնեց ու միացավ Անիին: Բոլոր փողոցներից լուսարձակվում էին կարմիր կետերը: Նինան այլևս չէր զգում, թե ուր է վազում, որտեղ է գտնվում, ինչ պիտի անի: Կարմիր կետերը մոտենում էին ու մոտենում: Գլուխը պտտվում էր, հավասարակշռությունը կորցրել էր: Չզգաց՝ ինչպես ընկավ մի խորը փոսի մեջ:
* * *
Երբ աչքերը բացեց, զգաց, որ մարմինը ծանրացել է: Թվում էր՝ էլ չի կարող շարժվել: Գլուխը մի կերպ շրջեց դեպի աջ: Ջրի շիթը հպվեց այտին: Կարծես ուշքի եկավ: Ինչ-որ մեծ ջրափոսի մեջ էր:
«Լավ է՝ ջուրը քիչ է»,-անցավ Նինայի մտքով: Նայեց վերև: Մութ էր: Մի կերպ կանգնեց ու, թաց շորերը քամելով, ոտքերը առաջ քարշ տվեց:
Բարձրակրունկները դեռ վազելու ժամանակ էր շպրտել: Բոբիկ ոտքերը քսվում էին հողոտ հատակին, երբեմն՝ խփվում փոքր քարերի: Ոչ հետևից, ոչ էլ առջևից լույսի շող անգամ չկար: Նինան շարժվում էր՝ տեղում չմնալու համար: Ինչ-որ բան արած լինելու համար:
Մի հավերժություն էր թվում նրան իր անցած ընթացքի տևողությունը, բայց այդպես էլ լաբիրինթոսում որևէ ելք չէր գտնում: Նինան հուսահատության մեջ էր: Սկսեց գոռալ: Ոչ մի արձագանք: Գոռում էր ու վազում: Այլևս ուշադրություն չէր էլ դարձնում ոտքի տակի քարերին, դիմացի սյուներին…երբ խփվեց մի հսկա զանգվածի ու վայր ընկավ:
Վերև նայեց: Դիմացը հսկայամարմին տղամարդիկ էին կանգնած՝ փայլուն, լայն բացված, կարմիր աչքերով: Նրանցից մեկը կռացավ` մոտեցնելով կարմիր աչքերը Նինայի դեմքին: Բերանի գարշահոտությունը ապտակի պես իջավ աղջկա քթին: Փայլեցին արյունոտ ատամները: Նինա փորձեց գոռալ, բայց այլեւ ուժեր չկային: Գոռալու փոխարեն ստացվեց ծանր եւ հուսահատ հոգոց: Արցունքների տակից միայն աղջիկը նկատեց, որ կարմիր լույսեր այլեւս չկան…
* * *
Երևան, 20 նոյեմբերի, 2015թ.
Ստիպված ենք տեղեկացնել, որ քաղաքում խափանվել էր համակարգող ալգորիթմի աշխատանքը: Առաջ էին եկել խոտաններ, որոնց պատճառով ակտիվացել էին մի շարք վիրուսներ:
Հաշվի առնելով վիրուսների տարածման արագությունը ու ընդլայնվող մասշտաբները՝ մենք ստիպված ենք զրոյացնել ողջ համակարգը:
Վերջին մեկնաբանություններ